Իսրայել և Իրան. բազմաշերտ հարաբերություններ

 


Նարեկ
ԽԱԼԱՖՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

 

Իրան և Իսրայել՝ հազարամյա պատմություն ունեցող երկու ժողովուրդների հանգրվան դարձած պետություններ, որոնք ծայրահեղ կերպով տարբերվում են թե՜ քաղաքական, թե՜ սոցիալ-մշակութային, թե՜ ժողովրդագրական, թե՜ պետության և պետականության բնութագրիչների հարթություններում: Սակայն գտնվելով նույն տարածաշրջանում և անխուսափելիորեն ունենալով ներհակ աշխարհաքաղական շահեր՝ վերջիններս ունեն հարաբերությունների խիստ բազմաբնույթ ու հետաքրքիր պատմություն:Իրանա-իսրայելական՝ ներկայումս հակամարտության դրոշմը կրող հարաբերություններն առ այսօր շարունակում են առեղծված մնալ հետազոտողների համար: Երկու երկրների փոխհարաբերությունները մեծապես ազդել են Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական ռելիեֆի ձևավորման վրա, որն էլ իր հերթին մշտապես առանձնացել է հակամարտածին տարրերի առատությամբ, շահերի բախման և կրոնա-գաղափարական անտագոնիզմի արտահայտման կենտրոններով և տարածաշրջանը մշտապես լարման մեջ պահող ռազմաքաղաքական դիմակայությամբ: Աշխարհաքաղաքական ձևափոխումների արագության առումով Մերձավոր Արևելքը կարելի է համարել ռեկորդակիր տարածաշրջան, որում ուժերի ստատիկ հավասարակշռության վիճակ կգրանցվի դեռևս ոչ մեկ տասնամյակ անց, որի ռազմաքաղաքական դիմանկարը փոփոխվում է գլխապտույտ արագությամբ և  որում ներկայումս սաղմնավորվում են նոր ուժային կենտրոններ:

Նշված գունառատ քաղաքական  խճանկարի պարագայում հետազոտողների և մասնավորապես հակամարտաբանների համար բավականին բարդ է տարածաշրջանի համաչափ ուսումնասիրությունը: Հետազոտական սահմանափակ ռեսուրսների առկայության պարագայում հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է առավել հրատապ որոշումներ պահանջող և ավելի պրակտիկ քաղաքականությանը վերաբերող խնդիրներին, իսկ այն հակամարտությունները, որոնք թեպետ կարևոր պատասխաններ են պարունակում և կարող են բավականին օգտակար լինել խորը հետազոտության ենթարկվելու դեպքում, սակայն ավելի պակաս հրատապ են կամ գտնվում են լատենտ փուլում, արժանանում են ավելի փոքր ուշադրության:

Թերևս հակամարտությունների երկրորդ տիպին է դասվում իրանա-իսրայելական հակամարտությունը: Սկսած 1990-ական թթ.՝ տարածաշրջանն ուսումնասիրող գիտնականների (հատկապես՝ արևմտյան հետազոտողների) գերակշիռ մասն այն համարում է եզրային, ոչ հիմնական հակամարտություն՝ ավելի շուտ ուշադրությունը կենտրոնացնելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը: Դրա պատճառների թվում է, թերևս, այն հանգամանքը, որ Իսրայելի և Իրանի միջև չի գրանցվել հակամարտության «առարկայական թեժացում», այսինքն՝ այս երկրները երբևէ չեն պատերազմել իրար դեմ: Որոշ հետազոտողներ անդրադառնում են իրանա-իսրայելական հարաբերությունների սուր անկյուններին՝ սակայն գերակշիռ դեպքերում սահմանափակվելով արված հայտարարությունների սեղմ դիսկուրս-անալիզով և այդպիսով վերլուծելով սառցալեռան միայն գագաթը:

Սակայն, խորապես ուսումնասիրելու դեպքում հասկանալի է դառնում, որ բավականին դժվար է այդ հարաբերություններին տալ հստակ բարեկամական կամ արտահայտված թշնամական որակավորում:

Թե՜ Իրանը, թե՜ Իսրայելը էտատիկ սկզբունքներ որդեգրած և իրատեսական հայեցակարգի կիրառական քաղաքականությամբ առաջնորդվող պետություններ են: Երկուսին էլ ուղեկցում է հասարակական մակարդակում պետական և ազգային շահերի համակցության գիտակցմամբ օժանդակվող քաղաքական պրագմատիզմը, ինչն իր արտահայտումն է գտնում թե՜ լոկալ, թե՜ տարածաշրջանային և թե՜ գլոբալ խնդիրների պարագայում, երկուսն էլ ունեն խիստ յուրատեսակ, տարիների ընթացքում կոփված և իր արդյունավետությունն ապացուցած քաղաքական մշակույթ:

Երկու երկրների հարաբերություններում գրանցված վերելքների և վայրէջքների ուսումնասիրության ժամանակ կարևոր է խորապես ընկալել, թե որոնք են դրանց մակերեսային, և որոնք՝ խորքային պատճառները, ինչպես նաև հասկանալ, որ իսրայելա-իրանական հարաբերությունների հիմնական փոխակերպումներն առ այսօր պայմանավորված են ոչ թե արժեհամակարգային, այլ աշխարհաքաղաքական հակադրությամբ:

Իրանի և Իսրայելի հարաբերությունները ավելի ընկալելի դարձնելու նպատակով դրանց զարգացման ընթացքը կարելի է բաժանել հինգ ժամանակագրական փուլերի, որոնք արտահայտում են այն հիմնական բովանդակային և արտաքին փոփոխությունները, որոնք բնորոշ են եղել տվյալ ժամանակաշրջանին:

Առաջին փուլը ներառում է 1948-1979 թվականները: Սա մի ժամանահատված էր, երբ ողջ աշխարհը կիսված էր երկու աշխարհաքաղաքական գոտիների՝ Արևմուտքի ազդեցության գոտու և ԽՍՀՄ-ի ազդեցության գոտու: Շահական Իրանը, համարվելով կապիտալիստական ԱՄՆ-ի հիմնական գործընկերը Մերձավոր Արևելքում, պատրաստակամությամբ ընդունեց նոր դաշնակցին՝ Իսրայելին, որի թշնամությունը խորհրդային ազդեցությամբ ներծծված արաբական աշխարհի դեմ մեխանիկորեն երկու պետություններին դնում էր սառը պատերազմի բարիկադների նույն կողմում:

Երկրորդ փուլը ներառում է 1979-1991թվականները: Այն նշանավորվում է Իրանում 1978թ. հունվար և 1979թ. փետրվար ամիսներին տեղի ունեցած Իսլամական հեղափոխությամբ: Հեղափոխության արդյունքում բեկումնային փոփոխություններ տեղի ունեցան Իրանի արտաքին քաղաքականության մեջ՝ ի հայտ բերելով այդ երկրի տարածաշրջանային նոր առաջնայնությունները, որոնցում Իսրայելը կորցրեց նախկին կարևորությունը և Իրանի հոգևոր առաջնորդների կողմից նոր թափով սկսեց պիտակավորվել որպես «[Պաղեստինի արաբների և հետևաբար] Իսլամական աշխարհի թշնամի»: Այս փուլի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ներառում է երկու երկրների լատենտ համագործակցության մի շարք օրինակներ, որոնք բացահայտում են վերջիններիս՝ իսրայելական պրագմատիզմի և իրանական ռեալպոլիտիկի համակցությամբ արտահայտված ռազմավարական քայլերը:

Ընդունված կարծիք կա, որ Իսրայելի և Իրանի հարաբերություններն անկման փուլում հայտնվեցին հենց Իրանի իսլամական հեղափոխությունից հետո, սակայն թեկուզ և այն մեծապես ազդեց Իսրայելի քաղաքական ընկալումներում Իրանին տրված գնահատականների և բնութագրիչների վրա, այնուամենայնիվ՝ Իսրայելը Խոմեյնիի կառավարության հետ սերտ հարաբերություններ հաստատելու ուղիներ էր փնտրում՝ իր արաբական ախոյաններին դիմադրելու նպատակով: Թերևս, դա էր պատճառը, որ երբ 1980-ական թվականներին իրանական առաջնորդները հանդես էին գալիս Իսրայել պետության վերացման կոչեր պարունակող հայտարարություններով, Իսրայելը և Վաշինգտոնում պրո-իսրայելական լոբբին ԱՄՆ-ի կառավարությանը ջանադրաբար համոզում էին ուշադրություն չդարձնել իրանական ագրեսիվ քաղաքական հռետորաբանության վրա:

Ինչ վերաբերում է ռեալպոլիտիկին, ապա կոշտ հայտարարությունների քողի տակ Իսրայելն ու Իրանը խիստ պրագմատիկ ռազմատնտեսական հարաբերությունների մեջ էին: Այսպես, միայն 1981թ. Իրանին վաճառված իսրայելական զինամթերքի ընդհանուր արժեքը կազմել է $71 մլն: Համաձայն SIPRI-ի[1] զեկույցի, այդ շրջանում Իսրայելը բրիտանական դիլերների միջոցով Իրանին մատակարարել է փամփուշտներ, ինքնաթիռների վերանորոգված շարժիչներ, ամերիկյան M-48 տանկերի պահեստամասեր և օդանավերի անիվներ:

1980-ականներին Իրանը դարձավ Պաղեստինյան խնդրի «ամենաձայնեղ» օժանդակողը: Իրանում անդադար հնչում էին կոչեր, հայտարարություններ, աջակցության և քննադատության տարբեր արտահայտություններ, սակայն խոսքերը հազվադեպ էին համալրվում գործողությամբ, քանի որ Իրանի ռազմավարական, թեպետ կրկին լատենտ նպատակն էր օգտագործելով Իսրայելը՝ վերականգնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Հենց ԱՄՆ-ն է հանդիսանում իրանա-իսրայելական հարաբերությունների կարևոր հանգույցը, որի միջնորդությամբ էլ երկու երկրները փորձել և փորձում են հասնել որոշակի փոխադարձ ձեռքբերումների:

Երրորդ փուլը ներառում է 1991-2005թթ. ժամանակահատվածը, երբ և՜ Իսրայելի, և՜ Իրանի կողմից գրանցվել են քաղաքական ուղղությունների փոփոխություններ, որոնք իրենց հերթին դնրել են ներկայիս իրավիճակի հիմքերը: 80-ական թվականների վերջերին և 90-ական թվականների սկզբներին գրանցված մի շարք կարևորագույն իրադարձություններ՝ Սառը պատերազմի ավարտը, Իրան-Իրաք պատերազմի ավարտը, Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ռուհոլա Խոմեյնիի մահը, իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների կարգավորման մեկնարկ հանդիսացող Օսլոյի գործընթացը, կարևորագույն փոփոխությունների պատճառ հանդիսացան իսրայելա-իրանական հարաբերություններում: Գործունեության բնույթի մեջ ռեֆորմիստական տարրեր պարունակող իրանական երկու նախագահների՝ Հաշեմի Ռաֆսանջանիի և Մուհամադ Խաթամիի նախագահության այս շրջանում Իրանը փորձեց նոր՝ իսլամական ֆունդամենտալիզմի տարրեր պարունակող, սակայն լիբերալ հայացք նետել միջազգային հարաբերություններին: Իսկ Իսրայելի պաշտոնական շրջանակներում մի շարք պատճառներով ակտիվացան Իրանի նկատմամբ կտրուկ արտահայտություններն ու սպառնալիքները: Հրեական պետության առաջնորդներն՝ ի գիտություն միջազգային հանրության, սկսեցին բարձրաձայնել տարածաշրջանին և ողջ աշխարհին սպառնացող այն վտանգները, որոնց պատճառ կարող էր հանդիսանալ Իրանը. դրանց թվում ամենաազդեցիկը, թերևս, Իրանի միջուկային ծրագիրն էր:

Չորրորդ փուլը ներառում է 2005-2013 թվականները: Այս փուլը նշանավորվում է Մ. Ահմադինեժադի՝ Իրանի հակաիսրայելական և հակաամերիկյան ուղղվածությամբ պահպանողական նախագահի երկու ժամկետներով: Այս փուլը կարելի է համարել իրանա-իսրայելական հակամարտության ամենաարտահայտված փուլը, որում փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները թույլ տվեցին կատարել ամենատարբեր կանխատեսումներ՝ ընդհուպ մինչև անխուսափելի զինված բախում:

Հինգերորդ փուլի սկիզբը դրվել է 2013թ. օգոստոսին, երբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնեց Հասան Ռուհանին: Այս փուլում Իրանի արտաքին քաղաքականության վեկտորը սկսեց թեքվել դեպի բազմակողմանի համագործակցություն Արևմուտքի հետ: Իսրայելի արձագանքը, սակայն, բավականին հոռետեսական էր, և Իրանի որդեգրած արտաքին քաղաքական ուղղությունը կարճաժամկետ հեռանկարում չի հանգեցնի իսրայելա-իրանական հարաբերությունների ջերմացման:

Ինչպես տեսանք, Իսրայելի և Իրանի հարաբերությունները կրել են փոփոխական բնույթ և անցել են համագործակցության և կոլապսի շրջաններով: Երկու երկրների հարաբերությունների առանձահատկություններից է այն, որ արդյունավետ համագործակցությանը չի խանգարել հակամարտության կողմերից մեկի ծայրահեղ հռետորաբանությունը: Քանի դեռ մյուս կողմը պահպանել է չեզոք կամ ռազմավարական ընկերակցության տրամաբանությունից բխող վերաբերմունք՝ համագործակցությունը հնարավոր է եղել: Ուստի, հիմնվելով մասնակի ինդուկցիայի մեթոդաբանության սկզբունքների վրա` կարելի է եզրակացնել, որ առաջիկայում Իսրայելի և Իրանի հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է կողմերից առնվազն մեկի հռետորաբանության էության փոփոխություն: Հարաբերությունների սինուսոիդային բնույթն առավել ըմբռնելի է դառնում հետևյալ գրաֆիկի միջոցով:

 

[1]Stockholm International Peace Research Institute

Share

Comments are closed.