Հայաստանի որ մասն է դուրս մնում ԵՏՄ վերմակից

 


Հակոբ
Բադալյան
Լրագրող
Երևան

 

Միջին օրական կտրվածքով Հայաստանում քանի՞ անգամ է հարցադրում հնչում, թե ով է լինելու վարչապետը 2018 թվականի ապրիլին: Հազիվ թե որեւէ մեկը հաշված լինի այդ հարցերի վիճակագրությունը, բայց որեւէ մեկն էլ, թերեւս, չի վիճի, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի առնչությամբ տրվող հարցերի շարքում այդ մեկը բացարձակ, անգերազանցելի առաջատար է: Հարցը կամ հարցադրումը հնչում է ամենատարբեր ձեւակերպումներով, ամենատարբեր տողատակերով ու երանգներով, բայց հնչում է կանոնավոր պարբերականությամբ:Բայց, ահա հարցը, թե Հայաստանին ինչ է սպասում 2018 թվականի հունվարի 1-ից հետո, երբ ուժի մեջ կմտնի ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը, եթե հնչում է, ապա խիստ հազվադեպ: Մինչդեռ նույնքան խիստ հարաբերական է, թե ինչն է Հայաստանի կյանքում, եւ առավել եւս հայաստանցիների կյանքում ունենալու մեծ նշանակություն՝  վարչապետի որեւէ անուն, թե՞ ԵՏՄ Մաքսային օրենսգրքի որեւէ դրույթ: Դատելով մի շարք ներիշխանական իրողություններից, դատելով կառավարման համակարգի նոր մոդելից եւ ներիշխանական մոդելավորումից, նաեւ այն հանգամանքից, որ մենք արդեն վերպետական կառույցի անդամ ենք եւ առաջնորդվելու ենք դրանով սահմանված խաղի կանոններով՝ առնվազն տնտեսական գործունեության մի զգալի մասով Հայաստանի կյանքում շատ ավելի վճռորոշ եւ թելադրող նշանակություն է ունենալու ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը, քան վարչապետի անունը եւ ազգանունը:

Իսկ ի՞նչ գիտե Հայաստանի հասարակությունը հունվարի 1-ից ուժի մեջ մտնել պատրաստվող այդ փաստաթղթի մասին: Գրեթե ոչինչ: 2018 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ Մաքսային օրենսգիքրը կմտնի ուժի մեջ: Այն դեռ ԵՏՄ անդամ ոչ բոլոր երկրներն են վավերացրել խորհրդարանում, բայց կարծես թե նախագահների մակարդակում այն արժանացել է բոլորի հավանությանն ու ստորագրությանը: Ինչ խոսք, պետք չէ բացառել անակնկալները, առավել եւս, որ ԵՏՄ-ն դրանցից աղքատ չէ սկզբից եւեթ: Դրանց մի մասը իր մաշկի վրա զգացել է նաեւ Հայաստանը: Իսկ քանի որ ԵՏՄ անդամների միջեւ պարբերաբար ծագում են տնտեսա-քաղաքական աղմկոտ պատմություններ եւ վեճեր, իսկ դրանցից ամենաթարմը թերեւս ղազախա-ղրղզական բարձր մակարդակի “փոխհրաձգությունն” էր, որ տեղի էր ունենում ընդհուպ ԵՏՄ վարչապետների երեւանյան հոկտեմբերյան հավաքի ընթացքում, անակնկալները բացառել պետք չէ՝ այդ թվում ԵՏՄ Մաքսային օրենսգրքի հարցում:

Առայժմ սակայն ամեն ինչ կամ հիմնականում ամեն ինչ գնում է ըստ պլանի, համենայն դեպս՝ դատելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ մասնավորապես դրա հայաստանցի նախագահ Տիգրան Սարգսյանի հայտարարություններից: Իսկ ըստ պլանի՝ օրենսգիրքը ուժի մեջ պետք է մտնի 2018-ի հունվարի 1-ից: Իհարկե, այդ ժամկետը հետաձգված ժամկետ է, քանի որ մինչ այդ հայտարարվում էր 2017 թվականի հուլիսի 1-ը, որպես գործողության ժամկետ: Եղել են նաեւ նախնական այլ՝ ավելի վաղ ժամկետներ: Եվ այդ հետաձգումները նույնպես վկայում են, որ ԵՏՄ-ում հնարավոր է ամեն ինչ: Մաքսային օրենսգիրքը անդամ երկրների միջեւ բանակցվում է վաղուց, տարիներ շարունակ: Հայաստանյան տեսակետից այդ բանակցությունն ինչ-որ իմաստով հիշեցնում էր նաեւ ղարաբաղյան բանակցային գործընթացը, այն առումով, որ բոլորը գիտեն՝ գործընթաց կա, ինչ- որ բան բանակցվում է, սակայն մանրամասներին տեղյակ չէ ոչ ոք, կամ տեղյակ են շատ քչերը: Համենայն դեպս, հայաստանյան հասարակական-քաղաքական, տնտեսական, մեդիափորձագիտական հարթակում այդպես էլ լրջորեն չի շրջանառվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքի թեման, չի քննարկվել, թե ինչ մտահոգություն ունի Հայաստանը, ինչ դրույթներ կամ առաջարկներ են մտահոգիչ, անցանկալի, որ Հայաստանը ուզում է փոխել:

Ի վերջո աներկբա է, որ այդպիսիք չլինել չէին կարող: Դա շատ բնականոն աշխատանքային գործընթաց է: Մի կողմ դնելով ԵՏՄ անդամակցության քաղաքական գնահատականը, զուտ տնտեսական մեխանիզմի տեսանկյունից միանգամայն բնական է, որ նոր ստեղծվող տնտեսական միության անդամների միջեւ կարող են լինել խաղի կանոնների վերաբերյալ բուռն քննարկումներ եւ տարաձայնություններ, երբ ամեն մեկը կփորձի առաջ տանել իր տնտեսության առանձնահատկությունից բխող որեւէ շահ: Բայց այդ իմաստով այդպես էլ հանրային շրջանակների ուշադրությունից դուրս մնաց, թե ինչը կարող էր չգոհացնել Հայաստանին, ինչն է փոխվել Հայաստանի պահանջով, խաղի որ կանոնն է հանվել կամ մտցվել օրենսգիրք Երեւանի առաջարկությամբ:

Մյուս կողմից, այստեղ, իհարկե, իրավիճակը բնորոշ է ընդհանրապես Հայաստանի իշխանության աշխատաոճին, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է եվրասիական տարածությունում, մասնավորապես Ռուսաստանի հետ աշխատանքին: Այստեղ հանրությունը իրավիճակին մշտապես տեղեկանում է պոստֆակտում, այդ ռեժիմում իմանալով միայն, թե այս կամ այն խնդրի լուծումը ինչ է արժեցել իր վրա: Օրինակ, հասարակությունը 2013-ի դեկտեմբերին է տեղեկացել, որ 2011  թվականից փաստորեն ինքը գազի 300 միլիոն դոլար պարտք է կուտակել Ռուսաստանին, որի դիմաց Գազպրոմը վերցնում է Հայռուսգազադի հայկական վերջին 20 տոկոս բաժնետոմսը: Ըստ այդմ բացառված չէ, որ Հայաստանի հանրությունն ավելի ուշ տեղեկանա, թե իր վրա ինչ է արժեցել ԵՏՄ Մաքսային օրենսգրքի այս կամ այն դրույթը, որ մտել է օրենքգիրք կամ դուրս եկել այնտեղից Հայաստանի առաջարկով կամ պահանջով:

Ընդհանուր առմամբ, ԵՏՄ այս փաստաթղթի ռիսկերը թերեւս ի հայտ կգան դրա գործողության մեջ մտնելուց հետո: Այդ ռիսկերը իրենց մաշկի վրա կզգան հայաստանցի գործարարները եւ միայն պրակտիկ կիրառության պայմաններում, համադրելով արդեն գրված փաստաթուղթը այսպես ասած եվրասիական մշակույթի հետ, հնարավոր կլինի հասկանալ՝ նոր խնդի՞ր է այդ թուղթը, թե՞ նոր հնարավորություն: Ընդհանուր առմամբ, այստեղ, իհարկե, գլխավոր կամ այսպես ասած էկզիստենցիալ ռիսկն այն է, որ ԵՏՄ-ն Ռուսաստանի աշխարհաքաղաքական նախագիծն է Արեւմուտքի հետ դիմակայության գործընթացում, ուստի եւ տնտեսական ցանկացած մեխանիզմ ենթակա է այդ տրամաբանությանը: Այլ հարց է, թե ինչը կհաջողվի անցկացնել՝ հաղթահարելով հիմնականում Ղազախստանի եւ Բելառուսի արգելքը, քանի որ հենց դրանք են հիմնական, այսպես ասած, դիմադրողները ԵՏՄ-ում (Բելառուսն, ի դեպ, վերջինն է ստորագրել Մաքսային օրենսգիրքը եւ տեւական ժամանակ չէր ընդունում այն), եւ գուցե որոշակիորեն նաեւ Հայաստանի եւ Ղրղզստանի արգելքը:

Այդ իմաստով, եթե խոսում ենք ռիսկերից, ապա ԵՏՄ-ին Հայաստանի անդամությունն արդեն իսկ ռիսկ է, եւ Մաքսային օրենսգիրքը, մեծ հաշվով, սկզբունքային փոփոխություն չի բերում իրավիճակում, այլ գուցե արձանագրում է այն եւս մեկ անգամ: Խոշոր հաշվով, եթե Հայաստանը ԵՏՄ անդամ է՝ մի կողմ թողնենք այդ անդամության կապակցությամբ յուրաքանչյուրիս ունեցած քաղաքական, քաղաքակրթական գնահատականը, ապա այդ դեպքում առավել նախընտրելին խաղի ընդհանուր կանոնների առավելագույնս ֆիկսացիան է, առավելագույն ծավալով եւ մանրամասնությամբ: ԵՏՄ Մաքսային օրենսգիրքն ունի այդ առաքելությունը, գոնե տեսականում, եւ այդ իմաստով՝ էկզիստենցիալ ռիսկի պայմաններում, դրա գոյությունը ավելի լավ է, քան ավելի վատ: Ամեն ինչ, ի վերջո, կախված է այն բանից, թե Հայաստանը որքանով է ունակ ԵՏՄ-ում պաշտպանել իր շահը, եթե խոսում ենք զուտ տնտեսական մեխանիզմի աշխատանքի արդյունքի մասին:

ԵՏՄ Մաքսային օրենսգրքի հեռանկարն, իհարկե, առաջացնում է առանձին ավելի կոնկրետ հարցադրումներ, մասնավորապես՝ բարձր մաքսատուրքերի անցման եւ գնաճային ռիսկերի մասով: Բայց այստեղ խնդիրն այն է, որ երրորդ երկրներից ներկրումների համար բարձր մաքսատուրքերը գոյություն ունեն անկախ Մաքսային օրենսգրքից: Դրանցից մի մասով Հայաստանն անդամակցությունից հետո ստացել է այսպես ասած տարկետում, որոշները մինչեւ 2017 թվականը հետաձգելու իրավունքով, որոշները մինչեւ 2018  թվական: Եւ այս իմաստով դա պետք է տեղի ունենար, եւ դա հենց էկզիստենցիալ ռիսկի շրջանակում է:

Ինչ վերաբերում է պաշտոնական մեկնաբանությանը, ապա ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան ԿԲ նախագահ Ջավադյանը խորհրդարանում հայտարարել էր, թե այդ կապակցությամբ կանխատեսում են ընդամենը 1 տոկոս գնաճ: Իհարկե, առանձին հարց է, թե որքանով է հանրությունը վստահում ԿԲ կանխատեսմանը եւ գնաճի հաշվարկի, այսպես ասած, պետական մեթոդաբանությանը:

Այստեղ, իհարկե, կա մեկ այլ ռիսկ՝ կապված հնարավոր «խորհրդային» էֆեկտի հետ: Երրորդ երկրներից, այսինքն ոչ եվրասիական երկրներից ներկրումների մաքսատուրքի բարձրացումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կրկին կառաջանա «արտասահմանյան որակով» ու թանկ, եւ «տեղական»՝ այսինքն եվրասիական, բնականաբար՝ առնվազն համեմատության մեջ անորակ ու էժան ապրանքների այսպես ասած տարբերակում: Մի տարբերությամբ, որ ամեն ինչ կլինի բաց վաճառքում, ոչ թե «տակից» կամ «ձեռքի վրայից»:

Մյուս հանգամանքը ԵՏՄ Մաքսային կանոնների ու ԱՀԿ պայմանների հարաբերակցությունն է: Սերժ Սարգսյանն օրերս հայտարարել էր, թե հույս ունի, որ ԵՏՄ-ն, ի վերջո, կաշխատի ԱՀԿ (Առեւտրի համաշխարային կազմակերպության) կանոններով: Դա նշանակում է, որ ներկայումս այդ կանոններով չէ, որ աշխատում է: ԵՏՄ բոլոր անդամները ԱՀԿ անդամ են, բայց կան անդամության տարբեր պայմաններ: Թե որքանով է ներկայիս վիճակը եւ Մաքսային օրենսգրքում ամրագրված կանոնը հակասություն առաջացնում Հայաստանի եւ ԱՀԿ միջեւ՝ պարզ չէ: Պաշտոնապես այդ մասին չի բարձրաձայնվում:

ԱՀԿ հետ համաձայնությամբ Հայաստանը կարող է ներկրվող մաքսատուրքը բարձրացնել մինչեւ 15 տոկոս: Ներկայումս Հայաստանում առավելագույնը 10 տոկոսն է: Այսինքն, կա եւս 5 տոկոսի տեղ: Եթե ԵՏՄ կանոններով երրորդ երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքը գերազանցի 15 տոկոսը, ապա Հայաստանը կարող է ունենալ խնդիրներ: Մյուս կողմից, դա այդպես է տեսականում, սակայն դարձյալ՝ ամեն ինչ կախված է այն բանից, թե Հայաստանն ինչպես կաշխատի ԱՀԿ հետ եւ այն երկրների հետ, որտեղից ներկրումներում էլ կառաջանան այդ խնդիրները: Ի վերջո, ԱՀԿ կանոններից շեղում թույլ են տալիս այդ կազմակերպության շատ անդամներ, ինչը չի հանգեցնում լուրջ ճգնաժամի կամ պատժամիջոցների:

Միեւնույն ժամանակ, պարզ չէ, թե արդյո՞ք Հայաստանը ԵՏՄ-ի հետ համաձայնեցրել է այն, որ, ԵՏՄ կանոնների պատճառով ԱՀԿ-ի հետ խնդիրների դեպքում առաջացող տուգանքը իր վրա կվերցնի ԵՏՄ-ն, ոչ թե Հայաստանը: Մյուս հանգամանքն այն է, թե ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը ինչ հարաբերակցության մեջ է լինելու Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի տնտեսական մասի հետ: Իհարկե, սա տեսական ռիսկ է, քանի որ համաձայնագիրը Հայաստանն ու ԵՄ-ն բանակցել են՝ հաշվի առնելով  ԵՏՄ իրողությունները, այդ թվում՝ Մաքսային օրենսգրիք դրույթները: Այստեղ խնդիրը այն է, թե ինչ է լինելու, եթե Մաքսային օրենսգրքի գործողության մեջ մտնելուց որոշ ժամանակ անց Ռուսաստանը կամ ԵՏՄ որեւէ անդամ բարձրացնի որեւէ փոփոխության հարց, որն էլ արդեն գործնականում հակասություն կառաջացնի Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի հետ: Ներկայումս դա, հիարկե, հիպոթետիկ թվացող ռիսկ է, բաց չպետք է մոռանալ, որ գործ ունենք ԵՏՄ-ի հետ, որն իր, այսպես ասած, մենթալ անկանխատեսելիությամբ հանդերձ, նաեւ ենթակա է ՌԴ աշխարհաքաղաքական քմահաճույքին, միաժամանակ նաեւ նոր ստեղծվող կազմակերպության համար անկանխատեսելիության օբեկտիվ չափաբաժնին:

Բայց, այդ իրավիճակն էլ, անշուշտ, հանգում է այն կետին, որ ամեն ինչ կախված է սեփական շահը պաշտպանելու Հայաստանի կարողությունից եւ աշխատունակությունից: Վերջին հաշվով, այդ իմաստով ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը միասնական տնտեսական միավորի համար օբեկտիվ իրականություն է, որոշակի իմաստով նաև վերմակ, ու նաեւ օբեկտիվ է, որ նոր ստեղծվող միության անդամները կփորձեն այն հնարավորինս քաշել իրենց վրա

Հայաստանն, իհարկե, փոքր է, եւ մի կողմից ամբողջությամբ վերմակի տակ մտնելու, ծածկվելու համար, այսպես ասած, շատ ծավալ պետք չէ, բայց մյուս կողմից էլ՝ քաշելը դառնում է դժվար, եւ դեռ պարզ չէ՝ կմնա՞ Հայաստանի մարմնի որեւէ մաս վերմակից դուրս, եւ ո՞ր մասը կլինի այն:

Share

Comments are closed.