Պուտինյան Ռուսաստանի հետ առնչվելու խելամիտ տարբերակ

 


Ջոն Մակլաֆլին
(John McLaughlin)
The New York Times

Վերջին անգամ Ռուսաստանում եղել եմ հոկտեմբերին, և իմ այցի նպատակը ռուս-ամերիկյան հարաբերությունների ուսումնասիրությունն էր:  Ետ վերադարձա նախագահ Թրամփի ընտրվելուց առաջ`  հասկանալով, որ հարաբերությունները սարսափելի վիճակում են գտնվում և շարունակական  անկում են ապրում, ինչին ականատես ենք  նաև այսօր: Ռուսաստանն՝ ի պատասխան  Կոնգրեսի կողմից առաջ քաշած նոր պատժամիջոցների, որոնք նախորդ շաբաթ ստորագրվեց  նախագահ Թրամփի կողմից, պահանջեց 755  հոգով կրճատել ամերիկյան դիվանագիտական կորպուսի աշխատակիցների քանակը:Հոկտեմբերյան այդ այցելությունը և դրան հաջորդող իրադարձությունները մի շարք կարևոր հարցեր բարձրացրեցին. ի՞նչ է ցանկանում Միացյալ Նահանգները, մինչ ո՞ւր  է պատրաստ հարաբերությունները տանել, ո՞րն է անընդունելի կետերի վերաբերյալ մեր տեսլականը: Եվ նույնիսկ հիմա, երբ Թրամփի վարչակարգն արդեն կես տարի է լիազորություններն իր ձեռքում է պահում,  այդ հարցերի պատասխանները դեռևս չկան:

Հոկտեմբերի 7-ին՝ իմ այցից մեկ շաբաթ առաջ, Զեյմս Քլեփերը, ով այն ժամանակ ազգային հետախուզական ծառայության ղեկավարն էր, և Ազգային անվտանգության հարցերով նախարարությունը, հրապարակեցին ԱՄՆ-ի առաջին պաշտոնական  հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը միջամտում է  մեր ընտրություններին:

Երբ ես և իմ  գործընկերները խնդրեցինք Կրեմլի և ԱԳՆ-ի պաշտոնյաներին մեկնաբանել ասվածը, նրանք, ինչպես և սպասելի էր, կտրականապես հերքեցին: Մտան կրեմլյան հռետորության մեջ և սկսեցին ԱՄՆ-ին մեղադրել  ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա յուրաքանչյուր խնդրի համար:   Ռուսները  դատապարտեցին Բալկաններում և Լիբիայում ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը, նախկին ԽՍՀՄ երկրներում և Սիրիայում ժողովրդավարության  խթանումն ու տարածումը  և այլն:

Ի լրումն այդ ամենի՝ ռուսական պետական վերահսկողության տակ գտնվող  լրատվամիջոցներն  ակտիվորեն շրջանառում էին հնարավոր  պատերազմի մասին լուրեր: Եթե Հիլարի Քլինթոնն ընտրվեր, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կհայտնվեին պատերազմի նախաշեմին, և Ռուսաստանը  մտադիր էր  ատոմային ապաստարաններ  նախապատրաստել: Այո՛, նրանք  հենց այդպես էին տրամադրված:

Այս ամենն ինձ հիշեցնում է դաս, որը քաղել էի ավելի վաղ ռուսների հետ գործ ունենալու ժամանակ. նրանք միշտ գիտեն ինչ են ցանկանում, և գերադասելի է ինքներդ հստակեցնեք, թե ինչ եք կամենում, հակառակ դեպքում  նրանք  ձեզ  կօգնեն:  Եվ մերօրյա Ռուսաստանում կարևորագույն  հարց է, թե ինչ է ցանկանում Վլադիմիր Պուտինը, քանի որ  բոլոր  գլխավոր  հարցերում նրա կամքն է :

Այդ նպատակները բավականին հստակ են՝ հարևանների վրա ծանրակշիռ ազդեցություն,  եվրոպական ինստիտուտների, ինչպիսին են  ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն,  թուլացում,  և  գերտերությանը հարիր ազդեցություն այնպիսի առանցքային տարածաշրջաններում, ինչպիսին Մերձավոր Արևելքն է: Ներողություն արտահայտությանս համար՝ սակայն սա Ռուսաստանը կրկին հզոր դարձնելու  մասին է:

Արդ՝ ի՞նչ ենք մենք ցանկանում: Անշուշտ, մենք չենք կարող զիջել Ռուսաստանին և թույլ տալ ռուսներին գործել ըստ իրենց ցանկության. խոսքը  վերաբերում է  թե՛  ամերիկյան  ընտրություններին նրանց մասնակցությանը, թե՛ անկախ պետությունների սահմանների խախտմանը: Այդ պետությունները  հույս ունեն, որ կապահովենք այն միջազգային համաձայնագրերի կատարումը, որոնք ստորագրել ենք և՛ մենք, և՛ իրենք:  Բայց և այնպես՝ մենք պետք է  խուսափենք գործ ունենալ մի երկրի հետ, որի միջուկային զենք օգտագործելու  պատրաստակամությունն ավելի  մեծ է, քան մերը:

Բացի այդ, չպետք է թակարդի մեջ ընկնենք, մտածելով, որ սա պարզապես նոր Սառը պատերազմ է, և այնուհետ սկսենք գործել բնազդներով, որոնք ձեռք էինք բերել նախկինում: Սառը պատերազմն ավելի պարզ էր, երկու տրամագծորեն իրար հակառակ գաղափարախոսությունների՝  սևի ու սպիտակի գլոբալ պայքար, որոնցից մեկը դատապարտված էր անհետացման: Նրանց գաղափարախոսությունը ոչնչացավ: Նրանք կորցրեցին իրենց երկիրը, կայսրությունն ու կոմունիստական  տնտեսական համակարգը: Այդ պայքարը նման էր շաշկիի , իսկ հիմա շախմատ է:

Ռուսաստանի հետ ներկա բախումը չի կարող լինել լիակատար հաղթանակ առանց երկրորդ արարի, քանի որ, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, Ռուսաստանը ոչ մի տեղ չի անհետանա: Այդ պատճառով Մոսկվայի հետ մեր ռազմվարությունը պետք է ուղղված լինի հստակ սահմաններ գծելու քաղաքականությանը:

Չենք կարող ստիպել, որ Ռուսաստանն իր սահմանների մոտ ողջունի  ՆԱՏՕ-ին,  սակայն մենք կարող ենք  աշխատել դաշինքի միասնության ամրապնդման և  զսպման քաղաքականության ուղղությամբ: Մենք կարող ենք հակազդել ռուսական դիվանագիտությանը, որն ուղղված  է դաշինքի   տատանվող անդամներին, և հիմնվենք այնպիսի  միջոցների վրա, ինչպիսին, օրինակ,   Բալթյան երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումն է: Նման քայլերը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու լավ միջոցներ են:

Մենք չենք կարող ստիպել Ռուսաստանին հրաժարվել լրտեսության սովորույթից, որը սկիզբ առնում է դեռևս ցարական ժամանակներից: Սակայն մենք կարող ենք ուժեղացնել մեր հակալրտեսական կարողությունները:  Անչափ կարևոր է  եվրոպական շատ կառավարությունների համանմանությամբ սկսել համակարգային աշխատանքն ընդդեմ ռուսական կեղծ նորությունների, որով փորձում են լցնել մեր քաղաքացիների  գլուխները:

Մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը կամ ստիպել Ռուսաստանին ուշադրություն  չդարձնել հարևան տարածաշրջանների վրա, որոնց հետ ունեն խորը առևտրային և մշակութային հարաբերություններ: Սակայն մենք կարող են շարունակել  պատժել Ռուսաստանին տարածքների բռնագրավման  կամ հարևան երկրների թուլացման  և արտաքին հնարավորությունների սահմանափակմանն ուղղված ազդեցության թաքնված  օպերացիաներ իրականացնելու համար: ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել ավելի կատարելագործված պաշտպանողական զենքեր` պաշտպանվելու  ռուսական  հարձակումներից: Կարող ենք հետագայում էլ ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, ինչպես արեց Կոնգրեսը` առաջարկելով մտցնել լրացուցիչ  պատժամիջոցներ:

Սակայն չենք կարոզ զսպել  այլ երկրներում արկածների դիմելու պարոն Պուտինի  ձգտումները, ինչպես, օրինակ, դա եղավ Սիրիայում: Եթե Թրամփի վարչակարգը կարողանա երբևէ  ուշքի գալ, մեր գործողությունները կարող ենք ուղղել  մեծ կարևորություն ունեցող տարածաշրջաններում ԱՄՆ գերակայությունը վերականգնելուն: Այն    բավականին թուլացել էր Օբամայի վարչակարգի  օրոք, ով  զգուշավոր քաղաքականություն էր վարում, և  որից  գրեթե զրկվել ենք   Թրամփի նկատմամբ վստահության ցածր մակարդակի և  Սպիտակ տանը տիրող քաոսի պատճառով: ԱՄՆ-ն կորցնում է իր  գերիշխանությունը, սակայն դեռ վաղ է հանձնվել:

Ինչ վերաբերում է  Ռուսաստանի  ներքին    փոփոխություններին,  ապա Ուկրաինայի  Գերագույն Ռադայի անդամներից ինձ Կիևում ահա թե ինչ ասաց. «Ուկրաինան միակն է  նախկին խորհրդային պետություններից, որը կարող է փոխել Ռուսաստանին»:

Նա նկատի ուներ, որ ռուսները  Ուկրաինան համարում են պատմական սլավոնական պետության օրրանը (իններորդ դար),  և ուկրաինացիներին դիտարկում են որպես իրենց ամենամոտ ազգակիցներ: Եթե Ուկրաինան կարողանար հաղթահարել  էնդեմիկ կոռուպցիան և դառնար ծաղկուն ժողովրդավարական պետություն, ապա դա խթան կլիներ Ռուսաստանում ևս  նմանատիպ պետություն կառուցելու համար: Ուկրաինային օգնելը մեր ամենահեռանկարային ռազմավարությունն է, որից էլ վախենում է պարոն Պուտինը: Հենց այդ պատճառով էլ նա ներխուժեց Ուկրաինա:

Այլ խոսքերով՝ այսօրվա խնդիրը ոչ թե  նորից Ռուսաստանի կործանում է, ինչպես ԽՍՀՄ փլուզման ժամանակ էր, այլ Ռուսաստանի վերածնունդն է, որպեսզի նրա արատավոր հակումները զսպվեն: Հարկ է, որ ԱՄՆ-ն  հաստատակամություն ցուցաբերի իր համար առանցքային հարցերում:  Պետք է հնարավորություններ ստեղծվեն խթանելու  այն ռուսաստանիցների գործունեությունը, որոնք ձգտում են ինտեգրվել միջազգային համակարգին: Եվ միաժամանակ  զգուշություն պահպանել այն ոլորտներում, որտեղ ռուս-ամերիկյան շահերը համընկնում են, որպեսզի գոնե սահմանափակ համագործակցությունը պահպանվի:

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

Ռուսերեն՝  ИНОСМИ.РУ

 

 

 

Share

Comments are closed.