Հարուստ նավթային երկրի աղքատ նավթագործները


Ինչու
են Ադրբեջանում կրկին և կրկին վթարներ տեղի ուննում և մարդիկ վախճանվում նավթի արդյունահանման ընթացքում

JAMnews, Բաքու

Երբ մենք ժամանեցինք Ալիաթ ավան, որտեղ ապրում էին ծովում կորած նավթագործներից հինգն, արդեն մթնում էր: Խարխուլ տները խոնավ ձմեռային երեկոյին ավելի տրտում էին թվում: Նույն այդ տրտմությունը տների առջև հավաքվողների դեմքերին էր: Այն պահից, երբ առավոտյան նրանց հաղորդել են ողբերգության մասին, նրանք սպասում էին, թե երբ են բերելու մահացածներին, սակայն դրա հետ կապված էլ հատուկ հույսեր չունեին: Նավթային պլատֆորմում դեռևս նախորդ տարվա հրդեհից հետո նրանք մի բան են հասկացել. եթե առաջին մի քանի ժամում մարմինը չեն գտնում, ապա ընտանիքը պահողի համար տապանաքարի մասին կարելի է մոռանալ:


Ողբերգություն

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նախորդ ուրբաթ Կասպից ծովում ուժեղ քամու (41 մ/վ) արդյունքում ծովը տարել է «Ազնևթ» արտադրական միավորման (SOCAR-ի կառուցվածքային միավոր) համար 3 նավթահավաք կետի էստակադայի մի մասը: Ինչպես հայտնեցին SOCAR ընկերությունում՝ էստակադայի հետ միասին ծովն է ընկել դրան հարող հարթակը՝ բնակելի պահակատնով: Անհետ կորել է նավթաարդյունահանման վարչությունում հերթապահություն իրականացնող 5 մարդ և պահակակաետում գտնվող 5 մարդ (ընդամենը՝ 10 հոգի):
Նավթագործներից մեկի՝ Իլհամ Գաֆարովի մարմինը գտնվել է արդեն ամսի 16-ին: Մնացածներն անհետ կորած են համարվում:

Ինչպես հաղորդում է lent.az-ը, Իլհամ Գաֆարովի եղբայրը՝ Դավուդը, նույնպես նավթագործ է, նրանք միասին են աշխատել: Բարեբախտաբար, Դավուդ Գաֆարովը ողջ է մնացել, քանի որ այդ էստակադայի վրա չի եղել:

Այդ գիշեր Դավուդ Գաֆարովը զանգահարել է եղբորը: Խնդրել է զգույշ լինել, քանի որ մրրիկ է սկսվել: Իլհամը պատասխանել է. «Դու նույնպես քեզ լավ նայիր»: Եվ ավելացրել է. «Այստեղ ամեն ինչ շարժվում է, մենք կարծես ճոճանակի վրա լինենք, չգիտենք՝ ինչ անել»:

Հետո նա զանգել է կնոջը՝ Ռասմիեին: Հետաքրքրվել է, թե ինչպես են գործերը: Հարցրել է աղջկանից՝ Խումարից, և թոռներից: Այնուհետև ավելացրել է, որ շատ ուժեղ քամի է փչում: Եվ նույնիսկ կատակել է, թե իրենք իբր մահվանից առաջ արդեն աղոթել են:

Փրկարարական գործողություն

Արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդին Հեյդարովն ու SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը դեպքի վայր են ժամանել վթարի երկրորդ օրը:

2016թ-ի դեկտեմբերի 16-ին երկրի նախագահը հրաման է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության «Ազնևթ» արտադրական միավորման նավթահավաք կետում տեղի ունեցած միջադեպի հետ կապված որոշակի միջոցառումների մասին»: Հատուկ շտաբ է ստեղծվել, որում ներառվել են ԱԻՆ, պաշտպանության նախարարության, SOCAR-ի և մի քանի այլ պետական կառույցների մասնագետները: Ինչպես հաղորդեցին շտաբում՝ ներկա պահին 44 նավ և այլ լողացող միջոց, 6 ուղղաթիռ, և ավելի քան 700 փրկարար շարունակում են կորած նավթագործների որոնողական աշխատանքները ծովում: Միաժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներ են իրականացվում առափնյա հատվածում:

Նրանք, ովքեր վախենում են իրենց անունը տալ

«Ես 20 տարեկանից աշխատել եմ Նավթաքարերում [ծովային հանքավայր, որտեղ հորատման աշտարակները միացված են էստակադաներով, այն նաև նավթագործների ավան ունի՝ ցցագերանների վրա — խմբգ.]: Խորհրդային տարիներին նավթագործներն իրոք շատ լավ են ապրել, բարձր աշխատավարձ են ստացել: Վտանգավոր եղանակային պայմանների ժամանակ աշխատակիցներին տարհանում էին, աշխատանքները դադարեցվում էին: Այն շարունակվում էր միայն այն հատվածում, որտեղ հնարավոր չէր կանգնեցնել: Մակույկներ, բաճկոններ, հերթապահ նավեր. ամեն ինչ պատրաստ էր վթարի դեպքում մարդկանց կյանքերը փրկելու համար: Հետևում էին էստակադաների վիճակին, ժամանակին վերանորոգում էին: Այժմ էստակադաներն ամբողջությամբ շարքից դուրս են եկել, դրանց վրա չի կարելի աշխատել: Անվտանգության մյուս միջոցներին նույնպես հիմա անլուրջ են վերաբերվում», – ասում է թոշակառու նավթագործը:

Այժմ նրա որդին Կասպից ծովում նավթ է արդյունահանում: Նա իր անունը չի նշում տղային անգործ թողնելու վախից:

«Ինձ ի՞նչ կա, ես իմ բաժինն աշխատել եմ, և այժմ լավ, թե վատ ապրում եմ իմ փոքրիկ կենսաթոշակով: Սակայն որդուս համար վախենում եմ, կարող են աշխատանքից ազատել: Այնքան մարդու են աշխատանքից ազատել հենց այնպես: Իհարկե, դուք կարող եք ասել, որ եթե այնտեղ այդքան վտանգավոր է, ինչպե՞ս ես կարող եմ հարմարվել այն մտքին, որ որդիս ծովում է աշխատում: Այո, նա ամեն օր իր կյանքը վտանգում է, սակայն գոնե տան համար հաց կարող է գնել: Իսկ ի՞նչ կլինի, եթե աշխատանքից ազատեն, և նա չկարողանա որևէ աշխատանք գտնել, էլ չեմ աում՝ լավ աշխատանք» – ասում է նախկին նավթագործը:

Ծովում աշխատող նավթագործների աշխատավարձը կազմված է բազային հատվածից և աշխատանքի ծանրության համար գումարվող հավելավճարներից և լավագույն դեպքում չի գերազանցում հազար մանաթը ($700):

Պատմություն

Սա Կասպից ծովի նավթային հատվածում տեղի ունեցած առաջին ողբերգությունը չէ: Ամեն տարի, թեկուզև առանց զոհերի, նվազագույնը 2-3 վթար է տեղի ունենում: Ամենավերջին վթարը, որի արդյունքում մարդիկ են մահացել, տեղի է ունեցել ուղիղ մեկ տարի և 10 օր առաջ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին: «Գյունեշլի» նավթահանքի №10 խորջրյա պլատֆորմում տեղի ունեցած պայթյունի և դրան հետևած հրդեհի հետևանքով 63 մարդ ծովն էր ընկել, նրանցից 32-ը փրկվել էր, գտնվել էր 12 մարմին: Մնացած 19 հոգին մինչ այժմ անհետ կորած են համարվում:

Ադրբեջանի նախագահի հրահանգով այն ժամանակ մահացածների և անհետ կորածների ընտանիքներից յուրաքանչյուրին բյուջեից 15 հազար մանաթ էր տրամադրվել:

«Գյունեշլիի» ողբերգության ժամանակ անհետ կորածներից մեկի կինը՝ Քիֆայաթ Իբրահիմովան, կարծում է, որ իր ամուսինն ու մնացած մահացածները ոչ միայն տարերային աղետի, այլ նաև անպատասխանատվության զոհ են դարձել.

«Մենք հասկանում ենք, որ դա ծով է, աշխատանքն այդտեղ միշտ վտանգավոր է համարվել: Իսկ անվտանգության միջոցներ ձեռնարկվե՞լ էին: Այն բանից հետո, ինչ մեզ հետ տեղի ունեցավ, մենք նրանց ասել ենք, խնդրել ենք, որ գոնե մնացած նավթագործների ընտանիքները չտուժեն: Նրանց համար նորմալ պայմաններ ստեղծեք, այնպես արեք, որ դա չկրկնվի: Չէ՞ որ մեզ մոտ միջոցառումները ձեռնարկվում են արդեն ողբերգությունից հետո: Եվ կրկին այդքան ընտանիքներում այսօր սուգ է»:

Պատճառները

Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Գահրամանլին ասում է, որ «անպատժելիության համախտանիշը հանգեցնում է հանցագործությունների աճի»: Իրավապաշտպանի խոսքով, 2011թ-ից մինչև վերջին դեպքը նավթային արդյունաբերությունում 8 վթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 43 մարդ է զոհվել (չնայած որ նրանցից ոմանք դեռևս անհետ կորած են համարվում):

Կոմիտեի տվյալներով, ընդհանուր առմամբ 2010-2015թթ-ին երկրի նավթային սեկտորում 108 մարդ է զոհվել, նրանցից 94-ը SOCAR-ի աշխատակիցներ են:
Միրվարի Գահրամանլին կարծում է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության աշխատակիցների հանդեպ խախտվել են «Աշխատանքային օրենսգրքի» մի շարք պահանջներ:

«Էստակադան, որը ծովն է ընկել, կառուցվել է 1970թ-ին, դրա շահագործման ժամկետը 30 տարի է: Եթե հաշվի չառնենք «կոսմետիկ» վերանորոգման աշխատանքները, հիմնավորապես այն չի վերոնորոգվել: Շինությունը բալանսում նշված է եղել որպես վթարային: Ավերվելիս այն իր հետ տարել էր հարող աշխատահրապարակը՝ նոր պահակակետով, որտեղ նավթագործներ էին գտնվում:

Կցանկանայի իմանալ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու այն մարդկանց հանդեպ, որոնք չգիտեն, թե որքան ռիսկային է վթարային էստակադային հարող հարթակում պահակակետ տեղադրելը: Ինչո՞ւ այդ էստակադան մինչև այդ չէր ապամոնտաժվել» – հարցնում է իրավապաշտպանը:

Նա նշում է, որ վթարները հավանաբար կրկնվելու են, քանի որ Պետական նավթային ընկերության գրեթե բոլոր էստակադաների շահագործման ժամկետը լրացել է. «Ծովի վրայով թռչելիս կարելի է մեծ քանակությամբ չօգտագործվող, ժանգոտած մետաղ տեսնել (դա կարելի է տեսնել նաև Նավթաքարերից նայելիս): Հին էստակադաների ուտիլիզացիա և ապամոնտաժում տեղի չի ունեցել: Ինչպես և ողջ աշխարհում, արժե տեղափոխվել պլատֆորմներ»:

Ընտանիք, որի բախտը բերել է

Ծովում կորած 10 նավթագործներից 5-ը Ալիաթ ավանի բնակիչներ են (Բաքվի կենտրոնից մեկ ժամ հեռավորության վրա), և նրանք բոլորն էլ հարևանններ են: Նրանցից երկուսը եղբայրներ Գյուլօղլան և Ազայ Զուլֆուգարովներն են: 51-ամյա Գյուլօղլանի 8 երեխան է որբ մնացել, և նրա կրտսեր եղբայր Ազայի՝ 2 երեխան:
Նրանց եղբայր Չինգիզ Զուլֆուգարովը ծովին է նայում և ջղաձգվում է: Նա խոսում է դանդաղ՝ երկար դադար առնելով: Մեծ ընտանիքն այժմ նրա խնամակալության տակ է:

«Գյուլօղլանը ծովում աշխատել է 25, Ազայը՝ 15 տարի: Գյուլօղլանի 8 երեխաներից միայն մեծն է ընտանիք կազմել, մնացածն անչափահաս են, կրտսերը՝ 13-ամյա դուստրը, հաշմանդամ է: Հոր աշխատավարձի գրեթե կեսը ծախսվում էր նրա բուժման վրա, թե ինչ է լինելու հիմա այդ երեխայի հետ, նույնիսկ չգիտեմ:

Ազայը նույնիսկ սեփական բնակարան չուներ: Նրանք ծնողների հետ էին ապրում: Ոչ մի կերպ չէր կարող տան շինարարությունն ավարտին հասցնել և տեղափոխվել: Ես ևս երկու չամուսնացած քույր ունեմ, նրանք նույնպես հայրական տանն են ապրում: Բոլորը նրա աշխատավարձի հաշվին էին ապրում: Մի կերպ ծայրը ծայրին հասցնում էին: Նա երկու մանկահասակ երեխա է թողել՝ մեկը 3 տարեկան է, մյուսը՝ 2, – պատմում է Չինգիզը և ավելացնում, – գոնե մարմինները գտնվեին, որպեսզի մենք կարողանայինք հուղարկավորել նրանց»:

Այդ մասին չեն խոսում, սակայն գյուղացիները կարծում են, որ ամենաշատը Գաֆարովների բախտն է բերել: Չէ՞ որ Իլհամ Գաֆարովը գերեզման կունենա:

Հրապարակվել է 22.12.2016

JAMnews

 

 

Share

Comments are closed.