Աշխարհիկ սեցեսիան ընդդեմ կրոնական սեցեսիայի` ուղղափառությունը չճանաչված եւ մասնակիորեն ճանաչված պետություններում



Կիմիտակա
ՄԱՑՈՒԶԱՏՈ
Հոկայդոյի համալսարանի պրոֆեսոր
Սապորո, Ճապոնիա

 

Թեպետեւ շատերը ենթադրում են, որ ուղղափառությունը կեսարապապական կրոն է, այսուհանդերձ, ուղղափառությունում աշխարհիկ պետության անկախությունը չի երաշխավորում ինքնակա եկեղեցու առաջացումը, որը սկսելու է ծառայել պետությանը: Գոյություն ունեցող պրակտիկան պահանջում է, որ ինքնակայության հավակնություն ունեցող եկեղեցին ոչ միայն պետք է ունենա եպիսկոպոսների եւ ծխերի բավարար քանակ, այլեւ օրհնություն (ճանաչում) ստանա իր մայրական եկեղեցու կողմից: Եթե եկեղեցին իրեն ինքնակա է հռչակում առանց այս պայմանը բավարարելու, այն ողջ ուղղափառ աշխարհի կողմից դատապարտության է ենթարկվում, քանի որ ինքնահռչակ եկեղեցին զուրկ է առաքելական ժառանգությունից, իսկ վերջինիս խորհուրդները դիտվում են որպես անվավեր: Սակայն, գործնականում, եթե Կիեւյան պատրիարքությունում մկրտված անձն ինչ- ինչ պատճառներով սկսի հաճախել Մոսկվայի պատրիարքությանը պատկանող եկեղեցի, հազիվ թե նրանից կրկնամկրտություն կպահանջվի (այդ ոչ միանշանակությունը քրիստոնեական քաղաքականությանը հատուկ էր վաղնջական ժամանակներից): Այնուամենայնիվ, եկեղեցու ոչ կանոնիկ լինելուց բխող վտանգներն առկա են. «Անգամ եթե դուք մկրտել եք ձեր երեխային այդ եկեղեցում, նա չի դարձել քրիստոնյա» կամ «եթե դուք թաղեք ձեր ծնողին այդ եկեղեցում, նա երկինք չի համբառնա» դատողությունները բավական ուժեղ են, որպեսզի աշխարհիկների մոտ տարակուսանք առաջանա տվյալ եկեղեցուն պատկանելու առումով:Հասկանալի է, որ յուրաքանչյուր մայրական եկեղեցի դիմադրելու է որեւէ եկեղեցու ինքնանջատմանը: Ռումինիան անկախ պետություն է ճանաչվել Բեռլինյան կոնգրեսում (1878թ.), բայց այդ երկիրը սպասել էր եւս 47 տարի, մինչեւ նրան շնորհվել է Բուխարեստյան պատրիարքությունը, քանի որ Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքությունը (ԿՏՊ) երկար ժամանակ չէր համաձայնվում Ռումինիայի կրոնական ինքնուրույնացմանը: Դատապարտությանն արժանացած ուղղափառ եկեղեցիների գահակալները` Դիմադրության Սրբազան Սինոդին (Հունաստանում հինտոմարական եկեղեցիների խումբ) պատկանող Կիեւի պատրիարքությունը եւ Հարավային Օսիայի եկեղեցին պնդում են, որ ուղղափառության պատմության ցանկացած ակնարկ թույլ կտա բացահայտել եկեղեցու ինքնակայության առարկայական չափանիշների բացակայությունը: Ընդհակառակը` ինքնանջատումները հաճախ ձեռք էին բերվում դե-ֆակտո, այն էլ` բավական ցավագին կերպով եւ միայն զգալի ժամանակ անց նոր եկեղեցին հաջողեցնում էր ստանալ նախկին մայր եկեղեցու օրհնությունը, մինչ այդ հասնելով անկախությանը` որպես կայացած իրողության: Ռուս Ուղղափառ Եկեղեցին (ՌՈՒԵ) բացառություն չի կազմում. նա ժամանակին անկախացել է ԿՏՊ-ից: Վրաց Ուղղափառ Եկեղեցին (ՎՈՒԵ) ՌՈՒԵ նվիրապետների սպանությունից հետո եւ միայն 1943թ. Ստալինի ճնշման տակ հասել է ՌՈՒԵ կողմից իր ինքնակայության ճանաչմանը: Ինչո՞ւ նրանք նույնպես չեն սպասում իրադարձությունների այսպիսի զարգացմանը:

Երկու դաշնային պետությունների` ԽՍՀՄ եւ Հարավսլավիայի փլուզումից հետո ուղղափառ եկեղեցիների ինքնանջատումը կամ վերջիններիս անցումն այլ իրավասության ներքո դարձել է հաճախ քննարկվող հարց: Ի՞նչ պետք է անել երկու մասի տրոհված Ուկրաինական Եկեղեցու հետ, երբ դրանցից մեկը շարունակում է ենթարկվել ՌՈՒԵ, իսկ մյուսը ձեւավորել է Կիեւի պատրիարքությունը: Ո՞ր Եկեղեցու մաս է անհրաժեշտ համարել Մոլդովայի Եկեղեցին` Ռուս Ուղղափա՞ռ, թե Ռումինակա՞ն Ուղղափառ Եկեղեցու: Իսկ Էստոնական Եկեղեցուն հարկ է ճանաչել` Ռուս Ուղղափա՞ռ, թե Կոստանդնուպոլսի Տիեզերակա՞ն Եկեղեցու մասը: Իսկ ի՞նչ անել Աբխազական եւ Հարավօսական ուղղափառ համայնքների հետ, որոնք հրաժարվում են Վրաց Ուղղափառ Եկեղեցուն պատկանել, բայց միաժամանակ ՌՈՒԵ կազմ չեն ընդունվել: Ինչպե՞ս վերաբերվել Մոնտենեգրոյի (Չեռնոգորիայի) եւ Մակեդոնիայի Եկեղեցիներին, որոնք կամենում են ինքնակա լինել Սերբական Ուղղափառ Եկեղեցուց: Այս խնդիրները քննարկելու համար Կոստանդնուպոլսի պատրիարք Բարթուղիմեոս Ա-ն 2011թ. գումարում է համաուղղափառ խորհուրդ: Այս խորհրդում քննարկվելիք լուրջ հարցերից է լինելու` առանց մայրական եկեղեցու օրհնության եկեղեցիների ինքնանջատման թույլտվությունը (կամ արգելքը), եթե անջատվող եկեղեցին համապատասխանի կազմակերպչական պահանջներին: ՌՈՒԵ-ն, անտարակույս, համառորեն դիմադրելու է նոր կարգին: Սակայն, իմ կարծիքով, ԿՏՊ կամենում է ընդունել այն` ՌՈՒԵ-ի ազդեցությունը նվազեցնելու նպատակով: Այնուամենայնիվ, քանի որ առավել շահագրգիռ կողմերը` Կիեւի պատրիարքությունը եւ Աբխազական ու Հարավօսական առաջնորդները խորհրդին չեն հրավիրվի, այն հազիվ թե ոչ անհրաժեշտ կհռչակի մայրական եկեղեցու օրհնությունը եկեղեցու ինքնանջատման համար:

Կանոնականացում, հնազանդություն եւ մարտահրավեր

Ինչպես առիթ ունեցա նախորդ հոդվածներում նշելու, Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ուղղափառ առաջնորդները որդեգրել են տարբեր ռազմավարություններ` վերջին երկու տասնամյակում վերապրելու համար: Եկեղեցական տեսանկյունից` մերձդնեստրյան հակամարտությունը ծագել է նաեւ ՌՈՒԵ ներսում, ավելին` բուն Քիշնեւ-Մոլդավական մետրապոլիտությունում: 1995թ. Մոսկվայի պատրիարքությունը որոշել է ստեղծել Մերձդնեստրյան տեղապահությունը, թեեւ իր անդամներին դժվար էր մոռանալ քաղաքացիական պատերազմի ժամանակ մոլդովամետ քահանաների կեցվածքը: Քանի որ այս իրատեսական որոշումը հանգեցրել է նրան, որ մերձդնեստրյան ուղղափառ հավատացյալներն սկսել են վերականգնել իրենց կանոնական կարգավիճակը, ես դա անվանում եմ «կանոնականացման» ռազմավարություն:

Աբխազական պատերազմից հետո վերջինիս տարածքում սկսել էր ձեւավորվել «թեմ»` տեր Վիսարիոնի զուսպ առաջնորդության ներքո: Այս թեմը թեեւ դե- ֆակտո անկախ էր դարձել, ՎՈՒԵ հետ իր հարաբերություններն, այնուամենայնիվ, թողել է անորոշ: Իր հերթին` ՎՈՒԵ-ն տեր Վիսարիոնին եւ Աբխազիայի սակավաթիվ մյուս տարեց քահանաներին «անջատողական գործունեության պատճառով» խորհրդային ժամանակաշրջանում իր իսկ կողմից շնորհված սրբազան կարգից չի զրկել: Հայր Վիսարիոնը սկսզբում մերժել է ՌՈՒԵ հետ մրցակցող Արտերկրում Ռուս Ուղղափառ Եկեղեցուն (ԱՌՈՒԵ) միավորվելու հրավերը: Տեր Վիսարիոնի ռազմավարությունը ես անվանում եմ «հնազանդության» ռազմավարություն: Տրամագծորեն հակառակ ռազմավարություն է որդեգրել Հարավօսական ուղղափառ համայնքը` երիտասարդ Ալեքսանդր Պուխատեի (1973թ. ծնված) առաջնորդության ներքո: Երբ ՌՈՒԵ-ն, հարավային օսերի իղձերից ավելի բարձր դասելով եկեղեցական կանոնը եւ ՎՈՒԵ- ի հետ իր բարեկամությունը, մերժել է հարավային օսերին իր նվիրապետական իրավասության ներքո ներառելու գաղափարը, հարավօսական ուղղափառ համայնքը դարձել է ԱՌՈՒԵ անդամ: 2001թ. ԱՌՈՒԵ` ՌՈՒԵ հետ հաշտության հարցի շուրջ պառակտումից հետո հարավօսական ուղղափառ համայնքը դուրս է եկել ԱՌՈՒԵ կազմից եւ մտել Դիմադրության Սրբազան Սինոդի մեջ: Դիմադրության Սրբազան Սինոդն աջակցել է հարավային օսերին «վերականգնել» միջնադարյան Ալանական թեմը եւ Պուխատեին` Գեորգ վանական անվամբ եպիսկոպոս է ձեռնդարել: Քանի որ թե° ԱՌՈՒԵ-ն, եւ թե° Դիմադրության Սրբազան Սինոդը գործում են պաշտոնական 15 ուղղափառ եկեղեցիներից դուրս, մենք կարող ենք եզրակացնել, որ հարավային օսերը նախընտրել են ունենալ անկախ եկեղեցի, որն ինքնուրույնաբար կատարում է սրբազան կարգեր եւ քահանայական ձեռնադրություններ` զոհաբերելով հիշյալ գործունեության համար անհրաժեշտ կանոնիկությունը: Հարավային օսերի ռազմավարությունը ես անվանում եմ «մարտահրավերի» ռազմավարություն:

Տեր Վիսարիոնի` ՎՈՒԵ-ի նկատմամբ որդեգրած զուսպ ռազմավարությունը 2005- 2007թթ. աբխազական պատերազմից հետո ՌՈՒԵ եպիսկոպոսների կողմից ձեռնադրված երիտասարդ աբխազ քահանաներին թվացել է չափազանց մեղմ: Աբխազական Եկեղեցում տեր Վիսարիոնի եւ երիտասարդ «բարեփոխիչների» միջեւ ծագել է լուրջ դիմակայություն, որում հաղթանակել է տեր Վիսարիոնը: Այնուհետեւ` տեր Վիսարիոնն անձամբ նախաձեռնել է Աբխազական Եկեղեցու «հնազանդության» դիրքորոշումից «մարտահրավերի» դիրքորոշմանն անցնելը: 2009թ. սեպտեմբերի 15-ին Սուխում-Աբխազական թեմի եպիսկոպոսական ժողովը միաձայն հռչակագիր է ընդունել` իր որպես ՎՈՒԵ մասի գոյության ավարտի մասին եւ հռչակել Աբխազական Ուղղափառ Եկեղեցու «Պիցունդա- Սուխումի» թեմի ստեղծումը: Հիշյալ հռչակագիրը պարունակում էր ինքնակա ուղղափառ եկեղեցիներին, մասնավորապես ՌՈՒԵ-ին ուղղված կոչ` մինչեւ 1795թ. գոյություն ունեցած Աբխազական ինքնակայության վերականգնմանն օժանդակելու վերաբերյալ: Սակայն պաշտոնական ուղղափառ աշխարհն անտեսել է այս կոչը, որն, իր հերթին, Վրաստանին սահմանակից Գալիի շրջանում հարուցել է հավատացյալների բուռն դժգոհությունը:

Գալիի շրջանի բնակչության մեծամասնությունը վրաց էթնոսի ենթախումբ համարվող էթնիկական մեգրելներ են: Նրանք համոզված են, որ պատկանում են Վրաց Եկեղեցուն, քանի որ տեր Վիսարիոնը ձեռնադրվել էր ՎՈՒԵ կողմից եւ ձեւականորեն շարունակում էր մնալ ՎՈՒԵ քահանա: 2009թ. սեպտեմբերի 20-ի հռչակագրին հաջորդած առաջին կիրակի օրը ես այցելել եմ Չուբուրխինջի գյուղում գտնվող Գալիի շրջանի միակ ուղղափառ «Սուրբ Գեւորգ» եկեղեցին եւ անձամբ ականատես եմ եղել հավատացյալների բողոքին, թե ինչպես շարքային քահանա Վիսարիոնը, չլինելով եպիսկոպոս կամ եպիսկոպոսների խորհրդի անդամ, համարձակվել է ընդունել նման ծանրակշիռ հռչակագիրը` միջնադարյան նվիրապետական աթոռի վերականգնման վերաբերյալ եւ աշխարհի ուղղափառ պատրիարքներին համապատասխան կոչ հղել:

2010թ. մայիսի 28-ին Մոսկվայի պատրիարքության (եւ Հյուսիսային Օսիայում վերջինիս տեղական մարմնի) ճնշման ներքո Ալանիայի (Հարավային Օսիայի) Գեորգ եպիսկոպոսը մեկամյա արձակուրդ է վերցրել: Թեմի նոր առաջնորդներն, ըստ երեւույթին, ավելի փոխզիջումաբար են տրամադրված. նրանք դրսեւորում են ավելի մեծ հնազանդություն պաշտոնական եկեղեցիների հանդեպ, թեեւ բուն թեմը շարունակում է մնալ Դիմադրության Սրբազան Սինոդի մաս:

 

  1. Kyivskyi patriarkhat – pomisna ukrainska pravoslavna tserkva: istoryko-kanonichna deklaratsiya (Kyiv, 2007): Իմ հարցազրույցը Կիեւի պատրիարքության տեղեկատվության եւ տպագրության տեսչության տնօրեն Եվստրաթեոս (Զորյա) եպիսկոպոս Վասիլկովի հետ, 2009թ. դեկտեմբերի 28-ը, Կիեւ:
  2. Իմ հարցազրույցը ԿՏՊ մամլո քարտուղար` ավագ քահանա Դոսիտեոս Անագնոստոպուլոսի հետ, 2010թ. մարտի 29, Սթամբուլ:
  3. Կիմիտակա Մացուզատո, «Միջուղղափառ հարաբերությունները չճանաչված Աբխազիայում, Մերձդնեստրում եւ նրանց շուրջ», Religion, State and Society, 37: 3 (2009), էջ 239-262: Idem, «Հարավային Օսիա եւ ուղղափառ աշխահը. Պաշտոնական եկեղեցիներ, Հունաստանի հինտոմարական եկեղեցիների շարժում եւ այսպես կոչված Ալանական թեմը», Journal of Church and State, 52: 2 (2010), էջ 271-297: Idem, «Կանոնականացում, հնազանդություն եւ մարտահրավեր. Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ուղղափառ համայնքների գոյատեւման ռազմավարությունները», Caucasus Analytical Digest, no. 20, 2010 թ. հոկտեմբերի 7, էջ 10-12:
  4. Պիցունդա` քաղաք Հյուսիսային Աբխազիայում, որտեղ միջնադարում գտնվում էր կաթողիկոսի նստավայրը:
  5. «Սուխում-աբխազական թեմի 2009 թ սեպտեմբերի 15-ի նիստի արձանագրությունը» (Սուխում-աբխազական թեմի դիվան):
  6. 2010թ. մարտին տրված հարցազրույցում ԿՏՊ մամլո քարտուղար Անագնոստոպուլոսը հիշյալ դիմումի մասին ոչինչ չգիտեր:
  7. Գալիի շրջանում առկա մեգրելական հարցի կապակցությամբ` տե°ս իմ «Միջուղղափառ հարաբերություններ» հոդվածը:
  8. Ալենա Ձիոտի, «Լինե՞լ, թե չլինե՞լ Ալանական թեմին”, Южная Осетия, 2010թ. հունիսի 5 (http://ugoosetia.ru/10_53+54/10_53+54-12.html, մատչելի է 2010 թ. հոկտեմբերի 7-ից):

«Անալիտիկոն»,  հոկտեմբեր, 2010

Share

Comments are closed.