Հայաստանի ժամանակակից անվտանգության մարտահրավերները


Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

 

2011 թվականին Կազանում Ալիև-Սարգսյան բանակցությունների ձախողումից հետո Արցախի հակամարտությունը նոր փուլ է մտել, որի հիմնական առանձնահատկությունն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է խնդիրը լուծել բացառապես ռազմական ճանապարհով:

Կազանի ձախողումից հետո Ադրբեջանը 2012-ին ռազմական բյուջեն կրկնապատկում է` 2011-ի 1,3 մլրդ դոլարից հասցնելով 2,6 մլրդ դոլարի: 2015-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն անցել էր 3 մլրդ դոլարը, որն ամենաբարձրն էր Ադրբեջանի պատմության ընթացքում: 2016-ին այն կազմել է 1,9 մլրդ դոլար, իսկ 2017-ին պլանավորած է ծախսել մոտ 1,54 մլրդ դոլար: Համեմատության համար պետք է նշել, որ այս շրջանում Հայաստանի ռազմական բյուջեն չի անցել 0,5 մլրդ դոլարը: Չնայած Ադրբեջանի տնտեսությունը նավթի գների անկման արդյունքում հայտնվել է ծանր վիճակում, Ադրբեջանը փորձում է պահել սպառազինությունների մրցավազքը և հույս ունի ինչ-որ պահի բավարար գերակայություն ունենալու դեպքում ռազմական ճանապարհով խնդիրը լուծել:Ադրբեջանի՝ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու ցանկությունը և շարունակական զինումը լուրջ մարտահրավերներ են ստեղծում Հայաստանի համար: Դրանց դիմակայելու համար Հայաստանի կառավարման համակարգը և տնտեսությունը լուրջ բարեփոխումների կարիք ունեն: Ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ Հայաստանի (որի կառավարման մաս է կազմում նաև Արցախը) կառավարման համակարգը բավարար ունակություն չի ունեցել, որպեսզի կանխատեսի ապրիլյան պատերազմի սցենարը և կանխարգելի այն: Արդյունքում հայկական կողմը ունեցել է բազմաթիվ մարդկային զոհեր ու տարածքային կորուստ:

Բարեփոխումների համար լուրջ մարտահրավեր է Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի ցանկությունը՝ շարունակել ղեկավարել երկիրը: 2015 թվականի ՀՀ-ի և 2016 թվականի Արցախի սահանադրական փոփոխությունների միակ նպատակը եղել է վերոնշյալ անձանց իշխանության երկարաձգումը:

Ժամանակակից աշխարհում մեկ անձի կողմից երկրի երկար կառավարումը լուրջ մարտահրավեր է տվյալ երկրի զարգացմանը: Նույնիսկ այն առաջնորդները, ովքեր կառավարման սկզբնական շրջանում հաջողություններ են ունենում ու որոշում են երկարաձգել իրենց իշխանությունը, հայտնվում են ծանր վիճակում: Օրինակ, Վլադիմիր Պուտինը, 2000 թվականին  գալով իշխանության, բարեփոխումներ է սկսել, որը նավթի գների աճի հետ միասին լուրջ զարգացում է ապահովել Ռուսաստանի համար՝ միջին տարեկան եկամուտը 2000 դոլարից հասցնելով 12000 դոլարի: Սակայն Պուտինի երկար մնալը իշխանությունում հանգեցրել է նրան, որ Ռուսաստանը հետընթաց է ապրել. այժմ միջին եկամուտը հասել է 7500 դոլարի:

Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե նույն ճանապարհն է անցել, ինչ Պուտինը: Սկզբնական շրջանում գրանցելով մի շարք հաջողություններ՝ ցանկություն է հայտնել մնալ իշխանությունում, ինչն էլ հանգեցրել է ճգնաժամի:

2002 թվականին Էրդողանի՝ ընտրություններում հաղթելու պահին Թուրքիայի տնտեսությունը գտնվում էր ծանր վիճակում. բյուջեի դեֆիցիտը կազմում էր ՀՆԱ-ի 14 տոկոսը, որը Էրդողանի քաղաքականության շնորհիվ 2011 թվականին իջել է 1 տոկոսից էլ ցածր: Թուրքիայի տնտեսությունը ակտիվ զարգացել է, միջին եկամուտը եռապատկվել է՝ 2012-ին հասնելով 10500 դոլարի: Սակայն 2011-ին Էրդողանի՝ ընտրություններում երրորդ անգամ հաղթանակ տանելը և իշխանությունը երկարաժամկետ պահելու ցանկությունը սկսել են խնդիրներ ստեղծել տնտեսության համար: Բյուջեի դեֆիցիտը 2014-ին հասել է ՀՆԱ-ի 2 տոկոսին, իսկ ինֆլյացիան, որը 2011-ին 4 տոկոսից ցածր էր, հետագա տարիներին դարձել է միջինը 8 տոկոս:

Նույնիսկ Չինաստանը, որը վերջին կես դարում ակտիվ տնտեսական աճ է գրանցել, հասկացել է, որ կայուն զարգացում ապահովելու գրավականներից մեկը նաև երկրի առաջնորդին փոխելն է: Օրինակ Ցզյան Ցզեմինը ղեկավարել է երկիրը 1989-2002թթ., Հյու Ձինտաոն՝ 2002-2012թթ., իսկ Սի Ծինփինը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2012 թվականին, և ակնկալվում է, որ կլքի այն 2022 թվականին: Չնաստանում առաջնորդների փոփոխությունը հանդիսանում երկրի շարունակական զարգացման կարևոր գործոններից մեկը:

Չնայած Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց կառավարման առաջին փուլում հաջողություններ են գրանցել, նրանց իշխանության երկարաձգումը բացասական ազդեցություն են ունեցել երկրի զարգացման վրա: Սերժ Սարգսյանը ու Բակո Սահակյանը իրենց կառավարման շրջանում որևիցե լուրջ հաջողություն չեն գրանցել: Ավելին՝ 2008 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն եղել 11.66 մլրդ դոլար, 2016-ին կազմել է 10.55 մլրդ դոլար, այդ ընթացքում 380 000-ից ավել քաղաքացի լքել է Հայաստանը, արտաքին պարտքը 1.5 մլրդ դոլարից հասել է 6 մլրդ դոլար, ինչպես նաև ապրիլյան պատերազմում հայկական կողմը մարդկային ու տարածքային կորուստներ է ունեցել:

Հայաստանում բարեփոխումների իրականացման համար հիմնարար պայման է Սարգսյանի և Սահակյանի հեռանալը, որովհետև նրանք խոչընդոտ են բարեփոխումների համար: Ընդհանրապես, ցանկացած քաղաքական գործչի մնալը իշխանության բուրգի վերևում լճացման պատճառ է դառնում: ԽՍՀՄ-ում 70-ականների վերջի լճացումը ևս կապված էր Բրեժնևի երկար տարիների կառավարման հետ:

Ադրբեջանի տնտեսությունը նավթի գների անկման պատճառով հայտնվել է ծանր վիճակում, մոտակա շրջանում առողջանալու կամ նախկին իրավիճակին վերադառնալու նշաներ ցույց չի տալիս: 2016 թվականին Ադրբեջանի տնտեսությունը 3,8 տոկոս անկում է ունեցել: Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2017-ին Ադրբեջանի տնտեսությունը ևս 1,4 տոկոս անկում կունենա, իսկ 2018-19 թթ կզարգանա 0,6 և 1,3 տոկոս համապատասխանաբար: Տնտեսության խնդիրները քողարկելու համար Ադրբեջանը կարող է ավելի հաճախակի սահմանային լարվածություն հրահրել:

Ադրբեջանի ռազմական բյուջեն ևս տնտեսության վատթարացման հետ միասին անկում է ապրում, սակայն շարունակում է բավականին բարձր մնալ Հայաստանի համեմատ և թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել սպառազինությունների մրցավազքը:

Բարեփոխումները Հայաստանի անվտանգությանը համար օդի ու ջրի պես անհրաժեշտ գործընթաց են, որովհետև Ադրբեջանը մոտ ապագայում չի փոխելու իր վարքագիծը: Բացի դրանից՝ Ադրբեջանը շարունակում է համալրել և թարմացնել իր սպառազինությունը, ինչը հանգեցնում է անվտանգության դիլեմայի: Մեր անվտանգությունն ապահովելու համար Հայաստանը ևս ստիպված է ներքաշվել սպառազինությունների մրցավազքի մեջ: Իսկ այդ մրցավազքին դիմակայելու համար Հայաստանը պետք է գնա լուրջ բարեփոխումների, որպեսզի կարողանա զարգացնել տնտեսությունը, ձեռք բերել ժամանակակից սպառազինություն, բարեփոխել պաշտպանական համակարգը՝ դիմակայելու Ադրբեջանի ագրեսիային: Առանց լուրջ բարեփոխումների Հայաստանը երկարաժամկետ կտրվածքով չի կարող դիմակայել:

Միջազգային փորձը հուշում է, թե Սարգսյանի ու Սահակյանի գրանցած արդյունքները որքան բացասական կարող են լինել կառավարման երրորդ փուլի ընթացքում: Նրանք պետք է գիտակցեն, որ իշխանությունից հեռանալը կարևոր հանգամանք է Հայաստանի զարգացման և Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու նոր ուղիներ փնտրելու համար, հակառակ դեպքում Ադրբեջանի  ռազմական պոտենցիալի շարունակական զարգացումը կարող է ինչ-որ պահից ամբողջովին խախտել հավասարակշռությունը, ինչն անդառնալի հետևանքներ կունենա Հայաստանի համար:

Share

Comments are closed.