Թուրքիայի արտաքին քաղաքականության ամփոփում

 

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թուրքագետ
Երևան

 

Թուրքիան 2016 թվական թևակոխեց մի շարք երկրների հետ զգալի խնդիրներով, ինչը նեղացրեց արտաքին-քաղաքական ոլորտում նրա մանևրելու հնարավորությունները։ Դա Թուրքիային հարկադրեց ժամանակավորապես վերադառնալ «զրո խնդիր հարևանների» հետ քաղաքականությանը, որը զգալի հաջողություններ էր գրանցել 2009թ., և որի ճարտարապետ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան Foreign Policy պարբերականի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն դիվանագետներից մեկը, «Նոր Քիսինջեր»։ Դավութօղլուին են պատկանում հետևյալ խոսքերը. «Երբ մենք հասնենք մեր հարևանների հետ զրո խնդիր մակարդակի, այդ ժամանակ արտաքին քաղաքականություն վարելու առումով կստանանք վերին աստիճանի լայն մանևրելու դաշտ»: Թուրքիան «զրո խնդիր հարևանների» հետ քաղաքականությամբ ստացավ այդ դաշտը և անցում կատարեց նեոօսմանիզմի քաղաքականությանը։2016թ. Թուրքիան կարողացավ սկիզբ դնել Ռուսաստանի, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայտարարեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է անցումային ժամանակաշրջանում զրուցակից դառնալ, մի շարք հայտարարություններ արեց Եգիպտոսի ու Իրաքի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։ Սակայն հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը (ՌՀՓ) զգալի շտկումներ մտցրեց. Թուրքիայի իշխանությունները սկսեցին հայտարարել, որ դրա շնորհիվ պարզվեց, թե ովքեր են երկրի իսկական բարեկամները՝ ՌՀՓ-ի ժամանակ և ոչ թե դրա ավարտից հետո աջակցություն հայտնողները (Ռուսաստան, Իրան)։ Ուշագրավ են ադրբեջանցի ընդդիմադիր կուսակցապետ Ալի Քերիմլիի այն խոսքերը, որ Ադրբեջանի իշխանությունները սպասել են ՌՀՓ-ի ավարտին և միայն դրանից հետո են աջակցություն հայտնել։ Պատահական չէր, որ ՌՀՓ-ից հետո Ադրբեջանում վերսկսվեցին գյուլենականների զանգվածային ձերբակալություններ, որով Ադրբեջանը ձգտում էր ի ցույց դնել իր հավատարմությունը Թուրքիային։ Կարելի է ասել, որ ՌՀՓ-ից հետո Թուրքիան անցում կատարեց դրվագային, իրավիճակային արտաքին քաղաքականություն վարելուն՝ չունենալով մշակված ռազմավարություն։

Ռուսաստան։ 2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտան Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի տնտեսական ու վիզային սահմանափակումները. արգելվեցին թուրքական գրեթե ողջ գյուղմթերքի մատակարարումները Ռուսաստան։ Դրանից առաջ արգելվել էր Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջային ուղեգրերի վաճառքը (ռուսաստանցի զբոսաշրջիկները Թուրքիայում թվով երկրորդն են՝ 3-4 մլն)։ Այդ ամենը մեծ վնաս հասցրեց Թուրքիայի հարյուր հազարավոր քաղաքացիների (թուրքական արտահանումը Ռուսաստան նվազեց 66%-ով, Անթալիայում ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը նվազեց 96%-ով), որը միտված էր նրանց շրջանում դժգոհություն հարուցելուն, իշխանությունների հանդեպ ճնշում գործադրելուն, ինչը պետք է նրանց մղեր Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսաստանը նաև ձգձգեց Թուրքիայի առաջին՝ Աքքույուի ԱԷԿ-ի կառուցումը։ Այդ ամենը զգալիորեն իր կնիքը թողեց Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա կարգավորման հարցում։

Կարևոր դեր խաղացին նաև քաղաքական տարաձայնությունները։ Ռուսաստանը հանդես եկավ «հայկական» մի շարք բլեֆային նախաձեռնությունների հավանականության մասին հայտարարություններով. Հայոց ցեղասպանության հերքման քրեականացում, 1921թ. Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարում, սկսեց դատապարտել ապրիլյան պատերազմի ժամանակ ԼՂ խնդրի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները։ Կարելի է կարծել, որ Թուրքիան, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի թեժացման հարցում աջակցելով Ադրբեջանին, մտադիր էր առավելագույնս վարկաբեկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին, ի ցույց դնել նրանց անզորությունը և այդպիսով նախադրյալներ ստեղծել Ղարաբաղյան բանակցային գործընթացում իր ակտիվ ներգրավվածության համար։ Թուրքիան ցանկանում էր, որ Ռուսաստանը սկսի Հարավային Կովկասում լրջորեն հաշվի նստել իր հետ, զգա իր հետ երկխոսելու, համագործակցելու կարիք։

Ռուսաստանը նաև խստապես դատապարտեց Թուրքիայում քրդերի դեմ ռազմական գործողությունները, ընդդիմադիր ԶԼՄ-ների, մարդու իրավունքների ճնշումները, Սիրիայում ու Իրաքում այդ երկրի գործողությունները։ Սակայն գլխավոր գործոնը, որը Թուրքիայի իշխանություններին մղեց հենց այդ փուլում գնալ հարաբերությունների կարգավորման, Սիրիայի քրդերի գործոնն էր։ Վերջիններս հատել էին Եփրատի արևմտյան ափը՝ Թուրքիայի սահմանած «կարմիր գիծը», սկսել էին ԻՊ-ից ազատագրել Ազեզ-Ջերաբլուս գոտին, որով կմիավորվեին նրանց երեք շրջանները՝ Ջիզրե, Քոբանի, Աֆրին, թուրք-սիրիական սահմանի 700 կմ-անոց (911 կմ-ից) հատվածը կհայտնվեր նրանց ձեռքում, և Թուրքիան կզրկվեր ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով Սիրիա ներխուժում ձեռնարկելու հնարավորությունից։ Թուրքիան մտավախություն ուներ, որ Սիրիայի քրդերը կշարունակեին իրենց հաղթարշավը դեպի Միջերկրական ծով։ Այդ հանգամանքը վճռորոշ դեր խաղաց, քանի որ «Սու-24»-ի միջադեպից հետո թուրքական ավիացիան դադարեցրել էր իր թռիչքները Սիրիայում՝ կապված այնտեղ ռուսական S-400 համակարգի տեղակայման հետ։ Թուրքիային մտահոգում էր նաև Ռուսաստանի նախաձեռնած Կասպից ծով-Պարսից ծոց ջրանցքի կառուցումը, որը մեծապես կվնասեր Ստամբուլի ջրանցքի նախագծին։

Հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակի ներողություն խնդրեց Ռուսաստանից (ավելի շատ ռուս օդաչուի զոհվելու և ոչ թե «Սու-24»-ը խոցելու համար), չխոստացավ փոխհատուցում վճարել «Սու-24»-ի համար և պատժել մեղավորներին։ Դա բավարար եղավ, որպեսզի Ռուսաստանը սկսի Թուրքիայի հանդեպ սահմանած պատժամիջոցների վերացման գործընթացը։ Ռուսաստանը ձգտում էր շուտափույթ կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, որպեսզի արագորեն իրագործի «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը, նվազեցնի Արևմուտքից իր մեկուսացումը, ինչպես նաև սին հույսեր էր փայփայում ՆԱՏՕ-ից Թուրքիան կտրելու մասին։ Թուրքիան էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ փորձում էր Արևմուտքին ի ցույց դնել իր «այլընտրանք ունենալը»։ Թուրքիան անմիջապես օգտվեց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից և օգոստոսի 24-ին (Սիրիայի նվաճմանը նպաստած 1516թ. Մերջիդաբըքի ճակատամարտից ուղիղ 500 տարի անց) ներխուժեց Սիրիա՝ սկսելով «Եփրատի վահան» գործողությունը։ Այդպիսով, թուրքական ավիացիան մոտ իննամսյա ընդմիջումից հետո վերադարձավ Սիրիա։ Փաստորեն Ռուսաստանը զոհաբերեց Սիրիայի քրդերին՝ Թուրքիային թույլ տալով անվտանգության գոտու ստեղծմամբ սեպ խրել նրանց ինքնավար շրջանների միջև։ Սակայն Սիրիայի հյուսիսում Թուրքիայի առաջխաղացումը և այդ կապակցությամբ Ռուսաստանի մտահոգություն հայտնելը վկայում են, որ Թուրքիան իր նպատակների հարցում խաբել է Ռուսաստանին։ Դա հաստատում են Էրդողանի այն խոսքերը, որ թուրքական բանակը Սիրիա է մտել Ասադի վարչակարգը տապալելու համար։

ԱՄՆ։ 2016թ. թուրք-ամերիկյան հարաբերություններում էլ ավելի մեծ լարվածություն գրանցվեց՝ կապված երկու գործոնի հետ։ Դրանցից մեկն ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի արտահանձնման հարցն էր, որն էլ ավելի սրվեց ՌՀՓ-ից հետո։ Թուրքիան Գյուլենի արտահանձնումը պահանջել էր դեռևս 2013թ. դեկտեմբերի 17-25-ին «Մեծ կաշառք» գործից հետո, և քանի որ Գյուլենը վերածվել էր երկրի ներսում Էրդողանի թիվ մեկ թշնամու, ուստիև նպատակահարմար համարվեց ՌՀՓ-ի կազմակերպիչ հայտարարել Գյուլենին։ Թուրքիայում կասկածներ կան, որ ՌՀՓ-ը կազմակերպել է ԱՄՆ-ը՝ կանխելու համար նրա հետագա իսլամականացումը։ Երկրորդ կարևոր խնդիրը կապված էր ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD)  հետ, որին Թուրքիան որակում է որպես «ահաբեկչական կազմակերպություն, PKK-ի սիրիական թև»։ Այդպիսով, ԻՊ-ին մեծապես աջակցած Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում էր «ահաբեկչությանը սատարելու» մեջ, վերջնագրի լեզվով պահանջում էր ընտրություն կատարել իր և «ահաբեկիչների» միջև։ 2016թ. ԱՄՆ-ը քանիցս դատապարտեց Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները, քրդերի դեմ ռազմական գործողությունները։

ԵՄ։ ԵՄ-ի հետ հարաբերություններն աչքի ընկան մեծ լարվածությամբ՝ չնայած մարտին կողմերի միջև միգրացիոն գործարքի ստորագրմանը։ Թուրքիան շարունակ պահանջում էր, որ ԵՄ-ն շուտափույթ հատկացնի խոստացած 3 մլրդ եվրոն՝ առանց իր կողմից ծախսրի հստակ ծրագրեր ներկայացնելու, սպառնում էր, որ կբացի իր դռները և փախստականների հոսքը կուղղի ԵՄ։ Խնդիրներ ծագեցին ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի վերացման հարցում, քանի որ Թուրքիան համառորեն հրաժարվում էր բարեփոխել հակաահաբեկչական օրենսդրությունը։ Բնականաբար, Էրդողանը քաջ գիտակցում էր, որ երկրի ներսում իր բռնությունները բացառում են մոտ ապագայում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը և նրա համար ավելի կարևոր էր երկրի ներսում իր դիրքերն ամրապնդելը՝ այլախոհների դեմ պայքարի տեսքով։ Թուրքիան դժգոհ էր, որ ՌՀՓ-ից և ահաբեկչություններից հետո անհրաժեշտ աջակցություն չի ստանում Արևմուտքից։ Նոյեմբերին Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց՝ կոչ անելով սառեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը։ Այդ համապատկերում Թուրքիան սկսեց հայտարարել, որ պատրաստ է անդամակցել ՇՀԿ-ին, սակայն վերջինս չի կարող դառնալ ԵՄ-ին այլընտրանք, և Թուրքիան մեծ հաշվով անելիք չունի ՇՀԿ-ում, որի անդամներն են Ռուսաստանն ու Չինաստանը։ Մինչդեռ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Թուրքիան կդառնա տարածքային առումով ԵՄ-ի թիվ 1, բնակչության առումով՝ թիվ 2 երկիրը (Գերմանիայից հետո, որին նա կարող է գերազանցել մոտ ապագայում), մեծապես ներկայացված լինել Եվրոպական խորհրդարանում և մեծ ազդեցություն ունենալ ԵՄ-ի որոշումների վրա։

Իրան, Իսրայել։ 2016թ. սկզբին Թուրքիան որոշել էր Իրանի տարածաշրջանային ազդեցության դեմ պայքարել Սաուդյան Արաբիայի օգնությամբ՝ հաջողության չհասնելով միայնակ։ Սակայն ՌՀՓ-ից հետո որոշակի ջերմացում գրանցվեց Իրանի հետ հարաբերություններում՝ կապված ժամանակին նրա աջակցության հետ։ Դա դրսևորվեց նաև Իրանի ու Ռուսաստանի հետ եռակողմ ձևաչափ ստեղծելու նախաձեռնությամբ, քրդական հոծ բնակչությամբ, Սիրիայի քրդերի հզորացումը չցանկացող Իրանի կողմից «Եփրատի վահան» գործողության առջև «կանաչ լույս» վառելով։ Ամեն դեպքում, Իրանն ու Թուրքիան մնում են կատաղի մրցակիցներ՝ տարածաշրջանում ու իսլամական աշխարհում գերակայության հասնելու հարցում։

Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիրը ստորագրվեց 6 տարից անց՝ համընկնելով Էրդողանի ներողության հետ։ Դա պատահական չէր. Էրդողանը ցանկացել է այդպիսով հավասարակշռել Ռուսաստանից կրած «պարտությունը» և Իսրայելի հանդեպ «հաղթանակը», ինչպես նաև շեղել Թուրքիայի քաղաքացիների ուշադրությունն օտար երկրից իր առաջին ներողությունից (Թուրքիան ժամանակին պարծենում էր, որ առաջին երկիրն է, որից Իսրայելը ներողություն է խնդրել)։ Իսրայելը մտադիր է իր գազը Թուրքիայի տարածքով արտահանել Եվրոպա, քանի որ տարածաշրջանում իր գլխավոր գնորդ Եգիպտոսը Միջերկրական ծովում «Զոհր» խոշորագույն գազահանքի հայտնաբերումից հետո հրաժարվել էր իսրայելական գազ գնելուց։ Թուրքիան էլ ցանկանում էր էժան գազ ստանալ Իսրայելից, նվազեցնել ռուսական գազից իր կախվածությունը, մեծացնել իր տարանցիկ դերը։ Ամեն դեպքում, Իսրայելը չկատարեց Թուրքիայի երրորդ նախապայմանը՝ Գազայի հատվածի շրջափակման վերացումը, քանի որ դա վերաբերում էր նրա ազգային անվտանգությանը, և նա չէր կարող չիմանալ, թե ինչ բեռներ են ուղարկվում Գազա։ Չհաղորդվեց նաև, թե ինչ կարգավիճակ է ունենալու Իսրայելի կողմից 20 մլն դոլարի փոխհատուցում վճարելը. Թուրքիան պահանջում էր դա որակել որպես հակաիրավական հանցանքի համար փոխհատուցում, իսկ Իսրայելը՝ գթասրտության ակտ։

Ադրբեջան-Վրաստան։ 2016թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում հայտարարեց, որ Ադրբեջանը Թուրքիայի տնտեսությունում ներդրել է 20 մլրդ դոլար, իսկ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարեց, որ մինչև 2023թ. Թուրքիայի էներգետիկ ոլորտում ներդրվելու է 100 մլրդ դոլար, և SOCAR-ը 18 մլրդ դոլարով կապահովի դրա մոտ 20%-ը։ Այդ ներդրումները Թուրքիային մեծ կախվածության մեջ են դնում Ադրբեջանից, և նա չի ցանկանում կասկածի տակ դնել դա՝ գնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Թուրքիայի համար մեծ կարևորություն ունեն նաև Ադրբեջանի հետ էներգետիկ-տրանսպորտային համատեղ նախագծերը՝ «Անդրանատոլիական» գազատար (TANAP), «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղի։  ԲԹԿ-ն շահագործման է հանձնվելու 2017թ. սկզբին, իսկ TANAP-ով Թուրքիան 2018թ-ից  Ադրբեջանից կստանա հավելյալ 6 մլրդ մ3 գազ, որով Ադրբեջանը կդառնա Թուրքիայի թիվ 2 գազամատակարարը՝ գերազանցելով Իրանը։

2016 թվականին ակնառու էր Թուրքիայի «ռազմակայանային» ակտիվ քաղաքականությունը, որը նեոօսմանյան քաղաքականության բաղկացուցիչ է։ Թուրքիան ռազմական ներկայություն է հաստատել Սիրիայում ու Իրաքում՝ օգտվելով նրանից, որ Սիրիայի իշխանությունները միայն աննշան են վերահսկում, իսկ Իրաքի իշխանությունները ընդհանրապես չեն վերահսկում Թուրքիայի հետ սահմանը։ 2016թ. Թուրքիան իր առաջին ռազմակայանը բացեց Աֆրիկայում (Սոմալիում)՝ հաշվի առնելով, որ այնտեղով է անցնում աշխարհի ամենակարևոր ջրուղիներից Բաբ էլ Մանդեբի նեղուցը, որով օրական անցնում է 3.5-4 մլն բարել նավթ՝ մերձավորարևելյան նավթի 30%-ը։ Թուրքիան նաև հնարավորություն կստանա վերահսկել աֆրիկյան կարևոր երկրներ Եթովպիա և Քենիա տանող հաղորդակցության ուղիները։ Սոմալիի դիրքի կարևորությամբ էր պայմանավորված 2011թ. Էրդողանի առաջին այցը, որով նա դարձավ վերջին 20 տարում Սոմալի այցելած օտար պետության առաջին ղեկավար:

Թուրքիան շուտով ավելի խոշոր ռազմակայան կբացի Կատարում, որի մասին համաձայնագիրը ստորագրվեց 2016թ. ապրիլի 28-ին, ինչը գրեթե լիովին համընկավ Կուտ էլ Ամարայի ճակատամարտում բրիտանացիների դեմ օսմանյան զորքերի հաղթանակի 100-ամյակին (29.04.1916)։ Բացի այդ, նախորդ տարի անցկացվեցին համատեղ վարժանքներ, որով թուրք զինվորն ուղիղ 100 տարի անց վերադարձավ Կատար։ Թուրքիայի վեցերորդ գազամատակարար դարձած Կատարը բնական գազի պաշարներով աշխարհում 3-րդն է, իսկ հեղուկացված գազի արտահանմամբ՝ առաջինը։ Թուրքիան, այսպիսով, կդառնա Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության համակարգի մեխանիզմներն անմիջականորեն կարգավորող երկրներից մեկի։ Կատարը Թուրքիայի համար կարևորություն ունի նաև Իրանի տարածաշրջանային նկրտումները զսպելու հարցում։ Կատարի ռազմակայանը կդառնա Թուրքիայի համար առաջինը Մերձավոր Արևելքում։

Share

Comments are closed.