Հարավային Կովկասում առկա հակամարտություների խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային աջակցության ազդեցության ընկալումը  

Փորձագիտական հայացք Բաքվից

 


Համիդա ԳԻՅԱՍԲԵՅԼԻ 
1

 

Կովկասը, ինչպես և Արևելքը, նուրբ թեմա է։ Հենց դրա վկայությունն է տարածաշրջանում առկա հակամարտությունների կծիկը։ Սույն հոդվածում կփորձեմ արծարծել մի բավականին նրբանկատ թեմա։ Թե ինչու նրբանկատ՝ արդեն իսկ պարզ է դառնում, կարդալով Աբխազիայի, Վրաստանի և Հարավային Օսիայի իմ գործընկերների անցկացրած հետազոտությունները։ Բավականին դժվար է ընդհանրական կարծիք հայտնել Հարավային Կովկասի մասին, քանի որ այստեղ առկա հակամարտությունները, ինչպես նաև սոցիալ-քաղաքական իրավիճակները որքան տարբեր, նույնքան էլ իրար նման են։Խոսելով հակամարտությունների փոխակերպման և միջազգային օգնության ազդեցության մասին՝ կարևոր եմ համարում էն գլխից հստակեցնել, թե ինչ նկատի ունեմ «փոխակերպում» ասելով, քանի որ հակամարտաբանության և հակամարտություների նկատմամբ մոտեցումների տարատեսակության մասին դատողությունները, պարզվում է, հաճախ տարակուսանքի մեջ են գցում ինչպես տեղական բնակչությանը, այնպես էլ փորձագիտական հանրույթներին։

Հակամարտություների փոխակերպումը հենց այն մոտեցումն է, որը երկարատև ու հանգամանալից գործընթացում վերափոխում է բռնությանն ու դաժանությանը նպաստող հարաբերությունները։ Ադրբեջանում այս ոլորտով զբաղվողները երբեմն ընկալվում են կամ որպես գրպանում մոգական խոսքեր ունեցող կախարդներ, կամ էլ որպես ոսոխի հետ համագործակցող դավաճաններ։

Ադրբեջանում նման վերաբերմունքի մի քանի պատճառներ կան։ Առավել սուր ընկալվում է լարվածության աճը ռազմաճակատի գծում՝ ի հեճուկս հակամարտության կողմերի միջև “գործող” համաձայնագրի 2։ Արդեն երկար տարիներ հակամարտության կողմերն իրական կորուստներ ունեն ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում (էլ չենք խոսում նյութական վնասի մասին)։ Մեկ այլ պատճառ է փախստականների և ներքին  տեղահանված անձանց իրավունքների վերականգնման անհնարինությունը, իրավունքներ, որոնք խախտվել են զինված հակամարտության արդյունքում։ Սույն իրավիճակը, ինչպես նաև մի շարք պատմական իրադարձություներին առնչվող և թշնամանքի լեզվի ու թշնամու կերպարի տարածման վրա սևեռված քաղաքական քարոզչությունը հանգեցրել են հենց հակամարտության փոխակերպմանն ուղղված աշխատանքների արմատավորման սուր անհրաժեշտության։

Ավելի քան քսան տարի 3 քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներն այդ ուղղությամբ աշխատում են տարբեր ձևաչափերով, սակայն այնպիսի դեպքերը, ինչպիսին էին «Ապրիլյան իրադարձությունները»4, հիասթափություն են առաջացնում հանրությունում և արդյունքում հանգեցնում են ցանկացած խաղաղարար նախաձեռնության անարդյունավետության ընկալման։ Այս պայմաններում քաղաքացիական հասարակության և հատկապես ոչ կառավարական կազմակերպուոթյունների ներկայացուցիչները մեղադրվում են “դրամաշնորհակերության” և լրտեսության մեջ, իսկ միջազգային կազմակերպությունները՝ անգործության ու նեոգաղութատիրության մեջ։ Սույն իրավիճակի պարադոքսայնությունը կայանում է նրանում, որ բազմաշերտ դիվանագիտության բոլոր խաղացողներն էլ գիտակցում են իրենց կախվածությունը այսպես կոչված նեոգաղութարարներից, կամ էլ միջազգային աջակցությունից՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական առումով։

Տարիների ընթացքում գործընթացի, ինչպես նաև դրա մասնակիցների ճիշտ չընկալումը, տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության առաջնորդների աշխատանքի թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներին առնչվող խնդիրները հանգեցրել են քաղաքացիական նախաձեռնությունների պարտիզանական տեսակին, նախաձեռնություններ, որոնց նկատմամբ առանց այդ էլ վստահություն չկար բնակչության և պետական մարմիների շրջանում։ Կարևոր եմ համարում նշել, որ սույն գործընթացը հանգեցրել է խաղաղ գործընթացի առանցքային խաղացողների՝ բնակչության, պետության և միջազգային հանրության միջև խորը անվստահության։ Պետությունը կարիք է զգացել քաղաքացիական հատվածը համատարած վերահսղողության տակ առնելու՝ թափանցիկություն ապահովելու համար այնպիսի գործընթացներում, ինչպիսին են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ժողովրդավարացումը և մարդու իրավունքները, հակակոռուպցիոն միջոցները, կրթությունը, սոցիալական հիմնախնդիրները և այլն։ Սա էլ իր հերթին հանգեցրել է պետական մարմինների կողմից դաժան միջոցների ձեռնարկմանը, «ՀԿ-ների մասին» և  «Դրամաշնորհների մասին» օրենքներում5 փոփոխություններ մտցնելուն (որոնք համեմատելի են Հարավային Օսիայում «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի հետ), ինչն էլ հանգեցրել է ՀԿ-ների ազատության սահմանափակմանը։

Նշյալ նորացված օրենսդրության կիրարկման գործընթացում քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ (ընդ որում՝ ոչ միայն խաղաղարարության ոլորտում աշխատող) ստիպված էին հրաժարվել իրենց գործնեությունից, քանի որ արտասահմանյան ֆինանսավորումից կախվածության պատճառով արդեն պարզապես անհնարին էր դա անել։ Բազմաթիվ ՀԿ-ների բանկային հաշիվներ սառեցվեցին, մի քանի հայտնի դեմքեր խաբեբայության մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկվեցին (օրինակ, Լեյլա և Արիֆ Յունուսները), մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ստիպված էին լքել երկիրը։ Արդեն բավականին տևական ժամանակ, իսկ ավելի ստույգ՝ 2013 թվականի վերջից նկատելի են քաղաքացիական հասարակության պառակտում ու անկում Ադրբեջանում։ Այս պայմաններում դժվար է գնահատական տալ միջազգային աջակցությանը, նկատի ունեմ ստեղծված իրավիճակը։ Որպես արդյունավետ համագործակցության օրինակներ կարող եմ պարզապես բերել որոշ անհատների օրինակը, որոնք երկար ժամանակ ներգրավված են եղել վստահության կամուրջների կառուցման գործում և իրենց առաքելությանը հավատարիմ են մնացել մինչև վերջ։

Պարզվել է նաև, որ ավելի քան երկու տասնամյակ կատարված աշխատանքն այսօր մի տեսակ շատ լղոզված բնույթ ունի, քանի որ ռազմական ծանր բախումների ժամանակ՝ զգացական լարվածության գագաթնակետին, նույնիսկ ամենահամառ խաղաղարարները չկարողացան զերծ մնալ բռնության լեզվի ազդեցությունից։ Ինչ խոսք, ի դեմս պետության չունենալով վստահելի գործընկերոջ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մոտ գործողությունների ավելի կառուցակարգային ծրագրի բացակայության պայմաններում ցանկացած նախաձեռնություն կձախողվի՝ սույն հոդվածում արդեն իսկ նշված խոչընդոտներին բախվելուց։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա միջազգային ազդեցության ընկալման թեման դիտարկելիս կարելի է զուգահեռներ անցկացնել Աբխազիայում, Վրաստանում և Հարավային Օսիայում առկա իրավիճակների հետ։ Այնտեղ էլ կարելի է տեսնել ոչ կառավարական հատվածի միջազգային ֆինանսավորման սահամանափակում (բացի Վրաստանից), կախվածությւոն դոնորներից, անվստահություն դրսի օգնության նկատմամբ, բազմամյա աշխատանքի արդյունքներից հիասթափություն կամ ընդհանրապես անարդյունավետություն (քաղաքացիական հատվածի ճգնաժամի հետ կապված կամ էլ միայնումիայն դոնորի համար հետաքրքիր թեմաների ֆինանսավորման պատճառով), միջազգային աջակցության արդյունքների անբավարար հանրայնացում, արտասահմանյան գործընկերների կողմից տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության նվազում և, իհարկե, հակամարտության կողմերի միջև անվստահության բարձր մակարդակ. սրանք բոլորն էլ խաղաղարարության և հակամարտությունների փոխակերպման ոլորտի ամենաբարդ նրբերանգներն են։ Ըստ իս, հարավկովկասյան տարածաշրջանը բավականին փոքր է, և որտեղ էլ ինչ էլ կատարվում է՝ անպայման անդրադառնում է ողջ տարածաշրջանի վրա, ուստի շատ կարևոր եմ համարում մի ընդհանուր ընկերակցության ստեղծումը, որպեսզի հնարավոր լինի որոշ հարցերի անդրադառնալ տարածաշրջանային մակարդակով։

Նկատի ունենալով առկա խնդիրները՝ առաջին հերթին անհրաժեշտ եմ համարում քաղաքացիական հասարակության ու պետության միջև նոր ու հնարավորինս ամուր վստահության կառուցումը։ Իհարկե, այդ վստահության կառուցման կոնկրետ ուղիների մասին խոսելը, նկատի ունենալով յուրաքանչյուր առանձին օրինակի տարբերությունը, բավականին դժվար է, բայց նաև պարզ է, որ այս կամ այն ձևի համագործակցությունն ու համակարգումը՝ առանց քաղաքացիական հասարակության անկախ ու քննադատական կեցվածքի կորստի, առանցքային հանգամանք է։ Ահա թե ինչու եմ գտնում, որ հենց քաղաքացիական հասարակությունը պիտի լինի այդ գործընթացի նախաձեռնողը և հանդես գա որպես իրավահավասար գործընկեր։ Դժվար է կանխորոշել, թե որքանով է իրատեսական նման վստահությունը, բայց այն հնարավոր է կողմերի ցանկության և համառ ջանքերի պարագայում։

Պետության և քաղաքացիական հասարակության միջև ամուր ու վստահելի հարաբերությունների պայմաններում է միայն հնարավոր դառնալու և միևնույն ժամանակ բոլոր կողմերի համար անվտանգ դառնալու խաղաղարարության և հակամարտությունների փոխակերպման ոլորտում միջազգայիտն ակտորների աջակցության ներգրավումը։ Ամփոփելով վստահության մասին քննարկումների առանցքը՝ կարող ենք ասել, որ վերջին ու ոչ պակաս կարևոր քայլը պիտի լինի բնակչության շրջանում թափանցիկ և արժանահավատ տեղեկատվության տարածումը, դրանով իսկ բարձրացնելով հանրային քննարկումների հնարավորությունը, հանրային կարծիքի ձևավորումը և քաղաքացիների ներգրավումն այդ խնդիրների լուծման գործում։ Ինչ խոսք, կուզենայի հավելորդս ընդգծել, որ նման հարցերում անհրաժեշտ են պետության կողմից իրական ցանկություն և աջակցություն, սկզբի համար գոնե քաղաքացիական առողջ հասարակության գործնեության հետ առնչվող գործընթացների ու հարաբերությունների ազատականացման ձևով։

 

 

  1. Համիդա Գիյասբեյլին (Բաքու, Ադրբեջան) հակամարտությունների փոխակերպման և սոցիալական առողջացման ոլորտի փորձագետ է, զգալի փորձ ունի քաղաքացիական նախաձեռնություններին առնչվող աշխատանքներում, գլխավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շրջանակներում։
  2. Հրադադարի հաստատման մասին համաձայնագիր (նաև հայտնի է որպես Բիշքեքյան արձանագրություն, զինադադարի մասին հայտարարություն) Ղարաբաղյան պատերազմի (1992-1994) ժամանակ, որը ստորագրվել է Ադրբեջանի, Հայաստանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունների ներկայացուցիչների կողմից 1994 թվականի մայիսին, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում։
  3. Քաղաքացիական նախաձեռնությունների մասին առավել հանգամանորեն կարելի է տեղեկանալ International Alert կազմակերպության կողմից հրատարակված «Խաղաղության հեռանկարի մերձեցումքաղաքացիական խաղաղարարության 20 տարին՝ ղարաբաղյան հակամարտության համապատկերում» ուսումնասիրությունից։
  4. Ապրիլյան դեպքեր կամ Քառօրյա պատերազմ՝ մի կողմից Հայաստանի ու չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի և մյուս կողմից՝ Ադրբեջանի զինված ուժերի դաժան բախումներ 2016 թվականի ապրիլին։
  5. Օրենքներին մասին ավելի մանրամասն՝ «Բարդ հարց՝ իրավաբան Ալեսկեր Մամեդլիի հետ. Ադրբեջանում ստեղծվել է ՀԿների վերահսկողության համատարած համակարգ»։ 22 ապրիլ, 2016թ. http://www.contact.az/docs/2016/Chetin%20sual/042200153778ru. htm

 

 

 

Share

Comments are closed.