Մարդու իրավունքները հարձակումների տակ են

Արշավ ընդդեմ Էրենի և Շավքանի նկատմամբ առաջ քաշած մեղադրանքների


Քերի Մոսքոգիրի
Amnesty International

Այսօր աշխարհով մեկ մարդու իրավունքներն ու արտահայտվելու  ազատությունը հարձակումների տակ են:  Մենք դարձել ենք ականատեսը գլոբալ միտման, թե ինչպես են հանուն ազգային անվտանգության սահմանափակվում քաղաքացիական հասարակության ազատությունները: Մարդիկ և խմբերը, որոնք պաշտպանում են այդ իրավունքները,  թիրախավորվում են: Նրանք առերեսվում են ֆինանսավորման, կարգավիճակի և գործունեության ապահովման   ահագնացող  խստացումների հետ. բոլորն են սահմանափակումների  ենթարկվում կամ նույնիսկ կասեցնում  իրենց գործունեությունը:Ներկա պահին ողջ աշխարհում անարդարությունների մասին խոսելու համար  մարդիկ ռիսկի են ենթարկում ամեն ինչ: Նրանց թվում են լրագրողները, ուսանող-առաջնորդները, քաղաքական  ընդդիմադիրները, ուսուցիչները, իրավաբանները,  կանանց իրավունքների  ու շրջակա միջավայրի համար պայքարող ակտիվիստները և շատ ուրիշներ: Նրանք հալածվում են, կտտանքների ենթարկվում, բանտարկվում և նույնիսկ սպանվում լոկ նրա համար, որ համարձակություն ունեն ոտքի կանգնելու՝  հանուն  ճշմարտության:

Մենք   ականատես ենք լինում  սահմանափակող ազգային օրենքների, քաղաքականության և գործուն քայլերի միջոցով մարդու իրավունքների ակտիվիստների և կազմակերպությունների թիրախավորման:  Այն ներառում է նաև արտասահմանյան ֆինանսավորում ստանալու  սահմանափակումները, ակտիվիստների հաշիվները սառեցնելը, ճանապարհորդելու արգելքները և   արտերկրյա վիզա ստանալու պահանջների խստացումը՝ կանխելու համար նրանց մասնակցությունը միջազգային համաժողովներին:

Նկատում ենք նաև մարդու իրավունքների որոշ պաշտպանների նկատմամբ թիրախավորված հսկողություն: Սրանք հարձակումներ են ոչ միայն այդ անհատների, այլ նաև ամբողջ քաղաքացիական հասարակության  դեմ:   Այս կերպ հնարավոր է վախի մթնոլորտ ձևավորել  և մյուսներին հետ պահել  մարդու իրավունքները պաշտպանելուց:

Կան նաև խմբեր, որոնք  առանձնակի վտանգի մեջ են:  Աշխարհի բոլոր տարածաշրջաններում կանանց իրավունքների  պաշտպանները հաճախ առերեսվում են  բռնությանը,  սպառնալիքներին ու ճնշումներին: Նրանք կարող են  նույնիսկ  զրկվել իրենց կյանքից  միայն այն պատճառով, որ  մարտահրավեր են նետում գենդերային   կարծրատիպերին և սոցիալական նորմերին, խնդրո առարկա են դարձնում այնպիսի հարցեր, ինչպիսին են սեռական և վերարտադրողական առողջությունը կամ պաշտպանում են խտրականության և չարաշահումների ենթարկվող կանանց և աղջիկների իրավունքները:

Աշխարհում չկա այնպիսի տարածաշրջան, որը  նախորդ տարվա ընթացքում չի  տուժել  այլախոհության նկատմամբ կիրառվող սահմանափակումներից:    Որոշ դեպքեր չափազանց ակներև էին և  բռնի, մնացածներն՝ ավելի   թեթև և քողարկված հարգանքի շղարշով: Մենք ականատես եղանք այլախոհների և մամուլի  հետապնդումների այնպիսի երկրներում, ինչպիսին են Թուրքիան և Բահրեյնը:   Տեսանք նաև Եվրոպայի մեծ մասում և ողջ  ԱՄՆ-ում ատելության խոսքի տարածումը:

Հաճախ լրագրողները գտնվում են  մարդու իրավունքների խախտումների առաջնագծում: Նրանք  կարևոր դեր են խաղում  մարդու իրավունքների չարաշահումների վերհանման  գործում: Սա նշանակում է, որ շատ վայրերում լինել լրագրող  համարժեք է  անձնական   վտանգի ենթարկվելուն:

Օրինակ, Թուրքիայում  ականատես եղանք, որ  արտահայտվելու ազատությունը ագրեսիվ կերպով սահմանափակվեց: Անցյալ տարվա հուլիսի  ռազմական հեղաշրջման  փորձի ժամանակ   Թուրքիայում շատացան այլախոհների նկատմամբ հետապնդումները:  Այս շրջանակում  ներառված են նաև հանրային ոլորտի շուրջ 100 հազար աշխատակիցներ, որոնք  հեռացվեցին  իրենց պաշտոններից ահաբեկչական կազմակերպությունների հետ  ենթադրյալ առնչության  և  ազգային անվտանգության սպառնալիք  հանդիսանալու հիմքերով:

Արդյունքում 118 լրագրողներ  հայտնվեցին նախնական  կալանքի տակ,  և 184 մեդիա-կազմակերպություններ ընդմիշտ փակվեցին: Ինտերնետի գրաքննությունը նույնպես մեծացավ, և գործադիր իշխանության հրահանգով նոյեմբերին շուրջ  375 հասարակական կազմակերպություններ, ներառյալ կանանց իրավունքների խմբեր, իրավաբանական  միավորումներ և մարդասիարական կազմակերպություններ, փակվեցին:

Էրեն Քեսքինը,  մարդու իրավունքներով զբաղվող իրավաբան և խմբագիր, Թուրքիայում մեկն էր այն բազմաթիվ մարդկանցից, ով թիրախավորվել էր: Նա ենթարկվել էր մահվան սպառնալիքների, ֆիզիկական հարձակումների և մշտական դատական հետապնդումների: Նրա դեմ    ավելի քան հարյուր անգամ մեղադրանքներ են առաջ քաշվել, և մեկ անգամ չէ, որ  դատապարտվել  է  հիմնականում քրդերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար:

Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո Էրենը  մեղադրվեց իրավախախտումների մեջ՝   քրդական  «Özgür Gündem» թերթի հետ աշխատելու   և  ահաբեկչական կազմակերպության  անդամակցության համար: Եթե հաստատվի մեղադրանքը, ապա նա կարող է ցմահ ազատազրկման ենթարկվել:

Եգիպտոսում   ապստամբության  հենց սկզբից նկատում ենք մարդու իրավունքների և   խոսքի ազատ արտահայտման իրավունքի շարունակական  վատթարացում: Իշխանությունները բազմիցս սահմանափակել են  ազատ արտահայտվելու, միավորումներ կազմելու և հավաքներ անցկացնելու իրավունքները: Լրագրողները և ակտիվիստները ենթարկվել են  ձերբակալությունների, հետապնդումների  կամ բանտարկությունների՝  ցույցերը լուսաբանելու կամ դրանցում մասնակցություն ունենալու համար:

Ֆոտոլրագրող Մահմուդ Աբու Զեյդը, ով հայտնի է նաև  Շուքան անվամբ, և ուրիշ ավելի քան 730 այլ մարդիկ  շարունակում են զանգվածաբար ենթարկվել  գաղտնալսումների, անարդար դատավարության, որը սկսվել է  2015թ-ի դեկտեմբերին:

Շուքանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ են առաջ քաշված,  ներառյալ  քրեական  խմբավորումներին անդամակցելը  և սպանություն՝ 2013-ի օգոստոսի 14-ին մայրաքաղաք Կահիրեի  նստացույցը   վավերագրելու  ժամանակ: Այժմ 3 տարի է՝  նա բանտարկված է, և զուտ իր մասնագիտական աշխատանքը կատարելու համար կարող է նույնիսկ մահվան դատապարտվել:

«Amnesty»-ն արշավներ է անցկացնում, որպեսզի Էրենի և Շավքանի  նկատմամբ առաջ քաշած մեղադրանքները չեղյալ համարվեն, և անհապաղ ու  առանց պայմանների ազատ արձակեն Շուքանին:

Սակայն աշխարհի  այլ մասերում, որտեղ լրագրող  լինելը  չի  նշանակում կենաց ու մահու պայքար մղել, մեդիան և թղթակիցները կարող են դժվարություններ ունենալ՝ կատարելու իրենց աշխատանքը: Մեդիայի նկատմամբ թշնամական հռետորաբանությունը  լայն տարածում ունի: Օրինակ, նախագահ Թրամփն օգտագործում է թվիթերյան իր միկրոբլոգը, որպեսզի հարձակվի որոշ  լրատվամիջոցների թղթակիցների վրա, ներառյալ  «CNN»-ը և  «BBC»-ն, որոնց վերջերս արգելվել է մասնակցել Սպիտակ տան բրիֆինգներին:

Ազատ արտահայտման իրավունքը  մարդու իրավունքների պաշտպանության սիրտն է: «Amnesty»-ն հավատում է մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությանը և  մարդու իրավունքների խախտումների դեմ  գործելու նրանց իրավունքին:  Այդ իսկ պատճառով  ուրախ էինք, երբ միջազգային հանրությունը 1998-ին պաշտոնապես ընդունեց ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների պաշտպանների  հռչակագիրը»:  Սա այն էր, ինչի համար մեր  անդամները  պայքարում էին, քանի որ   հաստատակամորեն հավատում էինք՝  նրանք, ովքեր  ոտքի են ելնում հանուն մարդու իրավունքների,  վճռորոշ փոփոխությունների գործակալներն են:

Չնայած այս  դրական զարգացումներին,  այնուամենայնիվ, մենք դեռ տեսնում ենք  տարածքներ, որտեղ մարդու իրավունքների պաշտպանները կարող են իրենց գործունեությամբ զբաղվել, ու աջակցություն և պաշտպանություն ստանալու փոխարեն իրենք    թիրախավորվեն,   հարձակումների  ենթարկվեն:

Այդ պատճառով էլ «Amnesty»-ն ուժեղացնում է ջանքերն ի նպաստ գլոբալ շարժման՝  այս տարի հիմնելով մարդու իրավունքների պաշտպանների հետագա պաշտպանության և ճանաչման համաշխարահային արշավ:

Մենք, առավել  քան  երբևէ,  այդ պաշտպանների կարիքն ունենք: Նրանք  խոսում են հանուն ազատ խոսքի: Մարտահրավեր են նետում ռասիզմին և սեքսիզմին: Եվ, վերջապես,  մեր առաջնորդներին ստիպում են հաշվետու լինել: Առանց նրանց  աշխարհը կլիներ  նվազ արդար և պակաս հավասար: Չնայած 2016-ին մենք ականատես եղանք մարդկային վարվելակերպի վատագույն ձևերին,  սա նաև տարի էր, երբ երևակվեցին մարդկային   լավագույն արարքները: Անհամար մարդիկ  ոտքի կանգնեցին   հանուն մարդու իրավունքների պաշտպանության և բռնության զոհերի՝  հաճախ նաև  դրա համար  զոհաբերելով իրենց սեփական կյանքն ու ազատությունը: Նրանց թվում էին լրագրողներ, մեդիայի աշխատողներ, իրավաբաններ, կանանց և փոքրամասնությունների  իրավունքների պաշտպաններ, արշավների կողմնակցիներ և շատ այլ մարդիկ:

Չնայած  զարհուրելի  չարաշահումների և սպառնալիքների հետ առերեսվելուն՝ հենց նրանց  խիզախությունն ու  վճռականությունն է  աշխարհում մարդկանց համար  ավելի լավ ապագայի հույսեր ներշնչում:

Մենք պետք է տոնենք և  հիշատակենք նրանց բոլորի վճռականությունը, ովքեր  ոտքի կանգնեցին և պահանջեցին ազատ խոսք ամբողջ աշխարհում:

Քերրի Մոսքոգիրին Amnesty International արշավների տնօրենն է ՄԹ-ում

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

Բնօրինակը՝ Humanrights.brightblue.org.uk

 

Share

Comments are closed.