Ղարաբաղյան հակամարտության ապասառեցման հեռանկարները

Davit Stepanyan
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

 

Ավարտվող 2016 թվականը նշանավորվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ ուղղակի և անուղղակի առնչություններ ունեցող իրադարձությունների շարքով։ Այդ իրադարձություններից գլխավորն, անտարակույս, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան է, որը «քառօրյա պատերազմ» անվանումն է ստացել։ Թվում է, որ հենց այդ՝ հարյուրավոր մարդկանց կյանքեր խլած իրադարձությունն էր ղարաբաղյան կարգավորման շուրջ ապրիլին հաջորդած զարգացումների գլխավոր խթանը։ Միևնույն ժամանակ, կարելի է արձանագրել, որ առնվազն այսօր հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի աշխուժացումն, ընդհանուր առմամբ, չի հանգեցրել 1994թ. ստատուս քվոյի փլուզման։ Ընդ որում՝ 2016 թվականին, անկասկած, տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք թույլ են տալիս չբացառել Արցախի շուրջ առկա իրավիճակի որոշակի փոխակերպումներ, հատկապես՝ Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության համար բացառիկ կարևորություն ունեցող 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ 

Պետք է խոստովանել, որ 1994թ. մայիսին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև հաստատված եռակողմ անժամկետ հրադադարն այսօր էլ, անտարակույս, շարունակում է մնալ համաշխարհային ասպարեզի «թեժ կետերից» մեկը, իսկ ԼՂՀ ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գիծը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանը՝ բավականին թեժ ռազմական միջադեպերի թատերաբեմ։ 2016 թվականը զոհերի քանակով 1994 թվականից ի վեր տխուր ռեկորդակիր տարի է դարձել։ Ադրբեջանի ԶՈՒ ապրիլյան ագրեսիայի հետևանքով հինգ օրերի ընթացքում՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կողմերը մի քանի հարյուր հոգի զոհ են տվել։ Պաշտպանվող զինվորական և քաղաքացիական արցախցիների կորուստները գերազանցել են հարյուր հոգին։ Առաջխաղացման փորձ կատարած ադրբեջանական բանակի կորուստները պաշտոնապես «ռազմական գաղտնիք» են՝ ոչ պաշտոնական տվյալների համաձայն հասնելով մի քանի հարյուր հոգու։ Այդպիսի գնով Բաքվին հաջողվել է գրավել մի քանի բարձունք և ռազմական դիրք, իսկ ադրբեջանական բանակը կարողացել է առաջանալ ղարաբաղյան առաջապահ դիրքերի ուղղությամբ և գրավել շուրջ 800 հա տարածք, որը մինչ 2016թ. ապրիլը համարվում էր չեզոք գոտի։ Այնուամենայնիվ, Բաքվի նախաձեռնած ապրիլյան մսաղացը չհանգեցրեց Ղարաբաղի շուրջ իր այսչափ ատած ստատուս քվոյի փլուզման։ Այսօր էլ Ղարաբաղի շուրջ դրությունը դարձյալ կանխորոշում է հենց ստատուս քվոն։

Եվ, այնուամենայնիվ, Ղարաբաղի շուրջ փակուղի մտած բանակցային գործընթացի վրա գլխավոր խթանիչ ազդեցությունն, անկասկած, պատկանում է ապրիլյան թեժացմանը։ Այստեղ տեղին է հիշեցնել բանակցային գործընթացի ակտիվացման մասին, որը գրեթե անմիջապես հետևել է ռազմական գործողությունների ավարտին։ Սարգսյան-Ալիև վիեննական և սանկտպետերբուրգյան հանդիպումները դարձել են վերոհիշյալ ակտիվացման սոսկ մի բաղադրիչը։ Շարունակելով զարգացնել տվյալ տրամաբանական շղթան՝ թվում է, որ 2016թ. ամռանն սկսված, ծավալներով բավականին հզոր տեղեկատվական արտահոսքն՝ իբր Ադրբեջանին ԼՂՀ հինգ շրջանների սպասվող հանձնման վերաբերյալ, իրականում, հետապրիլյան շրջանում բանակցությունների ակտիվացման մասն էր։ Շրջանառված տեղեկատվության համաձայն՝ Մոսկվայի առաջարկները («Լավրովի ծրագիր» կամ «Պուտինի ծրագիր» հորջորջյալ), ընդհանուր առմամբ, տեղավորվում էին նախորդ՝ մադրիդյան, պրահյան և կազանյան առաջարկների շրջանակներում, որոնք նախատեսում էին հայկական ուժերի դուրսբերում հինգ՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններից։ Ռուսական «ծրագիրը» նախատեսում էր Արցախին «ամուր անցումային կարգավիճակով» օժտում, որը, մի կողմից, չէր ենթադրում Արցախի վերադարձն Ադրբեջանի կազմ, իսկ մյուս կողմից՝ չէր ենթադրում տեսանելի ապագայում ԼՂՀ դե-յուրե անկախության ամրագրում։ Ընդ որում, գործնական իմաստով, վերոնշյալ ծրագիրը ոչ մի կերպ պարզություն չէր մտցնում խաղաղ կարգավորման հեռանկարի հարցում, քանի որ Երևանն ու Ստեփանակերտն արցախյան որոշ շրջանների հանձնումն Ադրբեջանին կրկին պայմանավորում են Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի և վերջինիս արդյունքների դե-յուրե ճանաչմամբ։

Հարկ է նշել, որ Ադրբեջանին Արցախի հինգ շրջան հանձնելու թեմայով ասեկոսեների տարածման տեղեկատվական արշավը շարունակվում է նաև այսօր։ Ընդհանուր առմամբ՝ Արցախի որոշ շրջանների հանձնման մասին ասեկոսեները տարածվում են 2007 թվականից ի վեր, իսկ դրանց աշխուժացումը, արդիականությունն ու դիվանագիտական քաշքշուքը պայմանավորված են ապրիլյան պատերազմով։ Սակայն, ելնելով հակամարտության կողմերի դիրքորոշումներով և միջնորդ երկրների՝ նախ և առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի ընթացիկ դասավորմամբ պայմանավորված ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններից, կարծում ենք, որ դեռևս վաղաժամ է խոսել համապարփակ կարգավորման մասին։ Իսկ հիշյալ տեղեկատվական ասեկոսեների աշխուժացումն ընդամենը վկայում է ղարաբաղյան հակամարտության մեջ արտաքին դերակատարների ներառվածության աստիճանի բարձրացման մասին՝ վերջիններիս քաղաքական շահերն ու քաղաքական առևտուրը հետապնդելու նպատակով։ Որպես օրինակ նշենք Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի կողմից «Ադրբեջանի գրավյալ հինգ շրջաններից հայկական ուժերի դուրսբերման» վերաբերյալ ռուսական առաջարկների՝ որպես «բավական խելամիտ» գնահատումը, որին անմիջապես հետևել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի դրական, բայց դիվանագիտորեն բավականին զուսպ արձագանքը։

Սակայն ասեկոսեները մնում են սոսկ ասեկոսեներ, մինչդեռ իրական դրությունը չի պարունակում հակառակորդին արցախյան տարածքները հանձնելու նախադրյալներ, գոնե այսօր համարյա չի պարունակում՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին պատճառների բերմամբ։ Այսպիսի նախադրյալներ չկան, հաշվի առնելով Արցախում, Հայաստանում և Սփյուռքում սպասվելիք կտրուկ արձագանքն ու նմանօրինակ ծրագրի անհամապատասխանությունը մի շարք երկրների աշխարհաքաղաքական շահերին։ Դժվար չէ պատկերացնել Երևանի կողմից «Լավրովի ծրագիրն» իրականացնելու փորձի հնարավոր հետևանքները՝ աչքի առջև ունենալով բուռն ընթացք ստացած 2016 թվականն ու, հատկապես, «Սասնա ծռերի» ապստամբությունը։ Ընդհանուր առմամբ՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման պատճառը ղարաբաղյան պատերազմի հերոս, «Հիմնադիր խորհրդարանի» փաստացի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունն էր։ Մի կողմ դնելով քնարական շունչ պարունակող՝ նրա ձերբակալության պաշտոնական պատճառները, կարծում ենք, որ այս քաղաքական գործչի կալանավորման իրական պատճառը 2016թ. մայիսի 12-ին վերջինիս՝ Սերժ Սարգսյանի հասցեին հնչած մեղադրանքներն էին՝ Արցախում ապրիլյան տարածքային կորուստների իրական չափը թաքցնելու վերաբերյալ։ Հայաստանի նախագահը դրանից հետո  ստիպված է եղել «մի քանի հարյուր մետր» արտահայտությունը փոխարինել 800 հա-ով՝ ակամա խոստովանելով Սեֆիլյանի հնչեցրած մեղադրանքի իսկությունը։ Ընդսմին, թվում է, որ թե՛ Սեֆիլյանի ձերբակալությունը և թե՛ «Սասնա ծռերի» ապստամբությունը Սարգսյանն ակնհայտորեն կամենում էր օգտագործել իր արտաքին քաղաքականությունը սպասարկելու համար։ Թե ինչպես՝ առանձին ծավալուն հոդված պահանջող թեմա է։ Բայց այս բոլոր իրադարձությունները, որոնց հավելվել է Սարի թաղում ծագած ժողովրդական բունտը, հերթական անգամ ցուցադրել են արցախյան որևէ տարածքի հանձնման հոմանշությունը Հայաստանում իշխող վարչակարգի քաղաքական ինքնասպանությանը։

Եվ, վերջապես, ըստ հերթականության, բայց ոչ ըստ կարևորության վերջին փաստարկը։ Ղարաբաղյան հակամարտության ռուսական կամ որևէ այլ ծրագրի իրականացումը տարածքների հանձնման միջոցով և առանց Արցախի կարգավիճակի որոշման հանգեցնելու է Ադրբեջանի անմիջական ուժեղացմանը։ Առայժմ համանախագահող երկրներն ու, առաջին հերթին, հենց Ռուսաստանը դրանում շահագրգռված չեն, թեև նրանք հավասարապես շահագրգռված չեն նաև Հայաստանի հզորացմամբ։ Այսպես կոչված ուժերի հավասարակշռության պահպանման համար Մոսկվան «սպառազինման», ֆինանսական և դիվանագիտական ոլորտներում ձեռնարկում է չափազանց մեծ ջանքեր, որպեսզի հրաժարվի դրանցից իր միջնորդական առաքելության մեջ այսրոպեական հաջողություն արձանագրելու համար։ Ղարաբաղյան կարգավորման շուրջ սպասվելիք զարգացումների կանխատեսման համար տվյալ գործոնն, անկասկած, պետք է հաշվի առնել, հատկապես՝ Մոսկվայի կողմից հակամարտության փաստացի վերահսկման համապատկերում։

Չպետք է մոռանալ նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա դեռևս չկարգավորված համապարփակ դիմակայության մասին։ Այս դիմակայության բազմաթիվ նախադրյալների, տարածության և պատճառահետևանքային կապերի անգամ մակերեսային քննությունը հուշում է, որ Ռուսաստանում մեծ ոգևորություն առաջացրած հանրապետական Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում կրած հաղթանակը չի կարողանա հաղթահարել բոլոր նշված գործոնները։ Տվյալ դիմակայությունը թույլ է տալիս դիտարկել ղարաբաղյան կարգավորումը (անգամ ոչ բուն հակամարտությունը) որպես դրա երկրորդական հարթակներից մեկը։ Համանախագահող երկրների միջև վաղուց ի վեր, թվում է, համաձայնեցված կարգավորման սկզբունքերի իրականացման մեխանիզմների մշակմանն առնչվող դիրքորոշումներում բացահայտված տարաձայնություններն ասվածի ևս մի վկայությունն են։

Այսպիսով, այսօր խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական հեռանկարների մասին հնարավոր է միայն մի քանի սցենարների իրականացման դեպքում. ա) հակամարտության կողմերի, միջնորդ երկրների և տարածաշրջանային տերություններ հանդիսացող Իրանի և Թուրքիայի միջև հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման շուրջ համաձայնության գալու, բ) վստահության նվազագույն մթնոլորտի առկայությամբ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության միջև կառուցողական քաղաքական երկխոսություն հաստատելու, գ) հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման պարագայում։ Առանց այս երեք կետերի իրականացման՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը տեսանելի հեռանկարում չի նշմարվում։

Իսկ Ադրբեջանի հսկողության տակ արցախյան տարածքների հանձնումն՝ Արցախի կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցի հետաձգման համապատկերում՝ միանգամայն թերի լուծում է, ուստի և դրա իրագործումը գործնականում անհնարին է։ Այս իմաստով՝ տեսանելի հեռանկարում ղարաբաղյան հակամարտությունը մնալու է «սառեցված» վիճակում։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, ձեռնարկվելու են նաև այն ապասառեցնելուն միտված քայլեր։ Ընդ որում՝ ոչ միայն և ոչ այնքան Ադրբեջանի կողմից։

Share

Comments are closed.