Հյուսիսային Կորեայի համար Դոնալդ Թրամփը «խելքը թռցրած մի տղա է»

Ալիսյա Պոլե
AFP, Reuters գործակալություններ

Լարվածությունը շարունակվում է. Փհենյանը հինգշաբթի հաստատել է ԱՄՆ Գուամ կղզու վրա չորս հրթիռ ուղարկելու մտադրությունը և «նախազգուշացրել Միացյալ Նահանգներին»:

Հյուսիսային Կորեայի ռեժիմը հաստատել է հինգշաբթի օրը ԱՄՆ խաղաղօվկիանոսյան Գուամ կղզու վրա չորս հրթիռ ուղարկելու ցանկությունը: Արձագանքելով ԱՄՆ առաջնորդի կտրուկ հայտարարություններին՝ Հյուսիսային Կորեայի KCNA պաշտոնական լրատվական գործակալությունը նշում է, թե «խելքը թռցրած մեկի հետ իմաստալից երկխոսությունն անհնար է»: Այնուհետև բացատրում է, որ «միայն բացարձակ ուժն է գործում նրա պարագայում»: Գործակալությունը հաղորդում է, որ ՀյուսիսայինԿորեայի բանակը օգոստոսի կեսերին ավարտին կհասցնի Գուամ կղզու վրա հարձակման ծրագրերը: Ճապոնիայի վրայով թռչելիք այդ չորս հրթիռներն ուղարկելու ծրագիրը կներկայացվի Կիմ Չեն Ընի հաստատմանը: Սա կլինի «ծայրահեղ նախազգուշացում՝ ուղղված Միացյալ Նահանգներին»:

Այս չորս հրթիռները «17 րոպե 45 վայրկյանում կարողանում են անցնել 3356,7 կմ հեռավորություն և ծովը մխրճվել Գուամից 30-40 կմ հեռավորության վրա»: Մոտ 550 քառ. կմ տարածքով այս հեռավոր կղզին ամերիկյան զինված ուժերի համար դեպի Ասիա ճանապարհի առանցքային ֆորպոստն է, որտեղ 162000 մարդ է ապրում: Այնտեղ մոտ 6000 զինվորներ են տեղակայված. կա մեծ ավիաբազա, որը կարող է ընդունել ԱՄՆ այնպիսի ծանր ռմբակոծիչներ, ինչպիսին են B-52-ը, B-2-ը և B-1-ը:
Երեքշաբթի Կիմ Չեն Ընի ռեժիմին «կրակ ու ցասում» խոստանալուց հետո Դոնալդ Թրամփը ավելի սպառնալից դիրք է գրավել՝ թվիթերյան միկրոբլոգում չորեքշաբթի նշելով, որ ԱՄՆ միջուկային զինանոցը «ավելի ուժեղ ու հզոր է, քան երբևէ»:

Հույս հայտնելով, որ չի կիրառի այդ կործանիչ զենքը՝ նա նոր մակարդակի է հասցնում հյուսիսկորեական բալիստիկ և միջուկային ծրագրերը կասեցնելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը:

Սակայն նա տարօրինակ կերպով հակադրվում է իր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Հեռահաս վտանգի սպասելով՝ նա ամերիկյան Գուամից չորեքշաբթի շեշտեց, որ իր համոզմամբ «ոչ մի վերահաս վտանգ չկա»:

Դրանից ժամեր առաջ Փհենյանը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել խաղաղօվկիանոսյան կղզյակին, որը ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգներկ համար: «Կարծում եմ, որ ամերիկացիները կարող են հանգիստ քնել և չանհանգստանալ վերջին օրերի հռետորաբանության հետ կապված», – ավելացրել է պետքարտուղարը՝ ընդգծելով, որ ինտենսիվ դիվանագիտական ջանքերն իրականացման փուլում են:

Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսն իր հերթին կոչ է արել Փհենյանին դադարեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքը՝ նախազգուշացնելով, որ այդ որոշումները կհանգեցնեն «իր ռեժիմի վերջին և սեփական ժողովրդի ոչնչացմանը»: «Հյուսիսկորեական ռեժիմի գործողություններին ամեն անգամ մեծապես կհակազդեն մեր գործողությունները, և այդ երկիրը կպարտվի սպառազինությունների ցանկացած մրցավազքում կամ հակամարտությունում, որը կհրահրի»,- շեշտել է նավատորմի նախկին գեներալը՝ հիշեցնելով Փհենյանի աճող մեկուսացումը:

Միջազգային հարթակում շատ պետություններ են իրենց մտահոգությունը հայտնել Սպիտակ տան ռազմատենչ հայտարարությունների հետ կապված: Գերմանիան կոչ է արել բոլոր կողմերին «զսպվածություն ցուցաբերել»: Ճապոնիան նախընտրում է, որ կողմերը խուսափեն այն «խոսքերից ու գործողություններից», որոնք կարող են մեծացնել լարվածությունը թերակղզում:

24 ժամվա ընթացքում իրար հաջորդող հակասական հայտարարությունների մասին հարցին Պետդեպարտամենտի խոսնակ Հիդըր Նոերթը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները խոսում է «մեկ ձայնով»: «Եվ բացի այդ, աշխարհն է խոսում մեկ ձայնով»,- ավելացրել է նա՝ նկատի ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու համար քվեարկությունը:

ԱՄՆ ռազմական հետախուզության (DIA) կողմից հուլիսին ավարտված գաղտնի զեկույցի արդյունքների համաձայն՝ երկիրն այժմ ունի միջուկային զենք, որը կարող է ներդրվել բալիստիկ հրթիռների, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մեջ:

Սակայն փորձագետները վաղուց տարակարծիք են Արևմուտքի իրական միջուկային կարողությունների հարցում, հատկապես միջուկային մարտագլխիկի փոքրացումն այնպես, որ հնարավոր լինի այն դնել հրթիռի վրա: Միայն մի հարցում են նրանք միակարծիք. 2011 թվականի դեկտեմբերին Կիմ Չեն Ընի  իշխանության գալուց սկսած Փհենյանը մեծ հաջողություններ է գրանցում: Այս լարված մթնոլորտում Դոնալդ Թրամփի խորհրդականներից Սեբաստիան Գորկան կոչ է արել միավորվել նախագահի շուրջ՝ զուգահեռներ անցկացնելով Կուբայում ԽՍՀՄ միջուկային ճգնաժամի հետ, որը վաղ 60-ականներին աշխարհը հասցրել էր միջուկային ճգնաժամի եզրին: «Կուբայում միջուկային ճգնաժամի ընթացքում մենք համախմբվեցինք Քենեդու շուրջ: Սա համեմատելի է միջուկային ճգնաժամի հետ»,- հայտարարել է նա Fox News-ով:

 

 Հատուկ «Անալիտիկոնի» համար  ֆրանսերենից թարգմանեց Աննա Սեթաղյանը

 Սկզբնաղբյուրը՝ Le Figaro

 Հրապարակվել  է`  10.08.2017

 

 

Share

Comments are closed.