Այնուամենայնիվ, ինչու՞ է կարևոր ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը ՀՀ-ում

Կամ՝ 6 միֆ, որ լսել եք ընտանեկան բռնությունը կարգավորող օրենքի մասին

 

Մարիա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հետազոտող
Երևան

 

2007 թվականից` ընտանեկան բռնությունը հասցեագրող  առաջին օրենքի նախագծի ներկայացումից, 10 տարի  անց էլ  կանանց իրավունքների դիսկուրսը ՀՀ-ում դեռևս տարածվում է հենց այդ օրինագծի ընդունման կարևորության շրջանակներում:  2016 թվականին, ինչպես և նախորդ տարիներին, ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն (այսուհետ ԿՆԽՎ կոմիտե) CEDAW/C/ARM/CO/5-6 ( para 17 a և b) հանձնարականով կրկին շեշտել է օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Սակայն վերջին տարիներին ականատես ենք լինում մի տխուր իրականության. հայաստանաբնակ  60%-ից[1] ավելի կանանց  իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ իրավական կարգավորման խնդիրը  ոչ միայն անտեսվում է պետության կողմից, այլև ՀՀ-ում գործող մի շարք կազմակերպություններ միջոցներ ու ջանքեր չեն խնայում հասարակությանը մոլորեցնող ու ստահոդ տեղեկություններով խոչընդոտելու ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը։ Ավելին, ընտանեկան բռնության  դեմ պայքարը որակվում է  մինչև իսկ «ազգային դավաճանություն»՝  հասարակությանը ներարկելով անհիմն միֆեր այդ հարաբերությունների ու դրանք կարգավորող օրինագծի ու ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։ Մինչդեռ Կոալիցիայի կողմից 2010-2016 թվականերին դիտարկված ընտանեկան բռնության ենթարկված կանանց  դատական գործերի վերլուծության[2] արդյունքները արտածում են այլ իրականություն, որի շրջանակում էլ կդիտարկենք շրջանառվող միֆերը։

  1. Ընտանեկան բռնությունը հրատապ խնդիր չէ ՀՀ-ում, ու կանանց իրավունքների խախտման տեսանկյունից այն դիտարկելը միջազգային օրակարգի ու «արևմտյան արժեքների» ներմուծում է հայ իրականություն

Ըստ ՀՀ Ոստիկանության պաշտոնական տվյալների` 2016 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում  արձանագրվել է ընտանեկան բռնության 563 դեպք, որոնցից ամուսնու կամ զուգընկերոջ կողմից կնոջ նկատմամբ՝ 370 դեպք: 2016 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում  ՀՀ ոստիկանություն է ահազանգել 1959 կին և հայտնել տարբեր տեսակի բռնությունների մասին։ Նույն ժամանակահատվածում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի (այսուհետ` Կոալիցիա) անդամ կազմակերպությունների թեժ գծերին կատարվել է մոտ 5000 զանգ։ 2010-2016 թվականներին հասարակական կազմակերպություններն արձանագրել են առնվազն 40 կնասպանության դեպք: Չնայած այս վիճակագրական տվյալները չեն արտացոլում ընտանեկան բռնության ամբողջական պատկերը` վիճակագրական գործիքների անկատարության, իրավապահ մարմինների անգործության և հատկապես կանանց կողմից հաղորդում չներկայացնելու պատճառով, որը իրավապահ ու դատական մարմինների նկատմամբ ցածր վստահության ու հայրիշխանական հասարակարգին բնորոշ կարծրատիպերի արդյունք է, այն միանշանակ ընդգծում է ընտանեկան բռնության խնդրի կարևորությունն ու հատկապես կանանց խոցելիությունն այս հարաբերություններում: Այսինքն, ընտանեկան բռնությունը ՀՀ-ում զուգորդվում է խիստ արտահայտված գենդերային հիմքով բռնությամբ[3]:

  1. Հայկական ընտանիքում չկա բռնություն, ու դրա դեմ պայքարը հայկական մշակույթի և ավանդական ընտանիքի խարխլմանն է ուղղված

Հաշվի առնելով հայ բազմադարյա պատմությունը, պատմության ընթացքում տարբեր՝ ռուսական, օսմանյան, պարսկական  տերությունների իշխանության  ժամանակահատվածները,  բազմաթիվ սփյուռքօջախների առկայությունը, բարդ կլինի բանաձևել  թե հատկապես  «հայ ավանդական ընտանիքի մոդելը» որ ժամանակահատվածին ու տարածաշրջանին համապատասխան բնութագրեր ու արժեքներ ունի։ Այնուամենայնիվ, սկսած վաղ միջանադարից Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի, Շահամիր Շահամիրյանի ձևավորած իրավական միտքը բացառել ու դատապարտել է բռնությունը՝ հատուկ ընդգծելով ընտանեկան և կնոջ նկատմամբ բռնության երևույթները։ Ավելին, «մեկը բամբակ, մյուսը զանգակ», «ամուսինը տան գլուխն է», «հայ կինը տան սյունն է» հասարակության մեջ տարածված ու կնոջը զոհարկող արտահայտությունները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ ու Ընտանեկան օրենսգրքով սահմանված կնոջ ու տղամարդու` հասարակական հարաբերությունների բոլոր շերտերում՝ այդ թվում ընտանիքում, իրավահավասարության դրույթներին։

Այնուամենայնիվ, հասարակությունում սեռերի դերերի վերաբերյալ պատկերացումները մեդալի հակառակ կողմում են։ Համաձայն դիտարկված դատական գործերի մեղադրանքի և դատավարական կողմերի ու վկաների վկայությունների`  կնոջ` «առաքինի, պարկեշտ, հնազանդ ու ընտանիքի լավ մայր լինելու» սուբյեկտիվ վիճարկումը ու տղամարդու` «տան գլուխ, որոշումներ կայացնող, ընտանիքի անդամների կյանքը վերահսկող, բռնության միջոցով իր իշխանությունը ընտանիքում հաստատող» դերերն ու  պատկերացումներն են հանդիսանում կանանց նկատմամբ իրենց զուգընկերների ու ընտանիքի անդամների կողմից կատարված բոլոր հանցագործությունների շարժառիթն ու դրդապատճառը[4]: Աշխատությունում դիտարկված բոլոր գործերում հանցագործության պատճառ ու մեղադրանքի հիմք են տուժող կնոջ վարքի վերաբերյալ հետևյալ սուբյեկտիվ պատկերացումները. «լավ մայր չէր», «երեխաներին լավ չէր դաստիրակում», «կասկածվում էր դավաճանության մեջ», «առաքինի ու համեստ չէր», «լավ կին չէր` տները մաքուր չէին, ճաշը պատրաստված չէր», «ճաշելիս կանաչին ուշ է բերել»,  որի արդյունքում հանցագործի արարքի համալիր քննության փոխարեն դատական դահլիճը օգտագործվում է նման բնութագրերի հավաստիությունը պարզաբանելու համար:
Ցավալին այն է, որ այս կարծրատիպերը ոչ միայն հանցագործության հիմնապատճառ են, այլև հաճախ հանդիսացել են գործի փաստերով չապացուցված մեղադրանքի կամ նույնիսկ դատավճռի հիմք: Այսինքն, դրանք վիճարկելու և օրենքի ուժով խստորեն պատժելու փոխարեն` դատարանը կամ պատշաճ ուշադրության չի արժանացրել կամ վերահաստատել է այդ հանցածին կարծրատիպերը, այդ թվում՝ տուժողներին ուղղված նմանօրինակ արտահայտություններով` «մեծ տղա ես, բա չէ՞իր կարողանում մամայիդ ասել…», «մի կտոր հացի համա՞ր էիր մնացել էտ տանը», «հլը ճիշտն ասա՝ ի՞նչ ես թաքցնում»: Մինչդեռ վերոնշյալը  հանդիսանում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քրեական, Քրեական դատավարության և Դատական օրենսգրքերի, Դատավորի վարքագծի կանոնների, ինչպես նաև ՄԻԵԿ-ի, ԿՆԽՎԿ-ի ու ՔՔԻՄԴ-ի  դրույթների կոպիտ խախտում:

3.ՀՀ իրավական համակարգը ապահովում է ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքների անհրաժեշտ պաշտպանություն, իսկ  ընտանեկան բռնությունը հասցեագրող առանձին օրենքն այլ «թաքնված» նպատակներ է հետապնդում։

Քանի որ  իրավահարաբերությունները կարգավորող օրենքի բացակայությունը նշանակում է կանխարգելիչ մեխանիզմների անհասանելիություն՝ հարկ է դիտարկել, թե ինչպես են վերականգնվում ընտանիքի ներկա կամ նախկին անդամի կողմից բռնության ենթարկված անձի իրավունքները, երբ վերջիններս փորձում են իրացնել արդարադատության մատչելիության իրենց սահմանադրական իրավունքը՝ ՀՀ առկա օրենսդրական դաշտում:

Եթե համադրենք ՀՀ ներպետական օրենսդրության ու միջազգային պարտավորությունների պահանջները, կարող ենք սահմանել, որ ՀՀ-ն պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ` երաշխավորելու տուժող կնոջ` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը` ապահովելով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներով (այդ թվում` մեղադրյալի հանցանքին համաչափ պատիժ, տուժողի ու նրա ընտանիքի անվտանգությունը պաշտպանող միջոցառումներ և արդարացի փոխհատուցում) և խտրականությունից ու անհավասար վերաբերմունքից զերծ դատավարություն (այդ թվում զերծ՝ մշակութային նորմերով, ավանդույթներով և հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերով պայմանավորված խտրականությունից):

Դատարանների մատչելիությունը Իրականում ՀՀ եռաստիճան դատական համակարգը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմինները ևս փաստացի դերակատարում չունեն դիտարկված գործերի քննության ու կանանց արդար դատաքննության իրավունքի իրացման տեսանկյունից, քանի որ ՀՀ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները բեկանել են Առաջին ատյանի դատարանի միայն մեկ վճիռ, իսկ ՀՀ-ից անհատական բողոքեր չեն ներկայացվել ՄԻԿ և ԿՆԽՎ կոմիտե։

Ավելին, դատարանում բոլոր քննված դեպքերը դիտարկվել են որպես մեկանգամյա հանցագործություն` «կենցաղային վեճ» , երբեք հաշվի չառնելով բռնությունների պարբերական  բնույթը, գործած տնտեսական, հոգեբանական ու սեռական բռնարարքները,  գործի նախապատմությունը, համակարգային անգործությունն  ու նման դեպքերը քննելու միջազգային պրակտիկան:

Ինչպես նշվեց վերևում, գենդերային խտրականությունը դատարանի դահլիճում լրջորեն խոչնդոտում է արդարադատությանը:

Տուժողին պատշաճ պաշտպանության ու փոխհատուցման խնդիրներ. չնայած տուժողին պատշաճ փոխհատուցում տրամադրելը հանդիսանում է արդար դատաքննության ու արդարադատության մատչելիության հիմնարար բաղադրատարր ու սկզբունք` դատարանը, որպես կանոն,  կա՛մ մասնակի է բավարարել հայցը, կա՛մ ընդհանրապես քննության չի առել քրեական գործի հետ համատեղ` թողնելով գույքային պահանջները ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով, ինչը ժամանակի ու նյութական լրացուցիչ  ռեսուրսներ է պահանջում տուժողից:

Չնայած կրկնահանցագործությունների ու տուժողի` կրկին բռնության ենթարկվելու վտանգին, դատարանը ոչ դատաքննության փուլում, ոչ էլ դատավճռով չի սահմանում պաշտպանության միջոցներ՝ պաշտպանելու տուժողին վերազոհարկման վտանգից, մինչդեռ քննված գործերում արձանագրվել են տուժող կնոջը ֆիզիկական բռնության ենթարկելու դեպքեր՝ նույնիսկ դատաքննության ընթացքում։

Անհանգստացնող է նաև դատարաններում տղամարդ մեղադրյալների գործած հանցանքներին ոչ համաչափ պատիժներն ու ամբաստանյալների գործած արարքների մեղմացման տենդենցը: Այդ թվում մեղմացուցիչ հանգամանքների պարտադիր կիրառումն ի հակադրություն ծանրացուցիչ հանգամանքների գրեթե մշտական անտեսման:

  1. Ընտանեկան բռնության օրենքն ընդունելու դեպքում թիրախավորելու են երեխաներն, ու ընտանիքում երեխաների շահերի ու իրավունքների պաշտպանությունը խոցելի է դառնալու:

Այս թեզը թերևս ամենատարածվածն է  օրենքի ընդունմանն ընդդիմացողների շրջանակում: Այնուամենայնիվ, դիտարկված դատական գործերն ապացուցում են հակառակը: Ներկայումս, օրենքի բացակայության  և իրավապահ ու դատական մարմինների կողմից ընտանեկան բռնություն  հանցագործության բնույթի ոչ պատշաճ ընկալման արդյունքում, երեխաների իրավունքներն ու շահերը ամբողջովին անտեսված են: Ընտանեկան բռնության մեջ տարիներ շարունակ ապրող երեխաները ոչ միայն չեն ստանում պատշաճ իրավաբանական ու  հոգեբանական օգնություն, այլև հաճախ շարունակում են բնակվել բռնարար ծնողի հետ, քանի որ վերջինս ֆինանսապես ավելի ապահովված է լինում: Ավելին, նույնիսկ դատարանում մեղադրյալի կողմից պարբերաբար ֆիզիկական, սեռական ու հոգեբանական բռնության ենթարկվելու երեխաների վկայությունները ոչ միայն անտեսվել են դատարանի կողմից, այլև դատարանը բոլոր հնարավոր դեպքերում  տուժողի ու մեղադրյալի` համատեղ երեխաների առկայությունը դիտարկել է որպես մեղմացուցիչ հանգամանք հանցագործների պատիժը նշանակելիս` ամրապնդելով «տղամարդու իրավունքները գերակա են երեխաների ու մոր շահերից ու իրավունքներից» հասարակության մեջ արմատացած կարծրատիպը:

  1. Ոստիկանությունն ու նախաքննություն իրականացնող մարմինները չունեն գործիքներ` պատշաճ արձագանքելու ու կանխելու ընտանեկան բռնություն հանցագործությունը:

Իսկապես ընտանեկան բռնության օրենքի ընդունումը կսահմանի ոստիկանական լիազորությունների  ավելի մեծ ու հստակ շրջանակ, սակայն ներկայումս այդ մարմնի ու նախաքննությունն իրականացնող մարմինների անգործությունն ակնհայտ է:  Դիտարկված գրեթե բոլոր գործերում առկա են տուժող կնոջ կողմից ոստիկանություն ներկայացված նվազագույնը երկու բողոք՝ մեղադրյալի կողմից նրանց նկատմամբ գործած բռնության մասին, որոնք հիմնականում կարճվել են «դիմումը հետ վերցնելու», կամ «հանցակազմի բացակայության» հիմքերով, մինչդեռ ՄԻԵԴ-ն  իր մի շարք որոշումներում (ՀՀ ՔրԴՕ 8(4) հոդվածով կիրառելի է ՀՀ-ում) ձևավորել է այն իրավական դիրքորոշումը, որ առանձին դեպքերում, մասնավորապես ընտանեկան բռնության գործերով պետություններն ունեն պոզիտիվ պարտականություն՝ պատշաճ քննություն իրականացնելու, ընդհուպ մասնավոր հետապնդման գործերը հանրային մեղադրանքի կարգով քննելու համար:  Նման գործելաոճը որոշ դեպքերում կնոջը կյանք է արժեցել: Ավելին՝ բացառությամբ սպանության դեպքերի, երբ ամբաստանյալները կալանավորվել են, մնացած բոլոր գործերում տուժող կանայք ահաբեկվել և բռնությունների են ենթարկվել նույնիսկ դատաքննության ընթացքում, որոնք, սակայն, անհետևանք են մնացել բռնարարների համար:

  1. Ընտանեկան բռնությունը ներընտանեկան խնդիր է, որն իրականում« լուրջ» հանցագործություն չէ, և դրա հանրայնացումը նույնպես ցանկալի չէ:

Ընտանեկան բռնության վերաբերյալ հասարակության մոտեցումները բավական մտահոգիչ են: Տուժող կանանց մեծ մասը բազմաթիվ անգամներ բռնությունների է ենթարկվել իր ընտանիքում ու լռել` համարելով դա «ներընտանեկան խնդիր»: Այդ լռությունը ոմանց կյանք է արժեցել:  Կոալիցիայի անդամների կողմից չի գրանցվել որևէ դեպք, երբ մեղադրյալի ընտանիքի անդամը զղջա, իր ցավակցությունը կամ զորակցությունը հայտնի տուժողին կամ նրա ընտանիքին, մինչդեռ նրանք նախկինում մեկ ընտանիք ու բարեկամներ են համարվել: Ընդհակառակը, ճնշող մեծամասնության դեպքերում տուժողի աջակցիները` հատկապես հասարակական կազմակերպությունները,  մեղադրվել են «կնոջը խաբելու», «ընտանիքը քանդելու», «հային ոչ հարիր արժեքներ քարոզելու» մեջ և սպառնալիքների ու բռնությունների ենթարկվել:

Ավելին, դատարաններում ևս հստակ ոչ պատշաճ պատկերացում կա այս հանցագործության վերաբերյալ. դա է վկայում դատարանում տուժողների վերազոհարկումն ու մեղադրյալների նկատմամբ արտահայտված մեղմ վերաբերմունքը ինչպես դատաքննության ընթացքում, այնպես էլ՝ պատիժը վճռելիս: Մինչդեռ օրենքի բացակայության ու ընտանեկան բռնության հանցավորությունը թերագնահատելու արդյունքում մեղադրյալների ոչ իրավաչափ պատիժները հանգեցրել են կրկնահանցագործությունների, ինչպես, օրինակ, մի դեպքում՝ 6 ամիս ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառելու դատարանի վճռով ազատության մեջ գտնվող հանցագործը կացնահարել էր իր նախկին կնոջը, հորը ու սպանել  մորը: Իսկ մեկ այլ դեպքում համաներմամբ ազատ արձակված հանցագործը կողոպտել էր սեփական հորն ու մորը ` հրդեհելով նրանց տունը:

Հետևաբար, հստակ կարող ենք նշել, որ ընտանեկան բռնությունը հասցեագրող, «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի Կոնվենցիայի և «Կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ ԿՆԽՎԿ թիվ 19 Ընդհանուր հանձնարարականի չափորոշիչներին համապատասխան զոհակենտրոն օրենքի ընդունումը հրամայական է, սակայն դրան  անհրաժեշտ է համակցել գենդերայնորեն զգայուն մարդու իրավունքների ուսուցումը ու նման չափորոշիչների կիրառումը դատական ու կրթական համակարգերում[5]:

 

[1] Համաձայն «Պրոակտիվ հասարակություն» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից  ԵԱՀԿ պատվերով 2011 թ. իրականացված հետազոտության արդյունքների ՝ հետազոտության իրականացման պահի դրությամբ հարցված կանանց 60%-ը իրենց կյանքի ընթացքում ենթարկվել էր մեկ կամ մի քանի տեսակի ընտանեկան բռնության:

[2] Կոալիցիայի կողմից դիտարկվել է 9 կնոջ դատական գործ, այդ թվում`  3 սպանության, 2 ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու , 3 ծեծի ու մարմնական վնասվածքների և 1 ծնողներից երեխային ապօրինի բաժանելու մեղադրանքներով: Մանրամասները տես` «Օրինականացնելով գենդերային կարծրատիպերը` կարծրատիպերի դերն ու արդարադատության մատչելիությունը գենդերային հիմքով ընտանեկան բռնության դատական գործերի համատեքստում» աշխատությունը:

[3] «գենդերային հիմքով կանանց նկատմամբ բռնություն նշանակում է այն բռնությունը, որը կնոջ նկատմամբ դրսևորվում է նրա կին լինելու պատճառով կամ որը կանանց նկատմամբ դրսևորվում է անհամաչափորեն», ԵԽ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա

[4] Ըստ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի «Զե՛րծ պահիր ինձ քո կարծրատիպերից» 2011 թ.-ի  սոցիոլոգիական հարցման տվյալների` Հայաստանաբնակ միջնակարգ կրթությամբ տղամարդկանց 41 %-ը, իսկ կանանց 51.9%-ը կարծում են, որ «կնոջ հիմնական և միակ դերը ընտանիքում դա մայր լինելն է»: Այս կարծիքը կիսում են բարձրագույն կրթությամբ տղամարդկանց 36.1%-ը, ինչը ընդգծում է  կրթության ոլորտում կարծրատիպերը կոտրող կրթական ծրագրերի բացակայությունն ու նմանատիպ կարծրատիպերի դեմ պայքարի անհրաժեշտությունը:

[5] Այս խնդիրների վերաբերյալ ավելի մանրամասն «Օրինականացնելով գենդերային կարծրատիպերը` կարծրատիպերի դերն ու արդարադատության մատչելիությունը գենդերային հիմքով ընտանեկան բռնության դատական գործերի համատեքստում» զեկույցում:  Կապուղի` http://bit.ly/2ldyHVp

Share

Comments are closed.