Տարվա հակահերոսը լարին է


Ի՞նչ
տեղի ունեցավ Վրաստանի տնտեսության հետ 2016թին

Զազա Աբաշիձե, Թբիլիսի
Photo:Սերգո Մարտիրոսով

Վիճակագրական ցուցանիշները հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ 2016թ-ը հաջող չէր վրացական տնտեսության համար: Չնայած որոշ ուղղություններում արձանագրած հաջողություններին՝ երկրի առջև կանգնած մարտահրավերները նախկինի պես լուծում են պահանջում: Այս հոդվածում մենք փորձել ենք ներկայացնել այն հիմնական գործընթացները, որոնք 2016թ-ին զգալիորեն ազդել են վրացական տնտեսության վրա:

Լարիի փոխարժեքը

Լարին արժեզրկվում է արդեն վերջին երկու տարվա ընթացքում: Չնայած կառավարության անդամների դրական սպասումներին՝ ազգային արժույթի դիրքերն օրեցօր վատթարանում են:

Ընթացիկ տարում պատմական հակառեկորդը սահմանվեց դեռևս փետրվարին, երբ լարին հասավ 2.50-ի՝ մեկ դոլարի դիմաց: Գարնանն արժեզրկումը դադարեց, և լարին դոլարի հանդեպ սկսեց կայունանալ: Ամռան սկզբին փոխարժեքը կազմում էր 2.13 մեկ դոլարի դիմաց, ինչը կապված էր զբոսաշրջային սեզոնի մեկնարկի և դոլարի ներհոսքի հետ:Սակայն արդեն սեպտեմբերին սկսվեց ճգնաժամի երկրորդ ալիքը, որը շարունակվում է մինչ օրս:

Արժեզրկման դանդաղեցման համար Վրաստանի Ազգային բանկը մինչև հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունները պահուստային 180 մլն դոլար վաճառեց, սակայն այդ քայլը զգալի արդյունքներ չտվեց:

Նոյեմբերի 9-ին ԱՄՆ 1 դոլարն արժեր 2.45 լարի, դեկտեմբերի 1-ին գրանցվեց հերթական պատմական հակառեկորդը. լարին հասավ մեկ դոլարի դիմաց 2.55 ցուցանիշի:

2013թ-ի համեմատ լարին արժեզրկվեց մոտ 52%-ով: 2016թ-ի դեկտեմբերի 16-ի դրությամբ, ԱՄՆ 1 դոլարը փոխանակման կետերում արժեր 2.80 լարի, ինչը ևս մեկ հակառեկորդ է:

Տնտեսագետներն ազգային արժույթի արժեզրկման մի քանի պատճառ են նշում:

Պատճառ №1. լարիի քանակի ավելացումը: Վերջին 6 ամսվա ընթացքում լարիի զանգվածն ավելացել է 1 միլիարդով (18 %-ով), ինչն Ազգային բանկի դրամական քաղաքականության մեղմացման հետ էր կապված, մասնավորապես՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8%-ից 6,5% իջեցնելու: Նման փոփոխությունը մի կողմից բացասական ազդեցություն է ունենում լարիի փոխարժեքի վրա, մյուս կողմից, դրական է ազդում երկրի տնտեսական աճի վրա:

Պատճառ №2. արտասահմանյան ներդրումների ոչ բավականաչափ աճը: 2016թ-ի երեք եռամսյակի տվյալներով՝ ուղղակի արտասահմանյան ներդրումները կազմել են 1,2 մլրդ դոլար: Հետևաբար, կարելի է խոսել այն մասին, այս պարամետրի աճը նախորդ տարվա համեմատ զգալի չի լինի: Հիշեցնենք, որ 2015թ-ին ուղղակի արտասահմանյան ներդրումները 2015թ-ին կազմել են 1,54 մլրդ դոլար:

Պատճառ № 3. միջազգային վարկերի և գրանտերի նվազումը: Կառավարության կողմից վարկերի և գրանտերի ստացումն արտարժույթի ներգրավման ևս մեկ միջոց է: Հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում այդ միջոցով կառավարությունը պլանավորվածից 150 մլն դոլար պակաս է ստացել, ինչը նույնպես բացասաբար է ազդել լարիի փոխարժեքի վրա:

Պատճառ №4. արտաքին գործոնը: Կառավարության ներկայացուցիչները հաճախ են փորձում լարիի արժեզրկումն այդ փաստով արդարացնել, ինչը մասամբ համապատասխանում է իրականությանը: Տարբեր տարածաշրջանային և գլոբալ դեպքերը բացասական ազդեցություն են ունենում վրացական տնտեսության վրա (Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, պատերազմն Ուկրաինայում և այլն): Նշենք նաև դոլարի ամրանդման տենդենցը, որը զգացվում է աշխարհի տարբեր երկրներում:

Կառավարության ծրագիրը

Տնտեսության աճի տեմպերի ավելացման և լարիի արժեզրկումը կանգնեցնելու համար կառավարությունը 2016թ-ի վերջին տնտեսական փոփոխությունների ծրագիր ներկայացրեց՝ «լարիզացման 10 կետանոց փաթեթ»:

Կետ №1. առցանց վարկերի արգելք: Առաջարկվող փոփոխությունների վերջնական տարբերակը դեռևս հայտնի չէ: Ի սկզբանե վարչապետը հայտարարեց սպառողների շահերի պաշտպանության նպատակով առցանց վարկերի տրամադրման ամբողջական արգելքի մասին: Սակայն ավելի ուշ խորհրդարանական մեծամանսության որոշ առաջնորդներ հայտարարեցին այդ շուկայի կարգավորման, այլ ոչ թե արգելքի մասին: Ամեն դեպքում կարելի է ասել, որ այս միջոցը միայն բացասական ազդեցություն կունենա տնտեսական տեսանկյունից և ավելի շատ ինչ-որ պոպուլիզմի է նման:

Կետ №2. ծխախոտային արտադրանքի ակցիզի արժեքի բարձրացում: Գալիք տարվա հունվարի 1-ից զգալիորեն կբարձրանա ծխախոտի գինը, ինչն առաջին հերթին կանդրադառնա սպառողների վրա: Ֆիլտրով ծխախոտը կթանկանա նվազագույնը 60 թեթրիով, առանց ֆիլտրինը՝ 30 թեթրիով: Իշխանությունները որոշել են ավելացնել բյուջետային մուտքերն ակցիզի արժեքի բարձրացման հաշվին:

Կետ №3. հասարակական վայրերում ծխելու կանոնների խստացում: Այս կետը համեմատաբար քիչ է կապված տնտեսության հետ: Իշխանության ներկայացուցիչների խոսքով, դրանով նրանք փորձում են «եվրոպական չափանիշներ ներդնել»:

Կետ №4. հիփոթեքային վարկերի սուբսիդավորում: Այս կետը կարելի է ամենապոպուլիստականն ու անարդարացին համարել: Եկող տարվանից կառավարությունը ֆինանսապես կաջակցի այն անձանց, ովքեր մինչև 2015թ-ը դոլարով հիփոթեքային վարկ են վերցրել: Դա նշանակում է, որ բնակչության մի մասը, այդ թվում՝ կարիքավոր շերտերն առանց իրենց համաձայնության իրենց մուծած գումարներով ուրիշներին «կօգնեն» սպասարկել վերցրած պարտքը: Անարդարության հետ մեկտեղ, այս միջոցը բացասական տնտեսական ազդեցություն կունենա:

Կետ №5. ներկրվող մեքենաների ակցիզի արժեքի բարձրացում: №2 կետի պես այստեղ էլ նպատակը բյուջետային մուտքերի ավելացումն է: Դա թույլ կտա 2017թ-ին լրացուցիչ 45 մլն լարի ներգրավել: Ավտոմեքենաների մաքսազերծումը 1.5-3 անգամ ավելի թանկ կնստի, քան հիմա:

Կետ №6. Նավթամթերքի ակցիզի թանկացում: Այս միջոցը բյուջետային մուտքերը կավելացնի 250 մլն լարիով: Չնայած որ զուգահեռ զգալիորեն կավելանա վառելիքի գինը: Եկող տարվանից բենզինի 1 լիտրը 19 թեթրիով ավելի թանկ կլինի, դիզելինը՝ 23 թեթրիով, որպես վառելիք օգտագործվող բնական գազինը՝ 12 թեթրիով: Ակցիզի թանկացման հետ կապված բացասական ազդեցությունը կարող է վատթարանալ համաշխարհային գործոնների հետևանքով, մասնավորապես նավթի արդյունահանման սահմանափակման վերաբերյալ ՕՊԵԿ որոշման, որի պատճառով վառելիքն էլ ավելի կթանկանա:

Կետ №7. խաղային բիզնեսի հարկերի ավելացում: առաջարկվող փոփոխությունների հեղինակների խոսքով, այս որոշումն էլ է կապված սպառողի շահերի պաշտպանության հետ: Հարկերի ավելացումը թույլ չի տա այս ոլորտին զարգանալ, սակայն միաժամանակ կարիքավորներին չի էլ ստիպի ետ կանգնել խաղամոլությունից:

Կետ №8. վարչական ծախսերի կրճատում 10 տոկոսով: Ի տարբերություն «փաթեթում» ներառված միջոցառումների մեծ մասի՝ այս նախաձեռնությունը միանշանակ դրական է և դրական ազդեցություն կունենա տնտեսությունում: Տնտեսության արագ աճի համար այլ միջոցառումների հետ միասին անհրաժեշտ է կրճատել բյուրոկրատական ծախսերը: Ավելի լավ պատկերացնելու համար նշենք, որ այսօր Վրաստանի և Լեհաստանի հանրային հատվածում աշխատում է հավասար թվով մարդ, այն դեպքում, երբ Լեհաստանի բնակչությունը 10 անգամ գերազանցում է Վրաստանի բնակչությանը:

Կետ №9. եկամտահարկի չեղարկում: Սկզբնական նախագծի համաձայն՝ այդ միջոցը կկրճատեր բյուջետային մուտքերը 500 մլն լարիով, սակայն ավելի ուշ այդ ցուցանիշը հասցվել է 300 մլն-ի: Չնայած դրան՝ առաջարկվող քայլը միանշանակ դրական է և թույլ կտա մասնավոր հատվածում ավելի շատ գումար թողնել: Այս բարեփոխումն ավելի հաջող կլիներ այն դեպքում, եթե կառավարությունն այս մասով բյուջետային մուտքերի նվազումը չփոխհատուցեր ակցիզների թանկացման և հարկերի ավելացման հաշվին:

Կետ №10. Ցանկացած ապրանքի և ծառայության գներն ազգային արժույթով են նշվելու: Այս միջոցն ուղղված է լարիի կարևորության բարձրացմանը և երկրի «լարիզացիայի» կառավարության հայտարարած գործընթացի մի մասն է: Կարևոր է նաև այն, որ հաջորդ տարվանից հազար լարիից պակաս վարկ կարելի է ստանալ միայն ազգային արժույթով: Այս որոշման հիմնական նպատակը լարիի փոխարժեքից բնակչության կախվածության բարձրացումն է և դոլարի կայունացման վնասները նվազեցնելը:

Փորձագետների մեծ մասը կարծում է, որ առաջարկվող փոփոխությունները պոպուլիստական են, հիմնավորապես տնտեսության վրա չեն անդրադառնա և ուղղված են խնդիրների ժամանակավոր հարթմանը: Հարցն այս պարագայում նույնն է մնում. ինչո՞ւ կառավարությունը բիզնեսին ազատ և նախընտրելի ընտրության հնարավորություն չի տրամադրում:

Արտահանման և ներկրման ցուցանիշները

Արտահանման աճը կարևորագույն գործոն է, քանի որ նպաստում է երկիր դոլարի հոսքին, ինչը կկայունացնի լարիի փոխարժեքն ու տնտեսության արագ աճ կապահովի: Ցավոք, 2016թ-ը Վրաստանի համար այդ առումով հաջող չեղավ: Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով, վրացական արտահանումը կազմել է 1.92 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 6%-ով, կամ 2%-ով պակաս է, քան 2011թ-ի ցուցանիշը:

Արտահանումից ստացված մուտքերի կրճատման գլխավոր պատճառը մարդատար ավտոմեքենաների արտահանման կրճատումն է, ինչպես նաև առևտրային ոլորտում Վրաստանի ռազմավարական գործընկերային երկրներ (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքիա) արտահնվող ապրանքի ծավալների կրճատումը:

Ցանկալի իրավիճակ չի ստեղծվում նաև ներկրման ոլորտում: 2016թ-ի առաջին 9 ամիսների տվյալներով, ներկրումը կրճատվել է: Ներկրման առաջին աճը գրանցվել է միայն հոկտեմբերին (7.4%, այսինքն՝ 45 մլն դոլար): Ներկրման կրճատումը կամ դրա դանդաղ աճը մեխանիկորեն հավասար է ողջ երկրի առևտրի և տնտեսության կրճատմանը:

Ավանդաբար վատ իրավիճակ է ներկրման և արտահանման հաշվեկշռի հետ կապված: 2016թ-ի հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով, արտաքին առևտրային պակասորդը կազմում է 6.9 մլրդ դոլար: Իսկ այդ ցուցանիշը նշանակում է, որ երկրից ավելի շատ դոլարի արտահոսք է տեղի ունենում, քան ներհոսք, հետևաբար, բացասական տարբերությունը նախկինի պես մեծ է:

Միջազգային վարկանիշները

2016թ-ի ողջ ընթացքում տարբեր հեղինակավոր վարկանիշներում և հետազոտություններում Վրաստանը զգալի առաջընթաց է ապրել: Նման արդյունքները երկրի համար կարևոր են նրանով, որ առաջին հերթին, նպաստում են արտասահմանյան ներդրողների հետաքրքրության ավելացմանը:

Doing business 2017 ցուցիչի նոր տվյալների համաձայն, Վրաստանի դիրքերը բարելավվել են 7 կետով, և երկիրը 23-րդ տեղից տեղափոխվել է 16-րդ տեղ: Այս վարկանիշը հիմնված է Համաշխարհային բանկի հետազոտության տվյալների վրա, որն ուսումնասիրում է տարբեր պետությունների բիզնես-միջավայրը և տեղեկացնում, թե որ երկրում է ավելի հեշտ ձեռնարկատիրությամբ զբաղվել: Հաշվետվության համաձայն, բիզնես-միջավայրը բարելավելու համար Վրաստանը 5 բարեփոխում է իրականացրել, ինչով էլ պայմանավորված է վարկանիշում երկրի առաջընթացը: Եվրոպայում և Ասիայում բարեփոխումների քանակով Վրաստանից առաջ է անցել միայն Ղազախստանը (8 բարեփոխում):

Գլոբալ մրցունակության ցուցիչը ևս մեկ միջազգային վարկանիշ է, որում Վրաստանի դիրքը բարելավվել է 7 կետով, և այն այժմ զբաղեցնում է 59-րդ տեղը: Աշխարհի երկրների մրցունակության հարցով զբաղվում է շվեյցարական «Միջազգային տնտեսական համաժողովը» (WEF): 2016-2017թթ-ի հրապարակված հաշվետվությունները հիմնվում են 2015թ-ի տվյալների վրա:

Անցնող տարում Համաշխարհային բանկը երկու հետազոտություն է կատարել, որոնցում Վրաստանի դիրքերը զգալիորեն բարելավվել են:

Առաջին հետազոտության համաձայն, Վրաստանում ծայրահեղ աղքատության ցուցանիշները տարեցտարի կրճատվում են: Հաշվետվությունում ներկայացված տեղեկատվության համաձայն, 2010թ-ին Վրաստանի բնակչության 46%-ն օրական 2.5 դոլար էր ծախսում, 2014թ-ին այդ ցուցանիշը կրճատվեց մինչև 32%: Հետազոտության հեղինակների կանխատեսումների համաձայն, 2018թ-ին ծայրահեղ աղքատ բնակչության թիվը կկրճատվի մինչև 25%:

Համաշխարհային բանկի երկրորդ հետազոտության համաձայն, Վրաստանը 2016թ-ին միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների խմբից տեղափոխվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների խումբ: Այս վիճակագրությունում Վրաստանը վերջին անգամ առաջընթաց է գրանցել 2004թ-ին:

Տարբեր վիճակագրական ցուցանիշներ

2016թ-ին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է և հասել ռեկորդային ցուցանիշի: Անցնող տարվա 11 ամիսների տվյալներով, ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում Վրաստան է այցելել 5,9 մլն զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 7,9%-ով (400 հազար մարդ):

Զբոսաշրջային հոսքի ավելացումն արտացոլվել է օդանավակայանների վրա նույնպես, որոնցում, ընթացիկ տարվա 9 ամիսների տվյալներով, ուղևորահոսքը նախորդ տարվա համեմատ ավելացել է 24,6%-ով, իսկ 2012թ-ին 108% աճ է գրանցվել:

Արժեզրկումը նոյեմբերի դրությամբ կազմել է 2,4%, ինչը 0,2%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում, թանկացել է հիմնականում միայն ալկոհոլային ապրանքը, սննդամթերքն ու ծխախոտային արտադրանքը:

Նախորդ տարվա համեմատ, ավելացել են դրամական մուտքերն արտասահմանից: 2016թ-ի 10 ամիսների տվյալներով, Վրաստան է փոխանցվել 934 մլն դոլար, ինչը 47 մլն դոլարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Աճի տենդենց է գրանցվել նաև փոխանցումների մասով, հունվարին-նոյեմբերին այդ ցուցանիշը կազմել է 159 մլն դոլար:

Տարվա գլխավոր տնտեսական նախագիծը՝ Անակլիա նավահանգիստը

2016թ-ի փետրվարին Անակլիա նավահանգստի շինարարության շարունակման մասին վերջնական որոշում է կայացվել: Վրաստանի կառավարության և «Անակլիայի զարգացման հիմնադրամի»  միջև կնքված պայմանագրի համաձայն, Անակլիայում 2,5 մլրդ դոլար արժողությամբ խորջրյա նավահանգստի շինարարություն կսկսվի: Նավահանգստի հաջող շինարարությունը կարևորագույն դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության ապագայի վրա:

Ի՞նչ սպասել 2017թին

Չնայած 2015թի համեմատ բարելավված ցուցանիշներին, այս տարին Վրաստանի տնտեսության համար ծանր ու ցավոտ էր:

Նախորդ տարիներին Վրաստանի առջև կանգնած բոլոր հիմնական խնդիրներն ու մարտահրավերները ոչ մի տեղ չեն անհետացել. 2016թ-ին դրանք չհաջողվեց լուծել: Ամենից շատ բնակչությունը տառապում է լարիի սրընթաց արժեզրկումից, և մեծ է այն բանի հավանականությունը, որ լարիի փոխարժեքը շուտով կհատի 1 ԱՄՆ դոլարի դիմաց 3 լարի սահմանը:

Կառավարության հայտարարած բարեփոխումներն ակնհայտորեն բավարար չեն, իսկ որոշ տնտեսագետների կարծիքով, ընդհակառակը, բացասական ազդեցություն կունենան տնտեսության աճի վրա, որը երրորդ եռամսյակում կազմել է 2,3%: Դրան գումարվում է նաև արտասահմանյան ներդրումների աննշան ծավալն ու այլ ներքին և արտաքին գործոններ:

2017թ-ին կառավարությունը 4% տնտեսական աճ է կանխատեսում: Վրաստանին մի քանի տասնամյակ կպահանջվի, որպեսզի աճի նման տեմպերով նա հասնի եվրոպական ամենաաղքատ երկրների ցուցանիշներին:
 Հրապարակվել է՝ 22.12.2016

JAMnews

Share

Comments are closed.