Քրդական վառոդի տակառը կարող է պայթեցնել Մերձավոր Արևելքը



Աննա ԲԱՐՍ
ԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

 

Քրդական հրաբուխը, որը դարից ավել ծխում է Մերձավոր Արևելքում, ժայթքելու շեմին է: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում կայացած հանրաքվեի վերջնական արդյունքներով անկախությանն օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցածների 92.73 տոկոսը: «Ոչ» է քվեարկել ընտրողների 7.2 տոկոսը: Ընդհանուր ձայներից վավեր են համարվել 3.850.935-ը: Հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 72 տոկոսը: Սա սպասելի ցուցանիշ էր, կանխատեսելի էր նաև տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակի առաջացումը: Արդեն իսկ Իրաքի կենտրոնական կառավարության և քրդական ուժերի միջև բախումներ են սկսվել Քիրքուք քաղաքում, և իրավիճակը  րոպե առ րոպե փոխվում է:Գերտերություններն ու տարածաշրջանային ուժերից յուրաքանչյուրը ձգտում էին նոր ձևավորվող պետության հետ ունենալ դրական հարաբերություններ` ցանկանալով նրան պահել իրենց ազդեցության գոտում: Այդուամենայնիվ, հանրաքվեի արդյունքները սվիններով ընդունվեցին: Թերևս, միայն Իսրայելի կողմից է, որ անկախության հանրաքվեն լիակատար աջակցություն ստացավ, որը պայմանավորված է աշխարհաքաղաքական և տնտեսական շահերով: Իսրայելի գազի շուրջ 77 տոկոսը ներմուծվում է Իրաքյան Քրդստանից, և այդ աղբյուրի կայունությունն ու ինքնուրույնությունը չափազանց կարևոր է նրա համար. չէ՞ որ Իսրայելը մուտք չունի ածխաջրածնային ռեսուրսներով հարուստ Ծոցի երկրներ: Բացի այդ, Իսրայելը կարծում է, որ անկախ Քրդստանը կարող է որպես հենակետ ծառայել իսրայելական ռազմական և հետախուզական ուժերի համար: Նա ձգտում է լավ հարաբերություններ ունենալ անկախ Քրդստանի հետ` սեպ խրելով արաբական աշխարհի մեջ:

Չնայած ԱՄՆ-ն համարվում է տարածաշրջանում քրդական պետության ստեղծման ճարտարապետներից, սակայն նույնիսկ հանրաքվե անցկացնելու գաղափարը քարկոծվեց: Ժամանակին Իրաքի քրդերը կարողացան ճիշտ որսալ պահը` օգնելով ԱՄՆ-ին տապալել Սադամ Հուսեյնի ռեժիմը: Ի պատասխան ԱՄՆ-ն ակտիվ աջակցություն ցուցաբերեց իրաքյան քրդերին` անկասելի դարձնելով Հյուսիսային Քրդստանի փաստացի անկախացումը Բաղդադից: Իրանում շահական կարգերի տապալումից հետո ԱՄՆ-ն կարիք ունի հուսալի և կառավարելի դաշնակցի, մեկ այլ «Իսրայելի», որը կլիներ իր շահերի անդավաճան ներկայացուցիչը տարածաշրջանում: Ակնկալվում էր, որ այդպիսի երկիր կարող էր լինել Իրաքը, սակայն ներքին էթնիկ-կրոնական հակասություններով պառակտված այս երկիրը, որի բնակչության 40%-ը շիա մահմեդականներ են և 15%-ը՝ քրդեր, կայունության երաշխիքներ չէր կարող ապահովել ԱՄՆ-ի կենսական շահերի համար այս տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով ընտրվեց մի նոր տարբերակ`հանձինս քրդական մոնոէթնիկ պետության, որը կստեղծվի ԱՄՆ-ի աջակցությամբ ու ամբողջությամբ կլինի կառավարելի։ Այն իր տարածքում կընդգրկի նավթի խոշորագույն հանքավայրեր (ներկայումս Իրաքում արդյունահանվող նավթի 60%-ը բաժին է ընկնում Հյուսիսային Քրդստանին) և աշխարհաքաղաքական հսկայական կարևորություն ձեռք կբերի Իրանի, Թուրքիայի, Սիրիայի և տարածաշրջանային այլ պետությունների վրա ճնշումներ գործադրելու համար:  Այդուամենայնիվ, Թրամփի վարաչակարգն, ինչպես աշխարհաքաղաքական շատ հարցերում, այնպես էլ քրդական  խնդրի նկատմամբ ևս  իր նախորդներից տարբերվող և անսպասելի դիրքորոշում է որդեգրել:

Կանխատեսելի էր, որ Հյուսիսային Իրաքում քրդական պետության հիմնումը հզոր ալիք կառաջացնի ինչպես Թուրքիայի քրդերի, այնպես էլ Սիրիայի և Իրանի քրդաբնակ տարածքներում: Զգուշանալով այդ վտանգից` Իրանը փակել է իր օդային տարածքը Իրաքյան Քրդստանի համար, Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել այն օրինագծին, որը թույլատրում է թուրքական զինված ուժերին ռազմական գործողություններ իրականացնել երկրի սահմաններից դուրս։ Իրանի և Թուրքիայի միջև վերջին շրջանում նաև պաշտոնական փոխայցելություններ են տեղի ունենում բարձր մակարդակով։ Եթե Իրանը դեռևս պահպանում է դիվանագիտական լեզուն, ապա Թուրքիան վաղուց անցել է կոշտ սպառնալիքների: Էրդողանն անգամ հայտարարել է, որ այսուհետ Իրաքյան Քրդստանից նավթ չի գնելու, ինչպես նաև դադարեցնելու է մատակարարումներն այդ տարածքով:

Սակայն սա մեդալի միայն մի երեսն է։ Կա մեկ այլ կարևոր հանգամանք ևս։ Չնայած վտանգին` քրդաբնակ պետությունները կփորձեն իրենց կողմը գրավել Իրաքյան Քրդստանին: Օրինակ, Իրանը կարող է օգտագործել քրդերի`իրանական ծագման հանգամանքը և այն փաստը, որ քրդերը համեմատաբար քիչ են խտրականությունների ենթարկվել Իրանում՝ դրանով իսկ դառնալով Քրդստանին դաշնակից պետություն:

Թուրքիան կարող է օգտագործել այն հանգամանքը, որ Հյուսիսային Քրդստանի`արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը անցնում է Թուրքիայի տարածքով և պասիվ դիրքորոշում ստանալ Քրդստանից Արևելյան Թուրքիայի քրդաբնակ տարածքների նկատմամբ: Ավանդաբար քրդական հարցը թուրքական իշխանությունների համար եղել է կնճռոտ խնդիր, ինչն առավել ակնհայտ դարձավ 20-րդ դարի սկզբներից, մասնավորապես`հայերի ցեղասպանությունից հետո, երբ երկրի արևելյան շրջաններում փաստացիորեն վերացավ «Հայկական հարցը»: Թուրքիան տասնամյակներ շարունակ պայքար է մղում իր տարածքում քրդական ուժերի դեմ:

Կոշտ է նաև թուրքերի դիրքորոշումը Սիրիայի տարածքում քրդական ապստամբների նկատմամբ: Ժամանակին այս գործոնն էր նաև ընկած թուրք-սիրիական ջերմ հարաբերությունների առանցքում, սակայն ի հեճուկս այդ ամենի՝ Թուրքիան բավականին ջերմ հարաբերություններ ուներ Իրաքի հյուսիսում ստեղծված քրդական կառավարության հետ: Բազմաթիվ պատճառների թվում կարող ենք նշել նաև այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները սուննիադավան քրդերին դիտարկում են բուֆերային գոտի` ընդդեմ շիադավան իրաքյան իշխանությունների: Ոչ պակաս գրավիչ են նաև համագործակցությունից բխող տնտեսական օգուտները: Բացի այդ, Թուրքիան չկրկնեց այն սխալը, որը գործել էր 90-ականների սկզբին Հայաստանի պարագայում: Փակելով Հայաստանի հետ սահմանը` Թուրքիան իրենց զրկեց ՀՀ-ի վրա ազդեցություն գործելու, տնտեսական էքսպանսիա կատարելու հնարավորությունից: Փոխարենը Իրաքյան Քրդստանի հետ ջերմ հարաբերություններն Թուրքիայի կողմից այն վերահսկելի էին դարձնում: Մյուս կողմից, այս հարաբերությունները զերծ չեն խնդիրներից, որոնցում առանցքային դեր ունի Քիրքուկ քաղաքը: Թուրքիան կտրականապես դեմ է, որ Քիրքուկը ներառվի անկախացող Քրդստանի տարածքում: Թուրքերն այն համարում են պատմական թուրքմենական քաղաք, որտեղ մեծամասնություն կազմող թուրքմեն բնակչությունը դիրքերը զիջում է քրդերին: Այս քաղաքը կռվախնձոր է նաև Բաղդադի և Էրբիլի միջև, սակայն քրդերը կարողացել են ապահովել իրենց ռազմական ամուր ներկայությունն այնտեղ:

Ամեն ինչ հարթ չէ նաև հենց Իրաքյան Քրդստանի ներսում: Այստեղ դեռևս ցեղային մակարդակի պայքար է ընթանում, և կողմերն ընդհանուր հայտարարի չեն գալիս մի շարք տարաձայնություններ առաջացնող հարցերի շուրջ:

Քրդական գործոնն ու Հայաստանը

Քրդական հանրաքվեն և ընդհանրապես՝ ապագայում քրդական պետության ստեղծումը Հայաստանի համար ունի ինչպես բազմաթիվ ռիսկեր, այնպես էլ հնարավորություններ: Չափազանց ռիսկային է Մերձավոր Արևելքի տարածքում նոր հակամարտության օջախի բռնկումը, անջատողական շարժումների տարածումը դեպի հարևան Թուրքիա և Իրան: Մյուս կողմից էլ Մերձավորև Արևելքում ստեղծվող նոր պետությունը նախադեպ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման, որը ևս մեկ անգամ կամրապնդի Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի որդեգրած դիրքորոշումը:

20-րդ դարասկզբին Թուրքիան արյան մեջ խեղդեց հայկական հարցը, սակայն 21-րդ դարում հայկական պատմական տարածքներում քրդական պետության կանխումը գրեթե անհնար կլինի նրա համար: Կարծում ենք, Թրքական Քրդստանի անկախացումը, ուր տարբեր տվյալներով 12-20 միլիոն քուրդ է ապրում, միայն ժամանակի հարց է, և Հայաստանը ստիպված կլինի գործ ունենալ նոր հարևանի հետ: ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում անկախության հռչակումից հետո դրված չի եղել պահանջատիրության հարցը, ուստի Թրքական Քրդստանի ստեղծումը Արևմտյան Հայաստանը կդարձնի սոսկ զբոսաշրջային ուղղություն, եթե մենք արդեն իսկ այսօր չհաշվարկենք մեր քայլերը: Որքան էլ էմոցիոնալ հարթության վրա ծանր է ընդունել Արևմտյան Հայաստանի վերջնական կորուստը, այդուամենայնիվ, հայկական կողմին բացառիկ հնարավորություն կընձեռվի արևմուտքում ունենալ նոր հարևան, որի հետ կարելի է ամեն ինչ սկսել մաքուր էջից: Դիվանագիտական, տնտեսական և հասարակական հարթություններում ճիշտ ռազմավարության մշակումը թույլ կտա կրկին ապահովել հայերի ու հայկականի մուտքը պատմական հայրենիք: Մի կողմից՝ արևմտյան հարևանի հետ բաց սահմանների առկայությունը Հայաստանին դուրս կհանի տարածաշրջանային մեկուսացումից, մյուս կողմից՝ Թուրքիան դժվար թե հեշտությամբ ընդունի իր տարածքում Քրդական պետության ստեղծումը, ինչն էլ Հայաստանի անմիջական սահմանին նոր պատերազմների առիթ կարող է դառնալ:

Այս ամենը երկարաժամկետ գործողությունների ծրագիր է, որին հարկ է պատրաստվել հենց այսօրվանից: Իսկ մինչ այդ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի արտաքին քաղաքականության առջև ծառացել է քրդական հարցում հավասարակշռված քաղաքականության իրացումը, որը թույլ կտա չշարժելով հարևան և բարեկամ պետությունների զայրույթը լավ հարաբերություններ հաստատել նոր և անկախ քաղաքական միավորման հետ:

Share

Comments are closed.