Հայաստանն ու արտագաղթը՝ պատմության հազարամյա քառուղիներից առայսօր


Արթուր Ե
ՂԻԱԶԱՐՅԱՆ
Պատմաբան, հրապարակախոս
Երևան

 

Արտագաղթը կամ էմիգրացիան (լատ.՝ emigro – «վտարվում եմ» բառից) քաղաքական, սոցիալական, տնտեսական կամ այլ շարժառիթներով հայրենիքից հարկադիր կամ կամավոր հեռանալն է մեկ այլ երկիր, մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակով:Արտագաղթը, իր բոլոր բացասական ընկալումներով հանդերձ, բնական գործընթաց է, որն ուղեկցել է մարդկությանը՝ առաջացումից սկսած: Արտագաղթի ճանապարհով ողջ Երկիր մոլորակը ժամանակին բնակեցվեց նախամարդկանց կողմից և ձևավորվեց ժամանակակից օյկումենը (Երկրագնդի՝ մարդկությամբ բնակեցված հատվածը): Բայց սա, որպես մարդ տեսակ՝ ընդհանուր ընկալումով: Էթնոսների ձևավորումով, իր բնօրրանում արտագաղթը ընկալվում է որպես բացասական երևույթ: Երկրների, ժողովուրդների դիմագիծը ոչ մի երևույթ այնքան չի փոխել, որքան մարդկային մեծ խմբերի տեղաշարժերը: Դրանց հետևանքով պատմության թատերաբեմից անհետացան մի շարք էթնոսներ ու ծնվեցին նորերը, քարտեզի վրայից վերացան ու հայտնվեցին պետություններ, իրենց տեղը զիջեցին մի շարք լեզուներ ու մշակույթներ, բայց նրանց փոխարեն հայտնվեցին նորերը:

Արտագաղթին նպաստում են հիմնականում երկու խմբի պայմաններ: Դրանք են.

1) Դուրս մղող պայմաններ։ Սրանք կապված են անհատի (խմբի)՝ իր բնակավայրում գոյության ծանր կամ անբավարար պայմանների հետ (աշխատանքի բացակայություն, ցածր կենսամակարդակ, մասնագիտական առաջխաղացման դժվարություններ, ազգամիջյան, կրոնական հակամարտություններ, սով, բռնապետություն, պատերազմներ, տնտեսական ճգնաժամ, տարերային-էկոլոգիական, տեխնածին աղետներ և այլն):

2) Ձգող պայմաններ։ Այլ վայրում ապրելու գրավիչ մի քանի պայմանների առկայությունը: Դրանցից են. նախընտրելի աշխատանք՝ բարձր վարձատրությամբ կամ եկամտով, բարձր կենսամակարդակ, սոցիալական կարգավիճակի բարձրացման մեծ հնարավորություններ, սոցիալ-տնտեսական և քաղաքական կայունություն, ազգամիջյան և միջկրոնական հանդուրժողականություն, բարենպաստ բնակլիմայական պայմաններ և այլն):

Այժմ վերադառնանք հայկական իրականություն: Հետ վերադառնալով դարերի խորք, տեսնում ենք, որ արտագաղթը Հայկական լեռնաշխարհում շատ ավելի հին պատմություն ունի, քան մեր ժամանակակից էթնիկ գիտակցությունը: Հայկական լեռնաշխարհը, համաձայն մի շարք հայ և օտարերկրացի մասնագետների փաստարկված վարկածների, հանդիսանալով հնդեվրոպացիների (արիացիների) նախահայրենիքը, դեռևս հազարամյակներ առաջ, ինչպես օրգանիզմում սիրտն է արյունը մղում՝ պարբերաբար իրենից մարդկային խմբեր է մղել լեռնաշխարհից դուրս, որոնք հաստատվելով օյկումենի տարբեր անկյուններում՝ հիմք են դարձել հին և ժամանակակից մի շարք ազգությունների և պետությունների ձևավորմանը: Այդ ժողովուրդներին այսօր հայտնի են հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող էթնոսներ՝  ինքնուրույն էթնիկ գիտակցությամբ: Այս ցեղերն ու ցեղախմբերը Հայկական լեռնաշխարհից արտագաղթել են գրեթե հավասարաչափ կրելով վերոգրյալ երկու խմբի՝ դուրս մղող և ձգող պայմաններից մի շարք հատկանիշներն ունենալով: Մարդկային խմբերը լեռնաշխարհում շատացել էին, ու անհրաժեշտություն էր առաջացել դուրս գալ դեպի նոր կենսատարածքներ:  Հնդեվրոպական այն ցեղերն ու ցեղային միությունները, որոնք մնացին Հայկական լեռնաշխարհում ու նրա հարակից տարածքներում՝ հիմք հանդիսացան հայ ազգի և հայկական պետականությունների ձևավորման համար:

Հայ իրականության մեջ առաջին հիշատակվող մեծ արտագաղթը ձգող պայմաններով էր: Դա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիայում հաստատվելն էր: Եվ սա միակ ու բացառիկ դեպքն է, երբ այդ ու հետագա դարերի արտագաղթը հանգեցրեց նրան, որ Հայկական լեռնաշխարհից դուրս հայկական գաղթօջախը ծնունդ տրեց հայկական պետականության, ի դեմս Կիլիկիայի Հայկական Թագավորության: Մնացած բոլոր դեպքերում գաղթօջախները, որքան էլ ինչ որ շրջանում կենսունակ լինեն, վաղ թե ուշ՝ դատապարտված են ձուլման …

Պատմության ընթացքում Հայաստանից հիմնական զանգվածային արտագաղթերը սկսել են պետականությունների անկումներից հետո: Դա հիմնականում պայմանավորված է օտար տիրապետման հետ, երբ մեծանում է ֆիզիկական ոչնչացման հավանականությունը, կեղեքումը՝ հանգեցնելով սոցիալական անկման, ազգային և կրոնական խտրական վերաբերմունքի և այլն: Այն հատկապես ավելի սուր դրսևորվեց արաբական տիրապետության օրոք (արտագաղթում էին հիմնականում հարևան Բյուզանդական կայսրություն, ինչի արդյունքում հայերը լուրջ դիրք գրավեցին այնտեղ, անգամ հայկական ծագումով կայսերական դինաստիա ծնունդ առավ), թուրք սելջուկների, մոնղոլ-թաթարների, ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքմենական ցեղերի տիրապետման, պարսկական և օսմանյան տիրապետությունների ժամանակ: Բացի օտար տիրապետության բերած արհավիրքներից՝ արտագաղթին նպաստել են նաև բնական աղետները, մասնավորապես՝ երկրաշարժը: Երկրաշարժի հետևանքով, օրինակ, Անիի ու հարակից բնակավայրերի բնակչությունն արտագաղթեց դեպի Ղրիմ, Ուկրաինա և Լեհաստան, որտեղ ժամանակին հայկական մեծ գաղթավայրեր ձևավորվեցին (այդ արտագաղթի արդյունքում ձևավորված սփյուռքն այլևս չկա, ձուլվեց դարերի ընթացքում): Սրանք հիմնականում համապատասխանում էին արտագաղթի դուրս մղող պայմաններին:

Հայկական լեռնաշխարհի տարածքում տեղի են ունեցել նաև դրական հետևանք ունեցող միգրացիոն տեղաշարժեր: Բայց դրանք չեն դիտվում որպես ներքին միգրացիոն շարժեր, քանի որ Հայկական լեռնաշխարհը բաժանված էր մի քանի պետությունների միջև, հետևաբար, Հայաստանի մի հատվածից, որը գտնվում էր մի պետության ենթակայության տակ, տեղաշարժվելով մեկ այլ հատված, որը գտնվում էր մեկ այլ պետության ենթակայության տակ՝ դիտարկվում է որպես արտագաղթ: Օրինակ, 19-րդ դարասկզբում՝ Օսմանյան կայսրության Էրզրումի վիլայեթից հայ բնակչության հաստատումը Ջավախքում, Բիթլիսի ու Վանի վիլայեթներից՝ ներկայիս Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի և Արմավիրի  մարզերի տարածքում, պարսկական տիրապետության տակ գտնվող Խոյ, Սալմաստ, Ուրմիա, Մակու և այլ հատվածներից՝ Վայոց Ձորի ու Արարատի ներկայիս մարզերի տարածքում: Այս արտագաղթերի արդյունքում կրկին հայաշատ դարձավ Արևելյան Հայաստանը, որը դարերով (հատկապես՝ Շահ-Աբասի օրոք) գրեթե հայաթափված էր: Այս արտագաղթերը հայտնի են «ներգաղթ» անունով, եթե դիտվում է ներկայիս Հայաստանի բնակչության աչքերով և վերաբնակեցում՝ եթե դիտվում է ռուսական կայսրության աչքերով: Բայց իրականում դրանք վերոնկարագրյալ «դուրս մղող» և «ձգող» պայմանների առկայությամբ արտագաղթեր էին՝ քանի որ դատարկվում էին այլ պետության տիրապետության տակ գտնվող բուն հայկական պատմական մի շարք տարածքներ: 19-րդ դարի 20-ական թվականների վերջի ռուս-թուրքական պատերազմի ու այնտեղից հայերի արտագաղթի արդյունքում հայերի թիվը բավականին նվազեց Արևմտյան Հայաստանի տարածքում, և առաջին անգամ հայերն այնտեղ չկազմեցին բնակչության 50%-ից ավելին, չնայած մնացած բոլոր էթնոսներից յուրաքանչյուրից թվաքանակով ավելի էին:

Հայ իրականության ամենամեծ արտագաղթը 20-րդ դարասկզբի Հայոց Ցեղասպանությունն էր, որի արդյունքում Արևմտյան Հայաստանը դատարկվեց իր բնիկ էթնոսից ու դադարեց առայսօր հայ կյանքի մասը կազմելուց: Ցեղասպանությունից փրկվածներն արտագաղթեցին ներկայիս Հայաստանի տարածք ու աշխարի տարբեր անկյուններ՝ ծնունդ տալով նոր գաղթօջախների կամ երկրորդ շունչ տալով այն գաղթօջախներին, որոնք արդեն մարում էին (վաղ թե ուշ՝ բոլոր գաղթօջախներին էլ սպառնում է ձուլումը, հատկապես գլոբալացման մեր ժամանակաշրջանում …):

Բոլոր դարերում էլ եղել են ձգող պայմաններով արտագաղթեր, որոնք ավելի շուտ կարելի է անվանել աշխատանքային արտագաղթեր: Հայ իրականության մեջ այդ տեսակ արտագաղթը կոչվում էր պանդխտություն կամ ղարիբություն: Այս տեսակի արտագաղթը տարբերվում էր նրանով, որ հիմնականում ընտանիքը մնում էր բնօրրանում, իսկ աշխատունակ տարիքի տղամարդկանցից մեկնում էին օտար ափեր՝ ընտանիքի համար միջոցներ վաստակելու համար: Այս արտագաղթողների զգալի մասն ի վերջո վերադառնում էր հայրենի տուն, և քչերն էին կարողանում հետագայում ընտանիքն էլ տանել: Սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ հիմնականում օրավճար գումար էին վաստակում, որի մի մասով ապրում էին, մյուս մասը տուն ուղարկում, և քանի որ չէին կարողանում այնքան վաստակել, որ օտար ափերում տուն ձեռք բերեին, իսկ բնօրրանում ունեին ապրելու տեղ՝ հետևաբար տարիներ անց, երբ անաշխատունակ էին դառնում՝ վերադառնում էին:

Արտագնա աշխատանքի համար արտագաղթը՝ ձգող պայմանների հատկանիշներով, պահպանվեց նաև խորհրդային իշխանության տարիներին: Հատկապես՝ կապված խամ-խոպան հողերի յուրացման և մշակման՝ պետական քաղաքականության հետ, ինչպես նաև՝ ընդհատակյա արտադրություն կազմակերպելու կամ այնտեղ աշխատելու հետ (խորհրդային տարիներին նրանց անվանում էին «ցեխավիկներ»):

Հայաստանի վերաանկախացման անցած 26-27 տարիներին արտագաղթը հիմնականում պայմանավորվել է հայ-ադրբեջանական պատերազմով, դրա ու ԽՍՀՄ փլուզման արդյունքում առաջացած սոցիալ-տնտեսական դժվարություններով: Եթե 80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին հանրապետությունից բնակչության արտահոսքի պատճառները բազմազան ու տարաբնույթ էին, ապա հետագայում, մասնավորապես 1995-ից ի վեր, էմիգրացիոն հոսքերը կրեցին ընդգծված պատճառականություն: Այդ շրջանում իրականացված ուսումնասիրություններն ու հարցումները ցույց են տալիս, որ արտագաղթի գործընթացում գերակա դիրք է գրավում տնտեսական դրդապատճառներով բնակչության արտահոսքը: Հարցման մասնակիցների 2/3-ը որպես արտագաղթի հիմնական դրդապատճառ համարում են աշխատանքի հետ առնչություն ունեցող հանգամանքները` աշխատատեղերի (այդ թվում` մասնագիտական) բացակայությունը կամ սղությունը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը և ինքնուրույն տնտեսական գործունեությամբ զբաղվելու բարդությունները, երկրում առկա անօրինությունները: Հետագայում անցկացված հարցմանը մասնակցած տնային տնտեսությունների շուրջ 15%-ի անդամները լրացնում են արտագնա աշխատանքների մեկնածների շարքերը: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ աշխատանքային էմիգրացիան շարունակում է էական դեր ունենալ արտագաղթի խճապատկերում:

Վերջին տարիներին, ֆոկուս խմբերի միջոցով շուրջ 1500 անձանց շրջանում իրականացված հարցումների արդյունքում (թե որոնք են արտագաղթի պատճառները, և ինչ  պետք է փոխել՝ չարտագաղթելու համար) տարբեր պատճառների մեջ որպես առաջնային նշվել են հետևյալները.

ա) Աշխատանք՝ արժանապատիվ վարձատրությամբ,

բ) Տուն (բնակարան) ձեռք բերելու հնարավորություն,

գ) Օրենքի առաջ բոլորի հավասարություն։

Անկախությունից ի վեր Հայաստանից իրականացվող ժամանակավոր եւ մշտական միգրացիայի հիմնախնդիրը պետական մակարդակով հստակ կարգավորված չէ:

Որոշ մասնագետների գնահատմամբ՝ հանրապետությունից գաղթած բնակչության թիվը կազմում է ավելի քան մեկ միլիոն երեք հարյուր հազար մարդ: Սա ժողովրդագրական աղետի կարող է հանգեցնել: Նման արտագաղթը բազմաթիվ խնդիրներ և հարցեր է դնում ինչպես պետության, նրա անվտանգության, այնպես էլ հասարակության առջև և պահանջում, որ անհապաղ ձեռնարկվեն գործուն քայլեր ստեղծված իրավիճակը բարելավելու, արտագաղթի սոցիալական, տնտեսական և իրավական պատճառները վերացնելու և դրա թողած հետևանքների վրա դրական ներգործություն ունենալու ուղղությամբ:

 

Share

Comments are closed.