Քաղաքացիական հասարակությունը՝ համակարգի ճնշման տակ.

 ՀԿ-ների համագործակցության  և  դիմադրության հեռանկարները

 


Ալվարդ ՍԱՐԳՍՅԱՆ
Անկախ վերլուծաբան
Ստեփանակերտ

 

Ակտիվ  քաղաքացիական հասարակության գոյությունը ժողովրդավարական և իրավական  պետության կայացման երաշխիքն է։ Անցումնային շրջանում գտնվող պետությունների համար մշտական սպառնալիք է հանդիսանում ժողովրդավարական ինստիտուտների անարդյունավետությունը, մարդու իրավունքների համակարգի պաշտպանության թերի ձևավորումը, հասարակության մեկուսացումը   քաղաքական գործընթացների մասնակցությունից, ԶԼՄ-ների ազատության խոչընդոտումը և այլն։ Քաղաքացիական հասարակության դերը կարևորվում է   պետական կառավարման գործընթացների վերահսկողությամբ և բարեփոխումներն իրականացնելու թափանցիկության ապահովմամբ:

Արցախում, թվում է, ակտիվ հասարակության պակաս երբևէ չպիտի լիներ։ Դեռևս խորհրդային տարիների համատարած ճնշումների տակ Արցախում ակտիվ հասարակության և մտավորականության նախաձեռնությամբ ծավալվեց մի այնպիսի շարժում, որը հետագայում  հանգեցրեց ազգային- ազատագրական պայքարի և որի արդյունքում ստեղծվեց ներկայիս Արցախի Հանրապետությունը։

Քսանհինգ տարի Արցախում ունենալով դե ֆակտո անկախ պետություն, կարծես թե կայացած  քաղաքական համակարգ և պետական ինստիտուտներ, այդուհանդերձ՝ վերապահումով կարելի է խոսել կայացած քաղաքացիական հասարակության մասին: Այս վիճակը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։

Ինչպես մյուս քաղաքական համակարգի տարրերի դեպքում՝ քաղաքացիական հասարակության առանձնահատկություններն Արցախում պայմանավորված են այն իրողությամբ, որ պետությունը ներգրավված է ակտիվ հակամարտության մեջ։ Արտաքին թշնամու գաղափարը և մշտական վտանգի առկայությունը ժողովրդի մեջ ձևավորել են որոշակի հանդուրժողականություն  քաղաքական գործընթացների նկատմամբ, որն իր ողջ պարզությամբ-պարզունակությամբ դրսևորվում է ընտրությունների ժամանակ՝ հասարակության մի մեծ շերտի անտարբերությամբ։

Քաղաքացիական հասարակություն կարող է կայանալ միայն ու միայն ժողովրդավարական վարչակարգերում, որտեղ հանրությունն ունի բոլոր լծակները՝ վերահսկելու իշխանությանը, ակտիվ մասնակցություն ունենալու  քաղաքական գործընթացներում, իսկ պետությունն էլ հարկադրված է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը,  խոսքի ազատությունը և այլն:  ԼՂՀ-ն չնայած Սահմանադրությամբ հռչակվել է որպես  ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, սակայն անկախությունից ի վեր իշխող վարչակազմի գործունեության մեջ միշտ էլ առկա են եղել ավտորիտարիզմի տարրեր, ինչն էլ խոչընդոտել է քաղաքացիական հասարակության կայացմանը:

Քաղաքացիական հասարակության կայացման գործում մեծ է հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) դերակատարությունը: Արցախի Հանրապետության պետական ռեգիստրի գործակալության տվյալներով գրանցված են 226 հասարակական կազմակերպություններ, [1] սակայն ակտիվ գործունեություն ծավալող ՀԿ-ների քանակը չի գերազանցում երկու տասնյակը: Հատկանշական է, որ Արցախի հասարակական կազմակերպությունների անդամների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են և գործունեությունը ծավալում եմ երիտասարդների համար ու երիտասարդների շրջանում:

Արցախի  հասարակական կազմակերպությունները հիմնականում  գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում.

 

  1. Ռազմահայրենասիրական դաստիարակություն,
  2. մարդու իրավունքների պաշտպանություն,
  3. ազգային և կրոնական ավանդույթների պահպանություն,
  4. խաղաղարարություն:

Նշված ոլորտներում հասարակական կազմակերպությունների գործունեությանը մեծապես նպաստում է պետությունը, հատկացնելով դրամաշնորհներ և այլ աջակցություն, սակայն դրա հետ մեկտեղ մեծ լծակներ է ստանում վերահսկելու  նրանց գործունեությունը, այսինքն՝ կա ՀԿ-ների գոնգոացման վտանգ: Բոլոր ակտիվ կազմակերպությունները մեծ ուշադրություն են դարձնում ռազմահայրենասիարական ոլորտին, պետությունն էլ մեծ աջակցություն է ցուցաբերում այս ուղղությամբ տարվող աշխատանքներին: Ինչ վերաբերում է միջազգային դրամաշնորհներին, ապա դրանք հիմնականում առնչվում են խաղաղարարության ու ժողովրդական դիվանագիտության ոլորտին: Սակայն ապրիլյան պատերազմը նպաստեց հանրային տրամադրությունների  արմատացմանը և մեծ հարված հասցրեց ժողովրդական դիվանագիտությանը:

Զանգվածային լրատվամիջոցների ազատության ցուցանիշներով ևս կարելի է պատկերացում կազմել քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակի վերաբերյալ: Այս առումով ևս Արցախի Հարապետությունում գոյություն ունեն մի շարք լուրջ խնդիրներ: Արցախում որոշակի բազմազանություն կա միայն տպագիր լրատվամիջոցների սեգմենտում, իսկ ահա հեռարձակվող ԶԼՄ-ների սեգմենտում մենաշնորհ է՝ ի դեմս Արցախի հանրային հեռուստառադիոընկերության, ասել է թե՝ մեդիաայլընտրանքի հարցում խնդիրներ կան, ինչն էլ բացասաբար է ազդում բնակչության իրազեկվածության աստիճանի վրա։ Տեղեկատվական բազմազանության սահմանափակ լինելն էլ իր հերթին պայմանավորված է քաղաքական բազմազանության սահմանափակ լինելու հանգամանքով։

Քաղաքացիական հասարակության կայացման վրա ազդեցություն կարող են ունենալ հանրային այն իրադարձությունները, որոնք կարող են միավորել հասարակության ակտիվ անդամներին և ազդեցություն ունենալ կարևոր որոշումների ընդունման վրա: Արցախում մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք, թվում է, պետք է հասարակության լայն խավի ուշադրության կենտրոնում հայտնվեին, սակայն իրականությունը միանգամայն այլ է:

Արցախում գնալով աճում են   բնապահպանական խնդիրներըր, որոնք առաջանում են տարբեր ծանր մետաղային հանքերի շահագործման և կանաչապատ տարածքների վերացման հետևանքով: Աղբահանությունը, աղբի մշակումը ևս լուրջ խնդիր է Արցախում, բայց հասարակությունը բացարձակ անտարբերություն է ցուցաբերում սրանց նկատմամբ:

Եզակի դեպքը, որը կարելի է հիշել անկախությունից ի վեր, երբ տեղի ունեցավ հանրային խնդրի վերաբերյալ բողոքի ակցիա, եղել է 2014թ. օգոսոտոսին՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից հայտարարաված հանրային տրանսպորտի գնի աճի կապակցությամբ: Մասնավորապես, Հայկ Խանումյանի ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից կազմակերպվել է «Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» կարգախոսով բողոքի ակցիա, որը նաև սոցիալական կայքերի միջոցով է տարածվել: Ակցիան հանրության կողմից մեծ արձագանք չի ստացել և ցույցերին շատ քիչ մարդ է մասնակցել: Սակայն հատկանշական է իշխանությունների արձագանքն այդ ակցիային:

ԼՂՀ Վարչապետ Արայիկ  Հարությունյանը հանդիպում է ունեցել ակցիայի նախաձեռնող խմբի անդամների հետ, արդյունքում՝ կառավարությունը հանձն է առել սուբսիդավորել ուսանողների և սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ուղեվարձը: Փաստորեն, Արցախի իշխանությունները անհրաժեշտության դեպքում հակված են երկխոսության, որը կարևոր հանգամանք է քաղհասարակության կայացման համար, բայց, ցավոք, ակտիվ նախաձեռնությունների օրինակները շատ քիչ են:

Արցախի հասարակության մի մեծ շերտի անտարբերությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Արցախի Հանրապետությունը փոքր է իր մասշտաբներով, և անձերն ունեն մեծ ազդեցություն ինչպես քաղաքական, այնպես էլ՝ հասարակական և այլ հարթություններում, և պատահական չէ, որ կուսակցությունները և տարբեր հասարակական  միավորումներ ավելի քիչ վստահություն ունեն մարդկանց շրջանականերում,  քան կոնկրետ անհատները: Մյուս կարևոր պատճառը սոցիալական վիճակն է, աշխատանքային պայմանները: Արցախում  բնակչության զգալի մասն աշխատում է պետական սեկտորում՝ բանակում և այլ ուժային կառույցներում, տարբեր նախարարություններում ու գերատեսչություններում, կրթական-մշակութային հաստատություններում և այլուր. մասնավոր հատվածը թերզարգացած է: Ունենալով սոցիալական նվազագույն պահանջմունքների բավարարման խնդիր՝ տնտեսական այլընտրանքի խիստ սահմանափակ լինելու պայմաններում քաղաքացիներն ու հասարակական միավորումների մեծ մասը նախընտրում են չեզոքություն պահպանել, դրանով իսկ կամա թե ակամա նպաստելով հասարակական-քաղաքական դաշտի «անդորրին»:

Ըստ իս,  Արցախում քաղաքացիական հասարակության թերկայացածության հիմնական պատճառը հենց հանրության պասիվությունն է, որն ունի իր օբյեկտիվ ու սուբեկտիվ պատճառները:

Քաղաքացիական ակտիվության հարցում մեծ է հասարակական կազմակերպությունների դերը: ՀԿ-ները, բացի պետական դրամաշնորհներից և պետական վերահսկողության ներքո ծրագրեր իրականցնելուց, պետք է զբաղվեն նաև այնպիսի ոլորտների հիմնախնդիրներով, ինչպիսին են մարդու իրավուքների պաշտպանությունը, բնապահպանությունը, խոսքի ազատությունը և այլն, մեծ հաշվով՝  քաղաքական որոշումների կայացման, իշխանությունների գործունեության հանրային վերահսկման իրականացմամբ:

Վերջերս Արցախում ծավալվեց սահմանադրության բարեփոխումների գործընթաց:  Կազմակերպվեցին հանրային քննարկումներ տարբեր մակարդակներում: Ըստ  ԼՂՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի զեկույցի՝ տարբեր հասարակական քննարկումների արդյունքում ստացվել է ավելի քան 200 դիտողություն և առաջարկություն, որոնք և հաշվի են առնվել վերջնական տարբերակը կազմելիս:[2] Սա կարելի է դրական միտում համարել, երբ հասարակության մի զգալի հատվածը հնարավորություն ունեցավ անմիջականորեն մասնակցելու Սահմանադրության նախագծի քննարկումներին և հանդես գալ սեփական առաջարկություններով ու դիտողություններով: Նորացված սահմանադրությունը  մեծ ուշադրություն է դարձնում այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսին են մարդու իրավունքների պաշտպանությունը, իշխանությունների տարանջատումը, դատական համակարգը և այլն: Հարկ է, սակայն, նկատել, որ սահմանդրության առանցքային դրույթների կիրառելիության համար անհրաժեշտ է  քաղաքացիական ակտիվության բավարար մակարդաւկ, այլապես այդ ամենը կմնա թղթի վրա, ինչպես և սովորաբար լինում է։

Ավելի քան 25 տարի առաջ ակտիվ հասարակության նախաձեռնության արդյունքում ստեղծվեց պետականություն, սակայն այդպես էլ չձևավորվեց քաղաքացիական հասարակություն: Հակամարտության առկայությունը պետք է ոչ թե խոչընդոտի հասարակության ակտիվությանը, այլ ընդհակառակը՝ քաղաքացիական ակտիվ կեցվածք պարտադրի։ Իսկ դրա համար պետք է հաղթահարել այն հոգեբանական բարդույթները, որոնք առկա են հանրության մի զգալի մասի մտածելակերպում։

 

__________________

[1]«Արցախպրեսս» լրատվական գործակալության,  «Արցախում գործում է 226 հասարակական կազմակերպություն» 23 սեպտեմբերի 10:14
[2]Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը, 12 հունվարի 2017,  http://www.nankr.am/hy/1921

Share

Comments are closed.