Թրամփը և «պայթյունավտանգ նռնակը»

Կլեմենս Վերգին

Ահա և  հաջորդ վիճելի որոշումը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: ԱՄՆ նախագահը կասեցնում է մի ծրագիր, որը նախատեսված էր անօրինական  ներգաղթյալների երեխաներին արտաքսումից պաշտպանելու համար: Ինչևէ, կոնգրեսը դեռ կարող է «երազողներին» նոր հնարավորություն տալ:

Դոնալդ Թրամփի՝ այսպես կոչված «երազողներին»[1] վերաբերող վճիռն, անշուշտ, հանդիսացավ իր կառավարման ընթացքում մինչ այժմ կայացված ամենաբարդ որոշումը։ Այդ իսկ պատճառով անցյալ երեքշաբթի օրը ոչ թե Թրամփն անձամբ, այլ ԱՄՆ գլխավոր դատախազը մամուլի ներկայացուցիչների առջև հայտարարեց Բարաք Օբամայի կողմից մեկնարկած DACA[2] ծրագրի կասեցման մասին, որը մինչ այդ կոչված էր արտաքսումից պաշտպանելու ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների ընտանիքներում ծնված երեխաներին։Ջեֆ Սեշընսը, սակայն, չսահմանափակվելով վերոգրյալով, մեղադրական ոճով ավելացրեց նաև, որ նախագահի հրամանով սկզիբ առած նմանատիպ հանդուրժողականությունն ուղղակիորեն «շրջանցում է առկա ներգաղթային օրենսդրությունը», և որ դա հանդիսացել է նախագահի լիազորությունների՝ սահմանադրությանը հակասող չարաշահում։ Փաստորեն, նախագահի այսպիսի որոշմամբ կասեցվում է շուրջ 800.000 մարդկանց կյանքն ու ապագան հստակեցնող մի ծրագիր։ ԱՄՆ Կոնգրեսին, այնուամենայնիվ, կտրամադրվի որոշ ժամանակ անօրինական ներգաղթյալների երեխաների մասին նոր օրինագիծ մշակելու համար։

Սպիտակ տանն այս որոշմանը նախորդել են դժվարին գործընթացներ։ Իրոք, անօրինական ներգաղթի դեմ պայքարը եղել է այն խոստումներից մեկը, որի շնորհիվ սպիտակամորթ ամերիկացիների մի ստվար զանգված ընտրությունների ժամանակ քվեարկել է Դոնալդ Թրամփի օգտին։ Բայց այժմ նշված պայքարի անվան տակ պատժել նրանց, ովքեր, հանդիսանալով անչափահասներ, ԱՄՆ են բերվել իրենց ծնողների կողմից և չունեն այլ հայրենիք…Այսպիսի քայլը միանշանակ չի ընկալվում անգամ ներգաղթյալների հարցին հոռետեսորեն վերաբերվող պահպանողականների շրջանակում։

Թրամփի որոշումը՝ որպես ժամանակավոր լուծում

Վերոնշյալը, թվում է, վերաբերում էր նաև հենց անձամբ ԱՄՆ նախագահին։ Ճիշտ է, նախընտրական պայքարի ժամանակ նա խոստացել էր չեղարկել Օբամայի՝ ներգաղթյալներին վերաբերող հրամանագրերը, սակայն այս գարնանը նրա հայտարարություններն արդեն այլ հնչողություն ունեին։ Թրամփն ապրիլին տված իր հարցազրույցներից մեկում նշեց, որ «երազողները» մտահոգվելու կարիք չունեն և որ նրանք երկրից չեն արտաքսվելու։

Այժմ, սակայն, Թրամփը ստիպված էր որոշում կայացնել 2012թ. Օբամայի կողմից մեկնարկված հանդուրժողականության ծրագրի վերաբերյալ, քանի որ մի շարք պահպանողական նահանգներ պաշտոնապես բողոքներ էին ներկայացրել նշված ծրագրի առումով Օբամայի կողմից իշխանական իրավասությունների չարաշահման մասին։ Ուստի իրավիճակից պետք էր դուրս գալ՝ ընտրելով երկու տարբերակներից մեկը. կամ հանրության առջև հանդես գալ որպես անողոք, անսիրտ ղեկավար, կամ քաղաքական գործիչ, որը չի պահում իր խոստումները։

Այսպիսի երկընտրանքի առջև կանգնելով՝ Թրամփը, պետք է դիմած լիներ իր լավագույն խորհրդականների օգնությանը, ինչին ի պատասխան Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին Կոնգրեսի հանրապետական անդամների հետ միասին փորձ կատարեց արագ լուծում գտնելու շուրջ 800.000 անօրինական ներգաղթյալների համար, ովքեր նախքան 2007 թվականը ԱՄՆ են ներգաղթել՝ հանդիսանալով անչափահաս, և ովքեր գտնվում էին Օբամայի ծրագրի հովանու ներքո։

Արդյունքը մեզ արդեն հայտնի ժամանակավոր լուծումն էր։ DACA-ն կկասեցվի վեցամսյա արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո։ Դա ընկալվում է որպես բավարար ժամանակահատված, որպեսզի Կոնգրեսը հասցնի համապատասխան օրինագիծ մշակի խնդրահարույց հարցի շուրջ։ Վերջապես, հանրապետականները բազմիցս մեղադրել են նախագահ Օբամային՝ իր հրամանագրերով իր իսկ իշխանության սահմաններն անցնելու մեջ և այնպիսի օրենսդիր ուժ յուրացնելու մեջ, ինչպիսին պետք է լինի միայն Խորհրդարանի ձեռքում։

Հետևաբար, սահմանադրական տեսանկյունից ճիշտ և ընդունելի կլիներ հարցի լուծումն ամբողջությամբ հանձնել Խորհրդարանին, ինչի պատճառով և Սեշընսը անընդհատ ընդգծում էր DACA-ի հետ կապված հատկապես իրավական հակասությունները։ Մյուս կողմից՝ քաղաքական տեսանկյունից հանրապետականները չէին պլանավորել այսքան շուտ Քեփիթըլ Հիլլի[3] իրենց գործընկերներին փոխանցել այս հարցը, որը Սպիտակ տան աշխատակիցներից մեկի կողմից հորջորջվել է որպես «պայթուցիչն ակտիվացված նռնակ»։

Դեռ 2010 թվականին Կոնգրեսն անկարող եղավ միաձայն որոշման գալ ներգաղթյալների կարգավիճակի այս նուրբ հարցի շուրջ, ինչի արդյունքն էլ հենց հանդիսացավ Օբամայի՝ մեզ արդեն հայտնի որոշումը DACA-ի մեկնարկի մասին։ Մինչդեռ, հաշվի առնելով Թրամփի կողմից Հանրապետական կուսակցության շարքերում ներգաղթյալների կարգավիճակի շուրջ ավելի կոշտ կեցվածքի առկայությունը՝ այժմ նույնպես բավականին վիճելի է, թե արդյոք մոտ ապագայում Կոնգրեսը կկարողանա այս հարցի շուրջ միասնական որոշում ընդունել։ Միայն թե այդ դեպքում կատարվածի համար պատասխանատվություն կկրի ոչ թե նախագահը, այլ Խորհրդարանը։

Թրամփն, այնուամենայնիվ, շտապեց իր որոշումից ստեղծված անսիրտ առաջնորդի տպավորությունը թուլացնել, ինչի նպատակով Սպիտակ տունը շտապեց հայտարարությամբ հանդես գալ՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հավատարիմ է մնալու ներգաղթյալների մասին օրենքների կիրառության նախկին առաջնայնություններին և ամեն բան անելու է, որ DACA ծրագրի նախկին հովանավորյալները չարտաքսվեն երկրից։

Այժմ սահմանված վեցամսյա շրջանի ընթացքում DACA-ի համար դիմումները կշարունակեն ընդունվել և հաստատվել մինչև հոկտեմբերի 5-ը։ Նույնիսկ նրանք, ում ԱՄՆ-ում բնակվելու թույլատրելի ժամանակահատվածը սպառվի, կարող են մինչ նշված ժամկետը նորից դիմել ԱՄՆ-ում բնակվելու և աշխատելու երկամյա թույլատրության համար։ Իրերի ընթացքն ավելի կլրջանա հաջորդ տարվա մարտ ամսից, եթե ԱՄՆ Կոնգրեսն անկարող լինի միասնական օրենք ընդունել մարդկանց այս խմբին պաշտպանելու ուղղությամբ։

«Երազողների» հանրային օժանդակությունը

ԱՄՆ-ում այն մարդիկ, ովքեր երկիր են ժամանել մանուկ հասակում, ներգաղթյալների շրջանում վայելում են ամենալայն հանրային համակրանք։ Հաճախ մեջբերվող փաստարկներից է այն, որ երեխաները չպետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց ծնողների սխալների համար։ Կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ «Երազողների» կարգավիճակում հայտնված մարդիկ մուտք են գործել ԱՄՆ միջինը վեց ու կես տարեկան հասակում։ Նրանք մեծացել և սոցիալիզացվել են որպես ԱՄՆ-ի քաղաքացիներ։ Այդ դեռահասներից շատերը չեն էլ իմացել, որ իրենք հանդիսացել են անօրինական ներգաղթյալներ, և այդ մասին տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ ցանկացել են ձեռք բերել աշխատանք կամ վարորդական իրավունք։

Քանի որ ամերիկացիները շատ են սիրում «ետնախորշերից միլիոնատեր» դարձածների մասին պատմություններ, ապա ամերիկյան մամուլում հաճախ կարելի էր կարդալ, թե ինչպես են, օրինակ, «երազողներից» ոմանք ամենաթշվառ պայմաններից իրենց ջանքերով բարձրացել և սովորել էլիտար համալսարաններում։ Նաև «Հարվի» փոթորկից տուժած Հյուսթոն և այլ ամերիկյան քաղաքներում «երազողներից» շատերը հասցրել են հանդես գալ որպես անձնազոհ կամավորներ, որոնցից մեկն անգամ զոհվել է փրկարարական մի գործողության ժամանակ։

Ուստի զարմանալի չէ, որ այս մարդկանց շուրջ կարճ ժամանակում աջակիցների մի ստվար զանգված է հավաքվել։ Այժմ, երբ հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անօրինականության ստվերի տակ և անորոշության մեջ, միջին վիճակագրական ամերիկացիների արդարության պատկերացումներին հակասում է այն հեռանկարը, որ մի շարք պատանիներ ու երիտասարդներ պատժվելու են օրինականությանն ընդառաջ գնալու իրենց փորձերի համար։

Արիզոնա նահանգից հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնը նույնպես քննադատել է Թրամփի որոշումը։ Թեկուզև նա համաձայն չէր նաև Օբամայի հրամանագրի հետ, ամեն դեպքում գտնում է, որ «DACA-ի շնորհիվ պետք է վերջ դրվի այդ անհատներին տրված խոստումներից անընդհատ խուսափելու դեպքերին»։

Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Փոլ Ռայանը նույնպես հանդես է եկել ծրագրի կասեցման յուրօրինակ պատասխանով. «Այս խնդրի հիմքում ընկած են երիտասարդ անհատների կյանքեր, ովքեր այս երկիր են եկել՝ ի սկզբանե անմեղ լինելով, և շատերի համար սա այն միակ տունն է, որտեղ իրենք երբևէ ապրել են»։

Այժմ լուծում կարող է գտնել Փոլ Ռայանը

Ռայանը նշել է, որ Կոնգրեսն անցյալ տարիներին արդեն ձախողվել է այս խնդրին պատշաճ լուծում գտնելու հարցում։ Նա հույս է արտահայտել, որ «Ներկայացուցիչների պալատը և Սենատը նախագահի աջակցությամբ հաջողությամբ համաձայնության կգան ընդհանուր և երկարաժամկետ լուծման շուրջ, ըստ որի նրանք, ովքեր ոչ մի սխալ չեն գործել, կշարունակեն հանդիսանալ այս հզոր պետության լիիրավ անդամ»։

Այժմ Ռայանն ունի վեց ամիս Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն հավաքելու համար։ Եվ դա բնավ հեշտ խնդիր չի լինի՝ հաշվի առնելով այն, որ այժմ Պալատի օրակարգում կան հարկային դաշտի, բյուջետային և ենթակառուցվածքների բարեփոխումների և այլ խոշոր ծրագրեր։

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար գերմաներենից թարգմանեց Նարեկ Խալաֆյանը

Սկզբ­նաղբ­յու­րը`Welt

[1]«Երազողներ» կոչվել են անօրինական ներգաղթյալների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաները, ովքեր պաշտպանվել են արտաքսումից Բարաք Օբամայի ներդրած DACA ծրագրի շրջանակներում։ Մինչ Թրամփի կողմից ծրագրի կասեցումը վերջինիս պահանջներին համապատասխանել են 787.580 անձինք։
[2] Deferred Action for Childhood Arrivals – հետաձգված գործողություն երեխաների ժամանման համար։
[3] Capitol Hill-ի տարածքում է գտնվում ԱՄՆ Կոնգրեսը

Share

Comments are closed.