Կրկին պտտվեց վրաց պատմության «սատանայի անիվը».

ժողովրդի աջակցությամբ իշխանության հասած կուսակցությունը հաջորդ փուլում ստանում է բացարձակ իշխանություն

 

gella-vasadzeԳելա ՎԱՍԱՁԵ
Քաղաքագետ
Թբիլիսի 

 

Վրաստանում կայացած վերջին ընտրությունները բովանդակապես քիչ էին տարբերվում երկրում մինչ այդ անցած շատ այլ ընտրություններից, բայց ըստ ձևի բացառիկ էին։ Ուստի՝ սկսենք հենց ձևից։ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ընտրությունների արդյունքները հայտնի չէին քվեարկության առաջին իսկ օրվանից հետո։ Եթե ավելի ճշգրիտ լինենք՝ դրանք հայտնի էին, բայց վերջնականապես ձևակերպված չէին։ Եթե այդպես չլիներ, ապա այս ընտրությունները կարող էինք քաղաքակիրթ երկրին հարիր միանգամայն ժողովրդավարական ընտրություններ համարել։ Ավա՜ղ, անցած ընտրությունների առարկայական քննությունը մեզ հիմք չի ընծայում դրանք հենց այսպես գնահատել։ Թեև, ամեն ինչ՝ ըստ կարգի։Հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններում հաղթել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու ստեղծած «Վրացական երազանք» կուսակցությունը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ «Վրացական երազանքն» այս ընտրություններում համամասնական ցուցակներով ստացել է ձայների 48 տոկոսը՝ 21 տոկոսով ավելի շատ, քան իր հիմնական մրցակից «Միացյալ ազգային շարժումը»։ Եվ եթե «Վրացական երազանքը» կատարեր իր նախընտրական խոստումն ու ընտրություններն անցկացներ միայն համամասնական ընտրակարգով, ապա այսօր մենք կունենայինք կոալիցիոն կառավարություն։

Սակայն, ինչպես դուք էլ եք լավ հասկանում, վերոնշյալ խոստումը չի կատարվել, և խորհրդարանի 150 պատգամավորներին կուսակցական ցուցակներով ընտրելու փոխարեն համամասնական ընտրակարգով ընտրվել է միայն 77 պատգամավոր։  Մնացած 73 պատգամավորական մանդատների ճակատագիրը որոշվում էր մեծամասնական ընտրատարածքներում։ Եվ մինչև վերջ չի որոշվել։

Առնվազն 49 մեծամասնական ընտրատարածքներում տեղի է ունենալու երկրորդ փուլ, թերևս՝ 50 ընտրատարածքներում էլ։

Զուգդիդիի շրջանի ընտրատարածքներից մեկում, որտեղ նախորդ ընտրությունների գիշերը մի քանի ընտրատեղամասեր են ջարդուփշուր արվել, նույնպես տեղի է ունենալու նոր ընտրություն։ Այս ընտրատարածքն, ի դեպ, բավականին խնդրահարույց է, քանի որ դրանում ձայների մեծամասնություն է ստացել Սանդրա Էլիզաբեթ Ռուլոֆսը՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կինը։ Ընդ որում, ասածս սոսկ քնարական զեղում է, ինչն, այսուհանդերձ, ընդանուր պատկերացում է տալիս Վրաստանում կայացած վերջին ընտրությունների որպիսության մասին։

Իսկ Վրաստանում ընտրություններն անցել են ոչ թե պարզապես վատ, այլ՝ գռեհկաբար։ Ակամա վերհիշում ես ներկրասովյան տողերը. «Կային ավելի վատ ժամանակներ, բայց՝ ոչ այսչափ ստոր»։ Դատեք ինքներդ. ընտրողների ձայների կեսն իսկ չհավաքած կուսակցությունը խորհրդարանում ունենալու է 75 տոկոսանոց մեծամասնություն։ Անփորձ ընթերցողը, թերևս, հարցնի, թե որտեղի՞ց է հայտնի, որ ամեն ինչ հենց այսպես է լինելու, եթե 49 կամ 50 ընտրատարածքներում դեռ պետք է երկրորդ փուլ կայանա։ Հենց սա է ներկայիս վրացական ընտրությունների գլխավոր հարցը։ Վրաստանում գրեթե բոլորը գիտեն, որ «Վրացական երազանքը» խորհրդարանում ունենալու է ոչ թե պարզ, այլ սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն, ոչ թե պարզ, այլ՝ բացարձակ իշխանություն։ Սա հայտնի է 2016թ. խորհրդարանական ընտրությունների ողջ տրամաբանությունից։

Իսկ այս ընտրությունների տրամաբանությունը հետևյալն է։ 2016թ. ձմռանը Վրաստանի իշխող կուսակցությունը հայտնվել էր բավականին ոչ նախանձելի վիճակում։ Նախընտրական խոստումները չէին կատարվել, ընտրողների մեծ մասը զղջացել է կատարած ընտրության համար, իսկ տնտեսության վիճակը՝ տարածաշրջանում ընդհանուր ճգնաժամի համապատկերում, մեղմ ասած, գրավիչ չէր։ Մյուս կողմից՝ «Վրացական երազանքին» հաղթել ընդունակ միակ իրական մրցակիցը՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն էր, որն, ըստ էության, քաղաքական արտագաղթի մեջ է։ Բացի դրանից՝ ձերբակալվել և երկարատև բանտարկության են դատապարտվել «Ազգային միացյալ շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիորգի Ուգուլավան և Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան։  Իհարկե, այս ձերբակալություններն ունեին քաղաքական բնույթ, ընդ որում, ի հեճուկս տարածված կարծիքի, դրանց նպատակն Իվանիշվիլու անձնական վրեժխնդրությունը և անգամ Կրեմլի պատվերը չէր։ Գլխավոր նպատակը՝ թեպետև ընտրություններում պարտված, բայց Վրաստանի քաղաքական կյանքի ռադարներից չանհետացած և իր ընտրազանգվածը զգալիորեն պահպանած միակ զորեղ մրցակից կուսակցության ղեկավարության գլխատումն էր։

Իհարկե, այդ ընտրազանգվածը բավարար չէր ընտրություններում հաղթելու համար. բավական դժվար է հաղթել՝ ունենալով ընտրողների 25-30 տոկոսի ամուր աջակցությունը։ Բայց գրագետ կազմակերպված ընտրարշավի պարագայում «Միացյալ ազգային շարժումը» կառավարող կուսակցության համար կարող էր լուրջ մրցակից դառնալ։ Սակայն դա տեղի չի ունեցել։  Տեղի չի ունեցել մի շարք պատճառներով, որոնցից գլխավորն այն էր, որ ընդդիմադիր կուսակցությունում չէին հավատում հաղթանակի հնարավորությանը, իսկ իշխող կուսակցությունն այն չէր կարող թույլատրել։ Չէին կարող թույլատրել բոլոր հետխորհրդային հանրապետությունների համար մեկ ընդհանուր և գլխավոր պատճառով։ Մեզանում և բոլոր հետխորհրդային (ինչպես անգամ որոշ զարգացած) երկրներում իշխանությունը ոչ միայն հավելյալ եկամուտներ ստանալու, այլև՝ տնտեսության եկամտաբեր հատվածների վերահսկողության միջոցով գերշահույթ ստանալու դյուրագույն աղբյուր է։ Այս իրավիճակում ընդդիմությունը կա՛մ համակարգի մասն է և այդ դեպքում իշխանությանը չի հավակնում, կա՛մ  հակահամակարգ է, որը ձգտում է բոլոր հնարավոր օրինական և ապօրինի մեթոդներով տապալել գործող իշխանությունը։ Այս փուլով Վրաստանն անցել է 1991, 2003 և 2012 թվականներին, իսկ 2016թ. երկրում մնացած ընդդիմության առաջնորդները նախընտրել են համակարգի մաս դառնալու առաջին տարբերակը։

Մնացած ամեն ինչը քաղաքական տեխնոլոգիաների գործ էր։ Նախընտրական արշավի շրջանն ընդհանուր առմամբ հանգիստ է անցել։ Իշխանությունները հիմնական շեշտ են դրել Սաակաշվիլու գործոնի չեզոքացման վրա, որը հասկանալի պատճառներով չէր կարող Իվանիշվիլու կառուցած համակարգի մաս դառնալ։ Սաակաշվիլու չեզոքացման համար ընտրվել է պարզ և համեմատաբար արդյունավետ եղանակ. նրան մեղադրել են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Եվ երկրի հեռուստացույցները սկսել են ցուցադրել համախոհների հետ Սաակաշվիլու «գաղտնազրույցները»՝ երկրում ուժային ճանապարհով հեղաշրջում կազմակերպելու անհրաժեշտութայն վերաբերյալ։ Ցուցադրվում էին երկարաշունչ հարցազրույցներ նախապես պատրաստված «ճամբարափոխների» հետ, որոնք սարսափելի պատմություններ էին պատմում, թե ինչպես «Սաակաշվիլու գրոհայինները» ընտրություններին հաջորդելիք գիշերը պաշարելու են կառավարական շենքներն և իշխանություն գրավելու։ Դրան հաջորդել են դատախազություն ներկայանալու հրավերներն ու տեսախցիկի առջև հանցավոր մտադրությունները խոստովանելու դրվագները։

Այս քայլերով իշխանությունները միանգամից երկու խնդիր էին լուծում։ Նախ՝ ընդդիմադիր կուսակցությունից հեռացվում էին չկողմոնորշված այնպիսի անձինք, որոնք պատրաստ էին քվեարկել «Միացյալ ազգային շարժման» օգտին, բայց ոչ մի ապօրինի գործողության մասնակից դառնալու ցանկություն չունեին։ Մյուս կողմից՝  հեղաշրջման թեմայի շահարկումն իշխանություններին որոշակիորեն ապահովագրում էր հետընտրական զանգվածային բողոքներից ու կեղծարարություններից։ Արդար լինելու համար պետք է նշել, որ Սաակաշվիլին անձամբ ակամա նպաստել է այս սցենարին, հայտարարելով, թե պատրաստ է վերադառնալ Վրաստան՝ ընտրությունները կեղծելուց փրկելու համար։

Միջազգային դիտորդները վերջին վրացական ընտրությունները մրցակցային և խաղաղ են որակել։ Ըստ էության՝ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ բոլոր ընտրատեղամասերում ընդդիմադիր կուսակցությունը միայն 154 բողոքարկման պահանջ է ներկայացրել։ Այսպիսի իրավիճակում ընտրություններն այլ կերպ, քան իդեալական, իրոք, որակել չի կարելի, իսկ ընտրատեղամասերը ջարդուփշուր անելու, բյուջետային աշխատողների քվեարկությունը լիովին վերահսկելու և ընտրողների թիվն ուռճացնելու դրվագներն, իրոք, կարելի է սոսկ «դրվագ» համարել։

Ընտրացուցակների պարագան, առհասարակ, շատ զվարճալի էր։ Ըստ մարդահամարի՝ Վրաստանում բնակվում է 3.72 միլիոն մարդ, իսկ ընտրացուցակներում հաշվառված է 3.5 միլիոնը, որոնցից միայն արտերկրում՝ 50 հազար հոգի։ Էլ չասենք, որ Վրաստանում կա ավելի քան կես միլիոն դպրոցահասակ աշակերտ՝ նախադպրոցական տարիքի երեխաներին չհաշված։ Ինչ-որ մի բան այն չէ, թեև, իրականում, այս ամենն արդեն ոչ մի նշանակություն չունի։

Նշանակություն ունի բոլորովին այլ բան. երկրորդ փուլի արդյունքներով իշխող կուսակցությունն անխուսափելիորեն ստանալու է սահմանադրական մեծամասնությունը։ Այն խոսակցությունները, թե երկրորդ փուլում բոլոր ընդդիմադիրները միանալու են՝ դա կանխելու համար, ավելի շատ նման են աղքատների օգտին հնչող զրույցների և կատարելապես անիմաստ են։ Վրաց պատմության «սատանայի անիվը» կրկին պտտվեց, և ժողովրդի աջակցության ալիքով իշխանության հասած կուսակցությունը երկրորդ փուլում ստանում է բացարձակ իշխանություն։ Այսպես եղել է Շևարդնաձեի և Սաակաշվիլու օրոք. այսպես կլինի նաև Իվանիշվիլիի դեպքում։ Թե ինչով է սա ավարտվում՝ նույնպես քաջ հայտնի է, թեև իշխանությանը տիրացած անձինք դրա մասին զարմանալիորեն երբեք չեն մտածում։

Եվ սա ոչ միայն իշխանության, այլև երկրի խնդիր է։


Խմբագրության կողմից.
Հոդվածը գրվել է նախքան ընտրությունների երկրորդ փուլը։

 

 

Share

Comments are closed.