Խաղաղություն՝ Պուտինի պայմաններով

 

Putin and Erdogan (in September 2017 in Ankara)


Մաքսիմիլիան
Փոփ

Ռուսաստանի նախագահ Պուտինն առաջ է քաշում հետպատերազմյան կարգավորումների ծրագիր Սիրիայի համար: Ինչպե՞ս է նա ընդունել իր թուրք կոլեգային՝ Էրդողանին: Վերջիններս ցանկանում են համատեղ ազդանշան ուղարկել Արևմուտքին:

Նոյեմբերի սկզբին կառավարության հետ սերտորեն համագործակցող թուրքական «Հաբերթյուրք» լրատվական պորտալը համացանցում հարցազրույց է տեղադրել ազգությամբ ռուս, ծայրահեղ աջ հայացքներ ունեցող փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հետ, ում՝ Կրեմլի հետ ունեցած կապերը բազմիցս հանրորեն շոշափվել են: Դուգինը ուշադրություն էր դարձրել Արևմուտքի վրա՝ կարծիք հայտնելով այն մասին, որ հենց վերջինս էր մեղավոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությունը տապալելու և 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ: «Թուրքիան հասկանում է, որ Արևմուտքը վտանգավոր է»,- ասել է Դուգինը:Հարցազրույցը Թուրքիայում լարվածության ալիքի առաջացման պատճառ է դարձել: Անհանգստության պատճառն այն էր, որ Դուգինն իրականում հանրության առջև պարզաբանել է, թե ինչպիսի քաղաքականություն է վարում թուրքական կառավարությունն արդեն ամիսներ շարունակ. Թուրքիան ձգտում է ավելի մոտենալ Ռուսաստանին՝ միաժամանակ ուղիղ համեմատական կերպով հեռանալով Արևմուտքից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից:

Ընդամենը երկու տարի առաջ Ռուսաստանն ու Թուրքիան, կարելի է ասել, պատերազմի շեմին էին: 2015թ. նոյեմբերին թուրքական զինվորականները Սիրիայի օդային տարածքում առաջադրանք կատարող ռուսական կործանիչ ինքնաթիռ էին պայթեցրել: Նախագահ Վլադիմիր Պուտինն այդ դեպքերից անմիջապես հետո տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Անկարայի նկատմամբ՝ կասեցնելով Ռուսաստանից Թուրքիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների այցն այդ երկիր: Եվ այժմ երկու երկրները պատրաստ են ընդառաջ քայլեր անելու:

Ուժերի նժարներն արդեն իսկ փոխել են իրենց դիրքը: Էրդողանը Պուտինին անվանում է «իմ թանկագին ընկեր Վլադիմիր»: Նրա ղեկավարած կառավարությունը Մոսկվայից ձեռք է բերել «Ս-400» հրթիռային համակարգեր: Այս երկուշաբթի օրը Էրդողանը կայցելի Պուտինին. նրանց հանդիպումը տեղի է ունենալու Սոչիում: Սա վերջիններիս առաջին հանդիպումը չէ այս տարվա ընթացքում: Սեպտեմբեր ամսի վերջում Պուտինը հյուրընկալվել է Անկարայում:

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին, ապա դրանք, թերևս, պատմության մեջ ավելի խրթին վիճակում չեն եղել, քան հիմա. երկու երկրների կարծիքները ներհակ են Սիրիայի հարցում մարտավարության ընտրության, ինչպես նաև Թուրքիայի՝ տեղի ունեցած հեղաշրջման փորձի հանդեպ ունեցած վերաբերմունքի հարթություններում: Հոկտեմբեր ամսին Ստամբուլում՝ ԱՄՆ հյուպատոսարանում, թուրք իշխանությունների կողմից իրականացված ձերբակալության դեպքից հետո ԱՄՆ-ը կասեցրել է վիզայի տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին:

Էրդողանի համար Ռուսաստանի հետ մերձեցման գործընթացն ինքնին նշանակում է Արևմուտքին հստակ քաղաքական ուղերձի հղում, որը մոտավորապես կրում է հետևյալ կոնտեքստը. «Մենք կարող ենք և առանց ձեզ»: Մյուս կողմից էլ՝ Պուտինը այս հարաբերությունների խորացման հեռանկարում տեսնում է ՆԱՏՕ-ի շրջանակներում լրացուցիչ լարվածություն առաջացնելու ևս մեկ հնարավորություն:

Թուրք պաշտոնյաների տեղեկություններով՝ երկու երկրների ղեկավարները Սոչիում պետք է քննարկեն Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունները և դրանց հանգուցալուծման ուղիները: Հարկ է նշել, որ բավականին տևական ժամանակահատվածում Ռուսաստանն ու Թուրքիան իրարից էականորեն տարբերվող նպատակներ են հետապնդել այդ տարածաշրջանում: Էրդողանն ամեն գնով ցանկացել է կործանել Բաշար Ալ-Ասադի կառավարությունը: Մոսկվան, ի հակադրություն, արել է ամեն բան Ասադի կառավարությանն իր օժանդակությունը ցույց տալու համար:

Ի վերջո, Պուտինի ուղեգիծն ավելի կենսունակ եղավ: Հասկանալի դարձավ, որ Ասադը մոտ ապագայում կշարունակի մնալ երկրի ղեկավարի պաշտոնում և կմնա գոնե մինչև անցումային փուլի ավարտը, եթե ոչ ավելի երկար: Էրդողանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններում խոսքն այժմ գնում է ոչ այնքան Մերձավոր Արևելքում փոխզիջումային քաղաքականության տարրեր ձեռք բերելու մասին, որքան հենց հարաբերությունների մեղմացան ու համագործակցության լրացուցիչ ուղիներ գտնելու: Նրա առաջնային նպատակներից մեկն այժմ դարձել է Թուրքիայի սահմանին նոր քրդական պետության առաջացման շուտափույթ կանխումը:

«Խաղաղությունը Սիրիայում՝ միայն Պուտինի պահանջներով»

Պուտինն արդեն իսկ ունի իր պատկերացումները, թե ինչպես պետք է ընթանան Սիրիայում պատերազմական գործողությունների ավարտից հետո մեկնարկող գործընթացները: «Ակնհայտ է, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը մոտենում է իր ավարտին, և այժմ ամենակարևոր հարցն այն է, որ պետք է համաձայնության գալ էսկալացիայի կրճատման գոտիների և հրադադարի ռեժիմի շուրջ»,- նշել է նա:

Պուտինը Թուրքիայի կարիքը զգում է հատկապես Իդլիբում՝ Սիրիայի հյուսիսում գտնվող շրջաններից վերջինում, որը դեռևս վերահսկվում է ապստամբների կողմից: Հոկտեմբերին թուրքական զինվորական խմբավորումները ներխուժել են այդ շրջան և ռազմական գործողություններ իրականացրել՝ նախապես պայմանավորվածություն ունենալով այդ մասին Ռուսաստանի հետ: Այժմ նրանց հիմնական նպատակն է լինելու հիմնականում Ալ-Քաեդայի հետ սերտ կապեր ունեցող «Միլից Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման իսլամիստների գործունեությունը ճնշելը և նվազ ծայրահեղական տրամադրված «Ահրար ալ-Շամ» խմբավորման անդամներին իրենց կողմը գրավելը՝ զինադադարի կնքման եզրեր գտնելու նպատակով: Ըստ երևույթին, պատերազմի ելքը կլինի Պուտինի և Ասադի օգտին գոնե երկրի այդ հատվածում:

Թուրքական կառավարությունը հույսեր է տածում, որ Իդլիբում իր ռազմական ներկայության շնորհիվ կկարողանա ազդեցություն ունենալ Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական տարբերակը հանդիսացող ԺՊՄ[1]-ի վրա, որը վայելում է Պուտինի հովանավորությունը: Մինչ այժմ քրդերի հարցում է, որ Անկարան ու Մոսկվան չեն կարողացել համագործակցության եզրեր գտնել: Պուտինը գնահատումը է ԺՊՄ-ն՝ որպես Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կարևոր օղակ: Սիրիական քրդերի ներկայացուցիչներն իրենց գրասենյակն ունեն Մոսկվայում: Էրդողանը, մյուս կողմից, ԺՊՄ-ն դիտարկում է որպես ահաբեկչական կառույց և նախընտրում վերջիններիս դուրս տեսնել տարածաշրջանի քաղական ասպարեզից:

Հետազոտողները կարծիք են հայտնում այն մասին, որ հավանական է, որ Պուտինը, հեռանկարային քաղաքականության կանոններին հետևելով, կարող է որոշակի զիջումների գնալ քրդերի հարցում՝ հօգուտ Թուրքիայի: Որպես օրինակ հարկ է նշել, որ Մոսկվան արդեն իսկ հետաձգել է Սիրիայի հարցի շուրջ տեղի ունենալիք մի համաժողով, որին պետք է մասնակցեին նաև քրդական ներկայացուցիչներ: Այնուամենայնիվ, Կրեմլը վերջնականապես չի ձերբազատվի ԺՊՄ-ին սատարելու կարևորագույն լծակից: Ինչպես նշել է ստամբուլցի քաղաքագետ Ահմետ Կ. Հանը՝ «Սիրիայում խաղաղությունը հաստատվելու է միայն Պուտինին ձեռնտու պայմաններում»:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար գերմաներենից թարգմանեց Նարեկ Խալաֆյանը

Սկզբ­նաղբ­յու­րըSPIEGEL

 

___________
[1] Ժողովրդական պաշտպանության միավորներ՝ Սիրիայում ստեղծված ռազմական միավորում, որի կազմում ներառված են հիմնականում քրդեր:

Share

Comments are closed.