ՏԻՄ-ից դեպի համապետական ընտրություններ

 

armen-grigoryanԱրմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

 

Սեպտեմբերի 18-ի և հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները ստուգողական աշխատանքներ են եղել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության համար։ Այդ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին երկրի կառավարման համակարգում գոյություն ունեցող խնդիրները։ Ինչպես հաճախ պատահում է ընտրություններից հետո՝ խնդիրների հիմնական «մեղավոր» դարձան խնդրի հետ քիչ կապ ունեցող սուբյեկտները։

Հայաստանում  ընտրակեղծարարության հիմնական մեղադրանքը հաճախ դրվում է ժողովրդի վրա, ինչն իրականությունից շատ հեռու է: Այս մեղադրանքի տարածողներն իշխանական լրատվամիջոցներն ու դրանց արբանյակներն են: Իրականում, ընտրակեղծարարության հիմնական կազմակերպիչն ու պատասխանատուն իշխանությունն է, և այդ կեղծարարության արդյունքներից գերազանցապես օգտվում են իշխանավորները:Ավելին՝ ընտրակեղծարարության ամբողջ գործընթացը կազմակերպվում է մեկ կենտրոնից, կոնկրետ՝ Բաղրամյան 26-ից: Դրա մաս են կազմում նաև պետական այլ ինստիտուտներ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողով, ոստիկանություն, ՏԻՄ իշխանություն։ Բաղրամյան 26-ում նստած ձեզ հայտնի մարդը համակարգում է ընտրակեղծարարությունը, որպեսզի կարողանա պահել իր իշխանությունը, քանի որ առանց ընտրակեղծարարության նա չի կարող շարունակել իր կառավարումը:

Սեպտեմբերի 18-ի և հոկտեմբերի 2-ի ընտրակեղծարարության տեսակներից գերակշռել է ուրիշի փոխարեն քվեարկելը, որի շնորհիվ էլ ուռճացվել են Հանրապետական կուսակցության ձայները։ Ուռճացնելով իրենց ձայները՝ հանրապետականները փոխել են նաև մնացած կուսակցությունների ստացած ձայների հարաբերակցությունը:

Ի դեպ, ընտրակեղծարարության մի շարք գործիքներ այս ընտրություններում չեն օգտագործվել, սակայն դա դեռ չի նշանակում, որ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ դրանք հետ չեն գալու մեր իրականություն։ Իշխանությունը դիմում է կեղծիքների ըստ անհրաժեշտության։ Օրինակ, Սահմանադրական հանրաքվեի ժամանակ, երբ իշխանությունը հասկացավ, որ անհրաժեշտ քանակի ձայներ չի կարողանում ապահովել, սկսեց  կիրառել նույնիսկ այնպիսի գործիքներ, որոնք կարծես մնացել էին 90-ականներում՝ լույս անջատելուց մինչև մարդկանց հանդեպ բռնության կիրառում։

Հայաստանում ժողովուրդը երբեք էլ իշխանություններին ձայն չի տվել: Հենց այս պատճառով էլ հանրապետականները դիմում են ընտրակեղծարարության։ Իհարկե, որոշ մարդիկ վաճառում են իրենց ձայնը, բայց նրանք մեծամասնություն չեն։ Եթե մեծամասնություն կազմեին, ապա Հանրապետականը ստիպված չէր լինի լցոնումներ կամ այլ կեղծիքներ կատարել:

Հասարակության մեծամասնությունը միշտ էլ ազնիվ վարքագիծ է դրսևորում, սակայն կազմակերպված մի խումբ (այս պահին՝ ՀՀԿ-ն), կեղծում է ընտրությունները։ Ներկայացնենք սա պարզ թվերով. 2013-ին Սերժ Սարգսյանը ստացել էր մոտ 861 հազար ձայն, բոլոր մնացած թեկնածուները միասին՝ 605 հազար: Համոզված եմ՝ 605 հազար ձայնի համար կաշառք չի բաժանվել, կամ դրանք կեղծված թվեր չեն, իսկ այ Սերժ Սարգսյանի ձայները մոտ 500-550-ով ուռճացված են, Սարգսյանին տրված «իրական» ձայները 300 հազարին մոտ են, որ ներառում է նաև կաշառքով ընտրողներին։ Կաշառքով և իսկապես Սարգսյանին ընտրողների թիվը միասին 33 տոկոս է, այսինքն՝ բացարձակ մեծամասնությունը Հայաստանում ազնիվ ընտրություն է կատարում:

Նույնիսկ կեղծարարության դեպքում ՀՀԿ-ի «ձայները» շարունակում են նվազել: ՀՀԿ-ն Վանաձորում 2012-ին «ստացել» էր 21.312 ձայն, իսկ 2016-ին՝ 14.889: Նույնիսկ փոխված Ընտրական օրենսգրքով իբր հեշտացրել էին իրենց գործը, բայց էլի չկարողացան միանգամից հաղթել. Գյումրիում Բալասանյանը 2012-ին «ստացել» էր 27.500 ձայն, 2016-ին՝ 14.987:

Գյումրիում  Բալասանյանին ԿԸՀ-ը զոռբայությամբ կարգեց քաղաքապետ, իսկ Վանաձորում ինչ-որ ձևով «Լուսավոր Հայաստանի» ստեղծած կոալիցիայից 4 ձայն տանելով՝ քաղաքապետ դարձրին ՀՀԿ-ականին։ Չնայած այս ամենին՝ կարևոր մեկ փոփոխություն է տեղի ունեցել։ Օրինակ, նախկինում Գյումրիի ավագանին միայն մեկ ընդդիմադիր անդամ է ունեցել, այժմ «ԳԱԼԱ» կուսակցությունն ունի 4 ներկայացուցիչ։ Վանաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի 10 ներկայացուցիչ։ Սրանք որոշակի փոփոխություններ են, որոնք երկարաժամկետ ազդեցություն են ունենալու ներքաղաքական գործընթացների վրա։

Ընդհանուր ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ի հաղթանակի հիմնական գործիքը ընտրակեղծարարություններն են։ Առանց դրա ՀՀԿ-ն հաղթանակի որևիցե հնարավորություն չունի։ Այդ իսկ պատճառով ՀՀԿ-ի դեմ պայքարի ամենակարևոր միջոցն ընտրակեղծարարության վերացումը կամ գոնե նվազագույնի հասցնելն է։ Ընտրատեղամասերում վերահսկողությունը որոշակի չափով դուրս է մղել կեղծիքների մի մասը ընտրատեղամասերից, սակայն ընտրատեղամասերից դուրս գոյություն ունեցող խախտումները դեռ կարևոր ազդեցություն են ունենում ընտրական գործընթացի վրա։ Եթե քաղաքացիական հասարակությունը և կուսակցությունները կարողանան համատեղել իրենց ջանքերը ընտրական ամբողջ գործընթացը վերահսկելու համար, ապա հնարավոր կլինի դրական արդյունքներ գրանցել Հայաստանի քաղաքական կյանքում։

Պետք է հասկանալ, որ նման պայմաններում ընդդիմադիր կուսակցություններն,  առանց ազատ ու արդար ընտրությունների պահանջի շուրջ միավորվելու, հաղթելու շանս չունեն։ Կեղծված ընտրություններում միշտ հաղթում է իշխող կուսակցությունը։ Նաև պետք է հաշվի առնել, որ միայն սեփական կուսակցության ձայները պահելը չի լուծում ազատ և արդար ընտրությունների խնդիրը, որովհետև ՀՀԿ-ն, կեղծելով իր թվերը, փոխում է նաև ձայների հարաբերակցությունը, ավելի կոնկրետ՝ ընդհանուր ընտրությունները կեղծ են դառնում, իսկ կեղծ ընտրություններում միշտ իշխանությունն է հաղթում:

Համապետական ընտրություններից առաջ կա մեկ կարևոր գաղափար, որը կարող է միավորել ընդդիմադիր կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը։ Դա ազատ և արդար ընտրությունների գաղափարն է։ Ժողովրդավարական ընտրությունները ոչ միայն խաղաղ իշխանափոխության կարևոր գործիք են, այլև Հայաստանի զարգացման և անվտանգության ուժեղացման հենասյունը։ Առանց ազատ և արդար ընտրությունների, ինչպես նաև ժողովրդավարացման գործընթացի Հայաստանը դժվար թե կարողանա զարգանալ և ուժեղացնել իր անվտանգությունը։

Հայաստանի ժողովրդավարացման գործում մեծ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել նաև սփյուռքը։ Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը և շատ ուրիշ հայտնի գործիչներ միացել են, որպեսզի օգնեն Հայաստանին արդարություն և ժողովրդավարություն կառուցելու գործում։ Հաջողության հասնելու համար նրանք նաև կարիք ունեն Հայաստանում ապրող քաղաքացիների աջակցության, քանի որ առանց տեղի բնակչության գործադրած ջանքերի հնարավոր չի լինի կառուցել ժողովրդավար և արդար Հայաստան։ Հենց այստեղ ապրողներն են լինելու արդարության և ժողովրդավարության հիմնական սպառողը։

Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն երկու խոշոր քաղաքներում ընտրակեղծարարության շնորհիվ ստացել է ընդամենը 38 տոկոս: Սրանք ՀՀԿ-ի ձախողման նշաններ են։ Վերջին զարգացումները գալիս են փաստելու, որ ՀՀԿ-ն շարունակում է կորցնել ոչ միայն հանրության աջակցությունը, այլև իշխանության մի մասը՝ տեղական մակարդակում: Ճիշտ է՝ դա փոքր մաս է, սակայն երկարաժամկետ հեռանկարում դա կարևոր ազդեցություն կունենա քաղաքական գործընթացների վրա:

Share

Comments are closed.