Ռուսաստանի դեմ ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը Հայաստանի վրա


Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ
ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար
Երևան

 

 

Հուլիսի 27-ին ԱՄՆ Կոնգրեսը ձայների ճնշող մեծամասնությամբ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի ու Իրանի դեմ պատժամիջոցների պահպանում, համալրում և խստացում նախատեսող օրինագիծ ընդունեց, որն օգոստոսի 2-ին ստորագրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Պատժամիջոցների փաթեթը վերջ դրեց ռուսական ու այլ ուղղություններով ԱՄՆ քաղաքականությունների անորոշություններին, որոնք առաջացել էին 2016թ. նոյեմբերի 8-ին ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից ու հունվարի 20–ին պաշտոնն ստանձնելուց հետո:Նախագահի թեկնածու, ապա և նախագահ Թրամփի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները վերասահմանելու ու Օբամայի վարած գլոբալ, այդ թվում՝ ռուսական, սիրական քաղաքականությունները քննադատող հայտարարությունները կոնկրետ Մոսկվայում սպասումներ էին ստեղծել 2014-ից այդ երկրի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցերի վերացման առումով: Դա ոչ միայն էապես կթեթևացներ Ռուսաստանի տնտեսական վիճակը, այլ նաև իսպառ կարժեզրկեր նրա հանդեպ վերջին երեք տարիներին միացյալ Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունը, և կստացվեր, որ աշխարհի խոշորագույն տերությունը համակերպվում է եվրասիական ու արևելաեվրոպական տարածաշրջանում իր վարած քաղաքականությունների արդյունքների հետ՝ արդյունքում խոր ճգնաժամ ու հակասություններ հարուցելով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերություններում:

Սակայն ԱՄՆ նոր օրենքը նախատեսում է նախկինում կամ նոր սահմանված պատժամիջոցների վերանայման մի այնպիսի գործընթաց, որը Կոնգրեսին թույլ կտա անգամ շրջափակել ԱՄՆ նախագահի կողմից դրանք մեղմացնելու կամ հանելու որևէ փորձ: Մասնավորապես, ԱՄՆ նախագահը պարտավոր է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովին ուղարկել զեկույց՝ դրանում հիմնավորելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու նպատակը և ազդեցությունը ազգային անվտանգության շահերի վրա: Կոնգրեսն այն լսելու համար նվազագույնը 30 օր ունի, որից հետո քվեարկում է փոփոխությունները: Դրանք մերժելու դեպքում ԱՄՆ նախագահը պատժամիջոցները փոփոխելու իրավունք չի ունենա: Ի դեպ, վերլուծաբանների ու քաղաքական-պետական գործիչների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ օրենքը կոդիֆիկացրել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ստորագրված վեց գործադիր հրամանագրերը, ինչը նախագահ Թրամփին զրկում է դրանք նույնատիպ գործադիր հրամանագրերով վերացնելու հնարավորությունից:

Ի տարբերություն 2014-2016թթ. պատժամիջոցներ սահմանելու համար հիմք ծառայած ուկրաինական (Ղրիմի բռնակցում, Ուկրաինայի արևելքում հիբրիդային պատերազմի վարում ու ներխուժում), սիրիական հակամարտություններով պայմանավորված հիմնապատճառների, օրենքը ևս մեկ դրդապատճառ ու ոլորտ է ավելացրել՝ ԱՄՆ 2016թ. նախագահական գործընթացին միջամտությունն ու կիբերանվտանգությունը: Հանրագումարում՝ համալրված պատժամիջոցները տարածվում են Ռուսաստանի ռազմական կամ հետախուզական գործակալությունների, օֆշորային նավթային նախագծերում ներգրավված ընկերությունների հետ բիզնես իրականացնող միավորների վրա, ինչպես նաև նրանց վրա, որոնք մասնակցում են Ռուսաստանի ներսում  նավթագազային խողովակաշարերի կառուցմանը: Օրենքը թիրախավորում է Ռուսաստանի արդյունաբերության մի շարք ոլորտներ՝ էլ ավելի հարվածելով 2014-ին Ղրիմի բռնակցումից հետո սահմանված պատժամիջոցներից թուլացած Ռուսաստանի տնտեսությանը: Ինչ վերաբերում է կիբերանվտանգության ոլորտին, ապա այն պատժամիջոցներ է սահմանում ցանկացած ընկերության հանդեպ, որը ներգրավված կլինի Ռուսաստանի կառավարության անունից կիբերհարձակումներ իրականացնելու գործում, կամ նրանց հանդեպ, որոնք պատկանում կամ գործում են այդպիսի միավորի անունից: Օրենքը նաև պահանջում է միջգերատեսչական զեկույց ներկայացնել Ռուսաստանում առանցքային քաղաքական գործիչների և օլիգարխների մասին, որը կպարունակի նրանց կուտակած հարստության ու եկամտի աղբյուրների գնահատականներ, կոռուպցիայի որևէ փաստ և դրանց կապը ՌԴ նախագահի հետ:

Հայաստանյան տեսանկյունից հատկապես կարևոր է հասկանալ այդ ամենի ազդեցությունը մեզ վրա, ինչը դրսևորվում է մի քանի առումներով. 1. պատժամիջոցների ու ռուսական տնտեսության վատթարացման ընդհանուր ազդեցությունը հայկական տնտեսության վրա, քանի որ վերջինիս կախվածությունը ռուսականից բավական մեծ է, 2. պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի հայ գործարարների բիզնեսի վրա, որոնք տնտեսական գործունեություն ունեն նաև Հայաստանում, 3. պատժամիջոցների ուղղակի ազդեցությունը դրանց տակ հայտնված ռուսական արդյունաբերական ու ֆինանսական հսկաների վրա, որոնք ներկայացվածություն ունեն նաև Հայաստանում՝ ի թիվս  3000-ից ավել ռուսական ձեռնարկությունների:

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԻՐԱԽՆԵՐ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԵՐԸ

2014-2016թթ. ԱՄՆ և ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցները, որոնք պահպանվեցին, խստացվեցին ու համալրվեցին  ԱՄՆ Կոնգրեսի  2017թ. օրենքով, թիրախի տակ են վերցրել ոչ միայն Վ.Պուտինի մերձավորագույն շրջապատը, Ղրիմում ու Ուրաինայի արևելքում ռուսամետ անջատողական գործիչներին, այլ նաև Ռուսաստանի տնտեսության որոշ առանցքային սեկտորներ, որոնք սերտորեն կապված են կամ ուկրաինական ճգնաժամի կամ իշխող վերնախավի հետ:

Ֆինանսաբանկային ոլորտ.. պատժամիջոցների հայաստանյան հետցնցումները, չխոստովանված ու չպատժված ռեկետ Հայաստանում

Ռուսաստանի դեմ ոլորտային (սեկտորալ) պատժամիջոցների առաջին էլեմենտով ռուսական պետական բանկերի (պետության 50 կամ ավելի տոկոս բաժնեմասով) համար (բացառությամբ ԵՄ տարածքում գործող նրանց մասնաճյուղերի) եվրոպական ներդրողներին ու ռեզիդենտներին արգելվել է նրանց միջնաժամկետ ու երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելը, արժութային շուկայի՝ 90 օրից ավել մարման ժամկետով առաջնային արժեթղթերով և գործիքներով ուղղակի և անուղղակի առք և վաճառք իրականացնելը, բրոքերային ծառայությունների մատուցումը կամ էլ մասնակցությունը դրանց թողարկմանը կամ այլ գործարքներին: Այդպիսի բանկերից Հայաստանի տնտեսական ու ֆինանսական շուկաներում կամ ԵՏՄ տարածքում գործունեություն ծավալածներից ու ծավալողներից են Վնեշէկոնոմբանկը (VEB կամ ВЭБ), Գազպրոմբանկը, VTB (ВТБ) բանկը, Սբերբանկն (Сбербанк) ու Ռոսսելխոզբանկը (Россельхозбанк), որոնք գտնվում են թե ԵՄ/ԱՄՆ կամ միայն ԱՄՆ պատժամիջոցների տակ:

Վնեշէկոնոմբանկը Ռուսաստանի տնտեսական զարգացման բանկն է (100% պետական բաժնեմասով), որը պատասխանատու է “երկրի ներսում ու նրանից դուրս ռուսական տնտեսության մրցակցային առավելությունները խթանող ծրագրերին աջակցելու ու դրանց նպաստելու” համար: VEB-ը Հայաստանում առնչվել է բավական խոշորածավալ ծրագրերի: Մասնավորապես, 2009թ. հունիսից, “էներգախնայողության բարելավման, էլեկտրական ցանցերում կորուստների նվազեցման ու ԱՊՀ երկրներում էներգետիկ համակարգերի ինտեգրումը բարելավելու նպատակներով” VEB-ը Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի (ԵԶՎԲ) հետ համաֆինանսավորել է 2006-ից ռուսական  «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի խմբի կազմի մեջ մտնող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» («ՀԷՑ») ՓԲԸ-ի մոդեռնացման և վերակառուցման ծրագիրը,  որի շրջանակներում ԵԶՎԲ-ի կողմից «ՀԷՑ»-ին տրամադրվեց 42 մլն եվրոյի, իսկ VEB-ի կողմից՝ 22.5 մլն եվրոյի վարկ:

Այն բանից հետո, երբ 2014-ին VEB-ը հայտնվեց ԵՄ և ԱՄՆ սև ցուցակներում՝ Կրեմլը նրա լծակներն ու “առաքելությունը” ինստիտուցիոնալացրել է նաև ԵԱՏՄ ձևաչափով՝ գործունեության դաշտ ապահովելով եվրասիական տարածքում. VEB-ի ու Եվրասիական զարգացման ու վերակառուցման բանկի միջև ստորագրվել են փոխըմբռնման մի շարք հուշագրեր ԵԱՏՄ տարածքում “անդամ երկրների զարգացման բանկերի միջև համագործակցության,” “հեռանկարային նախագծերի նախաձեռնողներին աջակցելու” և կոնկրետ նախագծեր համաֆինանսավորելու մասին: Թերևս, նշվածի շրջանակներում, մասնավորապես՝ VEB-ի ու Հայկական զարգացման բանկի “եվրասիական համագործակցությունը”  արդեն իսկ կանոնակարգված է, և անդամ երկրների նույնատիպ բանկերը պետական մակարդակով “հանձնառու և պարտավորված” են աջակցելու ու համագործակցելու մի կառույցի ծրագրերի, որը Կրեմլի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ծրագրերի վարկավորման և իրականացման կարևորագույն գործիքներից է:

Նման ծրագրերի երկրորդ խոշոր վարկատուն Գազպրոմ ընկերության ֆինանսական ձեռքը և Ռուսաստանի երեք խոշորագույն բանկերից մեկը հանդիսացող Գազպրոմբանկն է, որի բաժնետոմսերի 35,5%-ը պատկանում է Գազպրոմին, 49,6%,-ը՝ НПФ “Газфонд”-ին, իսկ 10,2%-ը՝ VEB-ին: Ըստ այդմ՝ այն Կրեմլի համար նույնպես ավելին է, քան սոսկ բանկ լինելը: Հայաստանի Areximbank-ի կապիտալում այն մասնակցություն ուներ մինչև 2016թ հոկտեմբերի 7-ը, երբ ավարտվեց «Ռեգիոն» կորպորացիայի կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերման գործարքը՝ որոշ ժամանակ անց միաձուլվելով «Արդշինբանկի» հետ: Թերևս, սա նույնպես պատժամիջոցների արդյունքում Գազպրոմբանկի վիճակի վատթարացման արդյունք էր: Սակայն, նա միակը չէ, որ վերջին 4 տարիներին լուրջ դժվարությունների է բախվում նաև Հայաստանում:

ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված մյուս բանկը VTB (ВТБ)-ն է, որի բաժնետոմսերի 60,9%-ը կամ բանկի կանոնադրական կապիտալի 45%-ը պատկանում է Ռուսաստանի Ֆինանսների նախարարությանն ու պետական գույքի կառավարման դաշնային գործակալությանը: Այն “աջակցում է համաշխարհային շուկայում ռուսական ձեռնարկությունների առաջխաղացմանն ու միջազգային համագործակցության զարգացմանը” իր դուստր և ասոցացված բանկերի ու ներկայացուցչությունների ցանցով: VTB-Արմենիան նրա 10 դուստից մեկն է։ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հավանությամբ 2004թ. մարտին «Վնեշտորգբանկը» «Միկա Լիմիթեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովից գնեց «Հայխնայբանկ»-ի բաժնետոմսերի 70%-ը: Ֆիանսական հաշվետվությունների համաձայն՝ վերջին չորս տարիներին այս բանկը նույնպես աշխատում է վնասով և նրա հետագա գոյությունը Հայաստանում ևս կասկածի տակ է:

2014թ. սեպտեմբերից ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ավելացված Ռուսաստանի խոշորագույն բանկերից Sberbank/«Сбербанк»-ը (բաժնետոմսերի 50%+1-ը պատկանում է ՌԴ ԿԲ-ին) Ռուսաստանի խոշոր բանկերից է, որի խմբի մեջ մտնող Sberbank Capital LLC-ն 2014թ. սեպտեմբերին ձեռք բերեց GeoProMining Investment (CYP) Limited-ի (Կիպրոս) կանոնադրական կապիտալի 25.64%-ը: Կիպրոսյան օֆշորային գոտում գրանցված այդ ընկերությանն է պատկանում GeoProMining Group-ը, որն էլ իր հերթին հանքարդյունաբերական լուրջ ակտիվներ ու հանքեր ունի նաև Հայաստանում (ոսկի, պղինձ և մոլիբդեն)՝ ի դեմս Սոթքի հանքավայրի, Արարատի վերամշակման գործարանի և այլն:

Վերջապես, Россельхозбанк-ը, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը և նույնպես Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկն է, Հայաստանում իր ներկայացուցչությամբ նպատակ ունի “համատեղ ծրագրեր իրականցնել հայկական ֆինանսական հաստատությունների ու ընկերությունների հետ”, “համագործակցել պետական մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ”, “ռուսական ներդրումային ծրագրեր և բանկի մասնակցությամբ երկկողմ ու բազմակողմ  համաձայնագրերի մշտադիտարկում իրականցնել”:

Հայաստանի ֆինանսական ոլորտում ռուսական բանկերի նման լուրջ ներկայացվածությունն ու ցանցավորումը չէր կարող “օգտակար” չլինել Կրեմլին հատկապես այն պահից հետո, երբ 2014-ի կեսերից նրա տնտեսությունն ու ֆինանսական շուկան սկսեցին պատժամիջոցներից ցնցվել, իսկ առանցքային ընկերությունների գործունեության ու երեկարաժամկետ վարկավորման հեռանկարները մթագնվեցին: Հետևաբար, թեկուզև փոքր Հայաստանից դեպի Ռուսաստան մանիպուլյացիաների ու սպեկուլյացիաների միջոցով արտարժույթ և կապիտալ արտամղելը Կրեմլի համար դառնալու էր ոչ մեծաթիվ հնարավորություններից մեկը:

Ֆիզիկական անձանց կողմից կատարված փոխանցումների բազմամյա վիճակագրությունում ռուսական ուղղությունը, անխոս, միշտ դոմինանտ է եղել: Այսպես՝ 2008-2009-ի գոլոբալ ֆիանսատնտեսական ճգնաժամի արդյունքում 2009-ին էապես կրճատվեցին Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումների ընդհանուր և զուտ ներհոսքը, կայուն աճ արձանագրելով հաջորդող տարիներին, սակայն կրկին անկում՝ 2014-ին ու հետագա 3 տարիներին  Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների արդյունքում:

Սակայն Հայաստանի ու նրա տնտեսության վրա այդ ուղղակի ազդեցությունից բացի 2008-2017թթ. ֆիզիկական անձանց կողմից կատարված փոխանցումների եռամսյակային ու տարեկան ցուցանիշների պատկերում մեկ այլ “առեղծվածային միտում” է նկատվում. թեպետ հիշատակված երկու ֆորս-մաժորների դեպքում էլ Ռուսաստանից դեպի Հայաստան ընդհանուր և զուտ ներհոսքների ցուցանիշները անկում են արձանագրում, սակայն Հայաստանից դեպի Ռուսաստան փոխանցումների արտահոսքը աճ է արձանագրել թե՛ 2009-ին և թե՛ 2014-2016-ին: Արժե հիշել, որ առաջին ֆորս-մաժորի շրջանում նավթի ու գազի համաշխարհային գները դեռևս բարձր էին, Ռուսասատանը լուրջ շահույթներ ու գերշահույթներ էր ստանում այդ ոլորտներում, նրա դեմ սահմանված չէին վերոնշյալ պատժամիջոցները: Մինչդեռ 2014-ից հետո էներգակիրների համաշխարհային գները ռեկորդային անկում գրանցեցին, Ռուսաստանի համար փակվեցին վարկերի ու կապիտալի խոշոր շուկաները: Համատեքստային այսպիսի տարբերությունների ու 2014-ի պատժամիջոցներից հետո Ռուսաստանի, իսկ դրան զուգընթաց նաև Հայաստանի արժութային շուկաներում սկսված անոմալ տատանումների ու ազգային արժույթների արժեզրկման գործընթացների պայմաններում, Հայաստանից փողը կայուն տեմպերով և  մինչև օրս հոսում է Ռուսաստան, իսկ Հայաստան ներհոսքը նվազում է: Դրա վառ դրսևորումը 2014-ի վաղ աշնանից մինչև դեկտեմբեր ամիսներին Հայաստանի ֆինանսական շուկայում կատարվածն էր՝ անոմալ տատանումների օբյեկտիվ (տնտեսությունների փոխկախվածություն) սինխրոնությունը Ռուսաստանում արձանագրված տատանումների հետ ու այդ ամենի սուբյեկտիվ (սպեկուլյատիվ-մանիպուլյացիոն) կապը Հայաստանից դեպի մեծագույն տուրբուլենտության մեջ հայտնված,  ներդրումային մեծացող ռիսկերով ու նվազող գրավչությամբ Ռուսաստան արժույթի հոսքի հետ: Ու դժվար թե այս մանիպուլյատիվ մեխանիզմում Հայաստանում ռուսական բանկային ու ֆինանստնտեսական սեգմենտի դերը չլիներ:

Հետագայում էլ Ռուսաստանը բազում այլ փորձերով ու քայլերով ապացուցեց, որ պատժամիջոցների տաք կքած իր տնտեսության սակավ այլընտրանքներից մեկը Հայաստանում կամ հետխորհրդային այլ երկրներում կապիտալի ամեն գնով ճանկումն է բնակչության գրպանից՝ կազմակերպված կողոպուտի կամ այլ եղանակներով: Դրա հերթական ապացույցը 2015թ. գարնանը ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով թանկացնելու հայտն էր Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին (ՀԾԿՀ), ինչի հիմնավորումները ոչ մի քննադատության չէին դիմանում, մինչդեռ ակնհայտ էր Հայաստանից հավելյալ փող կորզելու շահագրգռությունը: Չնայած «Ո՛չ թալանին» կամ «Էլեկտրիկ Երևան» զանգվածային շարժման ընդվզմանը, վերջնահաշվում սակագինը թանկացվեց 7 դրամով: Մինդեռ դրա արդյունքում տեղի ունեցավ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխություն. նախ այն 2015-ի սեպտեմբերին վաճառվեց Կիպրոսում գրանցված Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ օֆշորային ընկերությանը, իսկ 2017-ի օգոստոսին էլ վերավաճառվեց ռուսաստանահայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանին:

Հայաստանից փող “քամելու” գործընթացը դրսևորվում է նաև ավիացիոն ոլորտում, որտեղ ռուսական ընկերությունները նույնպես մենաշնորհային դիրք են վերցրել: 2017թ. ամռանը անոմալ տատանումներ գրանցվեցին նաև ավիատոմսերի թանկացման առումով: Բերված պաշտոնական բացատրությունները (պահանջարկի աճ և այլն) չմերժելով, այդուհանդերձ ոլորտի պրոֆեսիոնալները պնդում են, որ ռուսական ավիաընկերությունները, օգտվելով նրանից, որ բաց երկնքի քաղաքականության պայմաններում ազգային ավիափոխադրող ու մրցակցություն չկա, պայմանավորված բարձրացնում են Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսերի գները:

Նավթա-, գազա- և ռազմաարդյունաբերության ոլորտ. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դիմաց ներդրումների խոստումի դրժումից մինչև ընկերությունների սննկացում կամ սեփականության վերաբաշխում և զենքի բիզնես

Ռոսնեֆթ ԲԲԸ-ն, որը ռուսական նավաթային բնագավառի առաջատար ու աշխարհում խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկն է, ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է 2014թ. հուլիսին, իսկ ԵՄ ցանկում՝ սեպտեմբերին: Ընկերության կառավարման խորհրդի նախագահ Իգոր Սեչինը նույնպես ԱՄՆ-ԵՄ պատժամիջոցների տակ է՝ Վ.Պուտինի հետ “ընդհանուր տնտեսական շահեր” ունենալու համար:

Մինչև պատժամիջոցները ռուսական նավթարդյունաբերական հսկան իրեն բավական վստահ էր զգում՝ վայելելով ՌԴ նախագահի անմիջական աջակցությունն ու սպասարկելով Կրեմլի աշխարհաքաղաքական նախագծերը, ինչպես, օրինակ, Հայաստանի եվրասիականացումն էր 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում անակնկալ հայտարարեց Մաքսային միությանը/ԵՏՄ-ին միանալու մասին: Եթե դրա արդյունքում Հայաստանն ակնկալում էր Ռուսաստանի կողմից ներքին ու երկարաժամկետ կայուն գներով գազի ու նավթամթերքների կայուն մատակարարում, ռուսական մեծ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում ու համատեղ ձեռնարկությունների հիմնում, ռազմավարական ապրանքների համար արտահանման մաքսատուրքերի վերացում ու Հայաստանի «տնտեսական զգայունությունների» հարգում ԵՏՄ-ին անդամակցության շրջանում, ապա Ռուսաստանի համար գերկարևոր էր Հայաստանի միանալը պուտինյան նախագծին: 2013թ. սեպտեմբեր 3-ի այդ “գործարքի” համար Հայաստանը համաձայնեց “վճարել” ոչ միայն անդամակցությամբ, այլ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում պետական բաժնետոմսերի վերջին 20%-ը «Գազպրոմ» ԲԲԸ-ին փոխանցելով ու նրան ռուսական գազի ներկրման երկարաժամկետ մենաշնորհ տրամադրելով, իսկ  սեպտեմբերի 2-ին «Նաիրիտի» ղեկավարների հետ հանդիպման ժամանակ էլ Ռոսնեֆթի ղեկավար Ի.Սեչինը հայտարարեց  «Նաիրիտ» գործարանում կաուչիկի արտադրության ծրագրման ու վերագործարկման նպատակով 500 միլիոն ԱՄՆ դոլար ներդնելու մասին:

Բացի գազային պայմանագրերից՝ 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում Վ.Պուտինի ու Ս.Սարգսյանի կողմից ստորագրվեց նաև Ռոսնեֆթի միջոցով Հայաստաին ռուսական նավթամթերքներ մատակարարելու պայմանագիր, իսկ երկու նախագահների ներկայությամբ էլ ստեղծվեց Ռոսնեֆտ-Արմենիա դուստր ձեռնարկությունը: Որքան էլ մինչև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշման կայացումը հայ և ռուս պաշտոնյաները հայտարարում էին խոստացած ներդրումների մասին, այդուհանդերձ՝ արդեն 2014-ի ամռանն այն մոռացության էր մատնվել, քանզի Ռոսնեֆթն ինքն էր հայտնվել ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցների ներքո: Հայաստանին խոստացված առաջին մեծածավալ ներդրումները այդպես է չհոսեցին Հայաստան, և Կրեմլը դրժեց իր խոստումը, իսկ հոկտեմբերի 10-ին ԵՏՙՄ անդամ դարձած Հայաստանն այլևս հետքայլ անել չէր կարող…. Մինչդեռ Ռոսնեֆթ-Արմենիան շարունակեց Հայաստանում համալրել իր ակտիվները. 2015թ. օգոստոսի 22-ին ընկերությունը 40 մլն ԱՄՆ դոլարով ձեռք բերեց Միխայիլ Բաղդասարովի հիմնադրած “Պետրոլ Մարկետ” ՍՊԸ-ին պատկանող ավտոլցակայանների ցանցը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի՝ տարեկան մինչև 43 հազար տոննա արտադրողականությամբ բիթումի վերամշակման գործարանը:

Ռոսնեֆթի ու այլ ընկերությունների հանդեպ պատժամիջոցներ սահմանելու շրջանում Ռուսաստանում, հիրավի, սկիզբ առավ այն, ինչի մասին 2014-ի գարնանը գուժել էր ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանը, այն է՝ արտաքին միջոցներ ներգրավելու դժվարությունների հետ կապված խոշոր տնտեսավարողների ֆինանսական վիճակի վատթարացում ու սեփականության վերաբաշխում, որոնք վերածվեցին բուրգի ներսում համեմատաբար ոչ կամ քիչ յուրայինների ու չպաշտպանվածների դուրսմղումով ու ունեզրկումով: Այդ ցավագին գործընթացում թույլ օղակներից ու զոհերից մեկը դարձավ արցախցի գործարար Լևոն Հայրապետյանը, ով 2014թ. հուլիսի 15-ին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվեց, ազատազրկվեց և ունեզրկվեց Վլադմիր Պուտինի և Բաշկիրիայի նախկին նախագահ Ռահիմովի, Ռոսնեֆթի Իգոր Սեչինի և АФК «Системa»-ի  Վլադիմիր Եվտուշենկոյի քաղաքական ու տնտեսական կոնֆլիկտների խորապատկերին:

Ի դեպ, հատկանշական է, որ АФК «Системa» ընկերության տնօրենների խորհրդում է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ակնհայտորեն նույնպես բաժնեմասեր ունի խմբի կազմի մեջ գտնվող բիզնեսներում: Իսկ սեփականության վերաբաշխումը պրոյեկտվեց նաև հայկական բիզնեսի վրա՝ զուգորդված երկրորդ ու երրորդ նախագահների միջև 2012-ից թափ հավաքած ու 2014-ին թեժացած ներքաղաքական մրցակցությամբ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որում, մամուլի բազում հրապարակումների համաձայն, գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունից բացի բաժնետոմսեր ուներ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս դիրքերը 2014-ի ամռանից սկսեցին թուլանալ ընդհուպ մինչև 2016թ. գարնանը բաժնետոմսերի կորուստը:

Պատժամիջոցների հետևանքով ռուսական ու նրանից կախված հայկական տնտեսության վատթարացումը “վերջին ծղոտը” դարձան նաև 2001-ից հայկական ավիաբիզնեսում գործառնող և 2003-ից հայկական շուկան գրաված ռուսաստանահայ գործարար Միկա Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերության համար, որը 2014-ի հոկտեմբերին Հայաստանի դատարանի որոշմամբ սնանկ ճանաչվեց  172 պարտատերի հանդեպ ունեցած չմարված պարտավորությունների պատճառով, որոնց թվում հայաստանյան բանկեր էին, այդ թվում՝ Ռուսաստանի հայ գործարարների բաժնետոմսերով, ռուսական ավիացիոն ընկերություններ և այլն:  Բացի իր նավթային բիզնեսը՝ լցակայանները, բազաներն ու գրասենյակային տարածքները 2015թ. «Ռոսնեֆտին» վաճառելը, Բաղդասարովին պատկանող «Հրազդան-Ցեմենտ» գործարանը մեծ պարտքեր էր կուտակել և 20 մլն դոլար վարկի դիմաց գրավադրվել «ՎՏԲ-Հայաստան» բանկում, հետագայում դառնալով բանկի սեփականությունն ու 2017-ի մարտին փաստացի վաճառվելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  վաղեմի ընկերոջը՝ ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր  Վիտալի  Գրիգորյանցին, իսկ իրավաբանորեն՝ «Հայբիզնեսբանկ»-ին:

Վերջապես, պատժամիջոցների էական հետևանքներից է նաև այն, որ ԱՄՆ և ԵՄ սև ցուցակներում են հայտնվել Ռուսաստանի ռազմական արդյունաբերության մի շարք հսկաներ, նրանց թվում՝ Կալաշնիկով կոնցեռնը և ուրիշներ: Թեպետ այս ոլորտում ռազմատեխնիկական բիզնեսը և համագործակցությունը թափանցիկներից չեն, ու ոլորտը պարուրված է պետական ու առևտրային գաղտնիքներով, սակայն ակնհայտորեն 2014-ից հետո պատժամիջոցների էական ազդեցություն են թողել նաև նրանց վրա: Այնպես, ինչպես վարկային միջոցների սահմանափակումն ու ֆինանսական վիճակի վատթարացումն են Կրեմլին ու ռուսական ընկերություններին ստիպել արժույթի ու արտարժույթի “կողոպուտը” սաստկացնել կախյալ երկրներում, այնպես էլ դրանք Ռուսաստանին ու նրա ռազմարդյունաբերական համալիրին կախման մեջ դրել տևական պատերազմներից ու հակամարտություններից:

Այս առումով, ի թիվս այլ աշխարհաքաղաքական խնդիրների, 2015թ. աշնանից Ռուսաստանի սիրիական արշավանքը նաև տնտեսական շահավետության ասպեկտ ուներ: Ամենևին պատահական չէր, որ Սիրայում ռազմական արշավանքի հանրային հաշվետվություններում շեշտվում էր նաև ռուասական նոր սպառազինության արդյունավետ փորձարկումը սիրիական թատերաբեմում, որը ոչ այլ ինչ էր, քան գովազդ: Հակամարտության այլ գոտիներում ռազմական գործողությունների ռիսկերի ավելացումը Ռուսաստանի համար ստեղծեց նաև համարժեք պահանջարկ, որի վառ վկայությունը Ադրբեջանին ու այլ երկրների ռուսական սպառազինության խոշոր վաճառքն ու մատակարարումներն են: Որևէ կերպ չհերքելով Ռուսաստանի կողմից այդկերպ ռազմաքաղաղաքական խնդրներ լուծելը, այդուհանդերձ՝ անհերքելի է, որ զենքի վաճառքը նաև պատժամիջոցների ստեղծած լրջագույն ճգնաժամը ռազմարդյունաբերության միջոցով մեղմելու հուսահատ փորձ է:

Ամփոփելով հարկ է նկատել, որ առաջիկայում էլ խստացված պատժամիջոցների ծանր հետևանքերը հաղթահարելիս Ռուսաստանը նոր լուծումներ չունի, թերևս ստիպված է բախվել նրան, ինչին բախվել է մինչև այժմ և անելու է այն, ինչ “hաջողացրել” է անել: Էլ ավելի վատթարացող Ռուսաստանի տնտեսության վիճակը շարունակելու է թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի ազդել Հայաստանի տնտեսության վրա՝ ֆիզիկական անձանց մասնավոր տրանսֆերտներից սկսած մինչև միջին ու խոշոր բիզնես:

Պատժամիջոցները շարունակելու են ազդել Հայաստանում ռուսական բիզնեսի ու հատկապես նրանց վրա, որոնք ուղղակի պատժամիջոցների տակ են՝ նրանց դրդելով ֆինանսական միջոցների այլ աղբյուրներ գտնել, այդ թվում՝ օֆշորներից, միջազգային վարկային կազմակերպություններից՝ հայկական կամ ծագումով հայերի բիզնեսի միջնորդավորվմամբ, ինչպես նաև ընդերքից, հասարակության գրպանից ու բոլոր հնարավոր վայրերից՝ բացահայտ կամ ոչ բացահայտ ռեկետի ու թալանի միջոցով:

Սակայն, արժե, որպեսզի Հայաստանի կամ ծագումով հայ գործարարաները մտապահեն, որ այժմ խստացված պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն բուն ռուսական թիրախներին, այլ նաև նրանց համագործակիցներին, հետևաբար՝ հայաստանյան ընկերություններն այժմ առավել մեծ վտանգների կարող են բախվել ԱՄՆ կամ ԵՄ սև ցուցակներում հայտնվելու առումով:

Ինչպես անցած տարիներին՝ ստեղծված ծանր իրավիճակում սեփականության վերաբաշխման գործընթացը կրկին ցավոտ շարունակություն է ունենալու թե Ռուսաստանում, թե Հայաստանում՝ բերելով ներքաղաքական վերադասավորումների ու համեմատաբար անպաշտպանների սնանկացման, ունեզրկման կամ երկիրը լքելուն: Այս միտումն արդեն Ռուսաստանում ու Հայաստանում նկատելի է:

Վերջապես, ֆինանսական միջոցների թերևս համեմատաբար ամենաակնառու աղբյուրը Ռուսաստանի համար մնալու է զենքի ու սպառազինության վաճառքը՝ դրանից բխող ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ռիսկի մեծացումով:

Հիրավի, ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Հայաստանին դժվարին ժամանակներ են սպասում, քանի դեռ վերջինս շարունակում է գերինտեգրված լինել ռուսական տնտեսությանը, ասել է թե՝ այդպիսով նաև ինտեգրված լինելով պատժամիջոցներին, ու իր քաղաքականություններն ու տնտեսությունը տակավին չի դիվերսիֆիկացրել:

 

Share

Comments are closed.