Աստվածաշունչը՝ «Թարգմանությունների թագուհին»

karine-ghulyanԱստվածաշունչը հայերեն առաջին անգամ տպագրվել է 1666թ. Ամստերդամում Ոսկան Երևանցու ջանքերով, որի անունով էլ տպարանը կոչվել է Ոսկանյան: Տպագրությունը տևել է երկուսուկես տարի՝ 1666-1668թթ: Ոսկան Երևանցին Աստվածաշնչի տպագրության համար պատվիրել է նոր տառատեսակներ, թռչնագրեր, զարդեր, ձեռք է բերել նոր տեխնիկակակ միջոցներ: Այն համարվում է հայ հին տպագրության պսակը:

2016թ. նշվելու է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրության 350-ամյակը:

Ոսկեդարի ամենից շքեղ գործերից մեկն է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, որին օտար գիտնականները կոչեցին«Թարգմանությունների թագուհի»: Աստվածաշունչը 1462 երկսյուն էջերից բաղկացած մի հսկա գիրք է, որպիսին նախքան այդ չէր տվել հայոց տպագրությունը:

Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց /301թ./ հետո տասնամյակների ընթացքում կարևորվեց Աստվածաշնչի թարգմանության խնդիրը:
Աստվածաշնչի հին հայերեն գրաբար թարգմանության խնդրին նվիրված ուսումնասիրությունները ընթացել են հիմնականում երկու ուղղություններով.

ա/ հայերեն թարգմանության արտաքին հանգամանքները,
բ/ բուն հայերեն թարգմանության քննությունը:

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո մինչև Մեսրոպ Մաշտոցի կողմից գրերի ստեղծումը՝ Աստվածաշնչի ընթերցման լեզվի խնդրի մասին խոսելիս ուշադրություն է դարձվել այն հանգամանքի վրա, թե որ լեզուն էր գրավոր շրջանառության մեջ 4-րդ դարի Հայաստանում:

Պատմիչների հաղորդմամբ հայերեն գրի բացակայության պայմաններում հայ հոգևորականները մինչև 4-րդ դարի վերջը քրիստոնեական արարողությունները կատարելիս ստիպված էին բավարարվել բանավոր քարոզով:

Աստվածաշնչի գործառության լեզվական դժվարության խնդիրը մինչ գրերի գյուտը լուծվում էր, կարելի էր կիրառել, հունարենից և ասորենից բանավոր թարգմանիչների պատրաստվելու միջոցով:
Գրերի գյուտից հետո հայ ժողովրդի հոգևոր հայրերը՝ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթև կաթողիկոսը, իրենց աշակերտների մասնակցությամբ ձեռնարկեցին Աստվածաշնչի թարգմանական գործը, որն ընդգրկել է 5-րդ դարի առաջին տասնամյակները:
Հայ մշակույթի զարգացման պատմության մեջ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը կարևոր նշանակություն է ունեցել: Միջնադարյան գրականությունը, արվեստը, գիտությունը ներծծված են Սուրբ Գրքի գաղափարներով:

Հայերեն Աստվածաշունչն իր ազդեցությունն է ունեցել միջնադարյան հոգևոր բանաստեղծությունների վրա: Հիշատակելի են մասնավորապես Սուրբ գրքի վերապատումը հանդիսացող Գրիգոր Մագիստրոսի «Հազարտողյան» կամ Առ Մանուչե», Ներսես Շնորհալու «Հիսուս Որդի», Առաքել Սյունեցու «Ադամգիրք» և այլ քերթվածքներ: Սաղմոսների որոշակի ազդեցությամբ են հորինվել շարականները:

Աստվաշածունչն իր նպաստն է բերել գրչության արվեստի զարգացմանը: Մեծ է Աստվածաշնչի ազդեցությունը նաև ժողովրդական բանահյուսության վրա, քանի որ բազմաթիվ ավանդություններ և զրույցներ իրենց ակունքնեով կապվում են Սուրբ Գրքին: Դրանցից շատերը ոչ այլ ինչ են, քան աստվաշաշնչյան պատումների տեղայնացված տարբերակը: Աստվածաշնչի թարգմանությունը պակաս կարևոր չէ հայոց լեզվի ուսումնասիրման համար:

Սուրբ Գրքի մեզ հասած բնագիրը ներկայացնում է հինգերորդ դարի թարգմանության և հայերենի անաղարտ վիճակը և առատ նյութ մատակարարում հայոց լեզվի ուսումնասիրման մի շարք մարզերի՝ հնչյունաբանության, ստուգաբանության, բառակազմության, շարահյուսության, ձևաբանության համար:

18-19-րդ դարերում արդեն հայերեն Աստվածաշունչը օգտագործվել է որոշ հրատարակչություններում՝ հունարենը վերականգնելու համար:

Աստվածաշունչը դարեր շարունակ խմբագրման չի ենթարկվել: Սահակ-Մեսրոպյան թարգմանությունը դառնալով Հայ եկեղեցու կանոնական բնագիրը, այնպիսի հեղինակություն է ձեռք բերել, որ նրա որևէ փոփոխություն համարվել է սրբապղծություն: Աստվածաշնչի հայերեն բնագիրն առայժմ ունեցել է տասը ամբողջական հրատարակություն: Առաջին անգամ տպագրվել է 1666թ. Ոսկան Երևանցու կողմից՝ Ամստերդամում, իսկ տասներորդը՝ Վիեննայում՝ 1929թ.:

Սրանց մեջ բնագրագիտական տեսանկյունից ամենարժեքավորը 1805թ. Զոհրապյանի իրագործած հրատարակությունն է, որը մինչ օրս օգտագործվում է Աստվածաշնչի գիտաքննական բնագրի կազմման աշխատանքներում:

Սուրբ Գիրքը ուսումնասիրման նյութ է տալիս գիտական ամենատարբեր բնագավառներին՝ աստվածաբանությանը, պատմությանը, աղբյուրագիտությանը, աշխարհագրությանը, այն ունի նաև գեղարվեստական մեծ արժեք: Գրականությանը զուգահեռ, Աստվածաշունչը հսկայական նյութ է մատուցում լեզվական քննություններ կատարելու:

Սուրբ Գիրքը՝ թարգմանված հայերեն գրավոր առաջին հուշակոթողն է, որը պատկերացում է տալիս գրաբարի դասական շրջանի վերաբերյալ: Եվրոպացի հայագետ Լակրոզը հայերեն առաջին /Սահակ մեսրոպյան թարգմանությունը համարել է«Թագուհի թարգմանութեանց»:

Աստվածաշնչյան անունների քննության համար ձեռքի տակ ունեցել ենք երեք հայերեն բնագրեր. նախ՝ Աստվածաշնչի գրաբար այն օրինակը, որը 1997թ. հրատարակվել է Երևանում՝ 1895թ., Կոստանդնապոլսում տպագրված և 1929թ. Վիեննայում վերահրատարակված բնագրի հիման վրա՝ «Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր Կտակարանաց» վերնագրով:
Դա հռչակավոր «Թարգմանութեանց թագուհի» համարվող Սահակմեսրոպյան Ոսկեղենիկ Սուրբ Գիրքն է: Այս օրինակը պայմանականորեն անվանել ենք Ա-1: Ա-2 օրինակը արևմտահայերեն հրատարակություն է՝ «Աստուածաշունչ գիրք Հին և Նոր Կտակարանաց եբրայական և յունական բնագիրներէն թարգմանուած». հրատարակվել է 1890թ., Կոստանդնուպոլսում: Ա-3 նմուշը Աստվածաշնչի 1994թ. արևելահայերեն նոր թարգմանության վերահրատարակությունն է «Աստուածաշունչ մատեան Հին և Նոր կտակարանների, արևելահայերեն նոր թարգմանութիւն» /Ս. Էջմիածին-Երևան, 1999թ./, որի թարգմանության համար հիմք է ընդունվել Արսեն Բագրատունու պատրաստած Աստվածաշնչի բնագիրը:

Այժմ Մաշտոցի անվան Մատենադարանի հնատիպ գրքերի հարուստ հավաքածուն համալրված է տպագիր առաջին հայալեզու Աստվածածաշնչի եզակի օրինակով: Գրատպության այս շքեղ օրինակը տարիներ շարունակ եղել է արտասահմանյան մի մասնավոր հավաքածուի մասը: ՎիվաՍելՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նվիրատվության շնորհիվ այն այժմ մայր ձեռագրատանն է, որն առանձնահատուկ փայլ կհաղորդի Մատենադարանի ցուցադրությանը:

Ոսկան Երևանցին այն նվիրել է հայ տպագրության ակունքներում կանգնած Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսին: Աստվածաշունչ մատյանի այս օրինակը 1668թ.-ից ունի արծաթյա ընտիր կազմ, որը հայկական արվեստի եւ պատկերագրության եզակի նմուշ է: Հայկական արծաթագործության նշանավոր կենտրոններից մեկը հանդիսացող Էրզրումի դպրոցի վարպետ ոսկերիչներից մեկի ձեռքով պատրաստված կազմը արվեստի հրաշալի գործ է՝ փորագրության եւ դաջվածքի հմուտ մշակմամբ:

Հայտնի է, որ կազմը պատրաստող վարպետը տիրապետել է եւ ոսկերչական նրբագույն արվեստին, եւ մանրանկարչությանը, եւ որ ավելի կարևոր է՝ աստվածաբանական իմացություն է ունեցել, ինչի շնորհիվ կատարելության է հասցրել այս սքանչելի ստեղծագործությունը: Կազմի երեսին պատկերված է Ավետման տեսարանը, իսկ դարձերեսին՝ Համբարձման տեսարանն է: Գրքի բացվող հատվածում պատկերված են չորս ավետարանիչներն են՝ իրենց խորհրդանիշներով: Ռալֆ Յիրիկյանը ևս մեկ անակնկալ է մատուցել՝ իր անձնական գրադարանից Աստվածաշնչի ևս երկու օրինակ հանձնելով Մատենադարանին: Դրանցից մեկը տպագրվել է 1854թ., իսկ մյուսի տպագրման տարեթիվը կպարզեն մասնագետները՝ համապատասխան ուսումնասիրությունից հետո:
«Հայն իր ցավն ամփոփել է երգի, ստեղծագործության և աղոթքի մեջ՝ ամուր պահպանելով մշակույթը: Ուրախ եմ, որ իմ համեստ ներդրմամբ կարողացա օգտակար լինել Մատենադարանին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Օգտագործված գրականության ցանկ

1.Ղուլյան Կ. Հայ գրատպության զարգացման պատմությունից //Մշակույթ, թիվ 8-9, մարտ-ապրիլ ,2019թ., էջ 28:
2. Դանիելյան Ն. Աստվածաշնչի հայերեն թարգմանության փուլերի մասին// Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1 ,2001թ., էջ 3:
3. Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը և տեղը հայ իրականության մեջ//interwiki en: Bibletranslations intr Armenion
4. Մեյթիխանյան Փ. Գ. Հին Կտակարանն իբրև հատուկ անունների առաջացման սկզբնաղբյուր// Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 3, 2003թ., էջ 62-63:

Share

Comments are closed.