2017 թվականին ընդառաջ. միջազգային «ջունգլիների» լուռ ֆատալիզմը

 

Ռուբեն Հ.ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»-ի ռուսական
տարբերակի խմբագիր
Երևան

 

2016 թվականը պատմության գիրկն է անցնում՝ դառնալով վերջինիս, մեղմ ասած, ոչ փառավորագույն կամ լավագույն գլուխը։ 

Մեր խոշորագույն հարևանները՝ Իրանն ու Թուրքիան, անմիջական մասնակցության մակարդակով ներքաշված են Սիրիայում ընթացող կեղտոտ և արյունալի հակամարտության մեջ։ Մեր հյուսիսային հարևան Վրաստանը՝ Ռուսաստանի հետ հակամարտության համապատկերում շարունակում է ընթանալ դեպի Արևմուտք, թեև չափազանցություն կլինի պնդել, որ հոկտեմբերյան ընտրություններից հետո երկիրն ավելի ամրապինդ է դարձել, իսկ նրա ճամփան՝ անամպ ու հեռանկարներն՝ ավելի պայծառ։Մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը շարունակում է Արևմուտքի հետ «անիմաստ և անողորմ» դիմակայությունը, որը նորանոր դիմագծեր ու ահագնացող դաժանություն է ստանում՝ հետևելով խորհրդային կայսրության ընթացքին և բացառիկ ճշգրտությամբ կրկնելով վերջինիս կործանարար քայլերը։

ԵՄ-ում տեղի ունեցած «Բրեքզիտը» և ԱՄՆ-ում Թրամփի ընտրությունը՝ «Արևմուտք» անուն կրող այսբերգի երևացող հատվածի երկու գագաթներն են, որոնք արտացոլել են ազատական ժողովրդավարությունների կառուցակարգային ճգնաժամը, որն, առանց չափազանցնելու, աննախադեպ է՝ 20-րդ դարի 30-ական թվականներից ի վեր։ Պատահական չէ, որ ԵՄ Արևելյան գործընկերությունը փշրվել է Միացյալ Եվրոպայի հետ հետխորհրդային եվրոպական երկրների մերձեցման ռազմավարության հետ միասին։ Եվրախանդավառությունը պահպանվում է սոսկ եվրաբյուրոկրատների հռետորաբանության մեջ, թեև բուն գաղափարն ու վերջինիս ընկալումը չեն անհետացել և երբեք չեն վերանա՝ մի օր կրկին վերադառնալով գործնական հարթություն։  Բայց ո՞վ է այսօր կասկածի տակ առնվող եվրամիասնության գաղափարի կրողն ընդդեմ Եվրոպայի քաղաքական թատերաբեմերում մոլեգնող անպատասխանատու  պոպուլիզմի «իններորդ ալիքի»։ Եվ ի՞նչով կարող է այս ամենին հակադրվել եվրոպական քաղաքական գործիչների ներկայիս սերունդը, որը, սակավ բացառություններով, բաղկացած է հաշվապահների, բյուրոկրատների, իրականությունից կտրված և եվրոպական բարդ օրգանիզմում պատճառահետևանքային կապերից անտեղյակ պատեհապաշտներից, որոնց համար սկզբունքայնությունը հավասարազոր է «ճկունության բացակայության» և «փոխզիջմանն անընդունակ լինելուն», իսկ «պատմության դասեր» բառակապակցությունն՝ ընդամենը «անարժեք հնություն» ու «դատարկ զրնգոց» է։

Բնական է, որ այս ամենը չի սկսվել 2016 թվականից, այլ՝ շատ ավելի վաղ։ «Վերբեռնումն» ԱՄՆ-ում և «շրյոդերացումը» Եվրոպայում ծնել են ներկայիս ավտորիտար հրեշների և նրանց մանր ճտերի, որոնք, ինչպես հետագայում փաստվել է, սկսել են Երկրորդ աշխարհամարտի և Սառը պատերազմի արդյունքներով ձևավորված աշխարհակարգի վերանայման գործընթացը, իսկ միջազգային հաստատությունների ապիկարությունը հատկապես ավտորիտար ռեժիմների համար ստեղծել է ռևիզիոնիստական պատրանքներ. «Մեզ ամեն ինչ կարելի է»: Հարևանների դեմ արշավանքները, «պտուտակների ձգումը» ներսում, մամուլի լռեցումը, քաղաքացիների իրավունքների սահմանափակումն ու ոտնահարումը և կատարյալ անպատժելիությունը վերոնշյալ երևույթներին կարող են հաղորդել ամենաարյունալի բնույթ։ Մեր տարածաշրջանի պես տարածաշրջան-«խաչմերուկներով» անցնող տեկտոնական ճեղքվածքները դարձել են Ազատության սիրտը թիրախավորած ու կրակելու պատրաստ ատրճանակներ։

Ղարաբաղյան հակամարտության շուրջ հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կնքմանը հաջորդած 22 «սառեցված» տարիներից հետո իրավիճակը պայթեց  2016թ. ապրիլին։ Մեզ դիմակայում է մի ավտորիտար վարչակարգ, որի համար մեզ հետ թշնամությունը թվացյալ անսասանության անփոխարինելի աղբյուր է։ Մեր «բարեկամն» այլ ավտորիտար կայսերական վարչակարգ է, որի համար Ամերիկայի և Արևմուտքի հետ թշնամությունը նույնպես թվացյալ անսասանության անփոխարինելի աղբյուր է։ Հիշյալ երկուսն էլ միմյանց համար «կարևոր ռազմավարական գործընկերներ են»։ Հենց այս մեր «բարեկամն» ու «ռազմավարական դաշնակիցն» է Ալիևին օժտել  սպառազինություններով, «դաբրոյով» և ժամանակով, որպեսզի մեր շահերի հաշվին ամրապնդի իր դիրքերը «մերձավոր արտերկիր» հայտարարված մեր տարածաշրջանում։ Հայկական կողմը կարողացավ դիմակայել, ապա նաև ամրացնել շփման գիծը, բայց տեղի ունեցածից ոչ մի քաղաքական դաս չքաղեց։ Ավելին, ի վկայություն ասվածի՝ Երևանը ստորագրել է մի համաձայնագիր, որի համաձայն՝ «միայն պատերազմական իրավիճակում» Մոսկվայի ուղիղ հրամանատարությանն է հանձնել իր բանակային կորպուսներից մեկը՝ «զորքերի համատեղ միավորում» ստեղծելու համար։

Սբ. Ծննդյան արձակուրդներից անմիջապես հետո Հայաստանը թևակոխելու է նախըտրական պայքարի, ապա նաև՝ նոր ընտրական փուլ։ Ներկայիս իրողությունների պայմաններում սա նշանակում է տուրբուլենտության նոր շրջան, և փաստ չէ, որ 2018թ. մենք դրանից ավելի ամրացած կամ գոնե առանց կորուստների դուրս կգանք, հատկապես, եթե չարվեն մի շարք անհրաժեշտ գործնական երզակացություններ։

Իսկ հայաստանյան քաղաքական ուժերին, դատելով որոշ սուբյեկտների քաղաքական անհամարժեքության ուղղակի ճգնաժամային աստիճանից, երբեմն թվում է, որ այսպիսի վտանգավոր հարևանության և սպառնաշատ գործընթացների պարագայում մեզ քառօրյա պատերազմի օրինակով կհաջողվի զերծ մնալ վերոնշյալ բոլոր վերահաս վտանգներից։ Բովանդակային առումով, հայաստանյան քաղաքական ուժերը՝ հատուկենտ մարդկանց բացառությամբ, լռում են, իսկ նրանց հռետորաբանությունն ընդամենը քաղաքական դատարկության մեջ լսվող նախընտրական ձայնային խոտան է։ Այսպես չպետք է լիներ պատերազմող երկրի պարագայում՝ պատերազմից ընդամենը մի քանի ամիս անց։

Հայաստանն արագ քայլերով մոտենում է «խնդրահարույց 2018»-ին, երբ ավարտվելու է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը։ Մոտենում է՝ առանց փոքր իսկ պատկերացնելու իր լավն ու վատը։ Կամ սոսկ «ամեն ինչ վատ է», «ոչինչ չի փոխվելու» կամ՝ «էլ ի՞նչ անենք» կարգի մտորումներ։

Մեր վտանգավոր հարևանությունն՝ ի դեմս սիրիական պատերազմի մեջ թաթախված և համատարած բռնաճնշումներն ամենօրյա դարձրած Թուրքիայի, նավթային խողովակների պարունակությունը կորցնող ու քաղաքացիների իրավունքները ոտնահարող, բայց հայերի դեմ մոտալուտ ռևանշի մասին երազող Ադրբեջանի, մեր պետականությունը ոտնակոխ անող «պուտինյան սապոգի» և վերջինիս՝ մեր շահերի համար «բարերար» լինելու մասին հայ պաշտոնյաների ու քաղաքական գործիչների «գիտական» բացատրությունների համապատկերում,  Արևմուտքում տիրող լիակատար ապակողմնորոշվածության պարագայում, երբ չեն կարգավորվել անգամ ներքին շատ հարցեր (էլ չեմ խոսում Ուկրաինայի ու բռնազավթված Ղրիմի մասին), այս ամենը ձևավորում է այն իրականության սոսկալի ըմբռնումը, որ մենք անըմբռնելի, լուռ և ոչ համարժեք ճակատագրապաշտությամբ հայտնվել ենք միջազգային «ջունգլիներում», որտեղ հարցերը լուծվում են ոչ թե իրավունքի զորությամբ, այլ բիրտ ուժի միջոցով։ Այս իրավիճակն այն աստիճան ոչ ադեկվատ է, որ հիշեցնում է «յուրային-օտար» ճանաչողական համակարգի խախտում, երբ օտարն ընկալվում է որպես յուրային, իսկ յուրայինը՝ օտար։

Մեզ մոտ քաղաքական որոշումների ընդունման համակարգը հիվանդ է. այն ընդունակ չէ պարզել իր «ցավերի» ակունքը և անգամ պատրաստ չէ «հարմարավետ դիրք» բռնել՝ մեզ, չգիտես ինչու, հենց անկախացումից ի վեր պատուհասած «ցավերի» սաստկացումից ազատվելու համար։ Եվ այսպիսի քաղաքական ուղեբեռով, ձեռքբերումների ու կորուստների բացասական հաշվեկշռով մենք մուտք ենք գործում վտանգներով լի 2017 թվականը։

Այո՛, անտարակույս, իրավացի են նրանք, ովքեր հանրորեն կարևոր հարցերի մասին խոսելիս ասում են, որ «ամեն ինչ վատ է»։ Բայց նրանք միայն մասամբ են իրավացի։ Եթե այդպես, ապա ամեն ինչ շատ ավելի վատ է, քանի որ հրաշք չի լինելու։ Կամ՝ իրար հաջորդելով երկու անգամ չի լինի։ Մի անգամ հրաշքն արդեն եղել է. խորհրդային կայսրության անկումից հետո միջազգային ասպարեզ էր վերադարձել Անկախ Հայաստանը։ Մեր «դաշնակիցն» այս հրաշքն անվանում է «խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ» և շարունակում է «կառուցել» իր «ռուսական աշխարհը»։ Մեր «դաշնակիցը» և նրան «հոգեպես հարազատ» ավտորիտար վարչակարգերը ռազմավարորեն և պատմականորեն դատապարտված են։ Սակայն մեր օգուտը նրանց անխուսափելի ձախողումից պետք է կռել հենց մեր օրերում, հենց այսօր, քանզի այն երկնային մանանայի պես մեր գլխներին չի իջնելու։

«Ազգ-բանակի» «նոր» գաղափարը՝ այժմյան մարտահրավերներին պատասխանի սոսկ արատավոր ձևախեղումն է։ Այո՛, պատերազմը թակում է մեր դռները։ Բայց միայն ազատ մարդկանց ազատ ազգը կարող է ստեղծել արևի տակ իր տեղը պաշտպանելու ունակ բանակ, մինչդեռ Ազատության դեմ ոտնձգությունները նրանց ուժգնորեն ներսից են քանդում։ Չէ՞ որ բանակը սոսկ պետության և հասարակության գործիք է, որի վիճակը դրանց հասունության և կայացվածության հետևանքն ու արգասիքն է։ Ազատությունը կարող է ժամանակավորապես նահանջել, բայց պատմականորեն այն չի կարող չհաղթել. պատմության ընթացքն ասվածի ակներև վկայությունն է։ Կարծես թե մենք սա որպես ընդհանրություն դեռ չենք ըմբռնել և նոր տարի ենք մտնում առանց այս տեսակ կենսականորեն կարևոր պատճառահետևանքնային կապերը հասկանալու։ Բայց այս մարտահրավերը նաև հնարավորությունն է, որի կենսագործումը Քաղաքակրթության առջև մեր համամարդկային պարտքի մասնաբաժինն է։

Share

Comments are closed.