Հայաստանի Հանրապետություն 3.1.

Արդյո՞ք Երրորդ Հանրապետությունը սպառել է իրեն

 

michael-zolyan
Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Երևան


Վարչակարգին մնացել են հաշված օրե՞ր

Այսօր հաճախ կարելի է լսել այն կարծիքը, որ Հայաստանի քաղաքական համակարգն այլևս սպառել է իրեն և եկել է արմատական փոփոխությունների ժամանակը, ընդ որում դրանք այնքան հիմնարար պետք է լինեն, որ խոսքը չորրորդ հանրապետության հիմնադրման մասին է: Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական դիսկուրսում միշտ էլ տարածված են եղել խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը կործանվում է, կամ էլ որ վարչակարգը խուճապի մեջ է և նրան մնացել են հաշված ամիսներ, օրեր կամ ժամեր: Սակայն, մինչ այժմ փորձը ցույց է տվել, որ Հայաստանի քաղաքական համակարգի համար ճգնաժամը գրեթե նորմալ վիճակ է, և ամեն ճգնաժամից այդ քաղաքական համակարգը դուրս է գալիս ավելի ճկուն և կենսունակ: Արդյո՞ք այս անգամ էլ Հայաստանի քաղաքական համակարգը կհաղթահարի հերթական ճգնաժամը և, իր բոլոր առավելություններով ու թերություններով, կշարունակի գոյատևել այնպես, ինչպես գոյատևել է մինչև հիմա: Թե՞այս անգամ, իրոք, գործ ունենք որակապես նոր իրավիճակի հետ, և երրորդ հանրապետությունն իրո՛ք սպառել է իրեն:Ձևական առումով, սահմանադրական բարեփոխումն ինքին արդեն հիմք է տալիս խոսել երրորդ հանրապետության ավարտի մասին: Անկախ իշխանության հռեոտորաբանությունից, որը կատարվածը ներկայացնում է իբրև եղած սահմանադրության բարեփոխում, ակնհայտ է, որ 2015թ. դեկտեմբերին ընդունվել է միանգամայն նոր սահմանադրություն, որը նոր լուծում է տալիս քաղաքական համակարգի համար կենտրոնական հարցին՝ փոխվում է իշխանության ձևավորման կարգը: Մյուս կողմից, ամենայն հավանականությամբ, եթե չլինեն անակնկալներ, իշխող քաղաքական ուժը հավանաբար չի փոխվի, և, ավելին, Սերժ Սարգսյանը կարող է մնալ գործադիր իշխանության ղեկավար: Այնպես որ, նոր համակարգը կլինի առկա համակարգի էվոլյուցիոն զարգացման արդյունքը, նրա տրամաբանական շարունակությունը: Այդ պատճառով, կարծում եմ, այդ նոր համակարգը ավելի ճիշտ կլիներ անվանել Հայաստանի Հանրապետություն 3.1:

Նոր օլիգարխիա

Ո՞րն է երրորդ հանրապետության և հանրապետություն 3.1-ի տարբերությունը: Մինչ այժմ գործ ունեինք մի համակարգի հետ, որի կիզակետում մեկ անձ էր՝ նախագահը, որն իր լեգիտիմությունը ստանում էր համազգային ընտրությունների միջոցով: Ճիշտ է, այդ համազգային ընտրությունները պարբերաբար կեղծվում էին, բայց, ամեն դեպքում, նախագահն իր ընտրությամբ անմիջականորեն պարտական չէր խորհրդարանի պատգամավորներին և իշխող կուսակցության վերնախավին, կամ, առնվազն, ոչ միայն նրանց էր պարտական: Ավելին, խորհրդարանի պատգամավորները և կուսակցական վերնախավի ներկայացուցիչները զգալի կախվածության մեջ էին նախագահից:

Այժմ համակարգի տրամաբանությունը միանգամայն այլ է լինելու: Խորհրդարանական ընտրությունների միջոցով ձևավորվելու է մարդկանց մի խումբ, որի ձեռքում կենտրոնանալու է թե՛ օրենսդիր, թե՛ գործադիրի շխանությունը: Այդ մարդիկ կարողանալու են ընտրել և իշխանությունից հեռացնել վարչապետին, կառավարությանը, նախագահին: Եթե նախկինում պետության ղեկավարին հեռացնելու համար անհրաժեշտ էր իմպիչմենտի բարդ գործընթաց, ապա այժմ գործադիր իշխանությունը կարող է փոխվել շատ արագ՝ դրա համար բավարար է խորհրդարանի պատգամավորների մեծամասնության կամքը:

Այս համակարգը կարելի էր անվանել կուսակցապետություն, բայց պետք է հաշվի առնել, որ մարդկանց այն խումբը, որը որոշելու է երկրի ճակատագիրը, կարող է ֆորմալ առումով պատկանել տարբեր կուսակցությունների: Ավելին, նրանց մի մասը կարող է համարվել ընդդիմադիր, որի շնորհիվ կստեղծվի ժողովրդավարության և պլյուրալիզմի պատրանք, ինչն, իհարկե, օգտակար կլինի արևմուտքից դրամաշնորհներ ստանալու համար: Այնպես որ, կարծում եմ, այս համակարգը ավելի ճիշտ կլիներ անվանել օլիգարխիա՝ ոչ թե այդ բառի մեզ համար սովորական դարձած իմաստով, այլ բառիս դասական իմաստով՝ որպես ազդեցիկ մարդկանց փոքրաթիվ խմբի իշխանություն: Մինչ այժմ մեզանում օլիգարխ ասելիս հասկացել են խոշոր բիզնեսմեններին, որոնք կապեր ունեն իշխանության հետ: Իհարկե, ապագա խորհրդարանական օլիգարխիայի կազմում կլինեն նաև այսօրվա բիզնեսմեն-օլիգարխները, բայց նրանցից բացի այնտեղ, հավանաբար, կլինեն նաև զանազան տեղական կիսաքրեական հեղինակությունները կամ նրանց ներկայացուցիչները, տարբեր պաշտոնյաներ կամ պաշտոնյաների կողմից գործուղված մարդիկ, ինչպես նաև որոշ քանակությամբ մտավորականներ և տեխնոկրատներ: Ամեն դեպքում, մարդկանց այդ խումբը՝ նոր օլիգարխիան, գրեթե ամբողջապես անկախ է լինելու հանրությունից և իր ձեռքում է պահելու իշխանության բոլոր լծակները: Եթե այսօր նախագահի և խորհրդարանի ինստիտուտների գոյությունը ինչ-որ չափով գոնե տեսական հնարավորություն էր տալիս ապահովել իշխանության ճյուղերի տարանջատումը, ապա նոր համակարգում այդ հնարավորությունը բացառվում է:

Խորհրդարանական համակարգին անցման հետ կապված կա ևս մեկ հանգամանք: Հայաստանում փաստորեն ձևավորվել էր հետընտրական գործընթացների ինստիտուտը, որը կատարում էր նախագահական իշխանության յուրահատուկ հակակշռի դեր: Ամեն նախագահական ընտրությանը հետևում էին բողոքի ցույցեր, որոնք, ճիշտ է, հաջողությամբ չէին ավարտվում, բայց ինչ-որ չափով նպաստում էին համակարգի բալանսավորմանը՝ ստիպելով նախագահին գոնե ինչ-որ չափով հաշվի առնել հանրության պահանջները և ցանկությունները: Սահմանադրական փոփոխությունների նպատակներից մեկը, հավանաբար, հենց այդ հետընտրական բողոքներից ազատվելն է: Չէ՞ որ ետխորհրդային Հայաստանի պատմության մեջ հետընտրական բողոքները հաջորդել են նախագահական և ոչ թե խորհրդարանական ընտրություններին:

Թե ինչու է այդպես, մի առանձին հարց է, որի մասին կարել է առանձին հոդված գրել, բայց, համենայն դեպս, այդպես է եղել ավելի քան քսան տարվա ընթացքում: Փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանական ընտրությունների դեպքում այնպիսի մեթոդներ, ինչպիսին ընտրակաշառքն է, տեղական հեղինակությունների հետ համագործակցությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը, ավելի լավ են աշխատում, քան նախագահականի ժամանակ: Դրա շնորհիվ խորհրդարանական ընտրութուններն ավելի քիչ խնդիրներ են առաջացնում իշխող վերնախավի համար: Իհարկե, մենք չգիտենք՝ ճիշտ է այդ հաշվարկը թե ոչ, և արդյոք նոր սահմանադրությունը հնարավորություն կտա խուսափել հետընտրական գործընթացներից: Բայց, համենայն դեպս, հետընտրական գործընթացներից խուսափելու հավանականությունն ավելի մեծ է լինելու, քան նախագահական համակարգի պահպանման դեպքում:

Այսպիսով, եթե անցումը խորհրդարանական համակարգին տեղի ունենա առանց անակնկալների, ամենայն հավանականությամբ ձևավորվելու է դասական օլիգարխիկ համակարգ, որում ողջ իշխանությունը կենտրոնացված կլինի մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում: Ընդ որում, այնքան էլ կարևոր չէ՝ կմնա՞ Սերժ Սարգսյանը իշխանության գլուխ, թե՞ ոչ: Անգամ եթե նա մնա իշխանության գլուխ, ինչի մասին որոշ ակնարկներ եղել են, աստիճանաբար կփոխվի նրա իշխանության բնույթը. նա ամբողջապես կախված կլինի խորհրդարանի պատգամավորներից, այսինքն՝ կուսակցական-խորհրդարանական վերնախավից: Հավանաբար, Սերժ Սարգսյանը գիտակցում է այդ վտանգը և փորձում է այն չեզոքացնել: Հենց դրա հետ է կապված զանազան կիսաընդդիմադիր կամ այլընտրանքային կուսակցությունների և գործիչների ակտիվացումը, քանի որ դա հնարավորություն կտա հավասարակշռել ՀՀԿ ազդեցությունը: Սակայն, լավագույն դեպքում այս ամենը կարող է ժամանակավորապես երկարաձգել Սարգսյանի միանձնյա իշխանության պահպանումը և ընդամենը հետաձգել անցումը նոր օլիգարխիկ համակարգին: Նոր սահմանադրությունը թելադրում է հենց դասական օլիգարխիկ համակարգի տրամաբանությունը, և վաղ թե ուշ այդ տրամաբանությունը հաղթելու է: Եթե, իհարկե, չլինեն անակնկալներ: Իսկ անակնկալների հավանականությունը բավականին մեծ է:

Հին ավտորիտարիզմի և նոր օլիգարխիայի թուլությունը

Խնդիրն այն է, որ ո՛չ այսօրվա ավտորիտար նախագահական համակարգը, ո՛չ էլ նոր սահմանադրությամբ նախատեսված օլիգարխիկ խորհրդարանական համակարգը ի վիճակի չեն դիմակայել այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է Հայաստանը: Ավտորիտար նախագահական համակարգն ուներ մի շարք լուրջ թերություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, կժառանգի նաև օլիգարխիկ խորհրդարանական համակարգը: Դրանց թվում են համատարած կոռուպցիան, ուռճացված և ոչ-արդյունավետ բյուրոկրատական  համակարգը, տնտեսության մենաշնորհումը, ազատ մրցակցության բացակայությունը: Տնտեսական աճի և արտաքին համեմատաբար կայուն իրավիճակի տարիներին այս ամենն, իհարկե, արգելակում էր Հայաստանի զարգացումը, բայց գուցե ինչ-որ չափով հանդուրժելի էր: Այսօր, երբ մի կողմից ամբողջ ետխորհրդային տարածքը տնտեսական ճգնաժամ է ապրում, իսկ մյուս կողմից՝ սրվել է աշխարհաքաղաքական իրավիճակը, համակարգի թերությունները հղի են աղետալի հետևանքներով:

Այդ ամենին ավելանում է ցածր լեգիտիմությունը, իշխանության և հասարակության օտարացումը: Անգամ եթե ընտրողների մի մասը ընտրակաշառքով կամ տեղական հեղինակությունների ճնշման տակ գնում է ընտրությունների և քվեարկում է իշխող կուսակցությանը, դա դեռ չի նշանակում, որ վարչակարգը վայելում է ընտրողների աջակցությունը: Դրա հիանալի ապացույցն էր հանրության արձագանքը «Սասնա Ծռերի» գործողություններին:

Այդ օրերին իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչներից կարելի էր լսել այն փաստարկը, որ,ժողովրդավարական երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, նման իրավիճակում զինյալներին պարզապես կոչնչացնեին, մինչդեռ Հայաստանի իշխանություններն ավելի խոհեմ և մեծահոգի գտնվեցին: Սակայն, եթե այդ փատարկը վերլուծենք, ստացվում է, որ իրանակում այն ուղղված է հենց իշխող վերնախավի դեմ: Իրականում այն, որ իշխանությունը չհամարձակվեց վճռական քայլերի դիմել և հարցը լուծել զուտ ուժային տարբերակով, խոսում է ոչ թե նրա մեծահոգության կամ հանդուրժողականության, այլ թուլության և հանրության շրջանում աջակցության բացակայության մասին:

Երբ պետական համակարգը, իր բոլոր թերություններով հանդերձ, լեգիտիմ է և վայելում է հանրության մեծ մասի վստահությունը, զինված ելույթը դրա դեմ ընկալվում է իբրև ոտնձգություն երկրի և հանրության դեմ: Այդ դեպքում հանրության մեծ մասի աջակցությունը, ընդ որում՝ անկախ քաղաքական հայացքներից, պետական համակարգի կողմում է, և պետության կոշտ արձագանքը դրա դեմ հանրության համար միանգամայն ընկալելի է: Հայաստանում իրավիճակը, ինչպես ցույց տվեցին հուլիսյան դեպքերը, միանգամայն այլ է: Պետական համակարգն այնքան է օտարված հանրությունից, որ պետության դեմ զինված ելույթի մասնակիցները շատերի կողմից ընկալվում են որպես հերոսներ, որպես հանրության պաշտպաններ: Ընդհակառակը, իշխանությունն ընկալվում է որպես օտար, անգամ թշնամական մի ինստիտուտ, որի դեմ պայքարի բոլոր ձևերն ընդունելի են, այդ թվում՝ զինված պայքարը: Անգամ այն գործիչները և քաղաքական ուժերը, որոնք դատապարտեցին “Սասնա Ծռերի”  արարքը, իհարկե՝ բացառությամբ զուտ իշխանական ճամբարի ներկայացուցիչների, գրեթե կասկածի տակ չէին դնում “Սասնա Ծռերի” հիմնական նպատակը՝ իշխող վերնախավի հեռացումը, և դատապարտում էին միայն նրանց ընտրած պայքարի մեթոդը: Այս պայմաններում եթե իշխանությունը գնար կտրուկ քայլերի, դա կարող էր էլ ավելի խորացնել անդուդնը հանրության և իշխանության միջև, առաջացնել ավելի մեծ հակազդեցություն և ծանր նստել հենց իր՝ իշխանության վրա:

Այսպիսով, 2016թ. հուլիսի իրադարձությունները ցույց տվեցին, որ պետական համակարգի լեգիտիմության աստիճանն այնքան ցածր է, որ դա արդեն լուրջ վտանգ է ներկայացնում թե՛ համակարգի, թե՛ երկրի համար: Լեգիտիմության նման պակաս ունեցող համակարգը, եթե իրավիճակը չշտկվի, մի օր պարզապես կարող է քայքայվել որևէ լուրջ ճգնաժամի արդյունքում՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, կամ, ասենք, բնապահպանական: Այդ դեպքում Հայաստանը կհայտնվի մոտավորապես նույն վիճակում, որում հայտնվեց Ուկրաինան Յանուկովիչի տապալումից հետո: Թե ինչով դա կարող է ավարտվել Հայաստանի համար, կարծում եմ, մանրամասնելու հարկ չկա:Սա ակնհայտորեն ամենաանցանկալի ելքն է:

Իհարկե, առկա համակարգը, իր նախագահական-ավտորիտար, կամ խորհրդարանական-օլիգարխիկ տարբերակներով, կարող է դեռևս բավականին երկար գոյատևել: Սա տեղի կունենա այն դեպքում, եթե արտաքին քաղաքական իրավիճակը և տնտեսական միտումները լինեն նպաստավոր, այլ կերպ ասած՝ եթե համակարգի բախտը բերի: Այդ դեպքում, Հայաստանն, իհարկե, զերծ կմնա մեծ աղետից, բայց նաև այդ դեպքում պետք չէ մեծ հույսեր ունենալ Հայաստանի զարգացման առումով: Հայաստանը կմնա երրորդ աշխարհի սովորական երկիր, որն ինչ-որ կերպ կգոյատևի աշխատանքային միգրանտների և Սփյուռքի աջակցության շնորհիվ: Սա էլ, կարծում եմ, այնքան էլ ցանկալի ելք չէ: Ավելին, շատ երկար այդպիսի իրավիճակը չի կարող պահպանվել, քանի որ Հայաստանն, ի տարբերություն երրորդ աշխարհի այլ երկրների, ունի շատ սահմանափակ ժողովրդագրական ռեսուրսներ և աշխատանքային միգրացիայի միջոցով սոցիալ-տնտեսական հարցերի լուծման տարբերակը երկարաժամկետ հեռանկարում անիրատեսական է:

Իսկ ո՞րն է ամենացանկալի ելքը: Կարծում եմ, ամենացանկալին համակարգի աստիճանական, խաղաղ բարեփոխումն է: Որպեսզի դա դառնա հնարավոր, անհրաժեշտ է երկու բան. մի կողմից՝ իշխող էլիտայի առնվազն մի մասի մոտ փոփոխությունների գիտակցման անհրաժեշտություն, մյուս կողմից՝ ընդդիմության, քաղաքացիական հասարակության, ակտիվ քաղաքացիների կողմից ճնշում իշխանության վրա: Միայն այդ երկու գործոնների ազդեցության տակ է, որ հնարավոր են իրական փոփոխություններ: Վերջին գործընթացները, մասնավորապես՝ նոր կառավարության ստեղծումը, թույլ են տալիս ենթադրել, որ պետական համակարգի ներսում կան ուժեր, որոնք գիտակցում են փոփոխությունների անհրաժեշտությունը: Արդյո՞ք դա այդպես է, թե՞ մենք գործ ունենք ընդամենը հերթական իմիտացիայի հետ՝ դժվար է ասել: Ամեն դեպքում, իրական փոփոխութուններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե իշխանությունն իր մաշկի վրա զգա հանրության ճնշումը. միայն այդ դեպքում իշխանությունը կգնա համակարգային բարեփոխումների: Իսկ թե ինչպես կկոչվի բարեփոխված համակարգը՝ երրորդ հանրապետություն թե մեկ այլ կերպ, ի վերջո, այնքան էլ էական չէ:

 

Share

Comments are closed.