Ռուսաստանի ոգևորությունը Դոնալդ Թրամփի ընտրվելուց մեկ տարի անց մարեց

Donald Trump and Vladimir Putin shake hands during a meeting on the sidelines of the G20 Summit in Hamburg, Germany AFP/Getty

Դա տարօրինակ հույս էր, բայց, այդուամենայնիվ, հույս: Հույս, որ ռուսական աշխարհայացքն՝ իր անտարբեր ցինիզմով և սպիտակը սև անվանելու, իսկ սևը սպիտակ կոչելու սովորությամբ հանդերձ, դարձել է միջազգային: Հույս, որ չափազանց լավ ամերիկացիները  ևս զերծ չմնացին խաբկանքներից: Հույս, որ Ռուսաստանն ինչ-որ կերպ դուրս է եկել մեկուսացումից, որտեղ հայտնվել էր Ղրիմի դեպքերի պատճառով:Մեկ տարի առաջ Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակը ընտրություններում Մոսկվայում ուղեկցվեց էյֆորիայի ալիքով, որը տոնվում էր  ոչ միայն Կրեմլում: Բազմաթիվ ազատական հայացքներով ռուսաստանցիներ իսկապես  թեթևություն զգացին, քանի որ կարծում էին, որ  քաղաքական կոշտ գծի կողմնակից Հիլարի Քլինթոնի կողքին իրենց նախագահն իր վատագույն հատկությունները կցուցաբերի: Թրամփի երդմնակալության պատվին մի քանի, հաճախ նաև անհասականալի  երեկույթներ  կազմակերպվեցին: Սակայն ամենամեծ ցնծությունն ապրեցին նրանք, ովքեր գտնվում էին  բարձր կարմիր  պատերից անդին: Մեծ ռիսկի նրանց ռազմավարությունն  արդարացրեց իրեն: Կրեմլը վերջապես  «իր» մարդն ուներ:

Ապշեցուցիչ է՝ Ռուսաստանի և Ամերիկայի նախագահները ժամանակին նույն ալիքի վրա էին, նրանք  իրավիճակը նմանակերպ էին տեսնում և խոսում էին նույն լեզվով:

Մամուլում համատարած կեղծիք է: ՆԱՏՕ-ն   իր ուղեգծին չի հետևում և որպես կազմակերպություն այլևս իմաստ չունի: Ամերիկան իրեն շատ բան է թույլ տալիս: Ճշմարտություն հասկացություն գոյություն չունի: Բացառիկություն, ազգայնականություն, միլիտարիզմ: Եվ նմանատիպ շատ «իզմեր»: Այդպիսին էին բարձրաձայն արտահայտվող հիմնական տեսակետները: Հարկավոր էր երջանիկ համագործակցության համար  հող նախապատրաստել, սակայն վերջին մեկ տարվա իրականությունն ավելի քան ուրիշ էր:

Մեղրամիսը կարծես միանգամից էլ ավարտվեց, երբ հայտարարություններ եղան, որ  Թրամփը հաղթել է Ռուսաստանի՝ լավ հաշվարկված խաղի շնորհիվ: Շուտով ապացույցներ հայտնվեցին, որ Ռուսաստանն ակտիվորեն դավադրություններ էր կազմակերպել  տիկին Քլինթոնի դեմ, իսկ այնուհետև՝ շատ բան էր արել հօգուտ  Թրամփի: Չորս պաշտոնական հետաքննություններ սկսվեցին: Դրան հետևեցին  պատժամիջոցներ, դիվանագիտական օբեկտների բռնագրավումներ և   դիվանագետների փոխարդարձ  արտաքսումներ: Կրեմլի կողմից հովանավորվող  «RT»  հեռուստաալիքը որակվեց որպես  արտասահմանյան գործակալ և  զրկվեց  «Twitter»-ում գովազդվելու իրավունքից: Ռուսաստանը ներկայումս պատրաստվում է պատասխան քայլեր ձեռնարկել «CNN»-ի, «Ազատություն ռադիոկայանի», «Ամերիկայի  ձայնի» և նույնիսկ  հենց «Twitter»-ի նկատմամբ: Սառը պատերազմի ավարտից հետո հարաբերությունները երբեք նման ցածր մակարդակի վրա չեն գտնվել:

Այս պայմաններում, երբ հարաբերությունները ծայրահեղ մակարդակի վրա են, ռուսական իշխանությունները մեծացնում են իրենց հակաամերիկյան  հռետորաբանությունը: Ինչպես պնդում են Ռուսաստանի  պաշտպանության նախարարությունում՝ ԱՄՆ-ն գաղտնի համագործակցում է  «Իսլամական պետության» հետ՝ թուլացնելու համար Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական զորքերի դիրքերը:  ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ ԱՄՆ-ն պղծել է ռուսական դրոշը՝ հանելով  գրավված  դիվանագիտական շենքերի վրայից: Չնայած Արևմուտքի հասցեին հնչող բոլոր վիրավորանքներին՝ ԱՄՆ-ի նախագահը դեռևս մնում է անձեռնմխելի, նրան չեն քննադատում: Պետական հեռուստալիքներով հեռարձակվող քարոզչական հաղորդումները շարունակում են ընդհանուր առմամբ նրան աջակցել: Խոսում են ապատեղեկատվության և ռուսաֆոբների մասին, որոնք խոչընդոտում են Թրամփին «ռուսամետ»  հերոսություններ անել: Նախորդ ամիս Սոչիում կայացած Վալդայի  միջազգային քննարկումների ակումբի համաժողովի ժամանակ  նախագահ Պուտինը մարդկանց կոչ արեց սկսել հարգանքով վերաբերվել իր  ամերիկյան պաշտոնակցի նկատմամբ:

«Թրամփին նրանք դեռևս դրական են վերաբերվում: Չէ՞ որ նա ԱՄՆ-ն քաոսի վերածեց և  ամերիկացիներին շեղեց  Ռուսաստանին դիմակայելու մտքից: Ի՞նչն այդտեղ կարող է դուր չգալ»,- նշում է անվտանգության հարցերով փորձագետ և  Կրեմլում նախկին խորհրդական  Վլադիմիր Ֆրոլովը:

«The Independent»-ին տված հարցազրույցի ժամանակ ռուսական կառավարության մի քանի ներքին աղբյուրներ հայտնել են, որ ներկայումս այդքան էլ պարզ չէ, թե ԱՄՆ-ի ռուսական քաղաքականությամբ ով է զբաղվում: ԱՄՆ Պետդեպարտամենտում մասնագետները քիչ են, Սպիտակ տունը դեռևս ամբողջությամբ կազմավորված չէ, իսկ Թրամփի աշխատակազմը հիմնականում ի վիճակի չէ  դիմագրավելու մարտահրավերներին: Նրանց կարծիքով՝ Թրամփը կորցրել է Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ իր վերահսկողությունը՝ դիրքերը զիջելով Կոնգրեսին:
«Պարոն Թրամփը դեռևս կարևոր դերակատարություն ունի  ամերիկա-ռուսաստանյան հարաբերություններում,  այն իմաստով, որ նա խառնաշփություն է մտցրել դրանցում»,- նշում է փորձագետ  Ֆյոդոր Լուկյանովը, ով մոտ է կանգնած  արտաքին քաղաքականության մաս կազմող էլիտայի խմբին: Նման գերակայող մթնոլորտում  Ռուսաստանը  հայտնվել է անհավանական  բարդ իրավիճակում: Կրեմլն այլևս  դերակատար չէ, այլ  ԱՄՆ-ի ներքին քաղաքականության համար գործիք, պատրվակ, որն օգտագործվում է՝  թուլացնելու ԱՄՆ-ի նախագահի դիրքերը:   Վատն  այն է, որ  նա «անզոր»  է միջամտելու:

«Հիմա յուրաքանչյուր հիմարություն կարևոր է», – նշում էր Լուկյանովը: Որոշ ժամանակ Կրեմլը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում էր: Էլիտայի որոշ ներկայացուցիչներ վայելում էին «վատ» հանճարների իրենց կարգավիճակը: Սակայն  ամեն ինչ անցողիկ է, և շուտով ջղաձգություն ի հայտ եկավ: «Նրանք սկսեցին տառապել ոչ նրա համար, որ իրենց մեղադրում են հանցագործության մեջ, այլ որ խառնաշփոթն իրենց վերահսկողությունից դուրս կգա»,- նշում է Լուկյանովը:  «Ես չէի ասի, որ էյֆորիա կա  կամ նույնիսկ իրավիճակի ընկալում. այն պարզապես փոխվում է՝ անկախ  այլ հանգամանքներից »:

Դժգոհությամբ, բայց Կրեմլը հասկանում է, որ դեռևս որոշ ժամանակ այն կլինի ամերիկյան թերթերի և հասարակության ուշադրության կենտրոնում: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը նոր է սկսում ստանալ իր հետախուզության արդյունքները: Փոլ Մենաֆորդը և Ռիկ Գեյթսը գտնվում են տնային կալանքի ներքո, և հիմա մեծանում է Թրամփի նախընտրական շտաբում ընգրկված ցածր մակարդակի խաբեբաների վրա ճնշումը:

Եթե հաշվի չառնենք հռետորաբանությունը՝ ԱՄՆ-ի պատասխան գործողությունները պետք է Կրեմլին վաղուց ստիպած լինեին ավելի զգույշ գործելու՝ կարծում է Վլադիմիր  Ֆրոլովը:  Ընտրարշավներում հաքերային հարձակումները, որոնք միտված էին հասարակական կարծիքի վրա ազդելուն, դադարեցվել են՝ նշում է նա, չնայած  այդ մեթոդների կիրառումը, որպես տվյալների հավաքագրման  օրինական գործիք, կշարունակվի: Պարզ է,  որ իրավիճակը բավականին վտանգավոր է:  Փետրվարին պաշտպանական ոլորտի և օլիգարխների նկատմամբ նոր պատժամիջոցներ պետք է ուժի մեջ մտնեն, և տրամաբանությունը հուշում է, որ իրավիճակը  գնալով վատանալու է:

«Ամեն ինչ կշարունակվի, և հարաբերությունների սրումն անխուսափելի է»,- նշում է Լուկյանովը: Որոշ ժամանակ, հնարավոր է նաև մի քանի տարի, կարող են   հստակ  հեռանկարները չլինել:  «Քանի դեռ Միացյալ Նահանգներում իշխանության համար պայքարը կշարունակվի՝ հարաբերությունների նորմալացման ոչ մի   հնարավորություն չի լինի»:

Դոնալդ Թրամփին կարելի է դեռևս հարազատ համարել, բայց իրականությունն այն է, որ  նա Ռուսաստանի համար այլևս նշանակություն չունի:

«Դիրքորոշումը փոխվել է, և հիմա  երկարաժամկետ  դիմակայությունն ընդունվում է որպես նոր կանոն, նոր իրականություն: Կրեմլը կարծում է, որ  մեծ տերության տիտղոսը նվաճելու  համար նա պետք է հակադրվի ԱՄՆ-ին, այլ ոչ թե համաձայնվի կամ համագործակցի նրա հետ» ,- նշում է Ֆրոլովը

Ինչպես հայտարարել է Ալեքսեյ Չեսնակովը, ով Կրեմլի նախկին վարչակազմի անդամ էր, նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի մտերիմներից, իրավիճակի բարելավման սպասելու ոչ մի հույս չկա: Խնդիրը Թրամփի մեջ չէ, այլ ամերիկյան վարչակարգի, որն ընդհանուր առմամբ հանդես է գալիս Ռուսաստանի դեմ :

«Ընտրություններից նույնիսկ մեկ տարի անց նրանք չեն կարողանում ուշքի գալ, մտքերը ժողովել և կազմակերպել իրենց աշխատանքը, – ասել է նա «The Independent»-ին տված հարցազրույցի ժամանակ: Եվ հաշվի առնելով այդ ամենն՝ սկսում ես կասկածել   ամերիկյան ողջ քաղաքական համակարգի անհրաժեշտության վրա»:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա
 Բարսեղյանը

Բնօրինակը՝  Independent

Share

Comments are closed.