Արցախյան քրոնիկոն (հոկտեմբեր)

ԼՂՀ արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն` հոկտեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է  594 ամուսնություն եւ 126 ամուսնալուծություն:

Հոկտեմբերի 1-2-ը Արցախում տեղի ունեցավ Bridge Artsakh-2011 երրորդ տնտեսական համաժողովը` ղարաբաղյան եւ հայաստանյան գործարարների ու պաշտոնյաների մասնակցությամբ, որի քննարկմանն էր ներկայացված թվով 7 թեմա:

Հոկտեմբերի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական դիտարկումն է անցկացրել Մարտակերտի ուղղությամբ. դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Նույն օրը կառավարության որոշմամբ` իրենց դիմումների համաձայն, զբաղեցրած պաշտոններից ազատվել են Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Ժիրայր Գաբրիելյանը եւ Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Ավանեսյանը, ովքեր պաշտոնից ազատվել են վարկերի հավաքագրման գործում թերանալու պատճառով:

Հոկտեմբերի 5-ին` ժամը 17.00-ի սահմաններում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վերք, զոհվել է ՊԲ զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Արամի Սարգսյանը:

Նույն օրը ժամը 21.33-ին, ԼՂՀ տարածքում` Քարվաճառ քաղաքից 12 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 3,1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հրապարակվել են տարվա մրցույթներում հաղթած դպրոցների եւ ուսուցիչների անունները. տարվա լավագույն դպրոց է ճանաչվել Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցը, իսկ տարվա լավագույն ուսուցիչ` Հադրութի շրջանի Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում իրականացված պլանային զորահավաքին:

Նույն օրը ԵԽԽՎ 32 պատգամավորներ համատեղ հայտարարություն են ընդունել, որում ճանաչել են ԼՂՀ անկախությունը եւ կոչ արել սերտորեն համագործակցել ԼՂՀ օրինական ընտրված իշխանությունների հետ. փաստաթուղթը ստորագրել են ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության անդամները, ֆրանսիացի, անդորրացի, բրիտանացի, շվեյցարացիավստրիացի, բելգիացի, սերբ, սլովակ, իտալացի պատգամավորներ:

Հոկտեմբերի 7-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունում գրանցվել է այս տարվա տասհազարերորդ այցելուն` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բանաստեղծ եւ թարգմանիչ Վադիմ Ռախմանովը, ում շնորհվել է հավաստագիր եւ հուշանվեր` Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշով:

Հաջորդ օրը նշվել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի օրը. նույն օրը, ինչպես արդեն մի քանի տարի շարունակ, նշվել է նաեւ Բերքի տոնը:

Կառավարության հոկտեմբերի 10-ի ընդունած որոշմամբ Լեւոն Չալյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար:

Նույն օրը Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, ում հետ քննարկել են ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հաջորդ օրը նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանին, ում հետ քննարկել է Արցախում կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Հոկտեմբերի 11-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են աշնանացանի եւ գալիք գարնանացանի հարցերը. վարչապետը հրահանգել է ակտիվացնել աշնանացանի ընթացքը, եւ այն ավարտել սահմանված ժամկետներում, ինչպես նաեւ նախապատրաստվել գարնանացանին:

Հոկտեմբերի 12-ին` ժամը 12.40-ի սահմանում, ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը:

Նույն օրը Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին. ըստ հրամանագրի` 2011 թվականի նոյեմբերդեկտեմբերին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչը, ում 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

Հոկտեմբերի 13-ին, որպես Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության խորհրդի պաշտոնական գրություն, ՄԱԿում տարածվել է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ. հայտարարությունում շեշտվում է Հարավային Կովկասը բաց ու ժողովրդավարական տարածաշրջան դարձնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներին կառուցողական ու հետեւողական վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտությունը եւ հիշեցվում Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացման ու քաղաքացիական հասարակության ձեւավորման դեմ բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման:

Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել լրագրող, ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանի ՙՏեսադաշտ 1988-1994թթ.՚ գրքի շնորհանդեսը:

Նույն օրը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին, ովքեր ճանաչողական այցով Արցախ են ժամանել` հաստատության տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ. դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հանդիպել են նաեւ վարչապետ Արա Հարությունյանի հետ:

Հոկտեմբերի առաջին կեսին ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերության ներկայացուցիչները Ստեփանակերտում սեմինար են անցկացրել Արցախի պետական համալսարանի հայ բանասիրության եւ լրագրության ֆակուլտետի ուսանողների համար:

Հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 260 անգամ. ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1300 կրակոց:

Նախագահ Բակո Սահակյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Սուրեն Գրիգորյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ղեկավարնախարարի պաշտոնից` Ստեփանակերտի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:

 Հոկտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ:

Հոկտեմբերի 22-ին Արցախ են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Բեռնար Ֆասիեն, ում ընդունել է նախագահ Բակո Սահակյանը. նախագահն ընդգծել է, որ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության պահպանմանը խոչընդոտում են Ադրբեջան հակահայկական եւ հակաղարաբաղյան քարոզչությունն ու զինադադարի ռեժիմի անընդհատ խախտումը:

Նույն հանդիպումից հետո համանախագահները լրագրողներին պատմել են Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների մասին, ինչպես նաեւ նշել, որ կհատեն Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը` ՄարտակերտԹերթեր հատվածում, որտեղից էլ ուղղաթիռով կուղեւորվեն Բաքու:

Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի նիստում ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, ով ԱԺ քննարկմանն էր ներկայացրել ՙԼՂՀ 2012-2014թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին՚ օրենքի նախագիծը, հայտարարեց, որ 2015 թվականին հանրապետությունում կանցկացվի մարդահամար, իսկ ըստ վերոնշյալ ծրագրի` 2014 թվականին կանցկացվի փորձնական մարդահամար:

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Արմո Ծատուրյանին` իր դիմումի համաձայն, գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին:

Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր` Անդրանիկ Խաչատրյանին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու եւ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին:

Հոկտեմբերի 28-30-ը Արցախում անցկացվեց ՏՀՏ լիդերների հանդիպումֆորում` ՙԱրցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներ՚ թեմայով:

Ամսվա վերջին շաբթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 180 անգամ. ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տեսակի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 800 կրակոց:

Հոկտեմբերի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղում նշել են գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձը:

Հաջորդ օրը վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ` Լեւոն Գրիգորյանը, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ազատվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ նախագահի հրամանագրով նա 5 տարի պաշտոնավարման ժամկետով նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

Վարչապետի մյուս երկու որոշումներով` Իգոր Բաղրյանն ազատվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից եւ նշանակվել ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, իսկ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ է նշանակվել Արմո Ծատրյանը:

Share

Comments are closed.