Հայրենասիրական է, էժան ու անվտանգ

 

Ինչո՞ւ են Ղարաբաղի ուսանողները նախընտրում ղարաբաղյան բուհերը

Ալբերտ Ոսկանյան, Ստեփանակերտ
Լուսանկարները՝ Ալբերտ Ոսկանյանի

Անժելիկա Զախարյանը երիտասարդ քաղաքագետ է: Երկու բարձրագույն կրթությունը՝ բակալավրիատն ու մագիստրատուրան, ստացել է Ստեփանակերտում, Արցախի համալսարանում, որը տանը շատ մոտ է:

«Ծնողներս ինձ թույլ չտվեցին Երևանում սովորել, հեռու էր և թանկ, – ասում է Անժելիկան: – Այդ ժամանակ ես ԱրՊՀ ընդունվեցի, այն Ղարաբաղի միակ բուհն է, որտեղ քաղաքագիտական ֆակուլտետ կա»:

2016 թ-ին  487 ուսանող է Արցախի համալսարան ընդունվել: Նրանցից շատերի հետ զրույցից դատելով՝ այդպիսի որոշումը երեք պատճառ ունի. դա էժան է, անվտանգ և հայրենսիրական:

Դիտարկենք բոլոր երեք փաստարկները:Փաստարկ 1

Ղարաբաղում սովորելն էժան է

Անժելիկայի ընտանիքը նրա կրթության համար 250 հազար դրամ է տարեկան վճարել [մոտ $530]: Այս գումարն ընտանիքի համար բավականին զգալի գումար է, սակայն եթե Անժելիկան սովորեր Ռուսաստանի կամ նույնիսկ Երևանի նույն ֆակուլտետում, դա շատ ավելի թանկ կլիներ: Եթե արտասահմանյան երկրներում ուսումը դիտարկենք, խոսքը տարեկան մի քանի տասնյակ հազար դոլարի մասին կլիներ:

Անժելիկան ընդհանուր 6 տարի է սովորել՝ 4 տարի բակալավրիատում և 2 տարի մագիստրատուրայում, և նրա կրթության վրա 3 հազար դոլար է ծախսվել: Տեղի չափանիշներով դա քիչ չէ:

Օբյեկտիվորեն բավականին ձեռնտու է:

Ինչպես ցույց տվեց Ստեփանակերտում JAMnews-ի անցկացրած փոքրիկ հարցումը նախկին և ներկա ուսանողների շրջանում, ֆինանսները բուհի ընտրության հարցում հիմնական փաստարկն են:

Դավիթ Փաշայանն ավարտել է Երևանի կոնսերվատորիան ռազմական դիրիժոր մասնագիտությամբ, իսկ այս տարի ընդունվել է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի մագիստրատուրա՝ տնտեսության կառավարման բաժին:

«Փաստացի այժմ ես երկրորդ մասնագիտություն եմ ստանում, դրա համար վճարում եմ տարեկան 330 հազար դրամ [մոտ $700]: Ես գիտեմ, որ այդ համալսարանի դիպլոմով շատերն են հետո լավ աշխատանք գտնում հարևան երկրներում կամ Արևմուտքում, և ինձ համար դա շատ կարևոր է», – ասում է Դավիթը:

Նա ուզում է բարձր վճարվող աշխատանք գտնել, դրա համար պատրաստ է տեղափոխվել այլ տեղ, եթե Ղարաբաղում փնտրտուքներն արդյունք չտան:

Վերջին մի քանի տարվա ընթացքում շատացել են մաթեմատիկական ֆակուլտետներ, ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտության դիմորդները: Ինչպես նշում է ԱրՊՀ ուսումնական մասով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, այդ պրոֆիլի մասնագետների պահանջարկ կա:

«Այս տարի այդ մասնագիտությամբ 82 մարդ է ընդունվել՝ կրկնակի ավել, քան նախորդ տարի: Եվ հավանաբար նրանք բոլորը կկարողանան Ստեփանակերտում աշխատանք գտնել: Օրինակ, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում միշտ նման մասնագետներ պետք են»:

Ստեփանակերտում այսօր 3 համալսարան է աշխատում՝ արդեն նշված Արցախի պետական համալսարանը և մասնավոր «Մեսրոպ Մաշտոցն» ու «Նարեկացին»:

Գործում է նաև գյուղատնտեսական քոլեջ, բժշկական տեխնիկում ու մի քանի պրոֆտեխուսումնարան:

ԱրՊՀ-ն 9 ֆակուլտետ և 29 մասնագիտություն է առաջարկում, դրանցից ամենատարածվածները հայոց լեզվի և գրականության, անգլերենի, իրավաբանության և տնտեսագիտության ֆակուլտետներն են, ուսանողների ընդհանուր թիվը մոտ 3000 մարդ է:

Բոլոր ուսանողները 5 հազար դրամ [մոտ $10] կրթաթոշակ են ստանում, իսկ շրջանների ուսանողները՝ 10 հազար դրամ: Շնորհալի ուսանողները նախագահական կրթաթոշակ են ստանում՝ 25 հազար դրամ [մոտ $50]:

Եվ ի վերջո, Ղարաբաղի յուրաքանչյուր ուսումնական հաստատություն արտոնություններ ունի բազմազավակ կամ անապահով ռեզերվի սպաների ընտանիքների կամ այն ընտանիքների երեխաների համար, երբ ծնողներից մեկն առաջին կարգի հաշմանդամ է:

Փաստարկ 2

Տանը սովորելն անվտանգ է

«Ուսուցման մեթոդիկա» ֆակուլտետի հեռակա ուսուցման 5-րդ կուրսի ուսանող Իլոնա Հարությունյանն ասում է, որ ծնողները նրան չեն արգելել Երևանի բուհեր ընդունվել, և նա ինքն է որոշել մնալ Ստեփանակերտում դպրոցն ավարտելուց հետո:

«Չէի ուզում ծնողներիս մենակ թողնել և լքել հայրական տունը: Չնայած, անկեղծ ասած, հիմա փոշմանում եմ. մեծ քաղաքում հնարավորությունները շատ են»:

Տեղի ավանդույթների համաձայն՝ ծնողների մեծ մասն իրենց աղջիկներին թույլ չեն տալիս տնից հեռու սովորել:

Եթե կան նույնիսկ աղջիկներ, որ Երևան են գնում, դա ավելի շուտ բացառություն է: Օրինակ, Բելլա Աղաջանյանը Հայաստանի տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող է: Դպրոցն ավարտելուց հետո ԱրՊՀ-ում ընդունելության քննություն է հանձնել, բարձր բալեր է հավաքել, և նրան առաջարկել են Երևանում սովորել: Հոր համար այդ գաղափարն այնքան էլ ողջունելի չի եղել, սակայն համաձայնել է: Այստեղ որոշիչ դեր է խաղացել այն, որ մայրաքաղաքում է ապրում Բելլայի ավագ քույրը:

Տղա դիմորդների մոտ նման խնդիրներ սովորաբար չեն առաջանում, ծնողները նրանց ավելի մեծ ազատություն են տալիս և ավելի շատ են վստահում:

Փաստարկ 3

Սովորել Ղարաբաղում նշանակում է աջակցել սեփական հանրապետությանը

Ալեքսանդր Բրուտյանը սովորում է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրայում:

«Ծնողներս պատրաստ էին օգնել, որ Երևանում կամ Ռուսաստանում սովորեմ: Սակայն ես որոշեցի բարձրագույն կրթությունս Ղարաբաղում ստանալ, – պատմում է նա: – Առաջին հերթին, ես սիրում եմ իմ հայրենիքն ու կարծում եմ, որ այն պետք է զարգացնել: Երկրորդը՝ չէի ուզում թողնել ընկերներիս ու ծնողներիս: Ես կարծում եմ, որ եթե իրոք ուզում ես սովորել, սեփական տանն էլ կարող ես հասնել դրան»:

«Մեսրոպ Մաշտոցն» առաջին մասնավոր համալսարանն է, որը ստեղծվել է Ղարաբաղում  պատերազմից հետո. այն բացվել է 1997թ-ին: Ունի 11 ֆակուլտետ, այս տարի նորն է բացվել՝ «կովկասագիտություն», ուր արդեն 20 հոգի է ընդունվել:

Ուսման վարձն այստեղ տարեկան 220-400 հազար դրամ է [մոտ $450 – 800]: Ուսանողները կրթաթոշակ չեն ստանում:

Նույնն է իրավիճակը «Նարեկացի» համալսարանում, որը 12 ֆակուլտետ ունի: Կից նաև քոլեջ է գործում: Ուսման վճարը կազմում է 260-420 հազար դրամ:

Նարինե Պետրոսյանը ԱրՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող է. «Ես անվճար եմ սովորում, քանի որ ընդունելության քննություններից բարձր բալեր եմ ստացել: Ծնողներս ինձ չեն խոչընդոտել ընդունվել Հայաստանի բուհեր, Ղարաբաղում սովորելն իմ ընտրությունն էր»:

«Ոմանք սկզբում ուզում են այստեղ սովորել, հետո՝ մեկնել արտասահման, – ասում է նա: – Ես ուրիշ պլաններ ունեմ: Առաջին մագիստրատուրան ուզում եմ այստեղ ավարտել, երկրորդը՝ Երևանում: Ուզում եմ լավ հաշվապահ դառնալ և ղարաբաղյան որևէ ընկերությունում աշխատել»:

 

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:

Հրապարակվել է 20.09.2016

 

JAMnews

Share

Comments are closed.