«Հեղինակազուրկ» ավտորիտարիզմ. ինչո՞ւ Հարավային Կովկասում այսօր այսպես են «ընտրում»


Ruben-photoՌուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Aravot.am-ի ռուսական տարբերակի խմբագիր
Երևան

 

Հարավային Կովկասի երկրները զբաղեցնում են ամենախոշոր «ավտորիտար զանգվածի»՝ Եվրասիայի «հարավային թևը»։ Արտաքին ազդեցություններին պատմականորեն ենթակա այս տարածաշրջանը չի կարող չնմանակել գերիշխող հասարակական-քաղաքական միտումը։ Այսուհանդերձ՝ հայ, վրաց և ադրբեջանական հասարակությունների մեջ նախորդ տարվա ընտրական գործընթացներում ի հայտ եկած տրամադրությունները յուրաքանչյուր հասարակության պարագայում ունեն նաև տարաբնույթ ներքին պատճառներ։ Հայաստանը կողմ է քվեարկել իշխանության առաջարկած Սահմանադրության նոր նախագծի օգտին։ Ադրբեջանը՝ նույնպես։ Վրաստանը վերընտրել է իշխանությանը՝ առանց փոքր իսկ հետընտրական զարգացումների։ Բոլորը գո՞հ են. հազիվ թե… Հարցեր չկա՞ն։ Կան… Այդ դեպքում ի՞նչ է տեղի ունենում։

Քառորդ դար առաջ անկախացած այս երկրները դեռևս համարվում և ընկալվում են որպես «հետխորհրդային». Ռուսաստանի և Թուրքիայի (վերջինս Ադրբեջանում ընդօրինակման արժանի պետություն է համարվում) ավտորիտար վարչակարգերի չարագուշակ ստվերի ներքո անցնող ընտրությունների միջոցով ազատական ժողովրդավարություն հաստատելու հույսերը հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածի մոտ ընդամենը կարեկցական ժպիտ են առաջացնում։

Երեք երկրների տարաբևեռ արտաքին քաղաքական ուղղվածությունն անկախության առաջին իսկ տարիներին խոստանում էր անվտանգության և առաջընթաց զարգացման ապահովման խնդրի լուծում։ Բայց կյանքն ավելի բարդ դուրս եկավ։

Հայաստանն անկախության առաջին իսկ տարիներից համարում էր, որ վերոնշյալ նպատակի իրականացման ամենակարևոր պայմանը հետկայսերական, հետկոմունիստական ու ժողովրդավարական Ռուսաստանի հետ ամուր կապեր ունենալն էր։ Բայց 25 տարի անց պարզվեց, որ համարյա ոչինչ չի փոխվել. նորկայսերական, Ստալինին երկրպագող, հակաժողովրդավարական և ագրեսիվ Ռուսաստանը, որին խորթ է Հայոց պետականության գաղափարն իսկ, Հայաստանի հանդեպ որդեգրել է «առանց մեզ ի՞նչ եք անելու» քաղաքականությունը։

Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ էթնիկական ընդհանրության և պատմական մերձավորության բերմամբ, անկախացումից ի վեր կարծում էր, որ բոլոր հարցերը լուծվելու էին ՆԱՏՕ-ի անդամ և Եվրոպային ինտեգրվող Թուրքիայի հետ մերձավորության, ինչպես նաև խոստումնալից նավթագազային նախագծերի իրականացման շնորհիվ։ Բայց պարզվեց, որ 25 տարի անց Թուրքիան բոլորովին այլ՝ ավտորիտար և ոչ թե Աթաթուրքի, այլ եվրոպամերժ և հակաազատական Էրդողանի «անձի պաշտամունքով» առաջնորդվող երկիր է, իսկ նավթն ու գազը ժամանակի ընթացքում կորցնում են 90-ականների սկզբներին ունեցած նշանակությունը։ Նավթի գների անկումն ու պատժամիջոցների լծից դուրս եկած Իրանի «վերահայտնաբերումը» նպաստել են կատարելապես նոր իրականության ձևավորմանը։

Հետխորհրդային ժամանակաշրջանի հենց սկզբից կորցնելով երկու ինքնավարությունների նկատմամբ վերահսկողությունը՝ Վրաստանը ազատական-ժողովրդավարական գաղափարների արագացված կենսագործման հիման վրա 2000-ականներից սկսած կառուցել է նոր պետություն՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ոչ ենթակա էներգակիրների տարանցման ենթակառուցվածքների շահագործմամբ հասնել նշված խնդիրների լուծմանը։ Բայց Վրաստանի դեմ Ռուսաստանի 2008թ. ագրեսիայից հետո պարզվեց, որ Արևմուտքը «հեռու» է և մինչև իսկ պատրաստ է Մոսկվայի հետ հարաբերությունների «վերբեռնման» կոճակ սեղմել՝ Վրաստանի դեմ պատերազմը համարելով ոչ թե նոր հրեշի ծննդյան աղետի մասին վկայող ազդանշան, այլ՝ սոսկ ժամանակավոր թյուրիմացություն։

Տարածաշրջանում հույսերի փլուզումն ու պետական կյանքի փորձառության պակասը չէր կարող չառաջացնել խորը հիասթափություն, քաղաքական հոգնածություն, «կայունության» ձգտում, պատասխանատվությունից խուսափում և «ազատությունից փախուստ» (ըստ Է. Ֆրոմի)։

Մարդուն բնորոշ է կարծեցյալ կամ իրական ելքեր որոնելը։ Անցած հարյուրամայակի 20-ական և 30-ական թվականներին այսպիսի ելք էին դիտվում այս կամ այն «առաջնորդին» հարմարեցված ամբողջատիրական կամ ավտորիտար մոդելները՝ ռուսական բոլշևիզմը, գերմանական նացիզմը, իտալական ֆաշիզմը և այլ «նացիոնալ-սոցիալիստական» կամ կորպորատիվական բռնապետությունները նրանց արբանյակ կամ հարևան պետություններում։ Հիշյալ տարիներին Բրիտանիայից բացի գրեթե ողջ Եվրոպան ողողված էր հակաազատականության ալիքով, որի պատճառով 20-ամյա ընդմիջումից հետո սկսվել էր Առաջինի համեմատ էլ ավելի արյունալի Երկրորդ աշխարհամարտը։

Այսօր՝ «զարգացած» հետարդիականության և տեղեկատվական հեղափոխության շրջանում «առաջնորդներ» և հեղինակություններ չեն մնացել, թեև պահպանվել են «հեղինակազուրկ» ավտորիտարիզմ կոչվող մոդելներ։ Չեն մնացել նաև «առաջնորդներին» ընդդիմացող բարոյական հեղինակություններ, չկան անցյալի գրողներն ու փիլիսոփաները, չկան հասարակական ու կրոնական առաջնորդներ։ Չկան ո՛չ առաջիններն ու ո՛չ էլ երկրորդները։ Բայց մնացել է հիասթափության զգացումը, որը քաղաքական համայնապատկերի վրա հարկավ իր հետքն է թողնում։

Միևնույն ժամանակ՝ այս «հեղինակազուրկ» ավտոկրատիաներն իրենց անարդյունավետության բերմամբ, ի տարբերություն 30-ական թվականների, ընդունակ չեն ազատական ժողովրդավարության այլընտրանքի թեկուզև շղարշ ապահովել։ Պուտինի և Էրդողանի վարչակարգերի հռետորաբանության մեջ նկատվող տրիումֆալիզմն անգամ Արևմուտքում առկա բազմաթիվ խնդիրների համապատկերում ամենևին էլ չի կարող թաքցնել նշյալ վարչակարգերի թերարժեքությունը՝ զարգացման խնդիրների լուծման տեսանկյունից։

«Մեկ խողովակի էկոնոմիկայի» գահավիժած ու  դեգրադացված ռուսաստանյան համակարգը շարունակում է կախված մնալ ամեն վայրկյան կտրվել սպառնացող նավթային փխրուն «մազից», որից հետո երկիրը կգլորվի պատմական ծավալի ցնցումների մեջ։  Իսկ այժմ՝ աճող բռնաճնշումների ֆոնին, Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է նվազել։ Պատմականորեն աննախադեպ կենսամակարդակի հասած Թուրքիան նույնպես հասցրել է «մոռանալ», որ այն ձեռք է բերվել արևմտականացման և բաց տնտեսության շնորհիվ։ Իսկ ներկայումս Թուրքիայից  փողը «փախչում է»։

Ասել է թե՝ նրանց ազդեցությունը կա, բայց նրանք, առնվազն Հարավային Կովկասի պարագայում, նույնպես «հեղինակություն» չեն՝ ի հեճուկս Պուտինի և Էրդողանի պատկերներով շապիկներ ու վզկապներ կրող հազարավոր ռուսների ու թուրքերի։

Եվ քանի դեռ տարածաշրջանի երկրների շուրջ թևածում ու գերիշխում է վերոնշյալ միտումը, սովորական քաղաքացին, բնազդաբար նախընտրելով անվտանգ թվացող նվազագույն դիմադրողականության ուղին, ձգտելու է «կայունությանը» և «տեղում պայմանավորվելու» տարբերակին։ Սա ինչ-որ չափով «օրինավորում/լեգիտիմացնում» է ընդդիմադիրների անպատասխանատու ամբոխահաճությունը և ձայների առուվաճառքի «թույլատրելիությունը», հիմնավորում է «չէ՞ որ մեզանից ոչինչ կախված չէ» մոտեցումը, «արդարացնում» է սահմանափակ բռնությունը, խոսքի ազատության սահմանափակումը, արտաբերված խոսքի համար սահմանափակ պատասխանատվությունը, նեղ քաղաքական մտահորիզոնն ու ինտելեկտը՝ (ուղիղ իմաստով) ստեղծելով տեղի ունեցողի համար սահմանափակ պատասխանատվությամբ հասարակության հարատևման հիմքերը։

Հարավային Կովկասի ճանաչված և չճանաչված բոլոր սուբյեկտների միջև առկա ողջ տարբերությամբ հանդերձ՝ նրանց միավորում է խորտակված հույսերի և ապագայի անորոշությունների նկատմամբ տագնապը։ «Կայացած իրողություններին» մարտահրավեր նետողները նույնպես հիշյալ անորոշության կրող են, որն էլ արտացոլվում է նրանց ամենօրյա քաղաքական գործունեության մեջ. քաղաքական վարքագիծը՝ պոպուլիզմով, իսկ քաղաքական գործընթացները՝ «խորհրդարանական կրկեսով» փոխարինելու իրողությամբ, երբ նեղ խմբակային նպատակներն արդարացնում են միջոցներն անգամ անհատական հարթությունում։

Միևնույն ժամանակ՝ ողջ անորոշությամբ հանդերձ կա այն իրողության ըմբռնումը, որ նախորդ բուռն ժամանակաշրջանին հաջորդած ներկայիս համեմատական անդորրը և հասարակական-քաղաքական մակընթացության նահանջն, ընդամենը, միջանկյալ հանգրվան է՝ նոր փոթորկին ընդառաջ։

«Հեղինակազուրկ ավտորիտարիզմի» մայրամուտը պատմականորեն անխուսափելի է և կանխորոշված է ոչ միայն վերջինիս ինտելեկտուալ թերարժեքության և վարչական սնանկության պատճառով։ Պարզապես՝ նրա հաշվապահությունը ներքուստ վաղուց խաթարված է, իսկ կեղծ գաղափարախոսությունը ժողովրդականություն չի վայելում անգամ հարձակողական քարոզչության ազդեցությամբ։ Իսկ Արևմուտքի հետ «պարտադիր»՝ ճակատային կամ ավանդապահության ներքո քողարկված դիմակայությունը հյուծում և դուրս է նետում նրան համաշխարհային լուսանցք։ Եվ եթե վերջինիս «ծաղկումը» հնարավոր է դարձել Սառը պատերազմի ավարտից հետո՝ Արևմուտքին տիրած «Պատմության վախճանի»՝ անհոգ ներամփոփման ֆոնին, ապա Ուկրաինայում և Սիրիայում կատարվածից հետո էլ ոչ ոք չի կասկածում, որ Պատմությունը վերադառնում է։ Իսկ նրա վերադարձը Եվրասիայի «հեղինակազուրկ-ավտորիտար» զանգվածին ոչ մի լավ բան չի խոստանում։ Այս առաջընթաց մակընթացությունը կհեղեղի ու կմաքրագործի իր ճանապարհին անզգուշորեն կամ հիմարաբար թողնված յուրաքանչյուր բան։

Թե որքանով տարածաշրջանի երկրների այսօրվա և վաղվա քաղաքական գործիչներն ընդունակ կլինեն ապահովել ստեղծված իրավիճակից բռնությամբ չուղեկցվող՝ նվազագույն վճարվելիք գնով ելքի ուղիները, ցույց կտա ժամանակը։ Բայց դրա մասին այսօր իսկ պետք է մտածել։ Չէ՞ որ անգամ պոստմոդեռնիզմի լիակատար տիրապետության շրջանում ոչ ոք քաղաքական պատասխանատվությունը չի չեղարկել։

… Հեղինակին չեմ հիշում, բայց մեկն ասել էր, որ եթե Աստված հոռետես լիներ, նա Աշխարհը չէր արարի։

Share

Comments are closed.