Կատալոնիայի օրինակի հանդեպ աճող վախը


Նիկոլաուս Դոլլ, Ֆիլիպ Վետտեր

Տնտեսության տեսանկյունից Կատալոնիան Իսպանիայի ամենակարևոր շրջանն է: Վերջինիս՝ Իսպանիայից առանձնանալը ցավոտ անդրադարձ կունենա այնպիսի ընկերությունների վրա, ինչպիսին են գերմանական «Ֆոլկսվագենը» կամ «Սիմենսը»։ Այդուհանդերձ, խոշոր ընկերություններն ավելի շատ վախենում են, որ կատալոնական օրինակից բռնկված կրակը կտարածվի Եվրոպայում։

Կատալոնիան տարածքով մի քիչ ավելի փոքր է, քան Բադեն-Վյուրտեմբերգը[1], և ունի 7,5 միլիոն բնակիչ։ Սակայն Պիրենեյան թերակղզու հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված և Իսպանիայի կազմում գտնվող «Ինքնավար համայնքը» տնտեսական ոլորտում պատկանում է ծանրքաշային կարգին։ Շուրջ 200 միլիարդ եվրո ցուցանիշով այն ապահովում է Իսպանիայի համախառն ներքին արդյունքի 20%-ը։Այս հանգամանքը ստիպում է, որ Կատալոնիան խիստ կարևոր նշանակություն ունենա Իսպանիայում ակտիվ գերմանական ընկերությունների համար։ Իսպանիայում ներկա 1300 գերմանական ընկերությունների շուրջ կեսը տեղակայված է Կատալոնիայում՝ ներառյալ «Ֆոլկսվագենը» և «Սիմենսը»։ Եվ վերջիններս էականորեն մտահոգված են շրջանային կառավարության՝ անկախացման և կենտրոնական իշխանությունից առանձնացման փորձերով։

Եվ չնայած երեքշաբթի երեկոյան անակնկալ կերպով հետաձգված անկախության հռչակմանը՝ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը հստակ քայլեր է ձեռնարկում այն ուղղությամբ, որ Կատալոնիան այլև չհանդիսանա ԵՄ անդամ։ Եվ այդպիսով այն կորցնելու է ԵՄ անդամակցությամբ ձեռք բերված բոլոր առավելությունները։

Ո՞վ է հաջորդը։ Հարավային Տիրո՞լը

Եթե կատալոնացիների ջանքերը պսակվեն հաջողությամբ, ապա նրանք այլևս կդադարեն եվրոպական ներքին շուկայի մաս կազմել, քաղաքացիները և կազմակերպությունները ստիպված կլինեն կրկին հաշտվել մաքսային վճարների և հսկվող պետական սահմանների հետ։ Բանկերն այլևս ապահովված չեն լինի եվրոյի «փրկարար օղակով»։ Շրջանն այլև չի օգտվի այն առևտրային պայմանագրերի առավելությունից, որ ԵՄ-ն ունի աշխարհի մի շարք պետությունների հետ։

Կատալոնիայի առանձնացումը տնտեսապես վատ կանդրադառնա իսպանական և գերմանական ընկերությունների վրա։ Վերջիններս արդեն իսկ տագնապած են «Բրեքսիտի» պատճառով։ Կատալոնիայից հետո բոլոր շահագրգիռ կողմերին անհանգստացնող միակ հարցը կլինի այն, թե ով է հաջորդը։ Ո՞վքեր կձգտեն ավելի շոշափելի անկախության՝ բասկե՞րը, Կորսիկա՞ն, միգուցե Լոմբարդիա՞ն կամ Հարավային Տիրո՞լը։ Անկախության հրդեհների՝ Եվրոպայում ծխացող բոլոր այս օջախները հատկապես սպառնալի են Գերմանիայի համար, քանի որ ոչ մի երկրի տնտեսության համար այնքան շահավետ չեն բաց շուկաները, որքան Գերմանիայի։

«Ներկայիս անորոշությունն իսկական թույն է բոլոր կողմերի համար։ Երկրի տնտեսության համար Կատալոնիայի առանձնացումը վատագույն լուծումը կլինի մի շարք տեսանկյուններից»,- կարծիք է հայտնում Արտաքին առևտրի միության (ԱԱՄ) նախագահ Հոլգեր Բինգմանը։ Այդ պարագայում Կատալոնիան, արդեն որպես առանձին պետություն, նոր հայտ պետք է ներկայացնի ԵՄ անդամ դառնալու համար։ «Եվրոպական ներքին շուկայի անդամ հանդիսանալու պարագայով պայմանավորված բոլոր դյուրացումները կլուծարվեն, ինչը նոր խնդիրներ կառաջացնի տարբեր մակարդակներում»։

Ընկերությունները պետք է վերստին ուղիներ փնտրեն՝ լուծելու մի շարք խրթին հարցեր, որոնք մինչ այս արդեն պարզաբանված են եղել, սկսած արտարժույթի փոփոխումից բխող մաքսային կանոնակարգումների շուրջ անորոշություններից մինչև ստանդարտացման հարցերը։ «Եվ սա միանշանակորեն խթան կհանդիսանա Եվրոպայի այլ անջատողական ուժերի համար, որոնց գործողություններն իրենց հերթին կնպաստեն քաղաքական անկայունությանը, ինչն էլ բացասական անդրադարձ կունենա տնտեսությունների և ներդրողների համար», զգուշացնում է ԱԱՄ նախագահը։

«Ֆոլկսվագենը» և «Սիմենսը»՝ որպես տուժողներից խոշորագույնները

Տնտեսական ոլորտի այլ ներկայացուցիչներ նույնպես մտահոգված են վերոնշյալ ցնցումներով։ «Իսպանիան վերջերս է դուրս եկել տնտեսական և կառուցվածքային խորը ճգնաժամից։ Քաղաքական անկայունությունն ուղղակի սպառնալիք է հանդիսանում վերջինիս տնտեսական զարգացման վրա»,- կարծիք է հայտնում Գերմանիայի արդյունաբերության և առևտրի պալատի արտաքին առևտրի բաժնի պետ Ֆոլկեր Թրայերը։ Ներկայումս օդում կախված անորոշությունն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Կատալոնիան կշարունակի մնալ Իսպանիայի և համապատասխանաբար ԵՄ-ի կազմում, դժվարություն է ստեղծում նաև գերմանական ընկերությունների համար։ «Քաղաքական անկայունության հետագա ընդլայնմանն ընկերությունները կարձագանքեն ներդրումների շարունակական կրճատումներով։ Կատալոնիայի առանձնացման պարագայում իրավական անորոշության մեծ ռիսկեր կառաջանան»,- ասել է Թրայերը։

Գերմանական կորպորացիաները վախենում են հենց այս անորոշությունից։ «Սիմենսի համար կարևոր են կայուն պայմանները, և սա վերաբերում է բոլոր երկրներին»,- հայտնում է ընկերության մամուլի խոսնակը։ «Սիմենսը» շուրջ 3500 աշխատակիցներ ունի Իսպանիայում։

Սակայն անկայունության հետևանքներն ավելի ուժգին կզգա «Ֆոլկսվագենը»։ Վոլֆսբուրգյան կոնցեռնին է պատկանում նաև «ՍԵԱՏ»[2]-ը։ Այս ընկերության ոչ միայն կենտրոնական գրասենյակն է կատալոնական Բարսելոնայում, այլև խոշորագույն երեք արտադրական գործարանները։ «ՍԵԱՏ»-ը խորը արմատներ է գցել Կատալոնիայում և Բարսելոնայում»,- նշում է ընկերության ներկայացուցիչը։

Զբոսաշրջությունը կշարունակի ծաղկել

Պետք է նշել, որ կատալոնական ավտոմոբիլաշինությունն ուղղված է դեպի արտաքին շուկան։ Եթե խոսենք փաստերով, ապա անցյալ տարվա ընթացքում արտադրված 410000 մեքենաների 80%-ը վաճառվել է ոչ թե Իսպանիայում, այլ արտահանվել է։

«Ինչպես շատ այլ ընկերությունների պարագայում, այնպես էլ մեզ համար քաղաքական կայուն վիճակն անհրաժեշտ է մեր աշխատատեղերի և տնտեսական զարգացման մեջ ներդրումներ կատարելու համար, ինչպես նաև մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների ու մեր ներդրողների ու հաճախորդների շահերը հաշվի առնելու նպատակով»,- նշում է «ՍԵԱՏ»-ի ներկայացուցիչը։ Պետք է դեպքերի զարգացմանը հետևել մեծ ուշադրությամբ։

Այնուամենայնիվ, անկախության հռչակմամբ իր աճի տեմպերի մեջ զգալի փոփոխություն չի արձանագրի Կատալոնիայի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը՝ զբոսաշրջությունը։ Միայն անցյալ տարի շրջանի՝ զբոսաշրջության համար պատասխանատու մարմինն արձանագրել է շուրջ 1,5 միլիոն գերմանացի այցելուներ, որոնց մեծ մասը եղել է Բարսելոնայում։ Արդեն մի քանի տարի շարունակ այս քաղաքը համարվում է ամենասիրված արձակուրդային վայրն Իսպանիայում։

Ամեն դեպքում, հարկ է հաշվի առնել այն փաստը, որ մի շարք զբոսաշրջիկներ, այնուամենայնիվ, նախընտրում են համատեղել Բարսելոնայի այցելությունը Իսպանիայի օվկիանոսային ափամերձ տարածքներում հետագա հանգստի հետ, որոնք իրենց հերթին գտնվում են Կատալոնիայի սահմաններից դուրս։ Եթե վերջինս հանգամանքների բերումով անկախություն հռչակի և առանձնանա Իսպանիայից, ապա նմանատիպ նախընտրություններ ունեցող զբոսաշրջիկները արդեն պետք է պետական սահմաններ հատեն նմանատիպ հանգիստ անցկացնելու համար։

Հատուկ «Անալիտիկոնի» համար գերմաներենից թարգմանեց Նարեկ Խալաֆյանը

Սկզբ­նաղբ­յու­րը`Welt

 

[1] Կատալոնիայի տարածքը փոքր-ինչ ավելի մեծ է ՀՀ տարածքից և կազմում է 32108 կմ2։

[2] «ՍԵԱՏ»-ը իսպանական ավտոմոբիլային ընկերություն է, որը 1986 թվականին ամբողջությամբ ձեռք է բերվել «Ֆոլկսվագենի» կողմից։

Share

Comments are closed.