Իրան-5+1 համաձայնագրի ազդեցությունն Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա

emma-begijanyanԷմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Իրանագետ
Երևան

2013թ . սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Իրանի նորանշանակ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումից որոշ ժամանակ անց՝ արդեն  նոյեմբերին Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան- 5+1 ( ՄԱԿ-ի 5 մշտական անդամներն են` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան եւ Գերմանիան) բանակցություններում դրական տեղաշարժը նկատելի դարձավ: Այնուհետեւ՝ 2015թ. հուլիսի 14-ին կողմերը վերջնական համաձայնգիր ստորագրեցին, որն իրավամբ գնահատվեց իբրեւ պատմական, որպես դարի համաձայնագիր: Համաձայնություն, որը բանակցությունների գլխավոր դերակատարներ ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքական կամքի դրսեւորման արդյունք էր:  Եվ ահա 2016թ. հունվարի 16-ին Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի (IAEA) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարեց, թե Իրանը 5+1-ի հետ բանակցություններում եւ Համատեղ համապարփակ համաձայնության ծրագրի (ՀՀՀԾ, Joint Comprehensive Plan of Action)  շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է, եւ ՀՀՀԾ-ն կյանքի կոչվեց: Իրանը եւ ԱՄՆ-ն դրան հասան մեծ ջանքերի գնով, յուրաքանչյուրը պայքարելով համաձայնագրի ներքին ու արտաքին լուրջ հակառակորդների դեմ, որոնք բանակցությունները ձախողելու ուղղությամբ ջանք չէին խնայում, իսկ այժմ էլ ձգտում են արգելակել ՀՀՀԾ-ի իրականացումը։ Իրանի համար խիստ կարեւոր այդ համաձայնագիրը նշանակալից դեր ունեցավ երկրի ներքին ու արտաքին քաղաքականություն վրա։

ՀՀՀԾ-ի կյանքի կոչվելուց ի վեր աննախադեպ աշխուժություն նկատվեց Իրանի արտաքին փոխհարաբերությունների ոլորտում։ Եվրոպական ու Հեռավոր Արեւելքի  երկրների միջեւ լուրջ մրցակցություն սկսվեց ՝այդ երկրի  շուրջ 80 միլիոնանոց շուկան գրավելու համար։ Թերեւս յուրաքանչյուր օր Իրանը հյուրընկալում էր տարբեր երկրների բարձրաստիճան պատվիրակությունների։ Եվրոպական այնպիսի խոշոր երկրների հետ, ինչպիսին են Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան եւ այլն, ստորագրվել են միլիարդավոր դոլար արժողությամբ համաձայնագրեր։ Ենթադրվում էր, որ օտարերկյա լուրջ ներդրումներ կլինեն նաև քաղցրահամ ջրի ապահովման ոլորտում, որտեղ Իրանը հայտնվել է դժվարին իրավիվակում։ Սակայն այս ոլորտում ներկա դրությամբ միայն Հարավային Կորեայի հետ է հուշագիր ստորագրվել։

ՀՀՀԾ-ին դեմ էին տարածաշրջանի երկրներից շատերը, որոնցից մի քանիսը բացահայտորեն հակազդում էին, ինչպես Իսրայելը, որը լուրջ ճնշումներ էր գործադրում ԱՄՆ-ի վրա, Իրանին իր անվտանգության համար լուրջ սպառնալիք համարելով։ Ադ երկրներից է նաև Սաուդյան Արաբիան, որի շահերը տուժում էին նավթի միջազգային շուկա Իրանի վերադառնալուց։  Քանի որ Էր Ռիյադը, ի հաշիվ Իրանի, մեծացրել էր նավթի արտահանությունը, ուստի վերջինիս վերադարձով հարկադրված կլիներ կրճատել եւ սահմանափակվել OPEC-ի սահմանած չափաբաժնով։ Իրոք, Իրանն, ըստ երևույթին, շուտով նավթարտահանությունը հասցնելու է սահմանափակումներից առաջ եղած մակարդակին։ Բացի այդ, ՀՀՀԾ-ն հարված է նաեւ Սաուդյան Արաբիայի եւ տարածաշրջանի այլ երկրների ռազմավարական նշանակությանը։ Իսկ Թուրքիայի դեմ լինելը պամանավորված էր հիմնականում նրանով, որՀՀՀԾ-ի  իրականացմամբ փաստորեն հօդս էր ցնդում Անկարայի՝ դեպի Եվրոպա տանող էներգատարների մայրուղի դառնալու բուռն ցանկությունը։  Թեև Թուրքիան արտաքուստ նույնիսկ ջանքեր էր գործադրում  միջնորդական դեր ստանձնել Իրանի եւ Արեւմուտքի միջեւ։ Ադրբեջանը մտահոգված էր նաեւ էներգակիրների, մասնավորապես՝ գազի արտահանության հարցով։ Ուստի վերջիններս թեեւ երբեմն անգամ դեմ էին արտահայտվում  Իրանի դեմ կիրառված սահմանափակումներին, սակայն դա քող էր նրանց իրական ցանկությունների համար։ Այդ մասին է վկայում 2011թ․Իրան-5+1-ի համաժողովը կրկին Ստամբուլում անցկացնելուն Իրանի դեմ լինելը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դա առավել ակնհայտ է դարձել Վիքիլիքսի՝ 2011թ․Բաքվին վերաբերվող բացահայտումներից։ Սակայն սահմանափակումների վերացման գործընթացն սկսվելուն պես Բաքուն ջանքեր է գործադրել առավելապես օգտվել ստեղծված իրավիճակից։ Ձգտել է ընդլայնել Իրանի հետ փոխհարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում, ինչն առավել նկատելի է ԼՂՀ-Ադրբեջան ապրիլյան պատերազմից հետո։ Ընթացիկ տարում կողմերը ստորագրել են համագործակցության շուրջ 17 կարեւոր համաձայնագիր, այդ թվում՝ Հարավ-Հյուսիս երկաթգծի կառուցման վերաբերյալ։ Աննախադեպ է  նաեւ նախագահների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների փոխայցելությունների  հաճախականությունը։  Իսկ տնտեսական փոխհարաբերությունների ծավալն ընդլայնվել է շուրջ 53 տոկոսով։

Ռուսաստանը եւս շահագրգիռ էր Իրանի մեկուսացմամբ, ոչ միայն Միջին Ասիայում  եւ Հարավային Կովկասում վերջինիս ազդեցության հավանական ընդլայնմամբ, այլեւ որպես լուրջ մրցակից էներգակիրների, մասնավորապես գազի արտահանմամբ, մանավանդ որ որոշ հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Իրանը գազի պաշարներով ոչ թե Ռուսաստանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում, այլ ընդհակառակը։  Բացի այդ, Արեւմուտքի հետ փոխհարաբերություններում Ռուսաստանը շահարկում էր Իրանի հարցը։ Վերջինիս նման դիրքորոշման մասին է վկայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ սահմանափակումներ կիրառելու բանաձեւերին կողմ քվեարկելը։ Սակայն սահմանափակումների վերացումից հետո Մոսկվան եւս լուրջ ջանքեր է գուծադրում տարբեր բնագավառներում սերտացնելու Իրանի հետ փոխհարաբերությունները, մանավանդ որ Սիրիայի հարցում նրանց տեսակետները գերեթ համընկնում են։ Այսուհանդերձ, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների սերտացման վերաբերյալ, որոնք վերջին շրջանում նույնիսկ ռազմավարական են գնահատվում, Իրանում տեսակետները խիստ հակասական են։ Նախագահի ավագ խորհրդական, անվտանգության ու տեղեկատվության նախկին նախարար Ալի Յունեսին  խիստ  հակված է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների սերտացմանը, նշելով, որ այսօրվա Ռուսաստանը ոչ ԽՍՀՄ-ն է, ոչ էլ ցարական Ռուսատանը, ուստի, ըստ նրա, փոխհարաբերությունների սերտացումն ի շահ Իրանի է։ Ռուս-իրանական փոխհարաբերություններին  կողմ է նաեւ խորհրդարանի փոխխոսնակ Փեզեշքյանը, որը կարեւորում է նաեւ դրանց ռազմավարական բնույթը։ Մինդեռ Բաքվում եւ Կիեւում  Իրանի նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանիի կարծիքով, Ռուսաստանն Իրանի հետ փոխհարաբերությունները  սերտացնելով՝ ցանկանում է արտոնություններ ստանալ Արեւմուտքից։ Նա, փաստեր վկայակոչելով, ընդգծում է, որ այդ փոխհարաբերությունները Մոսկվայի շահերից են բխում եւ չեն կարող ռազմավարական լինել։

Մյուս կողմից էլ,  ՀՀՀԾ-ի  իրականացումը հարթ չի ընթանում, ինչն առավելապես պայմանավորված է ԱՄՆ-ում  նախագահական  ընտրություններով։  Քանզի թեկնածուները, հրեական լոբբիստական կազմակերպությունների ու ընտրողների  ուշադրությունը գրավելու համար, առավել  խիստ են արտահյտվում ՀՀՀԾ-ի   վերաբերյալ։ Հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը դեռեւս  2016թ. մարտի 22-ին  հրեական խոշորագույն լոբբիստական կազմակերպության՝ AIPAC-ի  տարեկան համաժողովին ունեցած իր ելույթում հայտարարեց, թե ՀՀՀԾ-ն աղետաբեր է Իսրայելի եւ ԱՄՆ-ի համար, որ ընտրվելու դեպքում իր առաջին գործն այդ համաձայնագիրը պատռելը կլինի: Իսկ դեմոկրատական Հիլարի Քլինթոնն իր ելույթում պահանջել է Իրանի դեմ նոր սահմանափակումներ կիրառել, մատնանշելով Իրանի հեռահար հրթիռների փորձարկումը: Թրամփը սեպտեմբերի 5-ին, կրկին դատապարտելով ՀՀՀԾ-ն, հայատարարել է, որ եթե ինքը չընտրվի, ապա ՀՀՀԾ-ն կոչնչացնի Իսրայելին:

Թեեւ ակնհայտ է, որ նման դիրքորոշումները պայմանավորված են նախագահական ընտրություններով, սակայն դրանք լուրջ արձագանք են գտնում Իրանում: Պահպանողականները, որոնք ի սկզբանե դեմ են եղել բանակցություններին, ԱՄՆ նախագահի  թեկնածուների արտահայտված տեսակետներն օգտագործում են բարենորոգիչների ու չափավորական գործադրի դեմ։ Ավելին, ընթացիկ տարվա հուլիսի 14-ին նույնիսկ երկրի ռազմաքաղակական առաջին դեմք հանդիսացող, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, խիստ մտահոգություն հայտնելով ՀՀՀԾ-ի իրականացման ոչ արդյունավետության առնչությամբ, հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն կպատռի այն, ապա Իրանը՝ կվառի։ ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է հեռահար հրթիռներ փորձարկելու եւ Լիբանանի “Հեզբոլահին” ու պաղեստինյան որոշ խմբերի հովանավորելու համար, որոնք ահաբեկչության ամերիկյան ցուցակում են, ուստի սահմանափակումները լիովին չի վերացնում։ Սահմանափակումներ, որոնց պատճառով եվրոպական ընկերությունները չեն կարողանում իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ տվյալ երկրների բանկերը չեն համարձակվում Իրանի հետ գործարք կատարել։ Հետեւաբար, Իրանին դեռևս չի հաջողվել մուտք գործել համաշխարհային տնտեսական համակարգ։ Հանգամանք, ինչի պատճառով ՀՀՀԾ-ին դեմ ուժերն իշխանություններին քննադատում են դրա ոչ միայն անարդյունավետության համար, այլեւ նշում, որ ոչնիչ դիմաց Իրանը հրաժարվել է միջուկային գործունեությունից եւ ուրանի հարստացումից։ Ավելին, վերլուծաբաններից ոմանք շեշտում են, որ ստեղծված իրավիճակում նախագահ Հասան Ռուհանին կորցրել է 2017թ․նախագահական ընտրություններին կրկին ընտրվելու հնարավորությունը։ Սակայն, հաշվի առնելով  ՀՀՀԾ-ի ձեռքբերումները եւ այն, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները շուտով ավարտված կլինեն, որոնցում ամենայն հավանականությամբ կհաղթի Քլինթոնը, իրավիճակը կփոխվի, եւ Ռուհանիի ընտրվելու հավանականությունը շատ մեծ կլինի։

Այնուամենայնիվ,  ՀՀՀԾ-ն  պետք է Իրանի դիվանագիտական լուրջ ձեռքբերումներից համարել, ինչը թերեւս նպաստել է երկրի 40 տոկոսանոց սղաճը հաղթահարելուն,  թուլացրել է նաեւ հասարակության շրջանում տիրող լարվածությունը։

ՀՀՀԾ-ի կողմնակիցներն ու կառավարությունը, ընգծելով, որ գործընթացը ցանկալի հունով չի ընթանում, միևնույն ժամանակ մատնանշում են բազմաթիվ  դրական արդյունքներ, այդ թվում՝ պատերազմի վտանգի վերացում, մուտք դեպի Իրանի առջեւ փակված շուկաներ, նավթի արտահանության աճ։ Ինչ խոսք, ՀՀՀԾ-ի իրականացումն ընթանալու է լուրջ վայրիվերումներով, կասեցման սպառնալիքների ուղեցությամբ, բախվելով ներքին եւ արտաքին ուժերի հարուցած խոչընդոտներին։ Բայց՝ ոչ երբեք հետդարձի ճանապարհով, քանզի այն համընթաց է Իրանի եւ Արեւմուտքի շահերին։

Share

Comments are closed.