Հայաստանի քաղաքացիական հասարակություն. քաղաքական անապատում արժեքների գլխավոր կրողը

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Aravot.am-ի ռուսալեզու տարբերակի խմբագիր
Երևան, Հայաստան

 

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ստեղծված ներքաղաքական դասավորությունը բացահայտել է համազգային տարողության մի շատ կարևոր խնդիր։

Պարզվել է, որ անկախ պետականության 25 տարիները բավարար չէին, որ հասարակական և քաղաքական հաստատությունները հասնեին ինքնաբավության՝  ժողովրդավարական պետության և հասարակության զարգացման ասպարեզում իրենց կայունացնող գործառույթի կատարման համար։ Երկրում ստեղծված հասարակական-քաղաքական համակարգը ոչ միայն չի արտացոլում հասարակության իրական պահանջները, այլև ի զորու չէ դիմագրավելու պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերներին։ Այն ոչ միայն չի կատարում անխուսափելի ներքին հակամարտությունները կարգավորելու կայունացնող գործառույթ, այլև հաճախ ինքն է դառնում ապակայունացման, ուստի և՝ հասարակական և ազգային անվտանգության համար սպառնալիքների աղբյուր։ 1995-96 թվականներից ի վեր յուրաքանչյուր ընտրական փուլ ասվածի վառ ապացույցն է։Պատմականորեն այնպես է դասավորվել, որ հետխորհրդային Հայաստանում քաղաքական կազմակերպությունների կայացման փուլը նախորդել էր ոչ կառավարական հատվածի ձևավորմանն ու զարգացմանը։ Հետխորհրդային քաղաքական կուսակցությունների և շարժումների մեծ մասը յուրացրել են «ուշ շրջանի» ԽՄԿԿ-ի «ավանդույթներն» ու «արժեքները»՝ թատերականացված առաջնորդապաշտությունը, «ղեկավարը միշտ իրավացի է» մոտեցումը, առաջնորդների անփոփոխելիությունը, անսկզբունքայնությունն ու գրասենյակային կարիերիզմը և շատ այլ հայտնի որակներ, որոնց գերակայությունը բացառում է բուն իմաստով որակ հասկացությունը։ Սակավ բացառություններով՝ բոլոր կուսակցությունները ժողովրդավարության կողմնակից են, բայց, նույնպես հազվագյուտ բացառություններով, բոլոր կուսակցություններում տիրում են «ինքնակալական» ու հակաժողովրդավարական կարգեր։

Այսպիսի որակական պաշարով քաղաքական կազմակերպությունները, որոնց գործունեությունը համընկել էր նախ պատերազմի տարիներին, ապա՝ 1994-ի հրադադարից ի վեր ընթացել է իրական արտաքին սպառնալիքի պայմաններում, անկախ իշխանության նկատմամբ իրենց հռչակած դիրքորոշումից 2008-ի մարտից հետո ընկղմվել են բարոյական, քաղաքական և կազմակերպչական ճգնաժամերի, մանրախնդիր և անսկզբունք պառակտումների կամ նույնքան անսկզբունք «միությունների» մեջ։ Իսկ ներկայիս ընտրական բոլորաշրջանն այդ գործընթացի գագաթնակետն ու արտացոլանքն է, երբ նյութական և վարչական պաշարը գերակայում է գաղափարին ու գաղափարախոսությանը։

2008-ի հասարակական բողոքի բռնի ճնշումից և ապա՝ 2011-ին աշնանը այն «բարեհաջող» մսխելուց հետո հասարակության քաղաքականապես ակտիվ մասը հայտնվել է միանգամայն օրինաչափ հարցի առջև` ինչպե՞ս դիմադրել այդ հակահասարակական դավադրությանը։ Սոցիալական ցանցերի բուռն զարգացման համապատկերում այդ իրադարձությունները մեծ խթան են դարձել քաղաքացիական հասարակության զարգացման համար։

Հանրային տրանսպորտից օգտվելու սակագնի բարձրացման դեմ ծավալված «100 դրամի» զանգվածային բողոքի գործողությունները և էլէկտրաէներգիայի սակագնի աճի դեմ «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերը Հայաստանում քաղաքացիական բողոքի շարժումների համեմատաբար նկատելի առաջին հաջողություններից։ Միևնույն ժամանակ, երևակվեցին նաև դրանց թույլ կողմերը։

Նախ՝ դրանք չեն կարողացել անցում կատարել «մեկ կետից բաղկացած օրակարգից» դեպի որակական փոփոխությունների դաշտ՝ գոնե խնդիր հարուցած ոլորտի հարթությունում, տվյալ դեպքում՝ հանրային տրանսպորտի և էլեկտրաէներգիայի բաշխման  ոլորտում։ Չէ՞ որ այսօր էլ մայրաքաղաքի բնակիչները տեղաշարժվում են գերազանցապես ռուսաստանյան արտադրության երթուղայիններով, իսկ էլեկտրաէներգիան ցայսօր ամենաթանկն է նախկին խորհրդային կայսրության տարածքում։  Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բողոքի հիշյալ գործողությունների ժամանակ ձեռք է բերել քաղքացիական դիմադրության կազմակերպման արժեքավոր փորձ, որը դեռ պետք է վերաիմաստավորվի՝ ապագայի համար դրանից դաս քաղելու նպատակով։

Երկրորդ՝ դեպքերը «քաղաքականացնելու» երկյուղը դարձել է Հայաստանում քաղաքացիական բողոքի զարգացման յուրօրինակ «հետծննդաբերական տրավմա», երբ բողոքի գործողությունների օրակարգ քաղաքական տարր ներմուծելու փորձերը խոչընդոտվում էին «պետք չէ քաղաքականացնել» կոչերով։ Միևնույն երևույթի այլ դրսևորումն էր «մայդան» բառի հանդեպ տածած զգուշացումը, երբ հատկապես ռուսաստանյան լրագրողների ներկայությամբ Բաղրամյան պողոտայում «Էլեկտրիկ Երևան» բողոքի գործողության մասնակիցներն «արդարանում» էին, որ տեղի ունեցողը «ոչ թե «մայդանն» է, այլ «Մարշալ Բաղրամյանը»։ Միևնույն ժամանակ, այս ամենը հաստատում է այն հիմնավոր մտավախությունը, որ Ռուսաստանի իշխանություններն Ուկրաինայի օրինակով կարող են դիմել երկրի ներքին գործերին թշնամաբար միջամտելու քայլերին։ Չկարգավորված արցախյան հակամարտություն ունեցող Հայաստանի պարագայում այդ միջամտությունը կարող է գոյաբանական սպառնալիքի վերածվել։

Երրորդ՝ ի հայտ եկավ մասնավոր, տեղայնացված պահանջից քաղաքացիների և պետության փոխհարաբերությունների՝ հասարակական շահի առաջնություն ենթադրող սկզբունք բխեցնելու և ձևակերպելու անկարողություն կամ ցանկության բացակայություն։ Դա հանգեցնում էր նրան, որ իշխանությունների՝ ոչ թե հարցի իրական լուծմանը միտված, այլ բողոքների ալիքը մարելու նպատակ հետապնդող առաջին իսկ մարտավարական զիջումից հետո բողոքի կազմակերպիչները հայտնվում էին մարտավարական, հաճախ նաև՝ ռազմավարական փակուղու առջև՝ խարխափելով հետագա քայլերի մասին որոշում կայացնելու անորոշության մեջ և դրանիով իսկ տեղիք տալով «իշխանությունների հետ գաղտնի պայմանավորվածության գալու» և նրանց կողմից ձեռնածվելու մասին մեղադրանքների։

Ընդսմին, իշխանական համակարգի շրջանակում ազդեցության տարբեր խմբերի ու կուսակցությունների շահերը սպասարկող գործիք չդառնալու արդարացված ձգտումը քաղաքացիական հասարակության հաստատությունների շրջանում քաղաքականության նկատմամբ առհասարակ յուրօրինակ «ալերգիա» է ձևավորել։ Մինչդեռ «վատ քաղաքականության» պայմաններում ապրող քաղաքացիական հասարակության համար «լավ քաղաքականության» պատվերը սպասելիորեն պետք է լիներ գլխավոր նպատակ։ Սրանք միմյանց հետ փոխհարաբերվող երկու զուգահեռ ընթացք են։ Հավանաբար, հենց սա է պետության հետ հասարակության կապի ամենաթույլ օղակը, որի աղբյուրը հասարակությունը չէ փաստացի հանդիսանում։

Իրերի այսպիսի դրության հետևանքներն այսօր, բնականաբար, տրտմեցնող են։ Արդ, մեր ներկա պայմաններում ովքե՞ր են քաղաքացիական հասարակության «բնական դաշնակիցներն» ու «բնական հակառակորդները»։

Հայաստանի և Ռուսաստանի անհամաչափ հարաբերությունների և Հայաստանում Ռուսաստանի անբնականորեն ծավալուն ներկայության, ինչպես նաև Հայաստանից Ռուսաստան բազմահազար աշխատանքային միգրացիայի պատճառով բազում ռուսաստանյան իրողություններ ինքնաբերաբար դարձել են հայկական իրողությունների մաս։ Հարկ է գիտակցել, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն՝ իր ունեցած բոլոր թերացումներով հանդերձ, շարունակում է արտակարգ դրական երևույթ լինել «եվրասիական» ընդհանուր համայնապատկերում։  Ռուսաստանի իշխանությունները հոգեգար երկյուղ են տածում «գունավոր հեղափոխությունների» նկատմամբ, իսկ ՀԱՊԿ-ում, Անվտանգության դաշնային ծառայությունում և Ռուսաստանի անվտանգության խորհրդում «գունավոր հեղափոխությունների» թեման Վ. Պուտինի նախագահական երրորդ ժամկետից ի վեր քաղաքական օրակարգի կարևոր մասն է։

Հայաստանում քաղաքացիական ակտիվության նկատմամբ Մոսկվայի թշնամական վերաբերմունքը միանգամայն բնական է։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինիկինը 2014թ. մայիսին տված մի հարցազրույցում ուղիղ տեքստով հայտարարել է Հայաստանի տարածքում, դեսպանի կարծիքով, «ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրել» ձգտող հասարակական կազմակերպություններին «չեզոքացնելու» անհրաժեշտության մասին։ Նա անդրադարձել է նաև դրանք «չեզոքացնելու» եղանակին։ «Ռուսաստանում, ի դեպ, ընդունվել է ոչ կառավարական կամակերպությունների գործունեությունը կարգավորող հատուկ օրենք»։ Իսկ ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը 2015թ. փետրվարին հայտարարել է, որ անթույլատրելի է, երբ «Հայաստանում գործում են եվրասիական ինտեգրման դեմ արտահայտվող և «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-Հայաստան մերձեցման օգտին հանդես եկող շուրջ 350 ոչ կառավարական կազմակերպություններ»։

Այս համապատկերում քաղաքացիական ազատությունների, մամուլում, համացանցում և սոցիալական ցանցերում խոսքի ազատության մակարդակը մեծապես հակադրվում է ՀԱՊԿ և ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում առկա իրավիճակին։

Փաստորեն հայ քաղաքացիական հասարակության դեմ տեղեկատվական (առայժմ սոսկ) պատերազմ է հայտարարված։ Հարձակման թիրախում են հայտնվել ոչ միայն բուն ազատությունները, այլև ազատության գաղափարներն ու արժեքները։ Ընդ որում, քաղաքական ասպարեզում հազվագյուտ բացառություններով փաստորեն չկա մարտահրավերն ընդունելուն ունակ քաղաքական ուժ։ Թե որքանով հնարավոր կլինի պաշտպանել քաղաքացիական ազատությունների ազատագրված «կղզյակները»՝ նախ կախված է այս տեղեկատվական պատերազմում մեր դիմադրելու ու տեղի չտալու կարողությունից։ Կա լուրջ սպառնալիք, որ Հայաստանի ներկայիս իշխանավորները կընդօրինակեն  (կամ Մոսկվան կստիպի նրանց որդեգրել) ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու «ռուսաստանյան փորձը»՝ ի հեճուկս ազատությունները հարգելու հայաստանյան իշխանությունների բոլոր հավաստիացումների։

Երկրորդ՝ Կոսաչևի նշած «մոտ 350 ոչ կառավարական կազմակերպություններից» տեղեկատվական ասպարեզում՝ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում, քչերն են հայտնի։ Իմ կարծիքով, դրա պատճառները երկուսն են՝ անարհեստավարժությունը և ԶԼՄ-ներում պաշարների սղությամբ պայմանավորված ներկայացման առարկայի բացակայությունը։ Իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ քաղաքացիները կյանքի ցածր մակարդակի և առկա պաշարների գերկենտրոնացվածության բերումով ի վիճակի չեն ինքնաբավ մակարդակով ապահովել քաղաքացիական հասարակության հաստատությունների գործառնությունը։ Այստեղ հայկական ոչ կառավարական կազմակերպությունների «բնական դաշնակից» են դառնում ԶԼՄ-ները և արևմտյան հաստատությունները։ Ընդ որում, ոչ կառավարական կազմակերպությունները նաև իրական նպատակներին հետամուտ կազմակերպություններից, այսպես կոչված, «գրանտակերներից» ու «սփոյլերներից» զատվելու խնդիր ունեն ։ Ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվությունը տեղեկատվական տարածությունում նպաստելու է նաև նրանց գործունեության թափանցիկության մեծացմանը։

Երրորդ՝ կարող է պարզունակ թվալ, բայց քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին անհրաժեշտ է լրջորեն «դպրոցական նստարանին» նստել՝ ուսանելու այն առարկաները, որոնք խորհրդային տարիներին «բուրժուական հակագիտություն» էին պիտակավորվում, իսկ ժամանակակից Ռուսաստանում վաղուց վերածվել են «հնագույն մասնագիտության» և պետական նորկայսերական քարոզչության ևս մեկ դաշտի։ Խոսքը քաղաքագիտության, քաղաքական փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հասարակայնության հետ կապերի (PR), ժամանակակից իրավագիտության և լրագրության մասին է։

Այո՛, Հայաստանում քաղաքացիական հասարակությունը գործում է ոչ սովորական պայմաններում և այդ ոչսովորականության գլխավոր ցուցիչներից է այն, որ հետխորհրդային քաղաքական համակարգի ակնառու ճգնաժամի և բարոյական այլասերման համապատկերում քաղաքացիական հասարակությունը մերօրյա քաղաքական անապատում մնացել է ազատության և պետական մտածողության արժեքների հիմնական կրողը։ Պետք է հասկանալ, որ միայն արժեքներին ապավինելով է հնարավոր կառուցել քաղաքացիների շահերը սպասարկող, քաղաքացիներին հաշվետու, օրենքներով և քաղաքացիների ազատություններով եւ իրավունքներով սահմանափակված պետական իշխանություն։ Սա այն մարտահրավերն է, որի առջև կանգնել է նաև արևմտյան՝ եվրոպական և ամերիկյան ազատական ժողովրդավարությունը։ Այս մարտահրավերի հաղթահարման ճանապարհին հայ քաղաքացիական հասարակությունն ի զորու է դառնալ խնդրի լուծման բաղկացուցիչը՝ համախոհների հետ անդրսահմանային փոխգործակցության և ոչ սոսկ խնդրին դիմագրավելու միջոցով։

Share

Comments are closed.