ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ՀԱՅԱՑՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ

 



Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
[1]

«Տեղական և ամենօրյա հարթությունից սկսած ընդհուպ մինչև աշխարհակարգի մակարդակը բռնությունից հրաժարվելը թող դառնա մեր որոշումների, մեր հարաբերությունների, մեր գործողությունների և ամեն ձևի քաղաքականության առանձնահատուկ ոճը»։[2]

Հռոմի պապ Ֆրանցիսկոս

2017թ. հունվարի 1

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ուժի չկիրառումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է։ Այս սկզբունքի ամբողջական անվանումն է՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում։ Կարևոր է նշել, որ ՄԱԿ և ԵԱՀԿ, ինչպես նաև որոշ այլ միջազգային միջկառավարական կազմակերպություններին անդամակցած պետությունները ստանձնել են միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների այս կարևոր սկզբունքին հավատարիմ մնալու պարտավորությունը։ Հելսինկյան եզրափակիչ ակտում նշվում է, որ ոչ մի նկատառում չի կարող օգռագործվել սույն սկզբունքի խախտմամբ ուժի կիրառման սպառնալիքը կամ ուժի կիրառումը հիմնավորելու համար։[3] Այսինքն, միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարմությունը և ստանձնված միջազգային պարտավորությունների կատարումը չեն կարող պայմանավորվել այլևայլ նախապայմաններով և պահանջներով։ Ղարաբաղյան հակամարտության պարագայում վերջինիս կողմերը (Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը) ստանձնել են տարածաշրջանային խաղաղությունը պահպանելու հավելյալ պարտավորություններ, որոնք արտացոլված են 1994-1995թթ. ստորագրված հրադադարի մասին համաձայնագրերում։[4]

Միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերում «ուժ» եզրույթն ունի լայն մեկնաբանություն։ Միջազգային-իրավական փաստաթղթերում խոսվում է ոչ միայն զինված ուժերի չկիրառման, այլև այլ պետությանն իր ինքնիշխան իրավունքների ամբողջական իրացումից հրաժարումը պարտադրելու ոչ զինված բռնության մասին։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցության ուղիների բազմամյա շրջափակումը ոչ զինված բռնության օրինակ է։ Այլ խոսքերով՝ առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան որոշման հաղորդակցության ուղիների շրջափակումը ոչ միայն թշնամական ակտ է, այլև՝ ոչ զինված ուժի ապօրինի կիրառում։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հանդես է գալիս որպես լիազոր մարմին, որը որոշում է խաղաղության որևէ սպառնալիքի, խաղաղության որևէ խախտման կամ ագրեսիայի ակտի գոյությունը, հանձնարարում կամ վճռում է, թե ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերահաստատելու համար։[5] Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր չորս բանաձևերը պարունակում են տարածաշրջանի հակամարտող կողմերին և պետություններին ուղղված կոչ՝ ձեռնպահ մնալ որևէ թշնամական գործողություններից և վերականգնել տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերը։[6]

ԹԵՄԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հարավային Կովկասի բոլոր վեց երկրների կողմից ուժի չկիրառման և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքին հստակորեն հետևելը կարող է դառնալ տարածաշրջանային անվտանգության ապահովման և առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման արդյունավետ մեխանիզմ։ Վրաց-աբխազական և վրաց-օսական համատեքստերում քննարկվում էր ուժի չկիրառման համաձայնությունների ստորագրման հնարավորությունը։ Գաղափարն ընդունելի է բոլոր կողմերի համար, բայց գոյություն ունի համաձայնագրի ստորագրման ձևաչափի խնդիր. Թբիլիսին պատրաստ է ստորագրել համապատասխան փաստաթուղթը Մոսկվայի, իսկ Աբխազիան և Հարավային Օսիան այն ցանկանում են ստորագրել Վրաստանի հետ։

Ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը ԼՂ հարցում միջազգային միջնորդների մշակած «Մադրիդյան սկզբունքների» երեք առաջարկներից մեկն է, որը հակամարտության կողմերը քննարկում են 2007 թվականի վերջից ի վեր։ Որպես ղարաբաղյան կարգավորման մյուս երկու սկզբունքներ նշված են տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տվյալ առաջակներին սատարում են համանախագահող երկրների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) նախագահները։[7]

Ուժի չկիրառման մասին պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին բազմիցս արտահայտվել են Լեռնային Ղարաբաղի Հանարպետության իշխանությունների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները։[8]Ցավոք, Ստեփանակերտի խաղաղ նախաձեռնությունները Ադրբեջանում դրական արձագանքի չեն արժանանում։ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդական Ռ. Զարգարյանը հայտարարել է, որ Բաքուն հրաժարվել է կնքել ուժի չկիրառման և ռազմաճակատի գծից դիպուկահարներին հեռացնելու մասին համաձայնագիրը։[9]

Իրականում, քաղաքական հարցերը լուծելու համար ուժային մեթոդներից հրաժարվելու մասին բոլոր երեք հակամարտող կողմերի իրավաբանորեն ձևակերպված համաձայնությունը կարող է լայն հնարավորություններ ստեղծել վստահության մթնոլորտի հաստատման և հակամարտության խաղաղ փոխակերպման համար։ Բարի կամքի կարևոր նշան կարող է դառնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության իրավունքի ճանաչումը, մինչդեռ ԼՂՀ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը ունակ է կայունացնող ազդեցություն ունենալ։ Ադրբեջանի, ԼՂՀ-ի և Հայաստանի, ինչպես և միջազգային ուժի կենտրոնների այդպիսի քայլերը կարող են փակել ռազմական հեռանկարը և հակամարտող բոլոր կողմերի համար հավասար պայմաններ ստեղծել խաղաղ երկխոսության ակտիվ առաջմղման համար։[10]

Հակամարտող երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից 1994-1995թթ. հրադադարի և այլնի մասին ստորագրած համաձայնագրերը ենթադրում էին անժամկետ հրադադարի վերաճում կայուն խաղաղության, սակայն տարածաշրջանում և բանակցային գործընթացում տեղի ունեցած հետագա զարգացումները հեռացրել են խաղաղ հեռանկարը։

Ընդունված կարծիք է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողություններն իրենց ծավալով ու թեժությամբ աննախադեպ էին հրադադարի մասին Համաձայնագրի ստորագրման պահից ի վեր։ Ապրիլյան ռազմական գործողությունները ծայրաստիճան բացասական ազդեցություն են գործել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա։ Ադրբեջանը, սկսելով նոր ռազմական ագրեսիան, ոչ միայն տապալել է բանակցային գործընթացը և խախտել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև փորձել է չեղյալ հայտարարել հրադադարի և հրադադարի ամրապնդման մասին բոլոր երեք կողմերի[11] պաշտոնական ներկայացուցիչների ստորագրած անժամկետ համաձայնագրերը։[12] Նախկինում ընդունված փաստաթղթերի փաստացի չեղյալ հայտարարման մասին նոտաները տարածվել են 2016թ. ապրիլի 11-ին[13] ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության և ապրիլի 14-ին՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից։ Դրանով իսկ Բաքվի իշխանությունները փորձել են հրաժարվել այն փաստաթղթերից, որոնց տակ Ադրբեջանի ստորագրությունից բացի կան նաև ԼՂՀ իշխանության կողմից լիազորված անձանց ստորագրությունները։ Ապրիլի 14-ի նոտայի տեքստում ակնհայտ է ադրբեջանական կողմի ձգտումը՝ փոխարինել ԼՂՀ և ՀՀ հետ ստորագրված փաստաթղթերը մեկ այլ՝ 2016թ. ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի վերահաստատման մասին Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձեռք բերած բանավոր պայմանավորվածություններով։ Հարկ է նշել, որ վերոնշյալ համաձայնագրերի մշակմանն ու ընդունմանը հենց ԼՂՀ իշխանությունների լիիրավ մասնակցության շնորհիվ է հնարավոր դարձել 22 տարիների ընթացքում հակամարտության գոտում խաղաղություն պահպանել։

Ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունների առ այն, թե  1994-1995թթ. փաստաթղթերը շարունակում են լինել հրադադարի հիմք[14], հրադադարի իրավական հենքը կասկածելի է մնալու մինչև պաշտոնական Բաքվի կողմից հիշյալ նոտաները հետ կանչելը, կամ էլ նախագահի կամ ԱԳՆ մակարդակով նախկինում կնքված պայմանագրերին հավատարիմ մնալու մասին պաշտոնական հայտարարություն կատարելը։

Թեև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքին անվերապահորեն հետևելը ՄԱԿ և ԵԱՀԿ անդամ պետությունների միջազգային պարտավորություններից մեկն է, այնուամենայնիվ, ստեղծված իրավական վակուումից ելքը կարող է դառնալ կողմերի միջև ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումը, որի առաջաբանում կողմերը կարող են վերահաստատել իրենց հավատարմությունը 1994-1995թթ. ստորագրված փաստաթղթերին։

ԵԱՀԿ միջնորդական Մինսկի խումբը կարող է առանցքային դեր խաղալ կողմերի միջև այսպիսի պայմանավորվածության ձեռք բերման հարցում։ Նախ և առաջ՝ միջազգային միջնորդները պետք է տարհամոզեն Ադրբեջանի ղեկավարին, որը կարծում է, թե «Այսօր աշխարհում «միջազգային իրավունք» հասկացությունը, կարելի է ասել, տապալվել է։ Այժմ հիմնական գործոնը ուժն է։ Դա այդպես է։ Մենք ապրում ենք իրական աշխարհում։ Դրա համար էլ մենք պետք է էլ ավելի ուժեղ դառնանք և պետք է էլ ավելի զորեղ բանակ կերտենք»։[15] Ակնհայտ է, որ ուժի և միջազգային իրավունքի նկատմամբ նիհիլիստական պատկերացումների՝ որպես միջազգային հարաբերությունների հիմքի վրա խարսխելը խորացնում է երկու ժողովուրդների միջև առկա անվստահության վիհը և խոչընդոտում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման մեխանիզմների ստեղծմանը։

Հակամարտող հասարակությունների միջև վստահության վերականգնման և Հարավային Կովկասում կայունության պահպանման կարևոր գործոն կարող է լինել տարածաշրջանի երկրների կողմից նաև ոչ զինված բռնությունից հրաժարումը։ Մասնավորապես, բոլոր հաղորդակցային ուղիների բացումը, տարածաշրջանի ժողովուրդների միջև համագործակցության հնարավորությունների ապահովումը, անկասկած, կարող են անհրաժեշտ նախադրյալները ստեղծել Հարավային Կովկասի առավելագույնս անվտանգ զարգացման համար։

 

 

[1]    Մասիս Մայիլյան՝ Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ (FSPC-Artsakh.org), «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Արցախից» (Երևան, Դե֊ֆակտո, 2016 թ.) գրքի հեղինակ։

[2]    Послание Папы Франциска на Всемирный день мира 1 января 2017 года, Подробнее на ТАСС: http://tass.ru/obschest-vo/3920263

[3]    Совещание по безопасности и сотрудничеству в Европе – Заключительный акт, http://www.osce.org/ru/mc/39505?download=true

[4]    Соглашение о прекращении огня с 12 мая 1994 года было подписано руководителями военных ведомств НКР,

Азербайджана и Республики Армения. Полный текст документа доступен по ссылке: http://www.vn.kazimirov.ru/doc10.htm В. Казимиров, «КАРТ-БЛАНШ. Карабах: из прошлого и нынешнего ради будущего», http://www.ng.ru/cis/2016-04-15/3_kartblansh.html

[5]    Устав ООН, http://www.un.org/ru/sections/un-charter/chapter-vii/index.html

[6]    Основные международные документы по НК урегулированию, http://vn.kazimirov.ru/docs.htm

[7]    Joint Statement on the Nagorno-Karabakh Conflict by Barack Obama, President of the United States of America, Vladimir Putin, President of the Russian Federation, and FranсoisHollande, President of the French Republic, https://www.whitehouse.gov/the-press-office/2013/06/18/joint-statement-nagorno-karabakh-conflict-barack-obama-president-united֊

[8]    Рубен Заргарян: «Карабахская мирная позиция и модель урегулирования востребована Россией», http://www.democracy.ru/article.php?id=2243

[9]    Рубен Заргарян, «Ключ к урегулировнию – признание Нагорно-Карабахской Республики», http://vestnik.mid.gospmr.org/?newsid=132

[10]   Азербайджану следует признать право Карабаха на существование: экспертПодроիбности: https://regnum.ru/

news/1925034.html

[11]   Բացի նշված համաձայնագրերից՝ 1994 թ.  հուլիսի 26-27֊ին ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են առանձին փաստաթուղթ, ըստ որի նրանք վերահաստատել են հրադադարը պահպանելու իրենց ստանձնած պարտավորությունն՝  ընդհուպ մինչև ռազմական հակամարտության ամբողջական դադարեցման մասին մեծ քաղաքական համաձայնագրի կնքումը։ Փաստաթղթի պատճենն ու դրա ընդունման պատմությունը մատչելի են հետևյալ հղմամ.

http://www.mk.ru/politics/2016/04/24/otec-mirnogo-soglasheniya-po-na-gornomu-karabakhu-rasskazal-kogda-perestanut-strelyat.html

[12]   Համաձայնագրի տեքստը տես այս հղմամբ՝ http://www.vn.kazimirov.ru/doc12.htm

[13]   В. Казимиров, «КАРТ-БЛАНШ. Карабах: из прошлого и нынешнего ради будущего», http://www.ng.ru/cis/2016-04-15/3_kartblansh.html

[14]   МИД РФ: соглашения о прекращении огня в Нагорном Карабахе бессрочны, http://tass.ru/politika/3230167

Joint Statement by the Heads of Delegation of the OSCE Minsk Group Co-Chair Countries, http://www.osce.org/mg/287531

[15]   Выступление И.Алиева в приграничном с НКР г. Тертере, 3 декабря 2016 года, http://azertag.az/ru/xeber/1016029

Share

Comments are closed.