Ռուսաստանյան պատմական հիշողության զգուշավոր ապաստալինացումը

 

© AP Photo, Dmitry Lovetsky

 

Պյոտր Սկվեչինսկի    (Piotr Skwieciński)

Մի քանի շաբաթ առաջ՝ Հոկտեմբերյան հեղափոխության հարյուրերորդ տարեդարձի նախօրեին, Մոսկվայում բացեցին քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Ինձ հաջողվեց տեսնել այն: Իսկապես ազդու պատկեր է՝ հսկայական պատ, որից դուրս են ելնում աղոտ դիմագծերով մարդկային մարմիններ՝ ասես անցյալի մշուշից երևակվող ոգիներ:

Հուշարձանի բացմանը մասնակցել է անձամբ Պուտինը: Եւ սա վերջին տարվա ընթացքում այդօրինակ հերթական նորությունն է: Մինչ այդ հուշարձան էր տեղադրվել Բուտովի զորավարժարանում՝ Մոսկվայում, Մեծ տեռորի ժամանակաշրջանի ամենազանգվածային գնդակահարությունների վայրում: Պուտինը նաև մասնակցել է Նորահալածյալների (հավատի համար սպանվածների) վանքի օծման արարողությանը: Ռուսաստանյան քաղաքներում (մանավանդ երկու մայրաքաղաքներում) տների պատերին գնալով ավելի հաճախ կարելի է տեսնել համեստ ցուցանակներ, որոնք հիշեցնում են, որ այդ տանն ապրել է բոլշևիկների կողմից ձերբակալված և գնդակահարված, կամ ճամբարում տանջամահ արված մարդ: Սրանք կազմակերպված արշավի տարրեր են: Վերջին ժամանակներս տեռորի զոհերին նվիրված  հուշարձաններ են հայտնվել նաև մի քանի գավառական քաղաքներում:Մասամբ սա հասարակական կազմակերպությունների, մասամբ էլ իշխանությունների վաստակն է: Ռուսաստանում առկա համակարգը Կրեմլին թույլ էր տալիս խափանել ներքևից եկող նախաձեռնություները, բայց նա չարեց դա: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ պուտինյան վարչակարգը, ի հեճուկս իր չեկիստական արմատների և այն գաղափարի շահարկման, ըստ որի Ստալինը եղել է “երկրի հզորությունը վերականգնած պետական մեծ գործիչ”, այնուամենայնիվ նախընտրել է կոմունիստական ժառանգության զգուշավոր ապամոնտաժման ուղեգիծ: Կրեմլի մատուցմամբ՝ բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանին և ռուսներին մեծ աղետներ պատճառած չարիք էր:

Այս ոլորտում ռուսաստանյան իշխանությունների քաղաքականությունը չի կարելի հետևողական և արմատական համարել, սակայն նկատի ունենալով նրանց երկրում գերակայող մոտեցումը պատմության նկատմամբ (այլ հարց է, որ այն մասամբ ձևավորվել է նույն այդ մարդկանց ջանքերի շնորհիվ), ինչպես նաև իսթեբլիշմենթի ներկայացուցիչների անցյալն և նրանց ստեղծած ռեժիմի բնույթը, հարկ է ընդունել, որ այդ գործողություններն ուշադրության են արժանի: Հարկ է նաև նշել, որ դեռ բոլորովին վերջերս դեպքերի նման շրջադարձը քչերին էր իրատեսական թվում: Ընդհակառակը, շատերը ենթադրում էին, որ ռուսաստանյան ավտորիտար իշխանական էլիտան միանգամայն հակառակ ուղղությամբ կգնա:

Իսկ մոսկովյան հուշարձանը, ինչպես արդեն ասացի, իսկապես ազդու է: Ամեն ինչ գերազանց կլիներ, եթե չլիներ հետևյալ փաստը: Կոմպոզիցիայի շարունակությունը կազմում են սալիկները, որոնց վրա տարբեր լեզուներով գրված է՝ «հիշիր»: Առավել հաճախ այդ բառը (ինչը միանգամայն բնական է) կրկնվում է ռուսերեն, կան նաև բալթյան բոլոր երկրների լեզուները: Բացի դրանից, առկա են գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը կամ անգլերենը, թեև այդ լեզուներով խոսող կալանավորներ ճամբարներում չեն եղել (կամ էլ նրանց թիվն աննշան էր): Չկա գրություն միայն լեհերեն, թեև խորհրդային ռեպրեսիաների մսաղացում հայտնվել էին մի քանի հարյուր հազար լեհեր: Կյանքից զրկվել են (եթե հաշվենք նաև ԽՍՀՄ տարածքում ապրող մեր ցեղակիցների դեմ ուղղված Ներքին գործերի ժողկոմիսարիատի «լեհական օպերացիայի» զոհերին) մոտ 300 հազար մարդիկ: «Մոռացել են»,- սարկազմով նշեց մի լեհ, որի հետ միասին զննում էինք հուշարձանը: Ու դա շատ ցավալի է:

Մի գդալ ձյութը փչացնում է մեղրի տակառի համը: Ինչպես տեսնում ենք, Կրեմլի և Ուղղափառ եկեղեցու կողմից հրամցվող հակաբոլշևիկյան հիշողության վարկածը ռուսակենտրոն բնույթ ունի: Հեղափոխական մոլագարները տառապանքներ են պատճառել ռուսներին և քիչ էր մնում ոչնչացնեին Ռուսաստանը, այսինքն (համենայն դեպս, այդպես են կարծում ոմանք) դա հակառուսական խռովություն էր: Այլ ազգությունների զոհերի մասին հիշողությունը չի ներգրվում այդ պատկերին:

Կարելի է կենտրոնանալ այս տարրի վրա և փաստել, որ բաժակը կիսով չափ դատարկ է: Բայց նաև կարելի է ուրախանալ նրանով, որ այն կիսով չափ լիքն է: Քանի որ դեռ բոլորովին վերջերս թվում էր, որ ոչ մի բաժակ էլ չի լինի: Եթե ռուսաստանցիների մտածողության մեջ ամրապնդվի այն գաղափարը (անգամ ներկայիս վարկածով), որ բոլշևիզմը հանցավոր էր, ապա վաղ թե ուշ բաժակը լցվելու է: Այնպես որ Մոսկվայի Սախարովի հրապարակում հայտնված հուշարձանը լավ նորություն է, անգամ եթե նրա վրա չկա լեհերի մասին հիշատակում:

 

ИноСМИ.ru

Հրապարակման բնօրինակ՝ Ostrożna destalinizacja rosyjskiej pamięci historycznej. Można by przyklasnąć, tylko że…

 

Share

Comments are closed.