Ինչպե՞ս է ազդելու Ռուսաստանում ընտանեկան բռնության ապաքրեականացումը հետխորհրդային տարածության վրա

Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքական վերլուծաբան
Վորոնեժ

Պետական Դումայում երեք ընթերցում անցած ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած՝ ընտանեկան բռնության ապաքրեականացման մասին օրենքը ռուսաստանյան սոցիալական իրողությունների վրա ազդելուց բացի կարող է անդրադառնալ նաև ողջ հետխորհրդային տարածությունում առկա իրավիճակի վրա։ Ռուսաստանյան օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ առողջությանը վնաս չհասցրած ընտանեկան բռնությունները քրեական հանցագործություններից վերաորակվում են որպես վարչականներ։ Ուշագրավ է, որ մերժվել է անգամ հղի կանանց ծեծի ենթարկելու դեպքերի քրեականացումը։Այսպիսով՝ այս կարգի խախտման առաջին դեպքի կապակցությամբ չի կիրառվի ՌԴ ՔՕ 116-րդ հոդվածը։ Եթե նախկինում բռնության դիմած անձը կարող էր ստանալ մինչև երկու տարի ազատազրկում, ապա այժմ նրան սպառնում է միայն 5-30 հազար ռուբլի տուգանք, 5-15 օր վարչական կալանք կամ ուղղիչ աշխատանքներ։ Միայն բռնության կրկնության արձանագրման դեպքում անձը կարող է պատժվել քրեականորեն։ Ավելին՝ եթե 2016թ. օգոստոսին մերձավոր անձանց (ծնողներ, երեխաներ, եղբայրներ, քույրեր, պապիկներ, տատիկներ, թոռներ) ծեծը մասնավոր մեղադրանքից վերաորակվել է որպես մասնավոր-հրապարակային, ապա այժմ այն նորից հետ է բերվել մասնավոր մեղադրանքների ոլորտ։ Դա նշանակում է, որ ապացույցների հավաքագրման ողջ ծանրությունն ընկնում է բռնության տուժողի վրա՝ հենց նա պետք է արձանագրի իր  վնասվածքները, հավաքագրի վկաներին և հաշտարար դատարան ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը։

ՌԴ քաղաքացիների հիմնական մասը, ակնհայտորեն, դրանով չի կարող զբաղվել։ Նա ստիպված է դիմել արհեստավարժ փաստաբանների, որոնք, ինչպես հայտնի է, անվճար չեն աշխատում։ Դժվար չէ կռահել, որ նույնիսկ առանց մնացած գործոնները հաշվի առնելու, ընտանիքում բռնությունից տուժած ամեն անձ չէ, որ կհամաձայնի զբաղվել նմանօրինակ գործով։ Արդեն ուժի մեջ մտած օրինագիծը անցած տարվա հուլիսի վերջին Պետդումա է ներկայացրել մի շարք աղմկահարուց նախաձեռնություններով հայտնի դարձած պատգամավոր Ելենա Միզուլինան։

Ընտանեկան բռնության կանխարգելման հատուկ օրենսդրություն չունեցող երկրում այսպիսի փոփոխությունները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների։ Զուտ ծեծից պաշտպանելուց բացի 116-րդ հոդվածն ուներ կարևոր կանխարգելիչ նշանակություն, այն թույլ էր տալիս խուսափել ավելի ծանր հանցագործություններից՝ սպանությունից կամ առողջությանը ծանր վնաս հասցնելուց։

Ռուսաստանում տարեկան արձանագրվում են ընտանեկան միջավայրում տեղի ունեցած տասնյակ հազարավոր հանցագործություններ։ Օրինակ՝ 2014թ. արձանագրվել է այդպիսի ավելի քան 42 հազար դեպք։ Ոստիկանության կողմից հաշվառված են ընտանեկան բռնությանը պարբերաբար դիմող շուրջ 150 հազար քաղաքացի։ 2016թ. ընթացքում միայն ծեծի ենթարկելու դեպքերը անցել են 14200-ի շեմը, ընդ որում, 9000-ը՝ կանանց նկատմամբ։ Եվ սա չհաշված այն դեպքերը, երբ կինն իրավապահ մարմիններին չի դիմում։

Հստակորեն առանձնանում է Հյուսիսային Կովկասի տարածաշրջանը, որտեղ ընտանեկան բռնության «ավանդական» դեպքերից բացի գոյություն ունեն տեղական առանձնահատկություններ՝ անչափահաս աղջիկներ ամուսնության հարկադրանքից մինչև պատվո սպանությունները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները, ընդհանուր առմամբ, չեն կամենում զբաղվել այդպիսի հանցագործություններով, դժվար է ակնկալել, որ ընտանեկան բռնության դրսևորումները մնալու են նույն մակարդակում՝ դրանք վարչական հարթություն տեղափոխելուց հետո։ Ընդ որում, Ռուսաստանում վիճակագրության համաձայն բոլոր ծանր հանցագործությունների 40 տոկոսը տեղի է ունենում ընտանեկան միջավայրում։ Ընտանեկան բռնությունն ամեն տարի խլում է 12-14 հազար ռուսաստանաբնակ կանանց կյանքը։

Հաշվի առնելով հետխորհրդային տարածության հասարակությունների մեծ մասի ռուսամետ կողմնորոշումը՝ կարելի է կանխատեսել ընտանեկան բռնության ոլորտում առկա իրավիճակի վատթարացում նախկին ԽՍՀՄ այլ երկրներում ևս։ Այս խնդիրը հատկապես արդիական է Հայաստանում և Ուզբեկստանում, որոնք ինչպես ՌԴ-ն չունեն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված հատուկ օրենսդրություն։ Ընդ որում, օրինակ, Հայաստանում ծեծը՝ անկախ ընտանիքից ներս կամ դուրս պատահելուց,  դիտվում է որպես քրեորեն պատժելի գործողություն, որը ենթադրում է մինչև երկու ամիս բանտարկություն։

Միևնույն ժամանակ, գոյություն ունի նաև 119-րդ հոդվածը՝ «Բռնություն», այսինքն՝ «տուժածին որևէ մարմնական կամ հոգեբանական ցավ պատճառած ցանկացած գործողություն…»։ Այս հոդվածով սահմանվող առավելագույն պատժաչափը 7 տարվա ազատազրկումն է։ Թեև, հայտնի չէ, թե ինչպես են կիրառվելու օրենսդրության մեջ վաղուց տեղ գտած այս հոդվածները՝ հաշվի առնելով խնդրի նկատմամբ ռուսաստանյան նոր մոտեցումները։ Պատգամավոր Վալենտինա Մատվիենկոյի խոսքերով՝ ՌԴ ՔՕ պարունակում է 60 հոդված, որոնցով կարելի է պատասխանատվության ենթարկել ընտանեկան բռնության համար, սակայն այս պահին ռուսաստանյան դատարանները մեծ մասմաբ բռնության դեպքերը որակում են որպես «ծեծ»՝ նույնիսկ տուժածների մոտ առկա վնասվածքների պարագայում։

Խոսելով Հայաստանի մասին՝ հարկ է նշել, որ Հարավային Կովկասում ընտանեկան բռնության հարցը, ցավոք, հատկապես արդիական է։ Այսպես, վերջերս կայացած գենդերային բռնության կանխարգելմանը նվիրված սեմինարի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ երկրում սպանությունների 17 տոկոսը տեղի է ունենում ընտանեկան միջավայրում։ Միայն 2016թ. տնային բռնարարների ձեռքով սպանվել է 14 կին, իսկ շուրջ երկու հազարը դիմել է կանանց հարցերով զբաղվող տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների։

Սակայն իրականում խնդիրը ակնհայտորեն ավելի ընդգրկուն է, քանի որ հայ հասարակության մեջ, հատկապես խոշոր քաղաքներից դուրս, ընդունված չէ «աղբը տնից հանել» և օգնություն որոնել որոշակի կառույցներում։ Այս երևույթը զարմանալի չէ, չէ՞ որ «Հասարակություն առանց բռնության» կազմակերպության տվյալներով՝ Հայաստանի բնակչության 43.7 տոկոսը չի տարակուսում, որ կինն ինքն է սադրում ամուսնուն բռնություն գործադրել։ Սեփական խնդրով իրավապաշտպաններին կամ, առավել ևս՝ իրավապահ մարմիններին կանանց դիմելը հաճախ ընկալվում է որպես ամոթալի, խայտառակող և ընտանեկործան ավանդամերժ քայլ։

Նաև, ԽՍՀՄ նախկին երկրների ոստիկանության վերաբերմունքը ընտանեկան բռնությունից տուժածների հայցադիմումների նկատմամբ բավականին կանխակալ է։ Որպես կանոն՝ այսպիսի կանայք դիտվում են որպես հակասոցիալական տարրեր, ինչն արմատապես սխալ է. չէ՞ որ ընտանեկան բռնությանը կարող է հանդիպել առանց բացառության յուրաքանչյուր ոք։ Այսպիսի օրինակներ, անգամ այս առումով համեմատաբար բարենպաստ Արևմուտքում, բազմաթիվ են։ Էլ ավելի ծանր իրավիճակ է տիրում Ադրբեջանում՝ ժողովրդի նկատմամբ ոստիկանության դաժան վերաբերմունքի պատճառով։ Այդ երկրում իրավապահները, ելնելով իշխող վարչակարգի առանձնահատկություններից, հաճախ հասարակության կողմից ընդհանրապես չեն վերահսկվում։

ԱՊՀ երկների հասարակությունները զգալի չափով պահպանողական են և վերապրել են ԽՍՀՄ փլուզման բոլոր հետևանքները՝ աղքատացումը և սոցիալական խնդիրները, որոնք հաճախ հանգեցրել են սովորական գենդերային դերերի խախտմանը և սադրել բռնությունը։ Հենց այս պատճառով չպետք է բացառել, որ տարածաշրջանի այլ պետությունները ևս կորդեգրեն ռուսաստանյան սույն ուղին։ Սա մասնավորապես վերաբերում է ԵԱՏՄ երկրներին, քանի որ այդ տարածաշրջանի օրենսդրության միօրինակացման անհրաժեշտության մասին խոսակցությունները հետզհետե ավելի հաճախ են լսվում, իսկ ընդհանուր իրավական տարածության ձևավորման խնդիրն առավել արդիական է դառնում։ Հիշյալ ոլորտում լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համար այդ ուղենիշը հազիվ թե կարող է դրական հետևանքներ ունենալ։ Ի դեպ՝ վերջերս Ղրղզստանի հեռուստատեսությամբ սկսել է հեռարձակվել «Հարսը» «ռեալիթի-շոուն», որը բացահայտորեն քարոզում է ընտանիքի առանձին անդամների նկատմամբ բռնության գործադրումն ու նվաստացումը։

Օրինակ՝ Ղազախստանում 2009թ. ընդունվել է «Կենցաղային բռնության կանխարգելման մասին» օրենքը, որը «կենցաղային բռնություն» ձևակերպումը սահմանում է որպես ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում կանխամտածված հակաիրավական գործողություն, որը պատճառում է ֆիզիկական և հոգեբանական բռնություն կամ պարունակում է այն գործադրելու սպառնալիք։ Ավելին՝ «Ծեծ» հոդվածը 2015թ. վարչական իրավախախտումների ցանկից փոխադրվել է Քրեական օրենսգիրք։ Ըստ այդմ՝ առավելագույն պատժաչափը՝ 46-օրյա ձերբակալություն կամ 120-ժամյա հասարակական աշխատանքներ, կամ էլ՝ տուգանք։

Օրենսդրության պահպանողական փոփոխությունները Ռուսաստանում ևս միշտ չէ, որ արդիական են եղել։ Ընտանեկան բռնության կանխարգելմանը միտված օրինագծերը Պետդումա էին ներկայացվել դեռևս 1995 և 2007թթ, սակայն արդյունքում հաջողության չեն արժանացել։ Միաժամանակ, այսօր արդեն ակնհայտ է, որ Արևմուտքում և տեղ-տեղ հետխորհրդային տարածությունում ընդունված այսպիսի օրենքները լրջորեն նվազեցրել են հարազատների և մերձավորների նկատմամբ բռնության դեպքերը։ Ուկրաինայում ընտանեկան միջավայրում ծանր հանցագործությունների թիվը նվազել է 20 տոկոսով։ Մոլդովայում ընտանեկան բռնության դեպքերի ընդհանուր քանակը նվազել է 30 տոկոսով։

Խնդրով լրջորեն է զբաղվում Վրաստանը, հատկապես, երկու տարի առաջ տեղի ունեցած կանանց սպանությունների շղթայից հետո։ Այժմ ընտանեկան բռնությունից տուժածները Վրաստանում օրենսդրորեն ձեռք են բերում անձեռնմխելիության օրդեր այն դեպքում, երբ նրանց նկատմամբ բռնությունը կրկնվում է։ Հարուցվում է քրեական գործ, որով մեղավորին կարող է սպառնալ մինչև մեկ տարի ազատազրկում։ Ավելին՝ ոստիկանությունը ստացել է հավելյալ լիազորություններ ընտանեկան հարցերին միջամտելու համար, հատկապես, եթե կասկածներ կան, թե կինը, օրինակ, քողարկում է բռնարար ամուսնուն և այլն։ Ավելի վաղ վրաց իրավապահները գերադասում էին չմիջամտել այդպիսի հարցերին՝ գերազանցապես առկա մտայնության պատճառով։ Այժմ պարեկայինների համար կազմակերպվում են հատուկ դասընթացներ՝ ընտանեկան խնդիրների հետ աշխատելու անհրաժեշտ գիտելիքներով ապահովելու համար։ Արդյունքում՝ Վրաստանում ընտանեկան բռնության մակարդակը կտրուկ նվազել է։ Իսկ ամենադրական օրինակն ու ուղենիշը, անտարակույս, Միացյալ Նահանգներն են, որտեղ 1996թ. ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումից հետո ընտանեկան միջավայրում սպանությունների քանակը նվազել է շուրջ չորս անգամ։

Ռուսաստանում ընտանեկան բռնության ապաքրեականացումն ինքնին կործանարար չէ. զոհը պահպանում է իրեն պաշտպանելու հնարավորությունը, թեև այսուհետ նրա գործը կդժվարանա։ Շատ ավելի մտահոգիչ է օրենսդրական փոփոխությունների բուն միտումը, որն անպայման կանդրադառնա հասարակության մեջ տիրող տրամադրությունների վրա և բռնությանը հակված անձանց թույլ կտա իրենց ավելի անպատիժ զգալ, ինչը հեռանկարում կմեծացնի ընտանեկան միջավայրում բռնության հողի վրա՝ այդ թվում և ծանր հանցագործությունների թիվը։ Այս վտանգն ավելի արդիական է Կովկասի և Միջին Ասիայի առավել ավանդական հասարակությունների համար, որոնցում ռուսաստանյան օրինակին հետևելը կարող է ճակատագրական լինել բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ չեն իրենց իրավունքներին և պատրաստ չեն հրապարակավ ի ցույց դնել իրենց ներընտանեկան խնդիրները։

 

 

Share

Comments are closed.