Հայաստան – ԵԱՏՄ. անդամակցության 2 տարին


Ինչ
է դա տվել Հայաստանին, ինչ կլիներ, եթե չանդամակցեինք, ինչ սպասելիքներ ունի Հայաստանի հասարակությունը

Բաբկեն Թունյան, Երևան

Այս հոդվածն արդեն հրապարակման պատրաստ էր, երբ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը հաղորդագրություն տարածեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Պաշտոնական հաղորդագրություններին բնորոշ ստանդարտ ձևակերպումները բաց թողնելով՝ մեջբերենք միայն Սերժ Սարգսյանի ուղիղ խոսքը։ Այն, ի զարմանս շատերի, բավականին անկեղծ էր։«Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, և այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, և մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռևս, մեղմ ասած, սպասողական է, թեև չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին: Այս ընթացքում, համոզված եմ, հսկայական աշխատանք է կատարվել, և ընդամենը տասն օր հետո մենք հնարավորություն կունենանք ամփոփելու որոշակի արդյունքներ»,-ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի հետ հանդիպմանն ասել էր նախագահ Սարգսյանը:

«10 օր անց» ասելով երկրի նախագահը ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել տարվա տնտեսական ցուցանիշների ամփոփումը։ Իհարկե, այդ տվյալները կհրապարակվեն արդեն 2017-ի հունվարին, սակայն երկրի բարձրագույն ղեկավարությունը, ինչպես ասում են, առաջին ձեռքից կստանա այդ թվերը։

Միևնույն ժամանակ, 10 օր անց կլրանա ուղիղ 2 տարին, ինչ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը։ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ լիիարավ անդամ դարձավ 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ անդամակցության մասին առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2013 թվականի սեպտեմբերին։ Մինչ այդ Հայաստանում (և ոչ միայն) բոլորը մտածում էին, որ շարժվում ենք հակառակ ուղղությամբ՝ դեպի Եվրամիություն։ Ավելին, բանակցությունների փուլն արդեն բարեհաջող ավարտել էինք և պատրաստվում էինք ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրն ու դրա կարևոր բաղկացուցիչը՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA), որը պետք է դյուրինացներ Հայաստանում արտադրված ապրանքների մուտքը եվրոպական շուկա և Հայաստանին ևս մեկ քայլով մոտեցներ ԵՄ-ին։ Ինչևէ, 2013 սեպտեմբերից հետո մենք մոռացանք DCFTA-ի մասին և սկսեցինք համապատասխանեցնել մեր օրենսդրությունն ու ընթացակարգերը ԵԱՏՄ ստանդարտներին։

Ի՞նչ է տվել Հայաստանին՝ ԵԱՏՄին անդամակցությունը

Այս հարցը ամենից շատ հնչող հարցերից մեկն է և միևնույն ժամանակ՝ լիարժեք պատասխան չստացած հարցերից մեկը։ Դա զարմանալի չէ, որովհետև  ԵԱՏՄ-ին անդամակցության ազդեցության գնահատումը (ինչպես է ազդել, որքանով է ազդել) լուրջ վերլուծական աշխատանք է ենթադրում։ Նման աշխատանք կառավարության պատվերով արվեց, որով գնահատվում էր 2015 թվականի առաջին կիսամյակի տնտեսական ազդեցությունը, սակայն 2 տարվա պատկերը չունենք։

Սա հիմք է տալիս, որ “եվրոպամետներն” ու “եվրասիամետները” ԵԱՏՄ-ի ազդեցությունը ներկայացնեն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Օրինակ, եվրոպամետները համոզված են, որ խորացնելով մեր հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու մասնավորապես Ռուսաստանի հետ՝ ավելի ենք մեծացրել Հայաստանի տնտեսական կախվածությունը այդ երկրից և դարձել ավելի խոցելի՝ Ռուսաստանից եկող բացասական ազդակների նկատմամբ (որոնք պայմանավորված են Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներով և նավթի գների անկմամբ)։

Մյուսները հակառակը՝ պնդում են, որ ԵԱՏՄ-ին անդամակացությունը Հայաստանի առջև լրջագույն հնարավորություններ է բացել՝ 200 միլիոն բնակչություն ունեցող շուկային մուտք ստանալու և Եվրոպայի ու ԵԱՏՄ-ի միջև տարանցիկ դեր ստանձնելու առումով։ Նրանք համոզված են, որ եթե չենք կարողանում լիարժեք օգտվել այդ հնարավորությունից, ուրեմն խնդիրը մեր մեջ է։ Հայաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացման հետ կապված՝ նրանք ասում են, որ եթե չանդամակցեինք, ապա ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել։

Երկրի նախագահի դիրքորոշումը, ինչպես հոդվածի սկզբում տեսաք, համեմատաբար ավելի հավասարակշռված էր։ Սերժ Սարգսյանը մի կողմից ակնարկում է, որ ակնկալիքները չեն արդարացել կամ ամբողջությամբ չեն արդարացել, ու նշում, որ հասարակությունը դեռ սպասում է ։ Մյուս կողմից, ակնկալիքների չարդարանալը արդարացնում է միջազգային տնտեսական գործընթացների հետ։ Ու այս ամենով հանդերձ՝ վստահություն է հայտնում, որ չանդամակցելու պարագայում բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին:

Իրոք, տնտեսական տեսանկյունից՝ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին։ Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն, օրինակ, մի քանի անգամ տարբեր առիթներով հայտարարել է, որ չկա հստակ վերլուծություն՝ ինչպիսին կլինեին մեր տնտեսական ցուցանիշները, եթե Հայաստանը չանդամակցելու պարագայում։ Այսինքն, դիրքորոշումը ավելի զգուշավոր է։

Իսկ օրինակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամիսներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10%-ով։ Տնտեսագետներն ու վիճակագիրները՝ լրագրողների հետ միասին, մինչ օրս փորձում են հասկանալ, թե որտեղից էր վերցվել այդ թիվը։

Առանց 10 օրվան սպասելու

Սերժ Սարգսյանի նշած 10 օրը դեռ չի լրացել, 2016 թվականը դեռ չի ամփոփվել, սակայն առաջին 10 ամիսների տվյալներով արդեն իսկ կարելի է որոշակի եզրակացություններ անել։
Նախքան առաջ անցնելը՝ մենք ներկայացնենք մի շարք առանցքային տնտեսական ցուցանիշներ. ինչ ունեինք մինչ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, ինչ ունեինք անդամակցության պահին, ինչ ունենք հիմա և ինչ է կանխատեսվում այս տարի։

Տնտեսական աճը 2014 թվականին 3.5% էր։ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում՝ 2015-ին, աճը նվազեց մինչև 3%։

Այս տարի ի սկզբանե նախատեսվում էր 2.1% տնտեսական աճ, սակայն վերջին ամիսների զարգացումները հուշում են, որ նման ցուցանիշ չի լինի։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (սա ՀՆԱ-ի աճը չէ) 2016 թվականի հունվար-հոկտեմբերին՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 0.4%։ Այսինքն՝ տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով տնտեսության ակտիվությունն ընդամենը 0.4%-ով է աճել։

Ավելին, հոկտեմբերը՝ նախորդ հոկտեմբերի համեմատ, նվազել է։ Իսկ երկրի ՀՆԱ-ն 2016 թվականի երրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, նվազել է 2.6%-ով։

Տնտեսագիտական տերմիններով չենք ցանկանում ծանրաբեռնել ընթերցողին։ Փոխարենը նշենք, որ այսպիսի վատ ցուցանիշներ Հայաստանը չի ունեցել 2009 ճգնաժամային տարվանից ի վեր։ Ու այս թվերի դինամիկան հաշվի առնելով՝ խիստ հավանական է, որ տարվա արդյունքներով ունենանք զրոյական աճ, չի բացառվում անգամ՝ տնտեսական անկում։

Հայաստանի ՀՆԱ-ն թեպետ դրամային (AMD) արտահայտությամբ աճել է, սակայն դոլարային տեսքով 2015 և 2016 թվականներին ավելի քիչ է, քան 2014-ին։

Ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները (կամ ինչպես ընդունված է ասել՝ տրանսֆերտները) նվազումը, որը սկիզբ առաջ 2014 թվականից, շարունակում է նվազել։

2015 թվականին տրանսֆերտների ներհոսքը 2014-ի համեմատ նվազեց  23,1%-ով կամ 492 մլն դոլարով։ Այդ թվում, Ռուսաստանից ներհոսքը նվազեց ավելի 35%-ով կամ 546 մլն դոլարով։

2016 թվականին անկման տեմպը թուլացել է, բայց անկում կա։ 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին  ֆիզիկական անձանց  բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 336.1 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ տրանսֆերտների ներհոսքը կրճատվել է 138.4 մլն դոլարով կամ 10.4%-ով:

Ու եթե անկումը նոյեմբեր-դեկտեմբերին նույն տեմպով շարունակվի, ապա 2016 թվականին տրանսֆերտների ներհոսքը կկազմի առավելագույնը 1.5 մլրդ դոլարից չի անցնի։ Այսինքն, կլինի ավելի քիչ ներհոսք, քան ճգնաժամային 2009 թվականին։

Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին Հայաստան է փոխանցվել 2.3 մլրդ դոլար։ Այսինքն՝ այս տարի 800 մլն դոլարով պակաս տրանսֆերտներ են գալու։ Իսկ ավելի լավ հասկանալու համար, թե 800 մլն դոլարը Հայաստանի համար ինչ նշանակություն ունի, ասենք, որ ՀՀ պետական բյուջեն շուրջ 2.5 մլրդ դոլար է։

Ուշագրավն այն է, որ այս տարի տոկոսային առումով ամենից շատ նվազել են հենց ԵԱՏՄ-ի անդամ Ղազախստանից ու Ռուսաստանից ստացվող գումարները։ Եվ հակառակը՝ ամենից շատ աճել են հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ռուսաստան ու Ղազախստան ուղարկվող գումարները։

Սրան գումարենք, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 70%-ով։ Այս դեպքում նույնպես, նվազման առյուծի բաժինը Ռուսաստանից կատարվող ներդրումներն են։

Այս ամենից հետո արդեն զարմանալի չէ, որ սրընթաց աճող միակ բանը ՀՀ պետական պարտքն է։ 2014 թվականին այն եղել է 4.4 մլրդ դոլար, 2015-ին՝ 5.08 մլրդ դոլար, 2016-ի վերջին պաշտոնապես կանխատեսվում է ավելի քան 5.8 մլրդ դոլար, իսկ 2017-ին պետական պարտքը կմոտենա 6.3 մլրդ դոլարին և կկազմի ՀՆԱ-ի 54%-ը։

Որքան շատ պետական պարտք, այնքան մեծ պարտքի սպասարկման վճար (տոկոսագումարներ)։ Ու դրա համար էլ զարմանալի չէ, որ 2017 թվականին պետական բյուջեով պարտքի սպասարկմանն ուղղվող գումարներն ավելանալու են, իսկ օրինակ թոշակների ու նպաստների չափը՝ ոչ։

Ցանկը կարելի է երկար շարունակել։ Սակայն եթե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքների մասին պիտի դատենք տնտեսական ցուցանիշներով, ապա “սպասելիքները չարդարացան” արտահայտությունը բավականին մեղմ է հնչում։

Հայաստան-ԵԱՏՄ առևտրի մասին

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պետք է առաջին հերթին դրական անդրադառնար ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության վրա։ Սակայն այս դեպքում գնահատականներ տալը չափազանց դժվար է, որովհետև առևտրի վրա ազդեցին բազմաթիվ գործոններ։ Օրինակ, 2014 թվականի վերջին ռուսաստանյան ռուբլու արժեզրկումը լուրջ դժվարությունների առաջ կանգնեցրեց Հայաստանի արտահանողներին. հայկական արտադրանքը դարձավ թանկ և անմրցունակ։

Ամեն դեպքում, Հայաստան-ԵԱՏՄ առևտրային հարաբերություններ ասելը չափազանցություն է, որովհետև Ռուսաստանից բացի մյուս երեք անդամների հետ առևտրաշրջանառության ծավալները չափազանց փոքր են։

Այսպես, 2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան- ԵԱՏՄ երկրներ առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 1.1 մլրդ դոլար, որից 1.08 մլն դոլարը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Բելառուսի հետ առևտրաշրջանառության ծավալը 29.8 մլն դոլար է, Ղազախստանի հետ՝ 5.8 մլն դոլար, իսկ Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունն այնքան քիչ է, որ այդ երկիրը անգամ առանձին տեղ չի գտնում արտաքին առևտրի մասին Հայաստանի պաշտոնական վիճակագրության մեջ ներկայացվող 4 տասնյակ երկրների շարքում (այս տարվա ընթացքում Ղրղզստանից Հայաստան ներմուծվել է ընդամենը 10 դոլարի ապրանք)։

Տոկոսային առումով՝ 2016 թվականի առաջին 10 ամիսներին ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 27.3%-ը (համեմատության համար՝ Եվրամիության երկրների տեսակարար կշիռը 24.1% է)։

Այդ թվում, Ռուսաստանին բաժին է ընկնում այդ 27.3%-ից 26.5%-ը, Բելառուսին՝ 0.7%-ը, Ղազախստանին՝ 0.1%-ը։

Ինչպես տեսնում եք, գծապատկերում, Ռուսաստանի կշիռը 1.7 տոկոսային կետով աճել է։ Ընդ որում, աճել է Հայաստանից Ռուսաստան արտահանման հաշվին։ Այսպես, 2016 թվականին Հայաստանից ՌԴ արտահանումն աճել է 52.8%-ով կամ ավելի քան 100 մլն դոլարով և կազմել 295 մլն դոլար։ Իսկ ներմուծումն աճել է 3.3%-ով։

Հայաստանի տեսանկյունից սա դրական զարգացում է։ Սակայն ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ն Հայաստանի համար անվիճելի առաջատար առևտրային գործընկեր չէ, և չի կարելի բացառել, որ Եվրամիության կշիռը ինչ-որ պահի կարող է կրկին գերազանցել։

Իսկ ԵԱՏՄ 3 անդամների՝ Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի պահով ընդամենը նշենք, որ առևտրաշրջանառության ծավալով նրանք չեն մտնում ՀՀ 20 խոշորագույն առևտրային գործընկերների 20-յակի մեջ։

Ինչ կլիներ, եթե չանդամակցեինք ԵԱՏՄ-ին

Այս հարցը բազմիցս է հնչել՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից սկսած, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը։ Իհարկե, պատասխանները նույնպես շատ են հնչել։ Սակայն դրանք եղել են առավելապես քաղաքական կամ աշխարհաքաղաքական հարթության մեջ և առնչվել են հիմնականում Հայաստանի անվտանգության հետ կապված հարցերին։

Օրինակ, այն մարդիկ, ովքեր գտնում են, որ տնտեսապես ավելի վատ կլիներ, որպես հիմնական փաստարկ նշում են գազի գինը։ Այսինքն՝ գազը շատ ավելի թանկ կլիներ։

Իրականում, այդ ազդեցությունը գնահատելու համար լուրջ վերլուծություն է պետք։ Ու նման վերլուծություն արվել է։ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության, ցանկացել է պարզել՝ ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա ԵՏՄ-ին անդամակցությունը 2015 թվականի առաջին կիսամյակում: Վերլուծությունը պատվիրվել է «Ավագ Սոլյուշնս» վերլուծական կենտրոնին։

46 էջանոց փաստաթուղթը գնահատում էր ԵԱՏՄ անդամակցության ազդեցությունը հետևյալ ուղղություններով՝ արտահանում, ներմուծում, ներդրումներ, տրանսֆերտներ։ Օրինակ, արտահանման մասով հետազոտողների առաջ խնդիրը դրված է եղել հետևյալ կերպ՝ ինչպիսի՞ն կլիներ արտահանումը Հայաստանից ներկա իրավիճակում, եթե երկիրը ԵԱՏՄ անդամ չհանդիսանար: Եթե շատ կարճ ձևակերպենք, եզրակացությունը հետևյալն էր՝ ԵԱՏՄ անդամակցությունն այս տեսանկյունից կարող է լինել առավել բացասական զարգացումներից խուսափելու կարևոր գործոն։ Այսինքն՝ ԵԱՏՄ անդամակցությունից արտահանումը չի շահել, սակայն, եթե չանդամակցեինք, պատկերն ավելի տխուր կլիներ։

Ներմուծման մասով հատուկ ուշադրության էր արժանացել բնական գազը։ «Եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, ապա ներկայումս գործող գազի ներմուծման գինը կլիներ 2013թ. գնի մակարդակին՝ շուրջ 280 ԱՄՆ դոլար 1000 խմ համար»,- նշվում էր փաստաթղթում։

Օտարերկրյա ներդրումների հետ կապված՝ փաստաթղթում նշվում էր, որ ԵԱՏՄ մասնակցությունը դրականորեն չի ազդել այդ միտման վրա: 2015թ. առաջին կիսամյակի արդյունքներով շեշտակիորեն նվազեն էին ինչպես՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներն ընդհանրապես, այնպես էլ՝ ՌԴ-ի կշիռը դրանցում: Հեղինակներն անկեղծորեն խոստովանել էի, որ սովորաբար ինտեգրացիոն սպասումներն առաջ են բերում լրացուցիչ հետաքրքրություն երկրի նկատմամբ՝ դրական ազդելով նաև ներդրումների վրա: Սակայն Հայաստանի պարագայում նման ազդեցություն ԵԱՏՄ անդամակցության հայտարարությունից հետո չի նկատվել:

Տրանսֆերտների մասով նշվում էր` այն, որ ԵԱՏՄ անդամներ հանդիսացող Բելառուսի և Հայաստանի տրանսֆերտներն ավելի շատ են կրճատվել, քան Ադրբեջանի և Ղրղըզստանի հոսքերը, կարող են վարկածի հիմք հանդիսանալ, որ ԵԱՏՄ անդամակցությունը տրանսֆերտների առումով առավել նպաստավոր միջավայր դեռևս չի ձևավորել։

Միակ ուղղությունը, որով Հայաստանը շահել էր ԵԱՏՄ անդամակցությունից, ներմուծման մաքսատուրքերն էին (մոտ 20% ավելի, քան չանդամակցելու դեպքում)։ Առաջ անցնելով նշենք, որ այս տարի այդ ուղղությամբ էլ ուրախանալու առիթ չկա։

Չնայած այս ամենին՝ վերլուծության հեղինակները չէին ցանկացել շատ վատաբանել ԵԱՏՄ-ին և բաժնի վերջում ընդգծել էին՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության առաջին 6 ամիսների արդյունքով փաստացի դիտարկվող տնտեսական իրավիճակը խնդրահարույց է, սակայն դիտարկվող միտումները դժվար թե պայմանավորված լինեն ինտեգրացիոն գործընթացներով:

Մի խոսքով, զեկույցը որևէ լուրջ դրական ազդեցություն վեր չէր հանել, ու միգուցե հենց դրանով է բացատրվում, որ հաջորդ տարվա համար նման վերլուծություն չտեսանք։

Ինչ սպասելիքներ ունի Հայաստանի հասարակությունը՝ ԵԱՏՄ անդամակցությունից

Դժվար է ասել։ Ընդհանրապես, այս հարցի նշանակությունը, կարելի է ասել, ուռճացված է։ 2013 թվականին, երբ հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել ԵԱՏՄ-ին, հասակարության կարծիքը ոչ ոք չհարցրեց։ Հասարակության փոխարեն այդպես որոշվեց։

Իշխանությունը, որը ընդամենը 1 ամիս առաջ եռանդով հիմնավորում էր, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը աննպատակահարմար է՝ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով, սեպտեմբերի 3-ից հետո նույն եռանդով սկսեց հիմնավորել, որ տնտեսապես այդպես շատ ավելի ձեռնտու է, և որ Հայաստանի առջև բացվում է 180 միլիոնանոց շուկան (թեև մինչ այդ էլ այդ շուկան կարծես փակ չէր)։

Այս տողերը գրելու պահին լրանում է արդեն 2-րդ շաբաթը, ինչ եղանակային պայմանների պատճառով բեռնատարների համար փակ է Հայաստանը ԵԱՏՄ-ին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարս-Ստեփանծմինդան։ Հարյուրավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։ Այսինքն, այսօր փաստացի փակ է ինչպես 180 միլիոնանոց շուկան՝ Հայաստանի համար, այնպես էլ Հայաստանի փոքրիկ 3 միլիոնանոց շուկան՝ ԵԱՏՄ-ի համար։

Ու այս պայմաններում ՀՀ հասարակության ամենահրատապ սպասելիքը, թերևս, եղանակային պայմանների բարելավումն է։

 

Հրապարակվել է՝ 20.12.2016

JAMnews

Share

Comments are closed.