Ժողովրդավարության կղզյակ. ընտրությունները Վրաստանում


daniel-ionisyan

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացի միավորում»
ՀԿ ծրագրերի համակարգող
Երևան


Ինչպես հայտնիէ, հոկտեմբերի 8-ին հարևան Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում վստահ հաղթանակ տարավ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած և նախկին 4 տարվա ընթացքում այդ երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Այն գրեթե 2 անգամ ավել ձայն հավաքեց նախկին նախագահՄիխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունից:Մի կողմ թողնելով քվեարկության արդյունքները՝ փորձենք հասկանալ, թե արդյո՞ք Վրաստանում ընտրությունները ևս կեղծվում են, ինչպես դա արվում է  այդ երկրի 4 հարևան-պետություններում (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան և Թուրքիա)… Փորձենք տանել համեմատություններ վրացական ու հայկական ընտրությունների միջև:

Հարցումներ

Ի տարբերություն Հայաստանի, ուր ընտրություններից առաջ սոցիալական հարցումներին արդեն վաղուց լուրջ չենք վերաբերվում, Վրաստանում դրանց նկատմամբ վերաբերմունքն այլ է: Այդտեղ հարցումներն արվում են իրապես հեղինակություն ունեցող միջազգային կազմակերպությունների կողմից: Ընդ որում, այդ կազմակերպությունների՝ ընտրությունների հետ կապ չունեցող ոլորտներում (առողջապահություն, կրթույթուն և այլն) արված հարցումները ևս հեղինակավոր են և հաճախ դրվում են կառավարության քաղաքականության հիմքում:

Այստեղ հանուն արդարության պետք է նշենք, որ նախընտրական շրջանում այդպիսի կազմակերպություններից մեկը՝ NDI-ը, ինչ-ինչ պատճառներով չիրականացրեց սոցիալական հարցումներ: Սակայն ապրիլին արված հարցումներով NDI-ը արդեն կանխատեսել էր, որ «Վրացական երազանքը» «Ազգային միացյալ շարժումից» ավելի շատ ձայն է հավաքելու:

Ընդ որում, հարցումները նաև խոսում են այն մասին, որ Վրաստանում քաղաքական գործընթացներն առավել իներտ ու երկարաժամկետ են՝ ի տարբերություն Հայաստանի, ուր դեպքերը սկսում են ակտիվ զարգացում ապրել նախընտրական փուլում:

Թանկ, բայց անկաշառ

Վրացական այս ընտրություններն արևմտյան ընտրությունների նաև այլ բաղադրիչներով աչքի ընկան: Հայկական ընտրությունների հետ համեմատելիս ամենազարմանալին այն էր, որ, ի հեճուկս սպասումների ու դաժան մրցապայքարի, որևէ ահազանգ ընտրակաշառքի մասին այդպես էլ չեղավ: Ձեր խոնարհ ծառան այդ ընտրություններում միջազգային դիտորդ էր (Ժողովրդավար ընտրությունների եվրոպական պլատֆորմից), և մեր հարցումների ընթացքում չգտանք քաղաքացիական հասարակության, ընդդիմության կամ իշխանության գեթ մի ներկայացուցիչ, ով կասեր, որ «Վրացական երազանքը» կամ «Ազգային միացյալ շարժումը» ընտրակաշառք են բաժանել: Շատ էին իշխանությունների կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման, բայց ոչ ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը:

Փոխարենը՝ կուսակցությունները նախընտրեցին ահռելի գումարներ ծախսել քարոզարշավի վրա: Թե Բիձինա Իվանիշվիլիի և թե Միխեիլ Սաակաշվիլիի թիմակիցները հրավիրել էին միջազգային մակարդակի PR մասնագետների ու քաղտեխնոլոգների, որոնք անհամեմատ ավելի պրոֆեսիոնալ մակարդակի հասցրեցին նախընտրական քարոզարշավը՝ PR-ի, սև PR-ի, «շոուների» ու այլ անբաժանելի բաղադրիչների ամենալայն կիրառմամբ:

Հայաստանցու համար թերևս անսովոր վերջին տարրն ընտրությունների ժամանակ արևմտյան մոդելի էքզիթ-փոլերն էին: Ընդ որում, դրանք կազմակերպել էին միաժամանակ երկու եվրոպական հեղինակավոր կազմակերպություններ՝ GFK և TNS: Առաջինին հրավիրել էր Սաակաշվիլիին սատարող «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, երկրորդին վարձակալել էին իշխանամետ համբավ ունեցող միանգամից 4 հեռուստաալիքներ:  Առնվազն տեղամասերի մուտքի մոտ երկու կազմակերպություններն էլ բավականին պրոֆեսիոնալ էին աշխատում և ընտրողներին առաջարկում կատարել ևս մի գաղտնի քվեարկություն՝ արդեն տեղամասից դուրս: Ու թեև օրվա վերջում հրապարակված էքզիթ-փոլերի արդյունքները չզուգամիտեցին, երկուսն էլ հաստատեցին իշխող «Վրացական երազանքի» հաղթանակը:

Ընդդիմությունը, ինչպես նաև իշխանությունը, առհասարակ ռեսուրս չէին խնայում հաղթանակի հասնելու համար: Գրեթե բոլոր ընտրատեղամասերի առջև հավաքված էին «Վրացական երազանքի» և «Ազգային միացյալ շարժման» կողմնակիցները, ովքեր ցուցակագրում էին «իրենց կողմնակիցներին» և զերծ չէին մնում նաև հիշեցնելուց, որ մարդիկ հենց իրենց ընտրեն… Իմիջիայլոց, ի տարբերություն շատ երկրների (այդ թվում՝ Հայաստանի), Վրաստանում ոչ լռության օր կա, ոչ էլ անգամ քվեարկության օրը ընտրական տեղամասի դռան մոտ քարոզարշավ անելու արգելք:

Տաքարյուն Անդրկովկաս

Քվեարկության օրը Վրաստանում չանցավ նաև առանց բռնությունների: Ազգային փոքրամասնություններով բնակեցված որոշ շրջաններում (Ջավախք, Մառնեուլի, Զուգդիդի և այլն) ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների միջև նկատվում էր որոշակի լարում: Մառնեուլում այն անգամ վերածվեց զանգվածային անկարգություններով զուգորդվող բախումների: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ ոստիկանությունը դրսևորում էր անկողմնակալ պահվածք և ձեռնարկում էր բոլոր հնարավոր միջոցները ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու համար:

Զուգդիդիում գրանցվեց էլ ավելի ուշագրավ դեպք: Քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ ընտրական տեղամաս մտան ինչ-որ քրեական տարրեր, ովքեր պարզապես քարուքանդ արեցին տեղամասն ու ծեծեցին իրենց նկարահանելու փորձ կատարած միջազգային դիտորդներին: Ընդ որում, այդ ամենն արվեց ծառայություն իրականացնող մի ոստիկանի աչքի առաջ (ով պարզապես վախեցավ միջամտել):

Իսկ ահա այդ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Քութաիսիում, անգամ արձանագրվեց լրագրողների նկատմամբ բռնության դեպք, որից, ըստ շրջանառվող լուրերի, տուժեցին թե իշխանամետ և թե ընդդիմադիր համբավ ունեցող հեռուստաալիքների լրագրողներ:

Սակայն նման դեպքերը համատարած բնույթ չէին կրում: Թե Զուգդիդիի, թե Քութաիսիի և թե Մառնեուլիի դեպքերի մեղավորների քաղաքական կողմնորոշումը միարժեք չէր… Զուգդիդիում և Մառնեուլիում սլաքներն ուղղվում են «Ազգային միացյալ շարժման», իսկ Քութաիսիի դեպքում՝ իշխող «Վրացական երազանքի» կողմ:

Ընտրակեղծիքների դեմ պայքարը

Այս ընտրություններում կրկնաքվեարկությունները կանխարգելելու համար կիրառվեց մատների «սփրեյավորման» մեխանիզմը։ Քվեաթերթիկ ստանալուց բոլոր ընտրողների աջ ձեռքի բութ մատների վրա փչվում է հատուկ սփրեյ, որը իրենից ներկայացնում է անգույն թանաք: Անզեն աչքով այդ թանաքը չի երևում, բայց մոտ 2 օր մնում է մատի վրա և լուսարձակում ուլտրամանուշակագույն լույսի տակ:

Այդ թանաքը որևէ կերպ չի վրիպում տեղամասի մուտքի մոտ կանգնած և ուլտրամանուշակագույն լապտերիկով զինված հանձնաժողովի անդամի աչքից, և այն ընտրողներին, ում բութ մատի վրա կերևա ֆոսֆորային հիմքով այդ նյութը, պարզապես ներս չեն թողնի տեղամաս:

Ընդ որում, հատկանշական է, որ այդ նյութը հնարավոր չէ ջնջել: Ձեր խոնարհ ծառան այդ օրն առավոտյան խնդրեց սփրեյ փչել իր բութ մատի վրա… Ապա օրվա ընթացքում ամեն կերպ փորձեցինք մատից մաքրել այդ նյութը՝ օճառով, ացետոնով, բենզինով ու անգամ Կոկա-կոլայով: Բայց ապարդյուն: Երեկոյան բութ մատը, միևնույն է, հատուկ ուլտրամանուշակագույն լապտերիկի տակ փայլում էր:

Դիտորդներին ու վստահված անձանց միմիայն մնում էր հետևել, որ քվեաթերթիկ ստանալուց ընտրողների մատները իրոք սփրեյավորվեն, իսկ տեղամաս մտնելուց՝ ստուգվեն ուլտրամանուշակագույն լույսով… Եվ կրկնաքվեարկությունների հնարավորությունը իսպառ վերանում է:

Ընդ որում, քանի դեռ գարնանը Հայաստանի իշխանությունները, հակափաստարկելով վրացական այդ մոդելը մեր երկրում կիրառելու պահանջին, պնդում էին, որ սփրեյավորված մատով ձեռքսեղմելիս այդ նյութը նստում է նաև դիմացինի ձեռքին, ու վերջինս զրկվում է քվեարկելու հնարավորությունից, իրականությունը, պարզվեց, այլ էր: Որևէ նման դեպք չարձանագրվեց, թեև տեղամասից դուրս եկող ընտրողները հանգիստ ձեռքսեղմելով բարևում էին տեղամաս մտնողներին:

Այստեղ նաև հարկ է նկատել տեղամասերի ներսում կարգուկանոնին բարձր մակարդակը՝ բոլոր վստահված անձինք և դիտորդները բեյջեր էին կրում, իսկ հանձնաժողովի անդամները՝ հատուկ բաճկոններ:

Հզոր ընդդիմություն

Ցանկացած ընտրական գործընթաց ժողովրդավար լինելու համար պետք է ունենա պատշաճ վերահսկողություն ընդդիմության, քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության կողմից:

Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների դիտարկման հրավեր էր ուղարկել ոչ միայն ԵԱՀԿ-ին, այլև միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպություններին (օրինակ՝ Ժողովրդավար ընտրությունների եվրոպական պլատֆորմին, ում ՀՀ ԿԸՀ-ն նախորդ տարի չթույլատրեց առաքելությամբ հանդես գալ հանրաքվեի ժամանակ):

Սակայն առավել ուշագրավ էր ոչ թե միջազգային, այլ հենց տեղական քաղհասարակության ու ընդդիմության ներկայություն յուրաքանչյուր ընտրական տեղամասում: Անգամ խուլ ու փոքր գյուղերում Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժումը» ուներ մի քանի ներկայացուցիչ, ովքեր շատ կոշտ էին արձագանքում անգամ ընթացակարգային չնչին խախտումներին:

Ընդդիմության և քաղաքացիական հասարակության լայն ներկայացվածությունն, ըստ էության, զրկում էր որևէ մեկին ընտրական տեղամասում կեղծիքներ անելու հնարավորությունից: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ լուրջ ընտրակեղծիքների մասին ահազանգեր այդպես էլ չեղան: Իսկ մեր արձանագրած ամենալուրջ խախտումները վերաբերում էին քվեաթերթիկների վավեր-անվավեր դասելիս ոչ այնքան արդար մոտեցմանը:

Սակայն «Ազգային միացյալ շարժման» հզորությունը, որպես ընդդիմադիր ուժ, արտահայտվում է ոչ միայն վստահված անձանց առատությամբ: Այդ կուսակցությունն ունի իր վերլուծական կենտրոնները, իր հեռուստաալիքը, քաղաքական դպրոցը, տարբեր բիզնես-շրջանակների սատարումը և այլն:

Տարոսը մեզ

Իհարկե, Վրաստանում ընտրական համակարգը իդեալական չէ: Այն ունի բազում թերություններ: Սակայն ընտրություններն այդ երկրում անհամեմատ ավելի ժողովրդավար են, քան Հայաստանում: Վրաստանը, որի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանից քիչ է և որը կորցրել է իր տարածքների զգալի մասը, որի մայրաքաղաքը ընդամենը 8 տարի առաջ ռմբակոծվել է հակառակորդի օդուժի կողմից, կարողանում է անհամեմատ ավելի ժողովրդավար ընտրություններ իրականացնել, քան Հայաստանը, կամ իր մյուս հարևանները (Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան):

 

Share

Comments are closed.