ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ



Սևինջ Ս
ԱՄԵԴԶԱԴԵ[1]

 

Ընդհանուր դիտարկում


Հարավկովկասյան տարածաշրջանը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո վերածվել էր ակտիվ տարածքային հակամարտությունների կիզակետի, դեռ շարունակում է մնալ որպես մի քանի չլուծված հակամարտությունների տեղաշրջան։ Դեռևս 1980-ականների վերջում Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում բռնկված հակամարտությունը ընթացել է ներքին բախումներով և Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից և Հայաստանից բնակչության արտամղմամբ և վերաճել է Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների միջև չհայտարարված պատերազմի։ Քանի որ կրակի դադարեցման մասին վերջնական համաձայնագիրը ստորագրվել է 1994թ., կողմերը պատասխանատվություն են ստանձնել գտնելու հակամարտության քաղաքական լուծումը ուժի չկիրառման միջոցով՝ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) շարունակական մշտադիտարկման առաքելության պայմաններում։

Ուժի չկիրառումը հակամարտությունների լուծման ժամանակ

Կան մի քանի պատճառներ, որոնց բերմամբ ղարաբաղյան հակամարտությունում ուժի կիրառումը ցայսօր կանխում է հակամարտությունների կարգավորման գործընթացը։ Նախ՝ կարևոր է իրական հասկացությունների շրջանակում քննել դրա իրավական հայեցակետերը։ Ըստ սովորական միջազգային և պայմանագրային իրավունքի՝ պետությունների կողմից «ուժի կիրառումը» վերահսկողության և սահմանափակումների տակ է գտնվում այն դեպքում, երբ խոսքը հակամարտությունների կարգավորման մասին է։ «Ուժ» հասկացությունը չպետք է հասկանալ սոսկ որպես պատերազմ կամ ռազմական գործողություններ։ Ուժի կիրառումը կամ կիրառման սպառնալիքը կարող է իր մեջ ներառել տնտեսական, քաղաքական, ինչպես նաև ռազմական գործողություններ։ Բացի դրանից, ողջ պատմության ընթացքում հակամարտությունների կարգավորման համար ուժի կիրառումը հանգեցնում էր կործանարար հետևանքների՝ խաղաղ բնակչության զանգվածային սպանդի, տնտեսության ոչնչացման և փխրուն խաղաղության խարխլման։

Այսպիսով՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառումն աշխարհի տարբեր տարածաշրջաններում դարձել է կայուն խաղաղության պահպանման և բարգավաճման կարևոր մեխանիզմ։ Ուժ գործադրելու հակում ունեցող պետությունների կողմից ուժի կիրառումը կանխելու համար Միացյալ ազգերի կազմակերպության Կանոնադրությունում[2] գործում է թիվ 2 (3) հոդվածը, որը կազմակերպության անդամ պետություններին պարտավորեցնում է ծագող վեճերը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Բացի դրանից, թիվ 2 [3] հոդվածի համաձայն՝ «Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ եւ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որեւէ այլ ձեւով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»: ՄԱԿ Կանոնադրության համաձայն կա միայն երկու դեպք, երբ պետություններն իրավունք ունեն ուժ գործադրելու հայտ ներկայացնել։ Առաջին՝  Անվտանգության խորհուրդը կարող է պահանջել ուժ կիրառել՝ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը համատեղ գործողությունների միջոցով վերահաստատելու համար։ Երկրորդ՝  51-րդ հոդվածում[4] ասվում է. «Սույն Կանոնադրությունը ոչնչով չի խաթարում անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության որեւէ անդամի հարձակման ենթարկվելու դեպքում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ: Անդամների կողմից իրենց ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու միջոցառումների մասին անմիջապես հաղորդվում են Անվտանգության խորհրդին եւ, սույն կանոնադրության համաձայն, ոչ մի կերպ չեն ազդում: Անվտանգության խորհրդի հեղինակության ու լիազորության վրա՝ ցանկացած ժամանակ ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար»։

Ղարաբաղյան հակամարտության «status-quo»-ն մի քանի անգամ փոփոխվել է, որն էլ հանգեցրել է համաձայնությունների և բանակցությունների անհաջող փորձերի և հակամարտող կողմերից ուժի կիրառման։

Մադրիդյան սկզբունքները[5]

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները երկար ժամանակ բանակցում էին որոշ առաջարկությունների շուրջ։ 2007թ.  Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ներկայացվեցին Մադրիդյան սկզբունքները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարգավորման առաջարկը։ Մադրիդյան սկզբունքները խարսխված են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների վրա։

Մադրիդյան սկզբունքները կարևոր քայլ են խաղաղ համաձայնագրի ուղղությամբ և պարունակում են կարևոր ու համապարփակ ծրագիր բանակցությունների ընթացքն արագացնելու համար։ Մադրիդյան սկզբունքների համաձայն՝ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը վճռվելու է հանրաքվեի միջոցով, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ և իրական կամարտահայտումը»։ Վերոբերյալ նախադասության մէջ «ԼՂ բնակչություն» արտահայտությունը վերաբերում է 1988թ. Լեռնային Ղարաբաղում եղած բնակչության բոլոր էթնիկական խմբերին՝ ըստ հակամարտությունից առաջ նրանց ունեցած էթնիկական հարաբերակցության։

Ապա հակամարտությունից տուժած շրջաններից բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականներն ստանալու են կամավոր հիմունքներով նախկին բնակության վայրեր տեղափոխվելու իրավունք՝ այն բանից հետո, երբ Փախստականների գործերով ՄԱԿ Գլխավոր հանձնակատարի վարչությունը կհայտարարի, որ այդ վայրերում ստեղծվել են փախստականների վերադարձի համար պատշաճ պայմաններ։

Բացի դրանից, Մադրիդյան առաջարկն անցումային փուլի ընթացքում պաշտպանում է ԼՂ բնակիչների իրավունքներն ու արտոնությունները՝ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի իրավական կարգավիճակի վերջնական որոշումը։

Միաժամանակ, հիշյալ առաջարկը կոչ է անում Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող ու ներկայումս հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող բոլոր ադրբեջանական տարածքները։ Հայկական ուժերի դուրսբերմանը և վերադարձվող շրջանների ապառազմականացմանը հաջորդելու է խաղաղության պահպանման միջազգային մշտադիտարկումը։ Ուժի չկիրառման և ապառազմականացման սկզբունքին հավատարմությունը ցուցաբերելու համար Ադրբեջանը պարտավորվում է ներկայիս շփան գծից այն կողմ չտեղափոխել զինվորական ստորաբաժանումներ ու ռազմական տեխնիկա՝ բացառությամբ ոստիկանական ուժերի։

Ի հեճուկս այն հանգամանքի, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պայմանավորվել են ընդհանուր սկզբունքների շուրջ, որոշ պայմանների հարցում պահպանվել են տարակարծություններ, որոնք պարբերաբար ի հայտ էին գալիս բանակցային գործընթացի հետագա վճռորոշ պահերին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները հակամարտող երկրների նախագահների մակարդակով շարունակվել են Սանկտ֊Պետերբուրգում[6] (2010թ. հունիս), Աստրախանում[7] (2010թ. հոկտեմբեր), Սոչիում[8] (2011թ. մարտ) և Կազանում[9] (2011թ. հունիս)։ Այս բանակցությունների միջոցով  ապարդյուն փորձ էր արվում շարունակել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակների համաձայնեցումը։ Զուգահեռաբար՝ թե՛ Հայաստանում, և թե՛ Ադրբեջանում ներքին լսարանին հասցեագրվող ելույթներում չէր բացառվում ուժի կիրառման հնարավորությունը՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար։

Երկու երկրների ռազմականացումն ու անվտանգության դիսկուրսի գերակայությունը խորացրել են կողմերի միջև առկա անվստահության մթնոլորտը։ 2006 թվականից[10] ի վեր Ադրբեջանի ռազմական ծախսերը մեծացել են երկու անգամ՝ 2015թ.[11] դառնալով ՀՆԱ 4,6%-ը։ Համապատասխանաբար՝ 2006 թվականից ի վեր Հայաստանի ռազմական ծախսերն աճել են 1,5 անգամ՝ կազմելով ՀՆԱ 4,5 %-ը։ Ռուսաստանը, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու հանգամանքին, նախկինի պես շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին սպառազինություններ վաճառել, ինչն, իր հերթին, տարակուսանք է հարուցում արդյունավետ և արդար միջնորդության գործընթացի նկատմամբ։ Ի հեճուկս հրադադարի մասին համաձայնագրի՝ 1994 թվականից հայ և ադրբեջանցի զինվորականների ու ռազմաճակատի գծի հարևանությամբ ապրող խաղաղ բնակչության շրջանում զոհերի քանակը տարեցտարի աճում է։[12] Այսպիսով, հակամարտությունը ոչ միայն ահռելի բյուջետային ծախսերի, այլև բազմաթիվ մարդկային կյանքերի պատճառ է դարձել։

Ապրիլյան պատերազմը և ղարաբաղյան հակամարտության նոր փուլը

2016թ. ապրիլի 2-ին վիճելի տարածքների որոշ հատվածներում տեղի է ունեցել 1994 թվականից ի վեր աննախադեպ խոշոր ռազմական բախում։ Քառօրյա պատերազմի ընթացքում զոհվել են շուրջ 200 հայ և ադրբեջանցի զինծառայողներ ու քաղաքացիական անձինք։ Հակամարտության կարգավորման տեսանկյունից տեղի ունեցած ռազմական բախումները կողմերին որևէ զգալի արդյունք չեն ապահովել։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի կառավարությունը պնդում էր, որ տեղի են ունեցել փոքրածավալ տարածքային ձեռքբերումներ։ Այս պնդումները մեծացնում են Ադրբեջանի ներկայիս քաղաքական վարչակարգի ժողովրդականությունը։[13]

Ապրիլյան բախումները ներկայիս բանակցային գործընթացի և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև ուժի չկիրառման մասին համաձայնագրի անարդյունավետության վառ ապացույց էին։ Ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2016թ. ապրիլյան թեժացումից հետո հակամարտության կարգավորման և վստահության միջոցների որոնմանը ձեռնամուխ լինելու պարբերական կոչերի՝ կողմերի միջև խաղաղ ճանապարհով առաջընթաց արձանագրելու պատրաստակամություն չի նկատվում։ Ապրիլյան բախումներից հետո Ադրբեջանի կառավարությանը դիսկուրսը հենվում է այն պնման վրա, թե ռազմական գործողությունների լծակի օգտագործումն անհրաժեշտ է բանակցային գործընթացը խթանելու համար։[14] Այնուամենայնիվ, հակամարտող կողմերի շարունակվող ռազմականացումը վկայում է, որ նրանցից ոչ մեկը պատրաստ չէ պահպանել ուժի չկիրառման մասին 1994թ. կնքված համաձայնագիրը։

Եզրակացություն

Արդեն մի քանի անգամ բաց են թողնվել ավելի քան 25 տարի տևող ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման իրական հնարավորությունները։ Այս հակամարտությունը ներկայումս գտնվում է շատ բարդ փուլում, քանի որ հակամարտող կողմերը զգալիորեն հեռացել են խաղաղ համաձայնության սկբնական նախաձեռնություններից։ 2016թ. տեղի ունեցած թեժացումը վկայում է, որ հետագա սրացումներն անխուսափելի են այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը մոռանում են սեփական ներդրումն ունենալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա կարգավորելու գործում։ Այլ խոսքերով՝ Հայաստանի օգտին ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը և այն ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածի վկայակոչմամբ ուժի կիրառման միջոցով փոխելու Ադրբեջանի ակներև քաղաքականությունը չեն ապահովում հակամարտության իրական արմատական պատճառների վերացումը։ Բացի դրանից, ուժի չկիրառման մասին համաձայնությունների կարճատևությունը մեծացնում է ռազմականո գործողությունների հետագա բռնկման և վտանգավոր պատահականությունների առաջացման հնարավորությունը՝ էական սպառնալիք ստեղծելով  տարածաշրջանային անվտանգության և բարգավաճման համար։

Առաջարկություններ

֊-Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները պետք է պատրաստ լինեն հետևելու հրադադարի մասին համաձայնությանը՝ հետագա սրացումները և պատճառահետևանքային կապերը կանխելու համար,

-Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է տեղեկացնեն իրենց հասարակություններին խաղաղ համաձայնագրի մանրամասների մասին և նախապատրաստեն նրանց հաշտեցման ու վերաինտեգրման՝ ապագայում կայուն խաղաղությանը հասնելու համար,

-Բաքուն և Երևանը պետք է արագացնեն խաղաղ բանակցությունների գործընթացը Մադրիդյան սկզբունքների վերանայման և նորացման միջոցով՝ յուրաքանչյուր պետության և սուբյեկտների ազգային շահերին համապատասխան,

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ավելի ակտիվ լինեն Հայաստանի և Ադրբեջանի խրախուսմանը միտված նոր կարգավորման փաթեթների և ռազմավարությունների մշակման հարցում՝ ուժի կիրառումը կանխելու և փոխադարձաբար ընդունելի լուծումների հասնելու համար։

 

 

 

[1]              Սևինջ Սամեդզադե. 2014թ. Սան-Դիեգոյի համալսարանում Ֆրեդ Ջ. Հանսենի անվան խաղաղության և հակամարտաբանության ծրագրում ներառված հետազոտող, հակամարտությունների փոխակերպման և խաղաղարարության ոլորտում գործող անկախ հետազոտող և վերլուծաբան, Բաքու, Ադրբեջան։

[2]          Միացեալ ազգերի կազմակերպության Կանոնադրությունը և Միջազգային դատարանի Ստատուտը. htttp://www.un.org/en/charter-united-nations/ ։

[3]          Նույն տեղում։

[4]          Միացյալ ազգերի կազմակերպության Կանոնադրություն,  Գլուխ VII` Գործողություններ խաղաղության վտանգման, խաղաղության խախտման և ագրեսիայի առնչությամբ,  http://www.un.org/en/sections/un-charter/chapter-vii /index.html ։

[5]          Мадридские принципы: Полный текст http://www.deutscharmenischegesellschaft.de/wp-content/uploads/2016/04/Madrid-Principles-%E2%80%93-Full-Text-20071129.pdf

[6]          Азербайджан говорит нет новым мирным предложениям по Карабаху (6 июля; 2010) http://www.rferl.org/a/Azerbaijan Says_No_New_Karabakh_Peace_Proposals/2092584.html

[7]          Diplomacy World, 10 (январь-март 2005 г.); http://www.mfa.gov.az/files/file/Diplomatiya_Alemi_10.pdf

[8]          Путин встретится с президентами Армении и Азербайджана в Сочи, 8 августа 2014 г. https://www.rt.com/politics/179008-putin-armenia-azerbaijan-sochi/

[9]          Почему встреча в Казани не увенчалась успехом? (25 июня 2011) оригинал на азербайджанском языке); https://www.azadliq.org/a/24246377.html

[10]        СИПРИ (базы данных): Военные расходы по стране, в постоянных (2014) https://www.sipri.org/sites/default/files/Milex-constant-USD.pdf․

[11]        СИПРИ (базы данных): Военные расходы по стране, как доля ВВП, 1988-2001 https://www.sipri.org/sites/default/files/Milex-GDP-share.pdf

[12]        Нагорный Карабах: Новое открытие, или более опасность? Европа Доклад N ° 239; 4 июля 2016

[13]        Де Ваал, Томас; Угроза карабахского конфликта в 2017 году; Карнеги Европа (24 января в 2017 г.) http://carnegieeurope.eu/strategiceurope/67774

[14]        Новости. Президент Ильхам Алиев: «Апрельская война: наша славная история» (3 декабря, 2016 г.) (оригинал на азербайджанском языке); http://az.trend.az/azerbaijan/politics/2693473.htm

Share

Comments are closed.