Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ

 

Անի ՃԻԼՈԶԵԱՆ
Հետազոտող
Երևան

 

Գենդերային հիմքով սպանությունները կանանց նկատմամբ բռնության առավել ծայրահեղ դրսևուրումներն են և կանանց` կյանքի, մարդասիրական վերաբերմունքի, անձնական ազատության և խտրականության բացառման իրավունքների կոպիտ խախտում [1]։ Մինչ  տղամարդկանց համար ամենամեծ վտանգը հասարակական վայրերում մեկ այլ տղամարդու կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելը կամ սպանվելն է, կանանց նկատմամբ բռնությունը հիմնականում տեղի է ունենում իրենց զուգընկեր տղամարդկանց կամ ընտանիքի անդամների մողմից ոչ հանրային վայրերում և, որպես կանոն, ներառում է շարունակական նվաստացումներ տանը, սպառնալիքներ կամ ահաբեկում, դաժան վերաբերմունք և խոշտանգումներ, սեռական բռնություն, ինչպես նաև իշխանության բաշխման ծայրահեղ անհամամասնություն[2]:  Ըստ ազգային վիճակագրության թերևս միակ հասանելի տվյալների՝ Հայաստանում 2012թ. հաղորդված դիտավորյալ սպանությունների զոհերի 10.5%-ը կանայք են՝ սպանված զուգընկերոջ կամ ընտանիքի անդամների կողմից, մինչդեռ զուգակցի կամ ընտանիքի անդամների կողմից սպանված տղամարդկանց թիվը զգալիորեն քիչ է՝ 2.9%: 2010-ից ի վեր ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից առնվազն 40  կին է սպանվել՝ անմայր թողնելով երեխաներին:

Սակայն, ընտանեկան բռնությունների հետևանքով սպանությունների իրական թվի թերի հաշվառում է սա ու ոչ լիարժեք ներկայացում, քանի որ չեն ներառվել որպես ինքնասպանություն ու դժբախտ պատահար սխալ որակում ստացած կամ կարճված գործերը: Թեպետ անհնար է հստակ կանխատեսել, թե երբ կարող է ծեծը մահվան պատճառ դառնալ, գոյություն ունեն լավ փաստագրված և կնասպանությունը բնորոշող մի շարք գործոններ: Այդ նշանների թվում են բռնարար վարքի դրսևորման պատմությունը, բռնարարին լքելու զոհի փորձերը, զոհին սպանելու՝ նախկինում հնչեցված սպառնալիքները և բռնարարի վերահսկող ու սեփականատիրական վարքի դրսևորումը:

Հիմնականում կնասպանությունը տեղի է ունենում ոչ հանրային վայրերում և, որպես կանոն, ներառում է շարունակական նվաստացումներ տանը, սպառնալիքներ, ահաբեկում, դաժան վերաբերմունք, խոշտանգումներ և սեռական բռնություն։ Հայաստանում 2010-2015 թվականներին գրանցված կնասպանության  զոհերի մեծ մասը եղել է 20-40 տարեկան, գյուղի բնակիչ։ Այդ կանայք ապրում էին բռնարարների հետ նույն տանը, երբ սպանվել են։ Կնասպանության գործերում մահվան պատճառը եղել է հիմնականում դանակահարում կամ վիզը կտրելը, ծեծը բութ առարկայով և խեղդամահ անելը։ Այս նույն ժամանակահատվածում բոլոր կնասպանության դեպքերում զոհն ու բռնարարը միասին խնաﬔլ են առնվազն մեկ երեխա, և առնվազն 7 երեխա մոր սպանության ականատեսն է եղել, նրանցից երեքը հարձակման արդյունքում ստացել է վնասվածքներ։

Կնասպանություն իրականացրած հանցագործների ազատազրկման միջին ժամկետը 9 տարի է, եթե, իհարկե, այն ճանաչվի որպես հանցագործություն։ Ցավոք, 2010 թվականից ի վեր կնասպանության մեջ մեղադրվողների ճնշող մեծամասնությունը դեռևս չի դատապարտվել կամ ազատազրկվել, չնայած դատական նիստերը սկսվել են տարիներ առաջ։ Մինչ կնասպանության առկայությունը վկայում է Հայաստանում կանանց նկատմամբ բռնության մշակույթի տարածվածության մասին, դեռևս նկատելի չեն՝ արդյո՞ք ներդրված են իրական ջանքեր՝բարելավելու գենդերային բռնությունը կանխարգելող և կանանց ու տղամարդկանց միջև հավասարությունն ապահովող ցուցանիշները հայ հասարակության բոլոր ոլորտներում:

Նախատեսվում է ընտանեկան բռնության կանխարգելման օրենքն ընդունել մինչև 2018 թվականը, սակայն մինչ օրս չկա ընտանեկան բռնությունը կարգավորող օրենսդրություն, և այդ իրավիճակի պահպանումը շարունակում է խոչընդոտել կանանց՝ օգտվելու իրենց անվտանգության ու պաշտպանված լինելու մարդու հիմնարար  իրավունքներից: Հաճախ մահվան սպառնալիքներն ու այլ նախազգուշական նշաններն անտեսվում են, քանի որ պետական մարմինների ներկայացուցիչները չունեն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ կամ չեն ցանկանում պատշաճ գնահատել ռիսկերը: Հազվադեպ հանդիպող երևույթ չէ, երբ դատարանի դահլիճում հանցագործների պատժաչափը կրճատվել է՝ ի հայտ եկած այնպիսի մեղմացնող հանգամանքների արդյունքում, ինչպիսիք են «ծայրահեղ խանդը» կամ «հոգեկան խիստ հուզմունքի ժամանակավոր վիճակը»: Նույնիսկ ծայրահեղ իրավիճակներում կանայք հազվադեպ են դիտարկում իրավական համակարգը որպես օգնության հնարավորություն, և ընտանեկան բռնության խնդիրը պահվում է գաղտնիության շղարշով պարուրված: Հաճախ վարույթում գտնվող գործերը կարճվում են։

Կանայք տարբեր պատճառներով հրաժարվում են ընտանեկան բռնության վերաբերյալ իրենց հաղորդումներից: Նրանք, հնարավոր է, խուսափում են կործանել ընտանիքը կամ վախենում են ինքնուրույնությունից: Հաշվի առնելով մշակութային նորմերը՝ նրանք կարող են հրաժարվել նաև խարանի և ամոթի պատճառով: Նրանք կարող են ճնշումների ենթարկվել իրենց ընտանիքների կամ ամուսինների կողմից, սակայն առկա տնտեսական իրավիճակում չկարողանան միայնակ հոգ տանել իրենց և երեխաների մասին:

Հայաստանը պետք է արգելի ընտանեկան բռնությունը և կանանց նկատմամբ բռնության այլ ձևերը՝ ավելի կտրուկ պետական արձագանքի ու օրենսդրության միջոցով: Պետական մարմինները, այդ թվում՝ ոստիկանությունը, դատախազությունն ու դատարանները, պետք է հաշվետու լինեն կանանց և աղջիկների անվտանգությունն ու արդադատության հասանելիությունը ապահովելու հարցում։ Անհրաժեշտ է արտակարգ իրադրությունները կարգավորող ու հատուկ պաշտպանություն ապահովող հրամանների, մեղավորների հետապնդման և օրենքի ողջ խստությամբ պատժելու միջոցով վերջ դնել անպատժելիությանն ու աջակցել զոհերին օգնություն տրամադրող կազմակերպություններին: Անհրաժեշտ է անցկացնել համալիր դասընթացներ սոցիալական աշխատողների, ոստիկանության, առողջապահական ծառայություններ մատուցողների, բժշկական փորձաքննություն իրականացնողների, դատական համակարգի պաշտոնյաների և ընտանեկան բռնության հետ առնչվող այլ անձանց շրջանում՝ զուգընկերոջ կողմից իրականացված բռնությունն արդյունավետորեն տարբերակելու, ռիսկային գործոնները գիտակցելու, զոհերին պատշաճ օգնություն ցուցաբերելու ու անհրաժեշտ ուղղորդումներ կատարելու գործում:

Վերահսկողության և հետազոտական մեխանիզմների  ուժեղացման համար պահանջվում է, որ սպանությանը վերաբերող տվյալները հավաքագրվեն ըստ սեռի, իսկ զեկույցը պարունակի տուժողի և հանցագործի միջև եղած կապին ու մահվան հանգամանքներին վերաբերող կարևոր տեղեկատվություն: Նման զեկույցներ պատրաստելիս համապատասխան մարմինները պետք է համագործակցեն՝ կնասպանության դեպքերը պատշաճ բնորոշելու համար: Ավելին, միօրինականացված ուղեցույցների ու կնասպանության դեպքերը բնորոշող և փաստագրող դասակարգիչների ներդրման մեծ անհրաժեշտություն կա: Կնոջը ստորադասող և բռնություն քարոզող նյութերի տարածման փոխարեն հարկ է օգտագործել հեռուստատեսությունն ու լրատվության մյուս ձևերը՝ որպես կնասպանության ու գենդերային հիմքով բռնության այլ դեպքերի վերաբերյալ հավաստի տեղեկատվության ազդեցիկ միջոց՝ նպաստելով կնասպանությունը սպանությունից տարբերակելուն և խրախուսելով հանրությանը ձեռնարկելու գործողություններ՝ հակադարձելու վտանգավոր միտումներին: Այս մեդիա-արշավանքները պետք է անմիջականորեն տեղեկացնեն ու նախազգուշացնեն հասարակությանը, որ զուգընկերոջ կողմից կանանց սպանությունը «խանդի» քողի տակ որակվում է որպես կանանց հանդեպ գործած հանցանք՝ արմատավորված հայրիշխանությամբ ու կանանց ստորադասելու պատկերացումներով և, հետևաբար, պետք է պատժվի:

Կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելման աﬔնաարդյունավետ միջոցն այն նախապես կասեցնելն է: Քանի որ մահացու ընտանեկան բռնությունը սեպի պես մխրճված է խիստ հայրիշխանական ավանդույթներում ու բխում է գենդերային բռնության՝ մշակութորեն ընդունելի ընկալումներից, ապա ավելի մեծ ջանքեր է պահանջվում նման համոզմունքների համակարգերը վիճարկելու ու հասարակությանը մոբիլիզացնելու՝ կրթական ծրագրերի և ռազմավարությունների մշակման, իրականացման ու աջակցության միջոցով վնասարար գենդերային կարծրատիպերի դեմ պայքարելու համար:

Կնասպանության դեմ հնարավոր չէ լիովին պայքարել՝ չխարխլելով հայ հասարակությունում գերիշխող կանանց ստորադասման ու հայրիշխանության հիմքերը: Մեծ ջանքեր են պետք ներդնել տեղական համայքների հետ համագործակցելու և գենդերային հիմնահարցերը ներառող այնպիսի կրթական ծրագրեր ու օրենսդրություն մշակելու համար, որոնք կհասցեագրեն կառուցվածքային բռնությունը տեղական ու ազգային մակարդակով, ինչպես նաև կնպաստեն բարձր վարձատրվող աշխատանք գտնելու, սեփականություն ձեռքբերելու ու որոշում կայացնող պաշտոններում առաջադիﬔլու կանանց հնարավորությունները[3]:

 

[1] ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ (ՄԱԹՀՊԳ) [United Nations Office on Drugs and Crime, Սպանությունների համընդհանուր զեկույց. Միտումներ, համատեքստ, վիճակագրություն [Global Study on Homicide: Trends, Context, Data], 2011, [անգլերեն] Կապուղի՝ https://www.unodc.org/documents/data-and-analysis/ statistics/ GSH2013/2014_GLOBAL_HOMICIDE_BOOK_web.pdf.

[2] Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) [World Health Organization], Հասկանալով և թիրախավորելով բռնությունը կանանց նկատմամբ [Understanding and Addressing Violence Against Women ], 2012, [անգլերեն] Կապուղի՝ http://apps.who.int/iris/bitstream/10665/77421/1/ WHO_RHR_12.38_eng.pdf?ua=1.

[3] Այս հոդվածը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից պատրաստված զեկույցի սեղմ տարբերակն է։ Ամբողջական զեկույցին ծանոթանալու համար հետևեք այս հղումին՝ http://coalitionagainstviolence.org/wp-content/uploads/2016/05/ Femicide_Report_ARM.pdf?x24321։

Share

Comments are closed.