ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ

 


Միքայել ԶՈԼՅԱՆ[1]

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՈ՞Ւ Է ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՄԱՆ ԽՆԴԻՐՆ ԱՐԴԻԱԿԱՆ

Անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում և, ինչպես 1980-ականների վերջում էին ասում, «նրա շուրջը» ծավալված իրադարձությունները թեև կարճ ժամանակով, բայց կրկին հայտնվեցին միջազգային հանրության ուշադրության կիզակետում։ Հակամարտությունը, որի մասին 2016 թվականին արդեն բոլորը գրեթե մոռացել էին, նոր ուժգնությամբ բռնկվեց։ Ապրիլյան թեժացումը ցույց տվեց, որ այսպես կոչված «սառեցված հակամարտությունների» շարքում ղարաբաղյան հակամարտությունը կարելի է «ամենաթեժը» դիտել։ Մինչ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված էր ավելի ծավալուն «ուկրաինական ճգնաժամի» կամ Սիրիայում և Իրաքում ընթացող քաղաքացիական պատերազմների վրա, պարզվեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում փխրուն հավասարակշռությունը խախտված է, և տարածաշրջանը հայտնվել է աղետի շեմին։ Թեև ապրիլյան բախումները դադարեցվել են նախքան լիածավալ տևական պատերազմի վերաճելը, ակնհայտ է դարձել, որ ղարաբաղյան հակամարտության թեժացումը իրադարձությունների զարգացման միանգամայն հավանական սցենար է։Այս համապատկերում քննարկման կարևոր թեմա է դարձել ուժի չկիրառման սկզբունքը և դրա գործադրման հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության համատեքստում։ Կարգավորման գործընթացի մասնակիցների, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների համար ակներև է, որ հակամարտության վերջնական կարգավորումը դեռ շատ հեռու է։ Ավելին՝ հակամարտության կարգավորման հարցում որևէ լուրջ բեկում այսօր քիչ հավանական է։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հակամարտության գոտում գոյություն ունեցող ստատուս-քվոն բավականին անկայուն է, և ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, որը դեռ մի քանի տարի առաջ նվազագույն էր թվում, այսօր բավական մեծ է։ Պարզ է նաև, որ ժամանակակից Եվրասիայի անկայունության երկու հիմնական օջախները՝ Մերձավոր Արևելքն ու հետխորհրդային տարածությունը շաղկապող տարածաշրջանում հակամարտության վերսկսումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնց ազդեցությունը կարող է տարածվել Հարավային Կովկասի սահմաններից շատ ավելի հեռու։

ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ. ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՅՆ ԸՄԲՌՆՈՒՄ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ

Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց  տվեց, թե ինչ ռիսկեր է պարունակում լայնածավալ հակամարտության վերսկսումը հենց հակամարտության կողմերի համար։  Թեև ապրիլյան իրադարձություններին առաջին արձագանքը եղան հայրենասիրական տրամադրությունների աճն ու «արտաքին թշնամու» դեմ հասարակության որոշակի համախմբումը, ժամանակի ընթացքում այս թրենդը փոխարինվել է իշխանական վերնախավերի մեծ զգուշավորությամբ։ Այս առումով, բարձր աստիճանի հասած ազգայնական հռետորաբանությունն ու առավելապաշտական պահանջները կարող են խաբուսիկ լինել։ 2016թ. երկրորդ կեսին շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի քանակն էապես նվազել է, իսկ շատ փորձագետների բավականին հիմնավորված կանխատեսումները՝ 2016թ. աշնանը ապրիլյան դեպքերի կրկնության բարձր հավանականության վերաբերյալ, բարեբախտաբար իրականություն չեն դարձել։ Ավելին՝ հնարավոր է, որ արմատական հռետորաբանությունն ինչ-որ չափով կոչված է քողարկելու իշխանությունների ցուցաբերած արտասովոր զգուշավորությունը։ Քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության շրջանում «արտաքին թշնամու» դեմ համերաշխության կոչերը նույնպես ինչ-որ չափով իրենց տեղը զիջել են կատարվածի վերագնահատման փորձերին (այս միտումն ակնհայտ է Հայաստանում, թեև հիմքեր կան ենթադրելու, որ համանման գործընթացներ տեղի են ունենում նաև Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում՝ առնվազն քաղաքացիական հասարակության  և փորձագետների շրջանակներում)։ Իհարկե, դրանից չի բխում, որ ապրիլյան դեպքերի կրկնության հավանականությունը վերացել է։ Ընդհակառակը, նոր սրացման հավանականությունը բավականին մեծ է։ Եվ հենց այդ պատճառով թե՛ հակամարտության կողմերը, և թե՛ միջնորդները ջանում են մշակել այնպիսի մի բանաձև, որը թույլ կտա խուսափել նոր սրացումից ներկայիս պայմաններում, երբ հակամարտության վերջնական կարգավորման մասին մտածելը վաղաժամ է (այլ բան է, որ կողմերն այդ բանաձևը դեռևս յուրովի են պատկերացնում, քանի որ ամեն մեկը կարծում է, որ այն պետք է նախ հաշվի առնի հենց իր շահերը)։

Այս համատեքստում լիովին արդիական է դառնում ուժի չկիրառման մասին համաձայնագրի հարցը։ Այն էլ ավելի բնական է դառնում, հաշվի առնելով, որ ուժի չկիրառումը՝ որպես ղարաբաղյան կարգավորման սկզբունքներից մեկը, վաղուց ի վեր միջնորդների առաջարկությունների հիմքում ընկած հակամարտության կարգավորման փիլիսոփայության բաղկացուցիչն է։ Իրավահավասարության, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների կողքին ուժի չկիրառման սկզբունքը՝ որպես կարգավորման հիմք, հիշատակվում է միջնորդ երկրների բազմաթիվ հայտարարություններում։ Այսպես, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների 2016թ. դեկտեմբերի 8-ին Համբուրգում հնչած վերջին համատեղ հայտարարություններից մեկում միջնորդները «հիշեցնում» են կողմերին, որ հակամարտության կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն «Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»։[2]

Կարծում ենք, որ ուժի չկիրառման սկզբունքի կարևորությունը խաղաղ կարգավորման համար ինքնին ակներև է։ Ավելորդ է բացատրել, թե որչափ կարևոր է այդպիսի համաձայնագիրը կողմերի միջև վստահության վերականգնման և ամուր խաղաղության հաստատման նախադրյալներ ստեղծման համար։ Սակայն այս ամենը տեսություն է։ Գործնականում ամեն ինչ շատ ավելի դժվար է։ Երբ սկսում ենք խոսել հակամարտության գոտում տիրող իրական վիճակի մասին, հակամարտության կողմերը ուժի չկիրառումը բոլորովին այլ կերպ են մեկնաբանում։ Այսպես՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը բազմիցս՝ տարբեր ձևակերպումներով արտահայտվում էին ուժի չկիրառման համաձայնագրի օգտին։ Ադրբեջանի դիրքորոշումը որոշակիորեն այլ է։ Այսպես՝ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության վերջերս հնչած հայտարարության մեջ ասվում է. «Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության համատեքստում ուժի չկիրառման մասին խոսող անձինք նախ պետք է բացառեն Ադրբեջանի տարածքների ռազմական բռնազավթման  գործոնը»։[3] Հասկանալի է, որ պաշտոնական Բաքուն հակամարտության գոտում առկա իրավիճակը գնահատում է որպես իր տարածքի բռնազավթում, հետևաբար՝ ուժի կիրառումն իր անօտարելի իրավունք է դիտում։ Այս տրամաբանության շրջանակում ուժի կիրառումից հրաժարվելը դիտվում է որպես զիջում Երևանին և Ստեփանակերտին, որին ի պատասխան հայկական կողմերն, իրենց հերթին, պետք է նշանակալից զիջումների գնան։ Ընդ որում, բոլորովին հասկանալի չէ, թե ինչպիսի զիջումներ է պաշտոնական Բաքուն բավարար համարելու նման համաձայնագիր կնքելու համար։

ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ. ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՅՆ ԻՐԱԿԱՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ

Վերոնշյալից պարզ է դառնում, որ, ի հեճուկս ուժի չկիրառման մասին քննարկումների աշխուժացման՝ այսօր նմանատիպ համաձայնագրի կնքումը քիչ հավանական է։ Այդպիսի համաձայնագրի կնքմանը ներկայումս խոչընդոտող պատճառները կարելի է բաժանել երկու խմբի՝ բուն հակամարտության ընթացքի հետ կապված գործոններ և ավելի լայն՝ տարածաշրջանային ու որոշ չափով համաշխարհային գործընթացներից ածանցյալ գործոններ։

Նախ՝ հակամարտության բուն ընթացքն ինքնին նեղացնում է ուժի չկիրառման մասին համաձայնագրի կնքնման հնարավորությունները։ 1990-ականների երկրորդ կեսը և 2000-ականների սկիզբը բնութագրվում էին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրած համեմատական հանգստությամբ, հակամարտության կարգավորման խնդրի շուրջ դիվանագիտական ակտիվության համեմատաբար բարձր մակարդակով և տեղի քաղաքացիական հասարակության և միջազգային դրամաշնորհատուների երկխոսային նախաձեռնությունների նկատմամբ իշխանությունների եթե ոչ բարյացակամ, ապա գոնե չեզոք վերաբերմունքով։ Թերևս այդ՝ անցած համատեքստում ուժի չկիրառման մասին համաձայնագիրը կարող էր որոշ հավանականությամբ ստորագրվել՝ մեծ նպաստ բերելով հակամարտության կարգավորման գործընթացին։ Մյուս կողմից, անգամ այն՝ համեմատաբար խաղաղ ժամանակահատվածում կողմերի միջև եղած տարաձայնություններն այնքան մեծ էին, որ այդ ժամանակ էլ նմանատիպ համաձայնագրի ստորագրման հավանականությունը չպետք է գերագնահատել։

Ինչևէ, 2000-ականների կեսերից ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը սկսել է վատթարանալ։ Հռետորաբանության մակարդակում տարաձայնությունների սրացումն ուղեկցվում էր շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անկայունության աճով և թեժացող տեղեկատվական պատերազմով։ Լարվածության աստիճանը հետզհետե աճում էր։ Բաքվի ակտիվ դիմադրությունը հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանը, Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու կապակցությամբ շփման գծում հաճախակի դարձած միջադեպերը դարձել են հակամարտության գոտում իրավիճակի աճող սրման փուլերը։ Վերջին տարիներին, Ուկրաինայի և Սիրիայի հետ կապված իրադարձություններից հետո, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը հասել է լարվածության նոր մակարդակի։ Այդ պայմաններում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացը սկզբից ձեռք է բերել իմիտացիոն բնույթ, իսկ ապա՝ ընդհանրապես զրոյացել։ Բնական է, որ այդպիսի պայմաններում, երբ կողմերից մեկը հայտարարում էր հարցն ուժով լուծելու մտադրության մասին և գործնական քայլերով ապացուցում իր այդ պատրաստակամությունը, իսկ մյուս կողմը ցուցադրում էր պատասխան հարված հասցնելու վճռականությունը, ուժի չկիրառման մասին համաձայնագրի գաղափարը մնում էր ըստ էության երևակայական։

Աճող լարվածությունն, ի վերջո, հանգեցրել է ապրիլյան իրադարձություններին։ «Քառօրյա պատերազմից» անմիջապես հետո ղարաբաղյան կարգավորման մեջ որոշակի աշխուժացում է նկատվել։ Այդ համատեքստում ի թիվս այլոց սկսվել է հիշատակվել ուժի չկիրառման մասին համաձայնագիրը։ Ընդ որում, պաշտոնական հռետորաբանության մակարդակում կաղմերը չէին հրաժարվում կարգավորման առնչությամբ իրենց նախկին դիրքորոշումներից, իսկ միջնորդները հիմնականում սահմանափակվում էին կարգավորման ընդհանուր սկզբունքների մասին լղոզված հայտարարություններով։ Դրա համար էլ բանակցային գործընթացի մեր վերլուծությունը՝ սոսկ հակամարտության գոտում առկա ընդհանուր իրավիճակի և հասարակության համար մատչելի դարձած կցկտուր տեղեկությունների վրա հիմնված մեկնաբանությունն է։

Դատելով հիշյալ աղքատիկ տվյալներից՝ դիվանագիտական շրջանակներում քննարկման առարկա դարձած թեմաներից մեկը եղել է մի բանաձև, որը, եթե այդպես կարելի է ասել, մադրիդյան սկզբունքների «հատյալ» տարբերակն է։ Բուն մադրիդյան սկզբունքները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի շուրջ այսպես կոչված «անվտանգության գոտու» տարածքների (Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև «միջանցքի» պահպանմամբ) փոխանցումն Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի ճանաչման և նրա վերջնական կարգավիճակը որոշելու մեխանիզմների հստակեցման դիմաց։ Այս ամենն էլ ամրագրվում է խաղաղապահ գործողություն ներառող միջազգային երաշխիքներով։[4] Այսպիսի դասավորության մեջ ուժի չկիրառումը դիտվում է որպես ինքնըստինքյան ենթադրելի և ապահովվում է խաղաղարար գործողության իրականացմամբ։ Միջանկյալ համաձայնագրի այն տարբերակը, որը որոշ «արտահոսքերի» համաձայն քննարկվում էր 2016թ. գարնանն ու ամռանը, ենթադրում էր «անվտանգության գոտու» մի մասի (երբեմն մամուլում և փորձագիտական շրջանակներում խոսվում էր «մեկ կամ երկու շրջանի» մասին) փոխանակումն ուժի չկիրառման համաձայնագրի և միջազգային երաշխիքների, ինչպես նաև հաղորդակցային ուղիների ապաշրջափակման դիմաց։

Այս առաջարկությունների գոյությունն, այնուամենայնիվ, պաշտոնապես չի հաստատվել։ Մամուլում եղել են որոշ արտահոսքեր, քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց հայտարարություններ, որոնց կարելի էր դատել, որ երբեմն «Լավրովի» կամ «Պուտինի ծրագիր» կոչվող փաստաթուղթն իրականում քննարկվում էր։ Սակայն դժվար է խոսել այդ ծրագրի մանրամասների, մասնավորապես՝ այն մասին, թե արդյո՞ք անվտանգության երաշխիքների ձևաչափը ներառում էր խաղաղարար գործողություն, և եթե՝ այո, ապա ո՞ր երկրների զինված ուժերի մասնակցությամբ։ Ավելին՝ հավանական է, որ անգամ հիշյալ ծրագրի հեղինակները, եթե այն իրականում գոյություն ուներ, ամբողջովին չէին պատկերացնում, թե ինչպես են լուծվելու կարգավորման համար խիստ կարևոր այդ հարցերը։ Առավել ևս, որ այդ հարցերի պատասխանները կարող էին լուրջ տարաձայնություններ առաջացնել նաև միջնորդների միջև։

Սակայն, անգամ եթե ենթադրենք, որ միջնորդներն ունեն բոլոր հարցերի պատասխանը, դա ևս բավարար չէ, որպեսզի այդ համաձայնագիրն իրականություն դառնա։ Խնդիրն այն է, որ հակամարտության փոխակերպման վերոնկարագրյալ ողջ ընթացքը նման համաձայնագիրը դժվարորեն իրագործելի է դարձնում։ Կողմերի միջև յուրաքանչյուր հակամարտության ժամանակ ծագող վստահության բացակայության գործոնը ղարաբաղյան համատեքստում շատ ուժեղ է արտահայտված և խորանալու միտում է արձանագրում։ Ընդ որում, փոխադարձ անվստահությունը տարածվում է ոչ միայն ռազմատենչ հռետորաբանությամբ միմյանց հետ մրցակցող իշխանական վերնախավերի, այլև հասարակության զգալի հատվածի վրա, որի մասին առնվազն կարելի է դատել տարբեր գործիչների հայտարարություններից, մամուլից և սոցիալական ցանցերից։ Ավելին՝ պարզ չէ և այն հարցի պատասխանը, թե ի՞նչ չափով են հասարակությունները վստահում սեփական վերնախավերին և որքանո՞վ են նրանց դիտում որպես իրենց շահերի օրինավոր ներկայացուցիչներ։ Այսպիսի մթնոլորտում յուրաքանչյուր՝ հատկապես ուժի չկիրառման մասին համաձայնագիրը, որը չի պարունակելու հակամարտության այլ հայեցակետերի լուծում, լավագույն դեպքում ընկալվելու է որպես մի անլուրջ և անվստահելի ձեռնարկ, իսկ վատթարագույն դեպքում՝ որպես խաբեություն կամ հարկադրված զիջում։

Բացի դրանից, հակամարտության տվյալ փուլում կողմերի որդեգրած մարտավարությունը չի նպաստում նմանատիպ համաձայնագրի կնքմանը։ Որոշ վերլուծաբաններ նշել են, որ ապրիլյան «քառօրյա» պատերազմը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունն անցել է «հյուծիչ պատերազմի» (war of attrition)[5] մարտավարությանը։ Քանի որ, Բաքվի կարծիքով, Հայաստանը մտադիր չէ զիջումների գնալ, իսկ լայնածավալ պատերազմը մի շարք ռիսկեր է պարունակում, ամենայն հավանականությամբ՝ ընտրությունը կատարվել է ԼՂՀ-ն և Հայաստանը փոքր սադրանքների և սահմանափակ ծավալի ռազմական գործողությունների միջոցով ուժասպառելու մարտավարության օգտին։ Բնական է, որ ուժի չկիրառման պայմանագիրը դժվար է համադրել այդպիսի մարտավարության հետ։ Երևանի ու Ստեփանակերտի մարտավարությունն, ընդհանուր առմամբ, կողմնորոշված է ստատուս-քվոյի պահպանման օգտին։ Ընդ որում, հաշվի առնելով Բաքվի դիրքորոշումները, ակնհայտ է, որ ուժի չկիրառման մասին համաձայնագիրը հնարավոր է միայն Երևանի և Ստեփանակերտի կողմից լուրջ զիջումների պարագայում։ Սակայն, մի շարք, այդ թվում և ներքաղաքական բնույթի պատճառներով, ո՛չ Հայաստանը, և ո՛չ ԼՂՀ-ն այսօր անգամ նվազագույն զիջումների պատրաստ չեն։ Ավելին՝ և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում պաշտոնական Բաքվին չեն վստահում։ Արդյունքում, հայկական կողմերը ուժի չկիրառման մասին համաձայնագիրն այնքան չեն կարևորում, որպեսզի հանուն վերջինիս գնան որոշակի զիջումների, հատկապես որ առկա են շատ լուրջ կասկածներ, որ նմանատիպ համաձայնագիրը չի գործելու։ Միակ պայմանը, որի դեպքում այդ համաձայնագիրը գոնե Երևանում ու Ստեփանակերտում լուրջ կդիտվի՝ վերջինիս կատարման ամուր միջազգային երաշխիքներն են։ Բայց այստեղ մենք մոտենում ենք մեր մինչ այդ արդեն հիշատակած խնդրին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի վրա տարածաշրջանային և համաշխարհային գործընթացների ազդեցության գործոնին։

Վերջին տարիներին և՛ տարածաշրջանում, և՛ աշխարհում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, որոնք հանգեցրել են ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումների վերաիմաստավորման։ Երկար տարիներ Լեռնային Ղարաբաղում խաղաղարարության փիլիսոփայությունը ձևավորվում էր հետսառըպատերազմյան ժամանակաշրջանի ազատական կոնսենսուսի պայմաններում։ «Պատմության ավարտի» կաղապարը, որի համաձայն Սառը Պատերազմի ավարտը նշանավորվել է ազատական ժողովրդավարության և վերջինիս վրա հիմնված աշխարհակարգի հաղթանակով, տիրապետող էր 90-ականների առաջին կեսի քաղաքական և մտավորական վերնախավերի մոտ ոչ միայն Արևմուտքում, այլև հետխորհրդային տարածությունում։ Այդ համապատկերում ղարաբաղյան հիմնախնդրի պես հակամարտությունները դիտվում էին սոսկ որպես նոր հաստատված կարգից ցավալի ու ժամանակավոր շեղում։ Հասարակություններին առաջակվում էր լուծել հակամարտությունը և միախառնվել ժողովրդավարության ու ազատ շուկայի արժեքների վրա հիմնված համաշխարհային առաջընթացի հզոր հոսանքին։

Թեև շատ շուտ պարզ է դարձել, որ համաշխարհային մասշտաբով «պատմության ավարտն» այդպես էլ իրականություն չի դարձել, Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածության պարագայում ժողովրդավարական արժեքների վերընթաց տարածման գործընթացը շարունակվում էր։ Այն, մասնավորապես, արտահայտվում էր եվրոատլանտյան ինտեգրման գործընթացում։ Իհարկե, գոյություն ուներ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների խնդիր, բայց մինչ որոշակի պահը  թվում էր, որ Ռուսաստանը նույնպես ընթանում էր Արևմուտքի հետ ինտեգրման ուղով, թեև այդ ճանապարհին կային որոշակի դժվարություններ։ Անգամ 2008թ. օգոստոսյան պատերազմը (դրան հաջորդած «վերբեռնման» շնորհիվ) շուտով սկսել է ընկալվել որպես Ռուսաստանի ընդհանուր գծից էական, բայց և ժամանակավոր շեղում։ Թվում էր, որ ազատական աշխարհակարգը, անգամ եթե այն իրագործելի չէ համաշխարհային մասշտաբով, հետզհետե իրականություն էր դառնում ոչ միայն ԵՄ, այլև՝ հետխորհրդային երկրների տարածքում։ Թվում էր, որ Հարավային Կովկասի երկրներին բավական էր լուծել տեղական հակամարտությունները՝ այս նոր իրականությանը հաղորդակից դառնալու համար։

Սակայն վերջին տարիների մարտահրավերները՝ ուկրաինական ճգնաժամը և դրա պատճառով Արևմուտքի և Ռուսաստանի միջև ծագած հակամարտությունը, սիրիական պատերազմը, փախստականների զանգվածային ներհոսքը ԵՄ, ահաբեկչական սպառնալիքի համաշխարհային տարածումը, պոպուլիզմի և ծայրահեղ աջակողմյան քաղաքական շարժումների ժողովրդականության աճը սկսել են վտանգել հաստատված ազատական աշխարհակարգը։ Նոր թրենդների շարքում են՝ միջազգային հարաբերություններում աճող քաոսը, հակամարտությունների սրացումը, միջազգային կազմակերպությունների սասանված հեղինակությունը և «ռեալպոլիտիկի» ու հզոր ձեռքի օգտին կողմնորոշվելու ընդլայնվող միտումը։

Այս ամենը ստեղծում է մի մթնոլորտ, որում հակամարտության կողմերի հին հաշիվները և փոխադարձ անվստահությունը հավելվում են համաշխարհային մասշտաբով աճող անկայունությանը և անկանխատեսելիությանը։ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի, ուկրաինական ճգնաժամի և թուրքական Քուրդիստանում բռնկվող հակամարտության արձագանքները չեն նպաստում մեր տարածաշրջանի կայունությանը։ Դրական թրենդի մեկնարկը կարող էր տալ միջուկային գործարքից հետո սկսված Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների բնականոնացման գործընթացը, բայց այսօր այն նույնպես վտանգված է Թրամփի ընտրության և իրանցի պահպանողականների ծայրահեղական դիրքորոշումների արդյունքում։ Եվ, ի վերջո, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերություններում լարվածության աճն ուղղակիորեն հարցականի տակ է դնում ողջ միջազգային հանրության և մասնավորապես միջնորդ երկրների կարողությունը՝ պայմանավորվածությունների կատարման իրական երաշխիքները տրամադրելու հարցում։ Ավելին՝ Ղրիմում և Ուկրաինայի արևելքում ծավալված իրադարձությունները ցույց են տվել, որ նոր՝ հետղրիմյան աշխարհում միջազգային համաձայնագրերի կատարմանը կարելի է հույս տածել միայն այն դեպքում, եթե դրանք ամրագրվում են իրական «կոշտ ուժով»։

Այս ամենը, ինչպես և հարկ էր ակնկալել, ազդում է մեր տարածաշրջանում առկա տրամադրությունների վրա։ Միջնորդների սիրված արտահայտությունն առ այն, թե «հակամարտությունը չունի ուժային լուծում», որն առաջ էլ մեր տարածաշրջանում որոշակի հոռետեսություն էր առաջացնում, այսօր ընկալվում է որպես իրականությունն արհամարհող դատարկ բանաձև։ Մենք ամենուր տեսնում ենք, որ ուժի կիրառումը վերջինիս ավանդական «կոշտ» կամ հետարդիական «հիբրիդ» ձևով, անգամ եթե չի լուծում հակամարտությունները, ապա այն կիրառողին շնորհում է միանգամայն զգալի օգուտներ և առավելություններ։ Եթե նախկինում հակամարտության կարգավորման փիլիսոփայությունը հենվում էր ազատական աշխարհակարգին ինտեգրվելու հեռանկարի վրա, ապա այժմ հարց է առաջանում. այն, առհասարակ, գոյություն ունի՞։ Եթե նախկինում միջազգային հանրության կողմից ուժ չկիրառելու պահանջներին հավելվում էին անվտանգության երաշխիքնրի խոստումներ, ապա այժմ հարց է ծագում. որքանո՞վ է միջազգային հանրությունն ի զորու տրամադրել և ապահովել անվտանգության իրական երաշխիքներ։ Եթե մինչ օրս միջնորդների համատեղ կոչերը ծառայում էին որպես ղարաբաղյան հակամարտության հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջև առկա կոնսենսուսի ապացույց, ապա այժմ հարց է ծագում. որքանո՞վ է կայուն այդ կոնսենսուսը, և արդյո՞ք այն պահպանվելու է մի իրավիճակում, որն ավելի ու ավելի հաճախ անվանում են «Սառը պատերազմ 2.0»։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսպիսով՝ այսօր մենք ականատեսը դարձանք այն բանին, թե ինչպես են համաշխարհային և տարածաշրջանային թրենդները նպաստում ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածության աճին։ Իհարկե, անգամ ներկայիս պայմաններում պետք չէ կորցնել լավատեսությունը։ Հայտնի է, որ ամեն մի ճգնաժամ իր մեջ ոչ միայն նոր մարտահրավերներ, այլև նոր հնարավորություններ է պարունակում։ Չի կարելի բացառել, որ համաշխարհային և տարածաշրջանային աճող անկայունությունը մեր երկրների հասարակությունների և իշխանությունների համար կարող է նոր խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին լրջորեն խորհելու համար։ Սակայն, հարկ է մնալ իրապաշտ և հասկանալ, որ ստեղծված պայմաններում որևէ, այդ թվում և ուժի չկիրառման մասին համաձայնագիր, պետք է ամրագրվի և ապահովվի անվտանգության շատ լուրջ երաշխիքներով։

Ի հեճուկս մեր արտահայտած բոլոր վերապահումների՝ միանգամայն ակնհայտ է, որ ուժի չկիրառման մասին դրույթները պետք է դառնան հակամարտության կարգավորման բաղկացուցիչը։ Սակայն դրանց դերը չպետք է գերագնահատվի։ Ուժի չկիրառման մասին յուրաքանչյուր համաձայնագիր օգտակար է լինելու միայն որպես ավելի լայն համաձայնագրի մաս, որն ապահովելու է անվտանգության հստակ և գործուն երաշխիքներ։ Առանց անվտանգության իրական երաշխիքների՝ ուժի չկիրառման մասին համաձայնագիրը լավագույն դեպքում մնալու է սոսկ մտադրությունների մասին հայտարարություն։ Այլ խոսքերով՝ կարգավորման մասին համալիր համաձայնագիրը պետք է պարունակի ուժ չկիրառելու մասին դրույթներ, որոնք պետք է ամրագրվեն միջազգային հանրության տրամադրելիք անվտանգության ամուր երաշխիքներով. ընդ որում՝ այդ երաշխիքների իրականացման մեխանիզմը պետք է լինի առավելագույնս մանրամասնված և իրատեսական։

 

 

[1]    Միքայել Զոլյան՝ պատմաբան և քաղաքագետ Երևանից, պատմական գիտությունների թեկնածու, Երևանի  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի  դոցենտ, Հայաստանում և այլուր հրատարակված բազմաթիվ ակադեմիական և վերլուծական աշխատությունների հեղինակ։

[2]      Joint Statement by the Heads of Delegation of the OSCE Minsk Group Co-Chair Countries,

HAMBURG, 8 December 2016, http://www.osce.org/mg/287531

[3]      Невыполнение Арменией резолюций Совета Безопасности ООН – серьезная угроза международному миру и безопасности, Азербайджанское Государственное Информационное Агентство, Азертадж, 23 января 2017, http://azertag.az/ru/xeber/1029082

[4]      См. например заявление стран-членов Минской Группы ОБСЕ принятое в Л›Аквиле в 2009 г. http://www.osce.org/mg/51152/

[5]      Shiriyev, Zaur, Azerbaijan’s War of Attrition: A New Strategy to Resolve the Karabakh Conflict? Eurasia Daily Monitor Volume: 13 Issue: 67, 2016. Available at: https://jamestown.org/program/azerbaijans-war-of-attrition-a-new-strategy-to-resolve-the-kara-bakh-conflict/

Share

Comments are closed.