Սուբյեկտի դերի կորուստը սպառնալիք է ժողովրդի անվտանգությանը

 

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան

Համաշխարհային փորձը ցույց է տալիս այն, ինչ կարող է։ Քաղաքականապես գրագետ սուբյեկտները գործում են միջազգային շահերին համահունչ։ Այլապես, նրանք «փորձաքարի» են վերածվում։ Կարելի է պնդել, որ անկախության համար իր պայքարի սկզբնական բոլոր տարիներին Լեռնային Ղարաբաղը գործել է համաշխարհային քաղաքականության ծագող (առաջադեմ) գործընթացներին համահունչ։ Համապատասխանաբար, ինչ-որ մի պահից քաղաքական եւ դիվանագիտական սուբյեկտի դերից ԼՂՀ-ի նպատակամիտված զրկումն ամենեւին էլ հենց այնպես չի եղել։ Սույն հանգամանքը, ինչպես երեւում է, ոչ բոլորն են մինչեւ վերջ հասկանում։ Այս մասին արժե համառոտակի խոսել։

Քաղաքական պատմությամբ հատուկ հետաքրքրվող ցանկացած մասնագետ կամ էլ պարզապես քաղաքագետ ու քաղաքական գործիչ կարող է պնդել հետեւյալ օրինաչափությունը. ինչ-որ տարածքի ինքնուրույն կարգավիճակի հետամուտ ժողովուրդը պարտավոր է քաղաքական դեր ստանձնել միջազգային քաղաքականության մեջ։ Ժողովրդի կողմից այս կամ այն պատճառով ինքնուրույն դերի կորուստը նրա պայքարը հանգեցնում է իր տարածքի շուրջ վեճի։

Այսինքն, ինչ-որ մի պահի ժողովրդի քաղաքական հիմնախնդիրն արժեզրկվում եւ արտաքին ազդեցիկ ու շահագրգիռ ուժերի աչքերում հանգում է նրա զբաղեցրած տարածքի հիմնախնդրի։ Իսկ ինքը՝ ժողովուրդը, դառնում է ուրիշների որոշումների լեգիտիմացման օբյեկտ եւ, միաժամանակ, խոչընդոտ-«փորձաքար»՝ վիճարկող կենտրոնների ձգտումների ճանապարհին։ Դրան զուգընթաց՝ մեծանում է ժողովրդի ֆիզիկական անվտանգության վրա ոտնձգության հավանականությունը։ Ի հետեւանս դրա, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այդ տարածքների՝ քաղաքական սուբյեկտի դերը կորցրած ժողովուրդներն առավել հաճախ ընդամենը զոհերն են դառնում նույն այդ տարածքների համար մղվող պատերազմի։Այս առումով նորագույն պատմության մեջ պերճախոս օրինակ է բոսնիացի սերբերի ճակատագիրը։ 1993 թվականին, Սերբիայից Բոսնիայի անջատման ժամանակաշրջանում, բոսնիական Կրաինա գավառը սերբական անկլավի էր վերածվել նոր կազմավորման մեջ։ Միջազգային հանրության բոլոր առաջարկներն այստեղ մերժվեցին՝ Կրաինան ցանկացավ մնալ Սերբիայի բաղկացուցիչ մաս։ Արդյունքն ողբերգական էր՝ Կրաինայի բնակչությունը բռնագաղթվեց։ Այս ժողովրդի գործոնը ինքնուրույն իրենից ոչ մի հետաքրքրություն չի ներկայացրել համաշխարահային քաղաքականության մեջ։ Հիմնախնդիրը լուծվել է մեխանիկորեն՝ տարածքն առանց բնակչության տրվել է Բոսնիային։

Համանման ողբերգական փորձ ունի նաեւ հայ ժողովուրդը։ Ներկայումս հաճախակի կարելի է հանդիպել այն մտքին, որ Թուրքիայում 1915 թվականին հայերի ջարդի պատճառներից մեկն էլ եղել է հենց ժողովրդի կողմից քաղաքական սուբյեկտի դերի կորստի հանգամանքը։ Սույն կարծիքի էությունն այն է, որ Օսմանյան կայսրության փլուզման ժամանակաշրջանում արեւմտյան տերությունների աչքերում հայ ազգաբնակչությունն իր անկախության համար պայքարող ժողովրդի կարգավիճակից անցել է Թուրքիայի դեմ Ռուսաստանի ագրեսիային աջակցող հանրույթի կարգավիճակի։

Հետեւանքը երկար սպասեցնել չտվեց. Ռուսաստանի հակառակորդներն անողոքաբար ոչնչացրին այդ ժողովրդին։ Այս վարկածը հիմնովին ժխտելը դժվար է. ժողովուրդների ճակատագրերը մեծ չափով միջազգային քաղաքականության արդյունք են։ Համապատասխանաբար, ստիպված ենք ընդունել, որ սեփական իրավունքների համար պայքարող ժողովրդի իրական քաղաքական կարգավիճակը հանդիսանում է ոչ միայն պայքարի նպատակ, այլեւ նրա ֆիզիկական անվտանգության երաշխիք։

Անհրաժեշտ է ունենալ ինքնուրույն քաղաքական արժեք։
Միջազգային քաղաքականության վերոնկարագրյալ տրամաբանությունը, հավանաբար, վատ չգիտեին առաջին ալիքի հայ քաղաքական գործիչները։ Համենայն դեպս, կարելի է պնդել, որ Հայաստանի ու ԼՂՀ-ի ամբողջ դիվանագիտության նետն էն գլխից ուղղված էր մի հարցի լուծման. ԼՂՀ ինքնուրույն դերի ուժեղացում որպես պատերազմի ու դիվանագիտության սուբյեկտ։ Անկասկած, սրանում էր դիտարկվում ոչ միայն դեպի հաջողություն տանող ճանապարհը, այլեւ ԼՂՀ ժողովրդի անկախության երաշխիքը։ Ինչ-որ պատճառներից ելնելով՝ 1998 թվականից ի վեր Հայաստանի ղեկավարությունն անտեսել է սույն հանգամանքը եւ ինչ-որ չափով հանրությանը հարմարեցրել է իր սեփական մոտեցմանը։ Բայց ժամանակը երկար սպասեցնել չտվեց՝ ԼՂՀ շուրջ մթնոլորտը ոչ այնքան անհոգ երանգներ է ստանում։ Եւ սրա պատճառները մի օրում չեն ստեղծվել։

ԼՂՀ գործոնի միջազգային նշանակալիության այսպիսի հետընթացային էվոլյուցիան կարելի էր կանխել։ ԼՂՀ ինքնուրույնության ուժեղացման հիմնային պարամետրերը բավականին ուժեղ էին։ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփման գծում եւ 1994 թվականի հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հրադադարի ժամանակաշրջանում ԼՂՀ շուրջ միջազգային իրավիճակի ձեւավորման պատմության հետ թեթեւակի ծանոթությունն իսկ վկայում է, որ այն ժամանակներում տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի ձեւավորման գործում ԼՂՀ դերն անմիջականորեն արտացոլվում էր միջազգային գնահատականներում։ Որքան էլ արեւմտյան հանրությունը փորձում էր ԼՂՀ հիմնախնդիրը հանգեցնել ընդունված չափորոշիչներին, քաղաքական զարգացման տրամաբանությունը ստիպում էր բոլորին հաշվի նստել այն իրողության հետ, որ ԼՂՀ գործոնը շրջանցելը դժվար է։

ԼՂՀ-ն որպես միջազգային քաղաքականության սուբյեկտ ձեւավորվել է 1994 թվականին։ 1998-ից մինչեւ 2008 թվականը ԼՂՀ-ից խլվել է նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի դերը։

«Անալիտիկոն», մայիս, 2009

Share

Comments are closed.