Երբ եռյակի երկու անդամը  բարեկամ է, իսկ մեկը` թշնամի

(Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովի մասին)

 

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ*
Փորձագետ
Երևան

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման լրատվական «իրարանցման» օրերին Թեհրանում կայացած Պուտին-Ռոհանի-Ալիև գագաթնաժողովը մնաց հայաստանյան քաղաքական վերլուծաբանների ու փորձագետների ուշադրության հետնամասում։

Մինչդեռ այդ հանդիպումը պակաս կարևոր քաղաքական իրադարձություն չէր, քան Ադրբեջանը Թուրքիային կապող միջանցքի շնորհանդեսը։Պուտինի այցելության ժամանակացույցը Թեհրան պատահական չէր ընտրված։ Այն տեղի  ունեցավ մի կողմից ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության, մյուս կողմից Թրամփի վարչակարգի` Իրանի նկատմամբ պատժամիջոցներին վերադառնալու սպառնալիքի ներքո։Քաղաքական դեպքերի դինամիկան ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականությունն ընդհանրապես և հակաիրանական դիրքորոշումը` մասնավորապես,  ուղիղ համեմատական են Մոսկվայի մերձեցմանը Թեհրանին և ռուսական դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանում։

Պուտինի այցելության հիմնական նպատակներն էին՝ Իրանի հետ սիրիական գործողությունների հետագա համաձայնեցում, տարածաշրջանային  ինտեգրացիոն գործընթացների ուղղորդում, Կասպից ծովի իրավիճակի կարգավորում։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահը փարատելու էր Թեհրանի կասկածները` Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի աննախադեպ մերձեցման կապակացությամբ և փորձելու էր թուլացնել Էր-Ռիադ-Թեհրան գերլարված հարաբերությունները, ինչը հազիվ թե հաջողվի։ Տարածաշրջանային այդ մեծ երկրները փաստորեն կանգնած են պատերազմի եզրին, այնպես որ Մոսկվայի դիրքորոշումն այդ հարցում գտնվում է «մուրճի և զնդանի  միջև»։

Իրանական դիվանագիտությունն իր հերթին գագաթնաժողովն առավելագույնս օգտագործեց հակաամերիկյան քարոզչական նպատակների համար` ազդարարելով «ռուս-իրանական  հարաբերությունների նոր դարաշրջանի սկիզբ»։ Ավելին, Թեհրանը հանդես եկավ ակնարկներով, թե Ռուսաստանի հետ արվում են ռազմաքաղաքական միություն կազմելու առաջին քայլերը։

Մինչդեռ,  Պուտինը, որն  Իրանին համարում  է Ռուսաստանի «մեծ հարևան և ռազմավարական գործընկեր», մեր  համոզմամբ, չի գնա նրա հետ ռազմական-քաղաքական դաշինքի  ստեղծման  (Ադրբեջանի մասին խոսք լինել չի կարող)։  Ռուսաստանի հարաբերություններն  Իրանի հետ (ինչպես և Թուրքիայի հետ) կունյուկտուրային են, բայց ոչ` ռազմավարական։

Նրանց միջև առանձին սեր և վստահություն չկա։ Այդ երկրները պատմականորեն հակառակորդներ են։ Հետո էլ Ռուսաստանը  երբեք չի ցանկանա, որ իր հարավային ֆլանգում որևէ մուսուլմանական երկիր ամրապնդի դիրքերը (սա վերաբերում է նաև Թուրքիային ու Ադրբեջանին)։

Դիվանագիտական, տնտեսական և ռազմական մեկուսացումն այսօր, պարզապես,  դրդում է Իրանին միություն կազմել Մոսկվայի հետ։ Սակայն այդ միության էությունը  հեշտությամբ կարող է փոխակերպվել հակամարտության և շահերի բախման։ Այդ առումով կողմերի համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում, օրինակ, Կասպից ծովի կարգավիճակի հարցը, հատկապես, նավթագազային պաշարների բաժանումը։   Իսկ  աշխարհաքաղաքական իրադրությունը փոխվելու դեպքում, որը հիմնականում  կախված է ԱՄՆ-ի գլոբալ հետաքրքրություններից և շահերից,  փոփոխության կենթարկվեն նաև Մոսկվայի և  Թեհրանի քաղաքականության ուղղվածությունն ու վեկտորները։

Գագաթնաժովի օրերին Իրանը նախազգուշացրեց Վաշինգտոնին, թե դիմելու է մի շարք միջոցների՝  չեզոքացնելու համար  ամերիկյան պատժամիջոցները։ Այդ թվում Ռուսաստանի հետ հաշվարկներն իրագործելու է ազգային տարադրամով, ինչը համաշխարհային տնտեսական հարաբերություններում  «կմեկուսացնի դոլարը, հետևաբար կմեկուսացնի նաև Ամերիկային»։

Իրանի այդ և մյուս քաղաքական-ռազմավարական սպառնալիքներն առանձնապես արձագանք չեն գտնում Պուտինի կողմից, որի քայլերը կրում են ավելի կոնկրետ և հավասարակշռված  բնույթ։

Այսպես, այցելության նախօրեին, Իրանական ատոմային էներգիայի կազմակերպությունը և «Ռոսատոմը» կնքեցին պայմանագիր «Բուշերի» ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարության վերաբերյալ։ Արդեն գործող առաջին էներգաբլոկի կողքին կկառուցվի ևս երկու բլոկ՝ 2100 մեգատոն հզորությամբ։  Կողմերը ստորագրեցին «ճանապարհային քարտեզ» նավաթագազային ոլորտում համագործակցության վերաբերյալ, որի արժեքը 30 միլիարդ դոլար է։ Ռուսաստանը և Իրանը կազմում են լայնամասշտաբ ծրագրեր միջուկային, ածխաջրածինային առևտրափոխանակության, էներգետիկայի, տրանսպորտի գյուղատնտեսության և այլ բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար։

Մոսկվայի հետ բանակցություններ են ընթանում 10 միլիարդ դոլարի զենքի վաճառքի շուրջ։ Սակայն միջուկային զենքի ծրագրի շրջանակներում մինչև 2020 թվականը առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության անհնար է այդ վաճառքը։ Այնպես որ, Թեհրանը ստիպված է սպասել։ Իսկ սպասել` կնշանակի ավելի ուժեղացնել կախվածությունը Մոսկվայից։

Իսկ ի՞նչ  տեղ և դեր  է հատկացված տրիումվիրատի երրորդ անդամին` Ադրբեջանին։ Չնայած տանտիրոջ կարգավիճակին, նրան բաժին է ընկել ալյանսի թույլ օղակի դերակատարությունը։ Հասկանալով, որ եռյակում հիմնական համագործակցությունն ընթանում է «ծանր քաշայինների»՝ Մոսկվայի և Թեհրանի միջև,  Ալիևը թերարժեքության բարդույթը փորձում է մեղմել` նրանց հետ խաղալով առանձին-առանձին, և փաստորեն վազում է գնացքի ետևից։

Ալիևի առաջ կանգնած է բարդ խնդիր։ Մեծ քաղաքականության ներկա վիճակի ստագնացիան կարող է հանգեցնել այն բանին, որ նա ամբողջովին կկապվի այդ հակաամերիկյան միությանը։   Ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ իր համար, Վաշինգտոնը թույլ կտա՞ անել նման քայլ, կների՞ իրեն և ինչո՞վ այն կվերջանա։

Այս ծանր  մտորումներից ձերբազատվելու նպատակով Ալիևը սիրաշահում է Իրանին կրոնական  հողի վրա։ Նա շեշտում է  իր պետության գործադրած առանձնակի ջանքերը Ադրբեջանում մզկիթների շինարարության ուղղությամբ։

«Մենք հետևողականորեն զարգացնում ենք մեր հարաբերությունները Իրանի հետ և ոչ-ոքի թույլ չենք տա խառնվելու մեր հարաբերություններին կամ վնասելու դրանք»,- հոխորտում է Ալիևը («ոչ-ոքի» ասելով նա, ըստ երևութին, նկատի ունի ԱՄՆ-ն և՜Հայաստանը)։

Կրոնը` կրոն, սակայն Իրանը և՜ երկկողմ հարաբերություններում, և՜

նորաթուխ եռյակի շրջանակներում հանդես է գալիս իր կենսական շահերի պաշտպանության դիրքերից, ինչը միանգամայն բնական է երկրի քաղաքականության և դիվանագիտության տեսանկյունից։

Թեհրանը շնորհակալությամբ է ընդունում Բաքվի կողմից 500 միլիոն դոլար վարկը Ռեշտ-Աստարա երկաթգծի հատվածի համար, որը «Հյուսիս-Հարավ» միջանցքի կարևոր հանգույցն է։ Նա պատրաստ է զարգացնելու համագործակցության բոլոր ոլորտները ալյանսի շրջանակներում` հատկապես հաղորդակցության ինտեգրացիոն ծրագրերում, որը նրան կկապի արտաքին աշխարհի հետ։ Սա ևս շատ բնական է։

Սակայն պետությունների առաջնորդները, երբ իրենց պետք չէ, «մոռանում»  են «տարրական» դեպքերն ու երևույթները։ Գագաթնաժողովի էյֆորիայի մթնոլորտում պարսիկների  հիշողությունից «անհետացել»  են ժամանակին Բաքվի պատրաստակամությունը` տրամադրելու իր օդանավականները Իրանին ռմբակոծելու համար, կամ Ալիևի սիրախաղը Թեհրանի երդվյալ թշնամի Սաուդյան Արաբիայի հետ։ Իսկ  իրանաբնակ ազերիների խնդիրը, որ փաստորեն ադրբեջանական 5-րդ շարասույն է Իրանում և մեծ վտանգ է ներկայացնում նրա համար,  ընդհանրապես,  «վրիպել» է եռյակի երկու անդամի ուշադրությունից։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո պաշտոնական Թեհրանը հայտարարում էր մեր միջոցով ռուսական 170-միլիոնանոց շուկա մտնելու իր պատրաստակամության մասին։ Բացի դրանից, իրանցիների կողմից շատ անգամներ է ասվել, որ Սև ծովը Պարսից ծոցի հետ կապելու ամենակարճ և էժան ճանապարհը Հայաստանն է։ Այդ հավաստիացումները հիմա մի փոքր մոռացության են մատնված։ Սակայն, հանուն արդարության, պետք է նշել. պարսիկները միշտ էլ հայտարարում  են, որ  իրենք դիվերսիֆիկացնում են արտաքին քաղաքականությունը բոլոր երկրների հետ։  Եվ եթե մինչ օրս չի լուծվել մեզ Իրանին միացնող «Հյուսիս-Հարավ» երկաթծի հարցը, իսկ նույնանուն ավտոճանապարհը դեռ կառուցված չէ,  ապա մեղքը պետք է փնտրել այստեղ` Երևանում։

Վերադառնալով Ալիևի հռետորությանը` նկատենք, որ այն պահին, երբ նա ալյանսի ամբիոնից դիֆերամբներ էր ձոնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների «աննկարագրելի և անթերի մակարդակի մասին», Բաքվի քարոզչամեքենան առանց աչքը թարթելու ի լուր աշխարհի ստում է, թե «Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ մտցվել է ղարաբաղյան հարցը»։ Նպատա՞կը։ Հերթական հարված հասցնել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների աշխատանքին, ճանապարհ հարթել Էրդողանի համար, որը նկրտումներ ունի միջամտելու հակամարտության կարգավորմանը։ Թեհրանում Ալիևի արտաբերած  մտքերը փորձագետների կարծիքով կոպիտ սադրանք է Ռուսաստանի նկատմամբ։ Դրանից ելնելով է, որ Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ճշտեց. « …Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում հիմնական դերը խաղում են Մինսկի խմբի համանախագահները»։

Եվ վերջին հանգամանքը: Թեհրանի գագաթնաժողովի գլխավոր դրույթը, ըստ Պուտինի, լինելու է «տարածաշրջանի կայունությունն ու անվտանգության ապահովումը»:

Իսկ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան տրիումվիրատն, ըստ իս, հազիվ թե երկար կյանք ունենա:

 

*Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Համաշխարհային քաղաքականության և Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և Լիազոր դեսպան

 

Share

Comments are closed.