Չեչնիայում երեխաների հանդեպ դաժանությունը հետպատերազմյան բարդույթ է

Կազբեկ ՉԱՆՏՈՒՐԻԱ

Վերջին տարիներին Չեչնիայում հաճախացել են երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը։ Ինչպես պրակտիկան է ցույց տալիս՝ երեխաները տառապում են մեծահասակների կողմից անբացատրելի նախահարձակությունից ու դաժանությունից։ Հոգեբանները կարծում են, որ դա հետպատերազմյան բարդույթ է։

Չեչնիայիում հերթական քրեական գործն է հարուցվել՝ երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության առնչությամբ։ ՌԴ Քննչական կոմիտեի Գուդերմեսի բաժինը հետաքննություն է սկսել Բաչի-յուրտ գյուղի բնակիչների՝ մի ամուսնական զույգի նկատմամբ։ Ամուսինները մեղադրվում են 10 և 11 տարեկան երկու դստրերի նկատմամբ դաժան վերաբերմունքի և ֆիզիկական բռնության մեջ։ Քննությամբ պարզվել է, որ հայրն ու խորթ մայրը պարբերաբար դաժանորեն ծեծի են ենթարկել աղջնակներին, հաճախ էլ՝ պարզապես առանց որևիցե պատճառի։ Մեղադրյալները մեկուսացվել են ժամանակավոր պահման մեկուսարանում, իսկ տուժած երեխաներն իրենց երկու փոքր քույրերի հետ հանձնվել են հարազատ մոր խնամքին։Երեք տարի առաջ Շալիի շրջանի Նոր Աթաղի գյուղում մի աղաղակող դեպք տեղի ունեցավ, որին պարզապես դժվար էր հավատալ։ Խորթ մայրը, փորձելով ազատվել առաջին ամուսնուց ունեցած զավակներից, սրսկիչների ասեղներ է խրել նրանց մարմինների մեջ։ Հիվանդանոցում բժիշկները հնգամյա տղեկի ու չորսամյա աղջնակի մարմինների նուրբ հյուսվածքներից հանել են համապատասխանաբար վեց և երկու ասեղներ։

Փոքրիկների տառապանքների մասին հայտնի դարձավ, երբ նրանք բարեկամներին պատմեցին որովայնի շրջանում ունեցած ցավերի մասին։ Խորթ մայրը երեխաներին դանակով վախեցրել էր, ահա թե ինչու երեխաները չէին համարձակվում հորաքույրներին ու հորեղբայրներին պատմել այդ ամենի մասին։ Քննության ժամանակ պարզվեց, որ խորթ մայրը երեխաների սննդին շամպուն էր խառնում կամ էլ ընդհանրապես չէր կերակրում։

Ձերբակալված խորթ մայրը՝ 23-ամյա Մաքքա Շաբիխանովան, առաջին իսկ հարցաքննության ժամանակ ամեն ինչ խոստովանեց։ Սակայն նույնիսկ խոստովանության պարագայում դատարանը նրան դատապարտեց տասնամյա բանտարկության։

Այս դեպքից հետո ցնցված հանրությունը խստորեն դատապարտում էր խորթ մորը։ Շատերը պահանջում էին առավելագույն պատժաչափ նրա համար։ Նույնիսկ ժողովրդական երգերի հայտնի կատարող Մաքքա Մեժիևան տեսանյութի միջոցով խնդրեց անձամբ իրեն հանձնել փոքրիկներին տանջողին՝ խստագույնս պատժելու համար։

Այս պատմությունը դեռ չէր մարել, երբ իրավապահ մարմիները ևս մի խորթ մոր կալանավորեցին համանման մեղադրանքով։ 23-ամյա Մարինա Բայսուլթանովան մեղադրվում էր քառամյա խորթ դստերը՝ Մարխի Յուսուպովային դաժանորեն ծեծի ենթարկելու մեջ։ Աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցի վերակենդանացման բաժին է տարվել։ Բժիշկներն արձանագրել են գանգուղեղային փակ վնասվածք, ուսոսկրի կոտրվածք, դեմքի այրվածքներ և մարմնի վրա բազմաթիվ հեմատոմաներ։ Աղջկան ստիպված են եղել տրախեօստոմիա անել՝ շնչարգելությունը վերացնելու համար։

Մեղադրյալը դատարանում պնդում էր, որ դստերը ծեծել էր աֆեկտի վիճակում և իր մեղքը չէր խոստովանում։ Փորձաքննությունը, սակայն, ցույց պվեց, որ նա միանգամայն մեղսունակ է, և դատարանը նրան դատապարտեց 9-ամյա բանտարկության։

Վերոնկարագրյալ դեպքերը տեղի են ունեցել վերջին մի քանի տարում։ Իսկ քանի որ, շատերի կարծիքով, երեխաների նկատմամբ բռնությունը երկրորդական խնդիր է հետխորհրդային այս հանրապետության համար, այս ամենի վրա ուշարդություն են դարձնում կատարվածից հետո մի քանի օր ընդամենը։

Թվում է, չեչենական հանրությունում, ուր հնուց ի վեր առանձնակի ուշադրություն է դարձվում երեխաների դաստիարակությանը, նման դեպքերը պետք է ամենացասումնալից արձագանքի արժանանան։ Սակայն այսօրինակ դեպքերն այնքան հաճախացել են, որ միգուցե քննչական մարմինները պարզապես չեն հասցնում արձագանքել, իսկ հանրությունն էլ չի հասցնում հրապարակավ դատապարտել։

Այս դեպքերի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը, բնականաբար, խիստ բացասական է։ Բայց ամեն մի նոր առիթի ժամանակ կարծես թե հոգեբանական ընկալումը բթանում է, կամ էլ այլ պատճառ կա, որ մարդիկ կտրուկ չեն դատապարտում։

Մարդիկ սկսել են հաճախակի դիմել հոգեբաններին, որոնք էլ գտնում են, որ երեխաների նկատմամբ ավելորդ նախահարձակությունը հետպատերազմական բարդույթի բնույթ ունի։

“Պատերազմի ակտիվ փուլում մարդիկ ամեն կերպ փորձում էին փրկվել ռազմական գործողություններից։ Նրանց հոգեվիճակն այն ժամանակ ավելի կայուն էր։ Օրգանիզմն ինքնուրույնաբար ժողովում էր ներքին բոլոր ուժերը՝ խուճապային զգացումները հաղթահարելու նպատակով”,- OCMedia-ին պատմում է գրոզնեցի հոգեբան Մարինան։

Իսկ հիմա, ըստ հոգեբանի, երբ մարդ ներքնապես ավելի հանգիստ է ու նրա զգոնությունը թուլացել է, նա ստիպված է այլ՝ ոչ պակաս լուրջ ու կենսական հարցեր լուծել, ինչպիսին են կենցաղային պայմանների բարելավումը, խաղաղ կյանքին անցումը։

“Հենց այդ պահից, երբ հետպատերազմյան երկրում մարդ արդեն կարող է քնել իր տանը, հարմարավետ անկողնում, հանկարծակի չարթնանալ տարբեր ձայներից, ուղեղը կորցնում է զգոնությունը, օրգանիզմը սկսում է այլ կերպ վարվել։ Այն բոլոր ապրումները, որոնք մարդ ունեցել է սթրեսի ժամանակ, արդեն սկսում են երևակվել։ Դա առաջին հերթին ավելորդ ու անհիմն ագրեսիան է, որից տուժում են առաջին հերթին երեխաները”,- շարունակում է Մարինան։

Երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմնախնդիրը, հոգեբանների կարծիքով, նաև իր սոցիալական արմատներն ունի։ Կյանքում սեփական տեղը չգտնելը, ստացած վիրավորանքները, հնարավոր է անգամ մանուկ ժամանակ ունեցած հոգեբանական տրավմաներն այս կամ այն կերպ անդրադառնում են մարդու բնավորության վրա։

Հոգեբան Էլիզայի կարծիքով, ժամանակակից չեչենական հանրությունում դաժանությունը մի հիմնախնդիր է, որին պետք է լուրջ ուշադրություն դարձվի, քանի որ դրա թերագնահատումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ժողովրդի համար։

“Մարդիկ մեզ հաճախակի են դիմում ընտանեկան խնդիրները լուծելու խնդրանքով։ Նրանք հիմնականում կանայք են, որ բողոքում են բռնապետ ամուսիններինց։ Տղամարդկանց ագրեսիայի պատճառով կանայք հաճախ բարկությոնը թափում են երեխաների վրա։ Այստեղ էլ փակվում է շրջանը։ Հարկ է նշել, որ սա հատուկ է հատկապես այն ընտանիքներին, որոնցում ամուսինները 30-40 տարեկան են։ Այսինքն, այն սերունդը, որը հասակ է առել պատերազմի ժամանակ և տեսել է պատերազմի բոլոր արհավիրքները։ Նրանց գործողությունները հարկ է հենց այդպես էլ ընկալել՝ որպես պատերազմի սերնդի վարք”,- պատմում է Էլիզան։

Հավանաբար, ընտանեկան նման ողբերգությունների լրջությունը մեծ է, քանի որ և տղամարդիկ, և կանայք հաճախ իրենք են զգում իրավիճակի անելանելիությունը և օգնություն խնդրում ընտանիքը փրկելու համար։ Մեծահասակները հասկանում են, որ եթե ընտանիքը քանդվեց, ապա առաջին հերթին տուժելու են իրենց երեխաները։ Մարդիկ օգնության խնդրանքով դիմում են ոչ միայն հոգեբաններին, այլև մոլլաներին։ Հոգևոր բաղադրիչը, ինքն իր հետ ու շրջապատի հետ ներդաշնակության մեջ ապրելն, ըստ հոգեբանների, շատ կարևոր է, բայց նվազ կարևոր չեն նաև կյանքի պայմանները։

“Երբ տնտեսական ծանր իրավիճակի պայմաններում տղամարդը չի կարողանում հոգալ ընտանիքի հոգսերը, ապա, ինչ էլ ասելու լինեք, նա հեղինակազրկվում է կնոջ ու երեխաների աչքերում։ Շատ ծանր վիճակ է հիմա երկրում։ Չեչնիայում հիմա շատ դժվար է գոյատևելը, քանի որ կենսամակարդակի նշաձողը հանրության կողմից արհեստականորեն շատ բարձր է դրված։ Հարկ է ունենալ մեծ տուն, լավ մեքենա և այլն։ Այս ամենի փնտրտուքում մարդիկ հաճախ մոռանում են իրենց ներաշխարհի ու հոգեկան հավասարակշռության մասին։ Սա շատ կարևոր է։ Մեր նախնիներն, իրենց կոշտուկոպիտությամբ հանդերձ, ավելի մեծ ուշադրություն էին դարձնում սրան։ Օրինակ, երեխաներին ընդհանրապես չէին ծեծում։ Պատժում էին, բայց չէին ծեծում, քանի որ գնահատում էին երեխայի անհատականությունն ու անձեռնմխելի ազատությունը։ Իսկ այն մարդը, ում մանուկ հասակում անընդհատ ծեծել կամ շահագործել են, հոգեբանական տրավմա է ստանում, ինչն անհետևանք չի լինում նրա հոգեվիճակի համար ”,- շարունակում է Էլիզան։

Չեչենական հանրությունը գոյատևել է պատերազմում, բայց հոգեբանական վերականգնման չի ենթարկվել։ Այս առնչությամբ չկա պետական և ոչ մի ծրագիր։ Թեև, օրինակ, ռազմական գործողություններին մասնակցած ռուսաստանցի բոլոր զինվորականները պարտավոր են վերադառնալուց անպայման մասնակցել սոցիալական ադապտացման դասընթացների։ Իսկ չեչենները զրկված են դրանից։ Ինչն էլ բացասաբար է անդրադառնում առաջին հերթին երեխաների վրա։

OC-MEDIA

 

Share

Comments are closed.