Անվտանգայնացում.  հասարակությանը վերահսկելի դարձնելու միջոց


Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

 

Անվտանգությունը մեր կյանքի կարևորագույն տարրերից է: Չնայած Մասլոն իր պահանջմունքների բուրգում նրան հատկացրել է երկրորդ տեղը` առաջնայնությունը տալով ֆիզիկական պահանջներին, սակայն ակնհայտ է, որ եթե, օրինակ, սնունդը անվտանգ չէ մեր առողջության համար՝ մենք երբեք այն չենք ուտի, կամ չենք խմի ջուր, որից հետո մեզ կարող ենք վատ զգալ:«Անվտանգություն» հասկացությունը և ընդհանրապես՝ հայեցակարգը բազմաթիվ փոփոխություններ են կրել, հարստացվել նոր տարրերով, դարձել բազմաթիվ դպրոցների ուսումնասիրության առարկան: «Անվտանգություն» հասկացության դասական սահմանման կողմնակիցներն այն դիտարկում էին նեղ սպեկտրով, պետականակենտրոն մոտեցմամբ` առանցքում պահելով ռազմական գործոնը: Սակայն արդի աշխարհում այս մոտեցումը վաղուց հնացած է, որը գիտկացում էին նաև Անվտանգության կոպենհագենյան դպրոցի ներկայացուցիչները, ովքեր էլ առաջ քաշեցին նոր հայեցակարգ: Դպրոցի կարկառուն դեմքերից  Բարի Բուզանը անվտանգությունը տեսնում է հինգ սեկտորներում` ռազմական, շրջակա միջավայրի, տնտեսական, սոցիետալ և քաղաքական:

Սակայն այս դպրոցի հիմնական ներդրումը «անվտանգայնացում»  (securitisation) հասկացության ներմուծումն է գիտական ոլորտ: Այն երկաստիճան գործընթաց է: Անվտանգայնացման առաջին մակարդակը քաղաքականացումն է: Խնդիրը քաղաքականացված չէ, եթե այն պետական գործունեության մեջ ներառված և հանրային բանավեճերի առարկա չէ: Քաղաքականացված հարցը հանրային քաղաքականության մասն է, որը պահանջում է կառավարության կոնկրետ գործողություններ:

Հաջորդ փուլը քաղաքականացված հարցի անվտանգայնացումն է: Այն օբյեկտը, որի համար անհրաժեշտ է որևէ հարց քաղաքական մակարդակից տեղափոխել անվտանգային մակարդակ, խնդիրը ներկայացնում է որպես էքզիստենցիալ սպառնալիք, որին դիմակայելու համար անհրաժեշտ է  հանրային համախմբում, ռեսուրսների հավաքագրում  և  նույնիսկ պայքարի համար նախատեսված ծայրահեղ միջոցների  ներառում:

Այսպիսով, եթե ամփոփ ներկայացնենք “անվտանգայնացում” հասկացության էությունը, ապա պետությունը, կախված իշխող քաղաքական ուժի ներքին և արտաքին խնդիրների նկատմամբ վերաբերմունքից, վերցնում է որևէ խնդիր (ցանկալի է, որ այն   իսկապես առկա լինի տվյալ հասարակության մեջ), այն դարձնում է հանրային քննարկումների առարկա, քաղաքական կարևորություն տալիս և ապա դարձնում էքզիստենցիալ վտանգ պետության և հասարակության համար: Իհարկե, այլ քաղաքական ուժեր ևս կարող են օգտվել այս տեխնոլոգիայից, սակայն հենց իշխանություններն ունեն տեղեկատվական հոսքերի վրա ազդելու և հանրային օրակարգ ձևավորելու  առավել մեծ հնարավորություն:

Հայկական քաղաքական դաշտի կողմից ևս անվտանգայնացման տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է, որը լրացուցիչ անգամ նպաստում է հասարակության կոնսոլիդացմանը, իշխանությունների համար ցանկալի հնազանդությանը, վերահսկելի ու կանխատեսելի հասարակության ստեղծմանը: Քննարկենք Հայաստանի երեք նախագահների օրոք անվտանգայնացված հարցերի ցցուն օրինակներ:

Պատմական իրողությունների բերումով հայ ժողովրդի համար էքզիստենցիալ վտանգ ներկայացրել է Թուրքիան: Սակայն Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձ կատարեց փոխել այդ մոտեցումը` վարելով Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ վարելու քաղաքականություն: 1991թ. հունվարի 7-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու ծրագրի մասին։ 1991 թ. ապրիլին Լևոն Տեր-Պետրոսյանը Երևան ժամանած ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալին հավաստիացրեց, որ Հայաստանը փոխվում է, ուզում է բարեկամանալ և պատրաստ է Թուրքիայի հետ ամեն տեսակի փոխշահավետ համագործակցության, ըստ որում՝ «Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Թուրքիայից»։ Այս ամենն, անշուշտ, Անկարայում դրական գնահատվեց, և դրվեցին տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ քաղաքական հիմքերը:

Այս քաղաքականությունը հիմնովին փոխվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, ով հայ-թուրքական հարաբերությունները անվտանգայնացրեց: Այս ամենը պայմանավորված էր նաև դաշնակցականների քաղաքական ասպարեզ վերադարձով և նախագահի վրա ունեցած ազդեցությամբ: Անվտանգայնացնելով հայ-թուրքական հարաբերությունները` Քոչարյանը փորձում էր հիմնավորել հայ-ռուսական հարաբերությունների անհրաժեշտությունը: Փակ սահմաններին միակ այլընտրանք և փրկություն դառնում էին Ռուսաստանի հետ ամուր տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերությունները: Այդ քաղաքականության շրջանակներում էլ երկրի կարևոր, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները վաճառվեցին կամ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում տրվեցին Ռուսաստանին: Հյուսիսային հսկան ձեռք բերեց մեր երկրի տնտեսության վրա ազդելու հսկայական լծակներ: Հայ-թուրքական սահմանի անվտանգությունը ևս ռուսական ռազմաբազաների կողմից է ապահովվում: Ռուսական դրոշը զսպիչ գործոն է դիտարկվում թուրքերի հնարավոր հարձակման դեպքում:

Հայ-թուրքական սահմանի բացման նախաձեռնություն Թուրքիայի կողմից չի դրսևորվել, իսկ հայկական կողմը հետևյալ հիմնավորումն ուներ. «Եթե սահմանը բացենք՝ Թուրքիան գուցե ռազմական գործողությունների չդիմի, սակայն տնտեսական էքսպանսիա կկատարի, որի արդյունքում կտուժեն հայրենական արտադրողները»: Այս ամենն, իհարկե, օբյեկտիվ հիմքեր ունի. Թուրքիան աշխարհի հզոր տնտեսություն ունեցող երկրներից մեկն է, որն Օսմանյան կայսրության տարիներին ունեցած երբեմնի ռազմական ազդեցությունը փորձում է վերականգնել փափուկ ուժի գործիքակազմի միջոցով`կատարելով ներդրումներ և մշակութային ազդեցություն գործելով օրինակ` Վրաստանում, Աջարիայիում, Աբխազիայում, Բալկաններում և այլուր:

Սակայն մնալ այդ մտածելակերպի շրջանակներում՝ նշանակում է երբևէ չբացել Հայաստանի արևմտյան սահմանը, դարեր շարունակ ապրել վախի և կաշկանդվածության մթնոլորտում: Մինչդեռ այն, ինչը մեր վախի պատճառն է, պետք է դառնա պայքարի մեր զենքը: Եթե մենք վախենում ենք, որ թուրքական ապրանքները կհեղեղեն հայկական շուկան, ապա դրա հակաքայլը պետք է լինի հայրենական արդյունաբերության զարգացումը, տնտեսության ուժեղացումը, որը չի վախենա մրցակցությունից: Եթե մենք վախենում ենք թուրքական ներդրումներից, ապա մեր հակաքայլը պետք է լինի հայկական ներդրումները Թուրքիայի արևելյան շրջաններում, հակառակ դեպքում «թուրքը մնում է թուրք» մտածելակերպի շրջանակներում վարած մեր քաղաքականությունից միշտ օգտվելու է ռուսական ուժը:

ՀՀ երրորդ նախագահի օրոք ամենաանվտանգայնացված հարցը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է: Անշուշտ, պատերազմական իրավիճակը շարունակվում է, Արցախում և՛Հայաստանի արևելյան շրջաններում մշտապես կարելի է զգալ պատերազմի մահաբեր շունչը, սակայն չնայած այդ էքզիստենցիալ վտանգի առկայությանը, այս հարցը լիարժեքորեն անվտանգայնացվել է, Արցախի անունով հանդուրժելի է դառնում յուրաքանչյուր անօրինություն: Հաճախ ենք լսում, որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, որի պատճառով պետք է սահմանափակենք մեր ծախսերը մի շարք ոլորտներում, այդ պատճառով տնտեսական աճը ցածր է, աշխատավարձերը չեն բարձրանում և այլն, և այլն: Միով բանիվ՝ ամեն ինչ հանուն սահմանի և Արցախի:

Պատերազմական իրավիճակում գտնվող յուրաքանչյուր երկրի համար բնական են սահմանափակումները, և ժողովրդի մեծամասնությունը առարկություններ չի ունենում, սակայն անընդունելի է, որ դրանք տարածվում են միայն հասարակ քաղաքացիների վրա: Անընդունելի է, որ այդ նույն բանակից կարող են գողանալ, որ ուժային կառույցներում կարող է կոռուպցիան ծիլեր տալ։ Ու միևնույն ժամանակ՝ քաղաքացիները պետք է լռեն այդ մասին, որպեսզի «թշնամին չիմանա»: Այդ լռությամբ մենք դառնում ենք մեր իսկ ամենամեծ թշնամին, մենք աչք ենք փակում հանուն բանակի և անվտանգության պատրվակով ապօրինությունների վրա, սակայն այդկերպ ավելի շատ ենք վնասում սեփական երկրի սահմանների անվտանգությանը:

Արատավոր երևույթների մասին խոսելը դավաճանության նման մի բան է դարձել, քանի որ ադրբեջանական լրատվամիջոցների համար տեղեկատվական հարուստ աղբյուր է դառնում: Ֆիզիկական անվտանգության խնդիր ունեցող յուրաքանչյուր երկիր պետք է հոգա նաև տեղեկատվական անվտանգության մասին, սակայն դա չի նշանակում առկա խնդիրների անտեսում, դա չի նշանակում վախենալ, լռել և կոծկել: Լռությունից մեր անվտանգությունը խարխլվում է, այլ ոչ թե ամրապնդվում:

Անվտանգայնացված թեմաները ինդիկատորներն են այն բանի, թե ինչպիսի ներքին և արտաքին քաղաքականություն են վարում տվյալ երկրի իշխանությունները: Օրինակ, եթե Հայաստանում որևէ արևմտամետ ուժ գա իշխանության, ինչպես, օրինակ, եղավ Վրաստանի պարագայում վարդերի հեղափոխությունից հետո և մասնավորապես Սաակաշվիլու իշխանության տարիներին, ապա կանվտանգայնացվի Ռուսաստանից տարբեր ոլորտներում չափազնաց մեծ կախվածության հիմնահարցը: Հայաստանի հեռահաղորդակցության, էներգետիկ, ռազմական և մի շարք այլ ոլորտներ տոտալ կախվածության մեջ են գտնվում ՌԴ-ից, որն էլ ավելի մեծ ռիսկերի պատճառ կդառնա Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի ժամանակ, եթե Հայաստանը բավարար լոյալություն չցուցաբերի, սակայն իշխող քաղաքական ուժի պատկերացումներում այս ամենը էքզիստենցիալ վտանգ չի դիտարկվում:

Քաղաքական այս մանիպուլյացիային դիմագրավելու միակ տարբերակը այլընտրանքային մեդիայի, խոսքի ազատության և ժողովրդավարության զարգացումն է, քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացումը, որով հնարավոր կլինի ոչ միայն մտածել սահմանային և զուտ ֆիզիկական անվտանգության մասին, այլ դիտարկել մեր անվտանգությունը բազմաշերտ համակարգում, որտեղ ռազմական գործոնը նույնքան կարևոր է, որքան տնտեսական անկախությունը,  կիբերանվտանգությունը, էներգետիկ անկախությունը և  անվտանգության այլ տեսակները:

Share

Comments are closed.