«Միացյալ անպատասխանատվություն»  


Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտի» ռուսերեն տարբերակի խմբագիր
Երևան

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային Ժողովը ձայների ճնշող՝ լայն իմաստով մեծամասնությամբ վավերացրել է Ռուսաստանի հետ «հայ-ռուսական զորքերի միացյալ զորախմբի» ստեղծման մասին համաձայնագիրը։

Իշխանամետ պատգամավորների՝ անկախ նրանից, թե նրանք «իշխանություն» կամ «ընդդիմություն» են կոչվում, կողմ քվեարկած ձայների միջոցով գործած այս ճնշումը տեղի է ունեցել հռետորական դարձած հարցերին ընկալելի պատասխանների բացակայության արդեն  սովորական համապատկերում։Սակայն ի սկզբանե այս հարցերն, իրականում, բոլորովին հռետորական չեն, ավելին՝ դրանք ունեն իրենց պատասխանները, որոնք, մարմնավորվելով, ժամանակի ընթացքում Հայոց պետականության համար իրենց հետզհետե ավելի շատ են զգացնել տալիս։

Այս համաձայնագիրն իր էությամբ և հետևանքներով աննախադեպ է՝ որպես Հայաստանի ղեկավարության կողմից երկրի կառավարման համարյա բոլոր իրական լծակների հանձնման գործընթացի նոր փուլ։ Իշխանությունների կողմից հնչել են հիմնավորումներ, թե «միացյալ զորախմբի» մասին համաձայնագիրը «հույժ գաղտնի» մակագրությամբ ստորագրվել է դեռևս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, իսկ նոր համաձայնագիրն, ընդամենը, «բացեր է լրացնում» դրա գործառնության մեջ։ Այսինքն՝ «հանձնման գործընթացը» սկսվել է երկու տասնամյակ առաջ…

Փաստաթղթի առաջին իսկ` «Դրույթներ» կետում նշվում է, որ «միացյալ զորախումբը» ստեղծվում է «տարածաշրջանում ռազմական անվտանգությունն ապահովելու» նպատակով։ Դրա ապահովման համար Հայաստանի իշխանությունները տարբեր ժամանակներում ընդունել են ՀԱՊԿ մտնելու և Հայաստանում ռուսական ռազմակայան տեղակայելու որոշումներ, ռուսական սահմանապահներին են հանձնել Թուրքիայի եւ անգամ Իրանի հետ սահմանի պահպանությունը։ Սակայն պարզվել է, որ Հայաստանի տեսանկյունից  մենք, մեղմ ասած, ունենք լուրջ խոցելիություն, իսկ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգն անընդհատ աճում է։ Եւ ահա մեզ բացատրում են, որ նախորդ որոշումները բավարար չեն, և հարկավոր է ստեղծել նաև «միացյալ զորախումբ»։ .

Պատմական էքսկուրսներից խուսափելու համար՝ սոսկ 2014 թվականից սկսած դիտարկենք, թե ինչպես է Ռուսաստանը պահում և կամայականորեն մեկնաբանում իր իսկ ստորագրած համաձայնագրերը և մեղադրում ընդդիմախոսներին, օրինակ՝ Ուկրաինայի սահմանների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը երաշխավորող 1994թ. բուդապեշտյան հուշագրի կապակցությամբ։

Հայաստանի պարագայում՝ Ռուսաստանին տնտեսության բոլոր ռազմավարական ոլորտները հանձնելուց և ռուսաստանյան պետական էներգետիկական և տրանսպորտային կորպորացիաների  (Գազպրոմ, Ռոսնավթ, Ռուսաստանի երկաթգծեր) բացառիկ և մենաշնորհային իրավունքների երաշխավորման ըստ էության գաղութարար համաձայնագրերից հետո «միացյալ զորախմբի» ստեղծումն ու թղթի վրա արդեն իսկ ստեղծված զորախմբի գործառնության մեջ «բացերի լրացումը» վկայում է, որ Հայաստանի ինքնիշխանության կորուստը ձեռք է բերել ազատ անկման արագացում։

Այսպիսի «միացյալ զորախմբեր» արբանյակ՝ Վարշավյան պայմանագրի կազմակերպության երկրներում մինչև իր անփառունակ փլուզումը չէր ստեղծում անգամ ԽՍՀՄ-ը։ Այո՛, եղել են այդ երկրներում տեղակյաված խորհրդային ռազմական ստորաբաժանումներ, եղել են «ինտերնացիոնալ պարտք» անունը կրած ներխուժումներ, բայց «միացյալ զորախմբեր» չեն եղել։ ՆԱՏՕ-ի Պայմանագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխանող ոչինչ ՀԱՊԿ-ի կամ «Կովկասյան տարածաշրջանում համատեղ անվտանգության» հայ-ռուսական համաձայնագրում չկա։ Ընդհակառակը, «Անդամ-պետությունները որոշում են կայացնում իրենց տարածքում Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին՝ այլ անդամ-պետությունների հետ անհետաձգելի խորհրդատվություններ (համաձայնեցում) անցկացնելուց հետո» (ՀԱՊԿ Կանոնադրություն, հոդված 7)։ Այսինքն, Ռուսաստանն այսուհետ պարտավորություններ չունի, իսկ նրա իրավունքներն անընդհատ աճում են։

Առկա բոլոր հատկանիշները վկայում են, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ հաջողությամբ կիրառել է ինքնիշխանության սահմանափակման «բրեժնևյան դոկտրինի» արդիականացված տարբերակը, ընդ որում՝ ավելի կոշտ պայմաններով, քան բրեժնևյան տարիներին Արևելյան Եվրոպայի «դաշնակից» պետությունների նկատմամբ։ Պայմանականորեն ասած՝ հենց սա է «Պուտինի դոկտրինը», որը մեկնարկել է 2012 թվականին՝ վերջինիս նախագահության երրորդ ժամկետից սկսած, երբ ՌԴ ԱԳՆ հրապարակել էր Արտաքին քաղաքականության նոր Հայեցակարգը, որի համաձայն «հետխորհրդային տարածությունում ինտեգրացիոն գործընթացները» հռչակվել են արտաքին քաղաքական առաջնահերթություն։ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից պաշտոնական Երևանի կամավոր-հարկադիր հրաժարվելուց հետո՝ 2013-ի սեպտեմբերի 3-ից ի վեր Հայաստանի ինքնիշխանության կորստի գործընթացը սկսել է ձեռք բերել պարզապես գահավիժող բնույթ։ Ռուսաստանի կողմից քաղաքական-տնտեսական համակարգի վերասկողության չափն աճել է այն աստիճան, որ «միացյալ» ռազմական բաղադրիչի ավելացումից հետո կարելի է առանց չափազանցության խոսել երկրի դե-ֆակտո բռնազավթման մասին՝ ԽՍՀՄ արբանյակ երկրներից էլ նվազ անվանական անկախության պահպանմամբ։

Հարկ է ընդգծել, որ ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ ոչ մի անդամ-երկիր չունի Կրեմլից այնչափ մեծ չափերի իրավաբանորեն ամրագրված կախվածություն։ Այս առումով բավականին խոսուն են ոչ մի քննադատության չդիմացող՝ լուսանցքային երկրների շարքում Ուկրաինային վերաբերող նիստերում Հայաստանի ներկայացուցիչների ռուսաստանասատար քվեարկությունները, որոնք միանշանակ հարվածում են մեր երկրի հեղինակությանը և արտաքին աշխարհի հետ նրա հարաբերությունների համակարգին։

Այս հարաբերությունները պարունակում են ոչ միայն անբնական ասիմետրիա, այլև՝ «միացյալ» անպատասխանատվությունը. Ռուսաստանի կողմից՝ տարածաշրջանային անվտանգության, իսկ Հայաստանի կողմից՝ սեփական ապագայի նկատմամբ։

Միացյալ զորախմբի մասին համաձայնգարում ՌԴ ԶՈՒ՝ մասնավորապես վերջինիս Հարավային օկրուգի հրամանատարության համար նախատեսված են որոշակի իրավասություններ։ Ընդհանրապես, ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգը, որի կենտրոնը Դոնի Ռոստովն է, շատ հետաքրքիր միավորում է, որը ներառում է ոչ միայն Հայաստանում, այլեւ բռնազավթված Աբխազիայում, Հարավային Օսիայում և բռնակցված Ղրիմում տեղակայված, ինչպես նաև «Դոնեցկի» և «Լուգանսկի» «ժողովրդական հանրապետությունների» դրոշի ներքո Ուկրաինայի դեմ ագրեսիա կատարած և տարածքային զավթումներ իրականացրած ռուսաստանյան զինված ուժերի ամբողջությունը։

Փաստորեն այս օկրուգը միավորում է հետխորհրդային տարածության բոլոր հակամարտային գոտիները՝ բացառությամբ Մերձդնեստրի, ինչպես նաև կայսերապաշտական տեսանկյունից խնդրահարույց Հյուսիսային Կովկասի ազգային սուբյեկտները՝ Կասպից և Սև ծովերի միջև ընկած ընդարձակ տարածությունում։ Կարևոր է հասկանալ, թե Հայաստանը բանակային ինչպիսի՞ կառուցվածքի հետ է հարկադրված «միավորել» իր զինված ուժերը։ Այս՝ կառավարվող հակամարտությունների հետ «անմիջական հարևանությամբ» գտնվող կառուցվածքը հենց դրանց չկարգավորվածությունն է ապահովում, քանի որ Ռուսաստանի համար այն տարածաշրջանում իր ներկայության երկարաձգման գլխավոր երաշխիքն է։ ՆԱՏՕ-ի քարտուղարի նախկին տեղակալ Անդերս Ֆոգ Ռասմուսենի 2012 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ հնչած բնութագրմամբ՝ Կովկասն առկա հակամարտությունների հետևանքով երկրագնդի ամենահատվածայնացված տարածաշրջանն է։ Այս օկրուգը գլխավոր գործոնն է, որի միջոցով փոխկապակցվում են Դոնբասում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակները։

«Եթե մենք կամենում ենք Կովկասում խաղաղություն ունենալ, ապա ամբողջ Կովկասը պետք է ինտեգրել ԵԱՏՄ-ին»,-֊ առանց կաշկանդվելու ասում է Պուտինի Երևան այցելած տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը։ Ասվածի ողջ անհեթեթությունն այն է, որ կովկասյան հատվածայնության միակ պատճառ հանդիսացող Ռուսաստանում աշխատում է «տարածաշրջանային ինտեգրման» հարցերով խորհրդական, որը Կովկասում խաղաղության մասին «եթե»-ներով է խոսում և Ուկրաինայի դեմ պատերազմի գլխավոր հրահրիչներից է, ով հենց այդ պատճառով էլ պատվավոր տեղ է զբաղեցնում ԱՄՆ և ԵՄ 2014 թվականից ի վեր սահմանած բոլոր անհատական պատժամիջոցային ցուցակներում։ Նա Կովկասում խաղաղության մասին խոսելիս նկատի ունի զուտ «ռուսական խաղաղությունը Կովկասում »։

Իգոր Էյդմանի և Դավիթ Շահնազարյանի բնութագրմամբ՝ ներկայումս ընթանում է Առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմը։ Ակնհայտ է նաև, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը դարձել է վերջինիս կարևոր ճակատներից մեկը, որում Հայաստանն իր «ռազմավարական դաշնակցի» կողմից ենթարկվել է ամենադաժան և ցինիկ հարձակումների։ Ցավոք, այդ հարձակումների հետևանքները Հայաստանի համար մխիթարիչ չեն. Հայաստանը կորցնում է իր սուբյեկտությունը միջազգային հարաբերությունների համակարգում և լծակները, որոնց օգնությամբ կարճաժակետ հեռանկարում հնարավոր է սեփական ուժերով ուղղել իրավիճակը։

Հայաստանում Ռուսաստանը շատ, չափազանց շատ, ճգնաժամորեն շատ է ներկա։

Share

Comments are closed.