Թուրքիայի «երկաթե լեդին» ընդդեմ ընտրությունների «երկաթե» հաղթողի

 


Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թրքագետ
Երևան

 

Թուրքիայի ներքաղաքական օրակարգի կարևոր դերակատարներից մեկը՝  Մերալ Աքշեները, շարունակում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդի թեկնածուի պայքարը: «Երկաթե լեդին» հավակնում է լուրջ մրցակից լինել «երկաթե» հաղթանակների մեծ վարպետ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի ընտրություններում, որոնք նախանշված են 2019 թվականին: Պայքարն արդեն սկսված է, ընդ որում՝ երկուստեք ծանր հարվածներով և գրոհներով:Աքշեները Թուրքիայի ազգայնական շրջանակների ներկայացուցիչ է, թեև այժմ նախագահական ընտրապայքարում փորձում է ներկայանալ ավելի բազմակողմանի և ազատ քաղաքական հայացքներ կրողի կերպարով, ինչը հասկանալի է. լինել քեմալական հայացքների կրող և դրանց շուրջ կառուցել ընտրապայքար՝ նշանակում է ի սկզբանե ձախողման դատապարտել ողջ արշավը, ինչն ակներև է, երբ վերլուծում ենք վերջին տասնամյակներում թուրքական ընտրություններում հաղթանակի հասնելու մեթոդներն ու ռազմավարությունը: Այստեղ առանձնահատուկ աշխատանք է պետք հատկապես պահպանողական և/կամ իսլամամետ մեծաթիվ ընտրազանգվածի հետ, իսկ ընդգծված քեմալականները քանակի առումով զգալի զիջում են վերոնշյալ խմբին:

61-ամյա Մերալ Աքշեները, ով հայտնի է «Գորշ գայլեր» ազգայնամոլական կազմակերպության նշանների ցուցադրություններով, պատմաբան է: 1996-1997 թվականներին Թուրքիայի ներքին գործերի նախարարն էր «Ճշմարիտ ուղի» կուսակցությունից: Նա իր պաշտոնից հեռացվեց 1997 թվականի պոստմոդեռնիստական հեղաշրջման հետևանքով: 2007-2015 թվականներին Աքշեները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխխոսնակն էր:

2001 թվականից «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) անդամ է՝ վերջին շրջանում հանդիսանալով ներկուսակցական ընդդիմության առաջնորդը  և ԱՇԿ-ի նախագահ Դևլեթ Բահչելիի գլխավոր հակառակորդը: Աքշեները ղեկավարում էր ԱՇԿ-ի այն հոսանքը, որը դեմ էր Թուրքիայում խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցմանը, ինչը նախաձեռնել էր Էրդողանը, և ԱՇԿ-ն միակ խորհրդարանական ուժն էր իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունից զատ, որը պաշտպանում էր նախագահական համակարգի անցումը: Բահչելիի աջակցությունն Էրդողանին ճեղքեր առաջացրեց ԱՇԿ-ի շարքերում, ինչն իր հերթին բերեց Աքշեների՝ որպես լիարժեք ընդդիմության վերածվելու գործընթացին: Վերջինս հեռացվեց «Ազգայնական շարժում» կուսակցությունից և սկսեց իր նոր կուսակցության ստեղծման գործընթացը՝ մոբիլիզացնելով ցաքուցրիվ ընդդիմադիր ուժերին:

Միջազգային լրատվամիջոցներում «երկաթյա լեդիի» համարում ունեցող Աքշեներն ազգայնականների շրջանում կրում է նաև թուրք ազգայնականների համար Ասենայի (թյուրքական հավատալիքներով՝ «մայր գայլի») բարձր տիտղոսը: Հատկանշական է նաև Աքշեների «Անաթուրք» (թուրքերենից թարգմանած՝  «թուրքերի մայր») կոչումը, որը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի (թուրքերենից թարգմանած՝ «թուրքերի հայր») ազգանվան ձևափոխված տարբերակն է, որն արտացոլում է Աքշեների և՛ գաղափարական կողմնորոշումը, և՛ նրանից սպասումները:

Աքշեները նախագահական պայքարի մեջ է մտնում որպես հարուստ քաղաքական անցյալով, ընդգծված անհատականությամբ, կոշտ ու սկզբունքային դիրքորոշմամբ խարիզմատիկ քաղաքական գործիչ և արդեն իսկ որակվում որպես Էրդողանի թիվ մեկ հակառակորդ առաջիկա ընտրապայքարում, մանավանդ, երբ հորիզոնում Էրդողանն այլ լուրջ մրցակից դեռևս չունի:

Աքշեների շուրջը սկսում են հավաքվել Էրդողանից և նաև Բահչելիից դժգոհ տարրերը, նրա հետ բավական որակյալ թիմ է աշխատում, զգալի արյդունավետ է վերջինիս փիար արշավը, սակայն նրանից Էրդողանի դեմ կատաղի պայքարի համար տիտանական ջանքեր են պահանջվելու: Կան խրթին հարցեր, որոնց լուծումից է կախված վերջին 15 տարիներին Թուրքիայի իշխանական համակարգի ամենավերևում հաստատված Էրդողանին այդտեղից հեռացնելու հարցը:

Նախ, ինչպե՞ս վարվել առավել կրոնամետ ու պահպանողական ընտրազանգվածի հետ, ինչը կազմում է ընտրողների մեծամասնությունն ու Էրդողանի ընտրական հաջողությունների բանաձևերից մեկը: Էրդողանը հենց նրանց վրա հենվելով է կարողանում հաղթանակ ապահովել ընտրություններում, ինչի արդյունքում ձևավորվում է Թուրքիային բնորոշ «փխրուն ժողովրդավարությունը», որում պետության ղեկավարին ընտրում է մեծամասնությունը, սակայն վերջինս զգալի խախտում է ժողովրդավարության նորմերը:

Մեկ այլ հարց՝ արդյո՞ք Աքշեները կկարողանա արդյունավետ հարաբերություններ կառուցել քրդերի ու քրդական քաղաքական ուժերի հետ: Աքշեներ-քրդեր թնջուկը բազմաթիվ տեսանելի ու անտեսանելի խութեր ունի: Աքշեների՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու շրջանն այն հատվածն էր, երբ Թուրքիայի խոշորագույն ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ենթարկվում էին զանգվածային բռնությունների և ճնշումների: Այս մասին մեր օրերում էլ հաճախ հիշում և հիշեցնում են:

Հաջորդիվ՝ արդյո՞ք նա կարող է լուրջ աջակցություն ստանալ «Ազգայնական շարժում» կուսակցության շարքերից, որը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ներկայացված չորրորդ ուժն է (ինչպես և ամենափոքրն իր պատգամավորների թվով): Հասկանալի է, որ Էրդողանի կողմից աջակցություն ստացող Բահչելին բավական լուրջ հարվածներ է հասցնելու իր ներքին հակառակորդին, իսկ նախկին փորձից կարելի է դատել, որ ոչ բոլորն են կուսակցական վերնախավում սատարում Աքշեներին:

Խիստ կարևոր է նաև աշխատանքն ընդդիմադիր քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության հետ, որն իր ներուժով երկրորդն է Թուրքիայում, իսկ գաղափարական որոշ հարցերում կարելի է ընդհանրություններ գտնել երկու կողմերի միջև: Արդյո՞ք Աքշեները կարող է դառնալ նաև «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության թեկնածուն: Սա հանգուցային կետ է, և, կարելի է ասել, ամենաորոշիչը:

Միևնույն ժամանակ, թուրքական ազգայնականության դասական մոտիվներով Աքշեները չէր կարող նաև շրջանցել էթնիկ հողի վրա վիրավորանքները, և հատկապես հիմնական վիրավորանքը՝ կապված հայկական ծագման հետ: Մասնավորապես, Աքշեները քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (կամ առավելապես հայտնի որպես PKK) հիմնադիր և ղեկավար Աբդուլլահ Օջալանին ժամանակին կոչել էր «հայի սերունդ», որի համար, ի դեպ, ավելի ուշ ներողություն էր խնդրել:

Ի դեպ, վերոնշյալ օրինակը լայն հնչեղություն ստացած դեպքերից էր, սակայն մի շարք այլ դեպքերում ևս Աքշեների խոսքում կարելի է հակահայ շեշտադրումներ գտնել: Վերջինս Հայոց ցեղասպանության իսպառ ժխտողներից է, Խոջալուի դեպքերը ցեղասպանություն ներկայացնող, ինչպես և հայերին Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերի ցեղասպանության համար մեղադրողներից: Կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի քաղաքացի մի քանի տասնյակ հազար հայերի ձայնի մասին մտածելու համար Աքշեներից անհնարինն էլ պետք է սպասել: Թեև թուրքական ընտրություններում ձայների բաշխման առումով հայկական գործոնը ամենաորոշիչը չէ, սակայն, այնուամենայնիվ, իր դերակատարումն ունի, իսկ Աքշեների համար կարևոր է լինելու յուրաքանչյուր ձայնը:

Թերևս, ինչպես վերը տեսանք, առկա են լրջագույն հարցեր ու խնդիրներ, որոնք պետք է հաղթահարի Աքշեները: Սակայն մեդիայում նրա՝ ուժեղ և դրական կերպարի կառուցումը, գրագետ աշխատող փիար թիմը և աճող հեղինակությունն աննկատ չեն մնում Էրդողանի կողմից, որը հասկանում է հնարավոր վտանգը: Էրդողանի պատասխան քայլերը ևս հստակորեն ի ցույց են դնում այն փաստը, որ Թուրքիայի գործող նախագահը լրջորեն է տրամադրված Աքշեների դեմ պայքարում: Էրդողանամետ լրատվամիջոցներն արդեն սկսել են Աքշեների պիտակավորումը՝ նրան վերագրելով մերօրյա Թուրքիայի թերևս ամենածանր մեղադրանքը՝ գյուլենական (Ֆեթհուլլահ Գյուլենի ստեղծած կրոնահասարակական շարժումը, որը թուրքական իշխանությունները որակում են որպես ահաբեկչական) լինելու մեջ: Հարվածներն, անշուշտ, շարունակվելու են:

Այսպիսով, բազմաթիվ խնդիրներով հանդերձ՝ Աքշեները կարող է դառնալ ընդդիմության այն առաջնորդը, որի բացակայությունն Էրդողանի ընտրական հաջողությունների բանաձևի կարևոր բաղադրիչներից էր: Սակայն արդյո՞ք «մայր գայլը» կարող է բացառիկ տաղանդ ցուցաբերել ընտրությունների «հին գայլ» Էրդողանի դեմ, որն ամեն ընտրության գնում է կենաց-մահու կռիվ տալու:

Ի վերջո, ընտրությունների արդյունքը միայն թղթի վրա թեկնածուների հնարավորությունները չափելով չի որոշվում: Այն ուրույն գործընթաց է՝ հաճախ անսպասելի և անկանխատեսելի արդյունքներով: Հատկապես ֆենոմենների երկիր Թուրքիայում:

Share

Comments are closed.