Հայաստանը ԵԱՏՄ-ում` երեք տարի անց. հիբրիդայինից ավտորիտար

 
Աննա ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

 

2018 հունվարի 1-ին կլրանա Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ անդամակցության 3 տարին։ Մի կողմ դնելով այս միությանը անդամակցությունից Հայաստանի ձեռքբերումներն ու կրած վնասները՝ տնտեսական տեսանկյունից, դիտարկենք միությանն անդամակցելուց հետո ՀՀ ժողովրդավարության միտումները։

Ավտորիտարների մեջ ամենաքիչ ավտորիտարը

ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների սահմանադրությունները նշում են, որ դրանց կառավարման համակարգը հիմնված է ժողովրդավարության վրա։ Ըստ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։[1] ՌԴ սահմանադրության առաջին հոդվածն էլ իր հերթին պնդում է, որ «Ռուսաստանի դաշնությունը–Ռուսաստանը ժողովրդավար դաշնային իրավական պետություն է՝ հանրապետական կառավարման ձևով»։[2] Գրեթե նույնատիպ ձևակերպումներ ունեն նաև ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների ՝ Բելառուսի[3], Ղազախստանի[4] և հետագայում միությանն անդամակցած Ղրղզստանի[5] սահմանադրությունները։ Այդուհանդերձ, իրական պատկերը բնավ չի համապատասխանում այս երկրների սահմանադրությամբ ամրագրվածին։Ըստ միջազգային հետազոտական «Freedom House» կազմակերպության «Ազգերն անցումային շրջանում» ամենամյա ցեկույցի՝ 2014 թվականին՝ ԵԱՏՄ անդամ դառնալու պահին, Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշը 5.36 էր՝ 7 բալանոց համակարգում, որտեղ 1-ը դրական ցուցանիշն է, իսկ 7-ը բացասականը։[6] Ընդ որում, «Freedom House»-ը Հայաստանին որակավորում էր որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ։ Ռուսաստանի ժողովրդավարության ցուցանիշը 2014-ին, համաձայն նույն զեկույցի, կազմել է 6.75,[7] Բելառուսինը՝ 6.71,[8] Ղազախստանը՝ 6.61[9]։ Փաստորեն բոլոր երեք երկրներն էլ 2014-ին ունեին ժողովրդավարության անմխիթար վիճակ, որը լավ պատկերացնելու համար բավական է միայն նշել, որ աշխարհի ամենաավտորիտար պետությունը՝ Հյուսիսային Կորեան, նույն սանդղակով ունի 7 միավոր։

Այսօր էլ գրեթե նույնանման իրավիճակ է։ Ընդ որում, ԵԱՏՄ բոլոր հիմնադիր անդամներն էլ համարվում են ամբողջապես կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ, այսինքն՝ձևական ընտրություններով, մի մարդու կամ քաղաքական ուժի ձեռքում կենտրոնացած իշխանությամբ, ճնշումների ենթարկվող քաղհասարակությամբ, անազատ լրատվամիջոցներով, պետական մասշտաբի կոռուպցիայով և ռեժիմի կողմից վերահսկվող դատական համակարգով պետական համակարգ։ Ղրղզստանը ԵԱՏՄ անդամ դառնալու պահին՝ 2015-ին, իր հերթին ուներ ժողովրդավարության 5.93 ցուցանիշ և Հայաստանի նման համարվում էր կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգ։ Այդուհանդերձ, անցած երկու տարիների ընթացքում այս երկրում ժողովրդավարությունը անկում է ապրել։ 2017թ. Ղրղզստանը 6 բալ ցուցանիշով դասվել է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմների շարքը։[10]

Գրեթե նմանատիպ իրավիճակ է արձանագրում նաև «Economist Intelligence Unit» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերության ամենամյա «Ժողովրդավարության ինդեքսը»։ Ըստ դրա՝ 2015-ին ԵԱՏՄ հիմնադիր անդամները ավտորիտար համակարգ են համարվել։ Մինչդեռ Հայաստանը և Ղրղզստանը դասակարգվել էին որպես հիբրիդային ռեժիմներ՝ այսինքն՝ ժողովրդավարության և ավտորիտարության միջև գտնվող պետական համակարգ:[11]

Փաստորեն՝ Հայաստանը, ըստ  «Freedom House»-ի և «Economist Intelligence Unit»-ի, ԵԱՏՄ անդամ երկրների մեջ իր 5.36 միավորով և կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգով կամ հիբրիդային ռեժիմով «ամենաժողովրդավարն» էր։

Լրացնել բացը

Անդամակցության պահին համեմատաբար ժողովրդավար Հայաստանը, սակայն, հետագայում արագ լրացրեց բացը։ Անդամակցությունից մի տարի անց «Economist Intelligence Unit»-ի «Ժողովրդավարության Ինդեքս-2016. «Նողկալիների» վրեժխնդրությունը» վերնագիրը կրող զեկույցում ՀՀ-ն արդեն դասակարգվեց ավտորիտար ռեժիմների շարքին։ «Economist Intelligence Unit»-ի կողմից արձանագրված Հայաստանի ժողովրդավարության անկումը և «Freedom House»-ի կողմից արձանագրված նույնանման գործընթացը Ղրղզստանում, թերևս, ապացուցում են, որ ժողովրդավարության ալիքների նման կարող են գոյություն ունենալ նաև ավտորիտարության ալիքներ։ Միջազգային հարաբերություններում լայնորեն տարածում ստացած ժողովրդավարական ալիքների տեսության համաձայն՝ ժողովրդավարական կառավարման պրակտիկաները հատկություն ունեն ալիքների նման տարածվելու հարևան երկրների միջև և տարածաշրջանային բնույթ են կրում։ Սրա լավագույն օրինակը, թերևս, Արևելյան Եվրոպան է 1990-ականներին, երբ ԽՍՀՄ անկումից հետո մի շարք սոցիալիստական երկրներ Արևմտյան Եվրոպայից և միմյանցից ժողովրդավարական պրակտիկաներ էին փոխառում և արդյունավետ կերպով կիրառում, մինչդեռ Հայաստանը և Ղրղզստանը ԵԱՏՄ անդամակցությունից հետո արդյունավետ կերպով սկսել են կանոնավոր կերպով կիրառել մի շարք ավտորիտար պրակտիկաներ, որոնք նախկինում կամ երբևէ չէին կիրառվել կամ կիրառվել էին շատ հազվադեպ։

1. Սահմանադրական փոփոխություններ

2013-ին Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից հստակ տարբերվում էր մի կարևոր հատկանիշով: Այն է՝ ՀՀ-ում երբևէ սահմանադրության փոփոխության փորձ չէր կատարվել իշխող անձի կամ կուսակցության իշխանությունը երկարաձգելու նպատակով, սակայն 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունները փոխեցին իրավիճակը: Ուշագրավ է, որ այս փոփոխությունների հայեցակարգը հրապարակվեց Եվրասիական ուղին բռնելու հենց հաջորդ օրը՝ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին: Փոփոխությունների հանրաքվեի օրինականությունն իր հերթին կասկածների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով դրանց ընթացքում արձանագրված բռնություններն ու կեղծիքները։ Այս հանրաքվեով Հայաստանը  Բելառուսի և Ղազախստանի օրինակով փոխեց սահմանադրությունը՝ հանուն իշխող անձի (Հայաստանի դեպքում՝ կուսակցության) իշխանության անժամկետ պահպանման: Ի տարբերություն ԵԱՏՄ հիմնադիր երեք անդամներ-երկրների, որոնք Նազարբաևի, Պուտինի և Լուկաշենկոյի ղեկավարությամբ բռնել են միանձնյա կառավարման ավտորիտար մոդելի ուղին, Հայաստանը գնում է կոնկրետ կուսակցության ավտորիտար կառավարման ճանապարհով, ինչը և ապացուցվեց 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Ուշագրավ է, որ Ղրղզստանում ևս 2016թ. տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, որոնք ընդլայնել են վարչապետի արտոնությունները։

2.Ընտրությունների ինստիտուտի հանդեպ համապարփակ թերահավատություն

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անցան քաղաքական անտարբերության մթնոլորտում։ Տեղական և միջազգային դիտորդական առաքելություններն արձանագրեցին ընտրակաշառքի կիրառման լայնածավալ դեպքեր։ Այսպես, օրինակ, Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի զեկույցը նշում է, որ ընտրակաշառքների և հանրային ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկությունները նպաստեցին հանրության կողմից ընտրությունների նկատմամբ ընդհանուր վստահության ու հավատի բացակայությանը: Այս պատճառներին կարելի է ավելացնել նաև նոր սահմանադրական կարգով նախատեսված ընտրական համակարգի վերաբերյալ հասարակության բավարար չափով տեղեկացված չլինելը։ Ավելին՝ 2017թ. մայիսի 14-ին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների մասին Եվրոպայի խորհրդի զեկույցը ևս շեշտադրել էր Հայաստանում քաղաքական ապատիայի աճն ու դրանից բխող ցածր հետաքրքրությունը ՏԻՄ ընտրություններով։[12]

Ընտրությունների հանդեպ նմանօրինակ անվստահությունը և որպես պետականաշինության գործիք դրանց հանդեպ հավատի կորուստը Հայաստանում թերևս նորություն է։ 2017թ. ապրիլ և մայիս ամիսներին ՀՀ խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների հանդեպ հասարակական անուշադրությունն ու անվստահությունը անկախության տարիների համար աննախադեպ էին։ Այս գործընթացը միանշանակ հստակ հակաժողովրդավարական է և ընտրությունները վերածում է ձևական մեխանիզմի։ Ուշագրավ է, որ ԵԱՏՄ հիմնադիր անդամ-երկրների համար ընտրությունները վաղուց արդեն ձևական մեխանիզմի են վերածվել։ Այսպես, օրինակ, ՌԴ-ում իշխանափոխություն տեղի չի ունեցել արդեն 17 տարի (եթե չհաշվենք Պուտին-Մեդվեդև ձևական «վարչապետ-նախագահ» դերերի փոփոխությունը), Ղազախստանում՝ 26 տարի, Բելառուսում՝ 23 տարի։ Բացառություն է կազմում Ղրղզստանը, սակայն վերոնշյալ սահմանադրական փոփոխությունները և վարչապետի արտոնությունների ընդլայնումը ստեղծում են համապատասխան հող նույնանման սցենարի կրկնության համար։

3. Խաղաղ ցույցերի և բողոքների հանդեպ բռնության աճ

2016թ. հուլիսին ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած խաղաղ ցույցերի ցրման մեխանիզմները ևս վկայում են Հայաստանում ավտորիտար միտումների ամրապնդման մասին։ Մասնավորապես, հուլիսին զանգվածաբար կիրառվեցին հատուկ միջոցներ՝ անհամաչափ և ոչ իրավաչափ կերպով։[13] Հուլիսի 20-ին և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, հատուկ միջոցների կիրառմամբ, խախտվեցին մի շարք ընթացակարգային նորմեր, որոնք իրենց հերթին հանգեցրին մարդու իրավունքների կոպտագույն խախտումների։ ՀՀ Հատուկ քննչական ծառայության որոշումներով 2016 թվականի հուլիսի 29-30-ն ոստիկանության գործողությունների հետևանքով կրած վնասների համար տուժող է ճանաչվել 152քաղաքացի։

2016 թվականի հուլիսի 17-30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից բերման են ենթարկվել մոտ 726 քաղաքացիներ, այդ թվում՝ հավաքի վայրին հարող փողոցներում երթևեկող պատահական վարորդներ և անցորդներ, որոնք օգնություն են տրամադրել ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում տուժածներին:[14] Աճում է նաև ցույցերից և երթերից բերման ենթարկվածների ընդհանուր թիվը։ 2015 թվականին այս թիվը կազմել է մոտ 380 հոգի, իսկ 2016 թվականին արդեն մոտ է եղել 1000-ին: Մինչդեռ նախքան ԵԱՏՄ անդամակցությունը՝ 2014 թվականին, ոստիկանությունը ցույցերից ու երթերից բերման է ենթարկել ընդամենը 52 քաղաքացու։ Կարիք չկա անգամ հիշեցնելու, որ նմանօրինակ պրակտիկաներ տարիներ շարունակ կիրառում են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը, համեմատաբար քիչ՝ նաև Ղրղզստանը։

Այս հակաժողովրդավար պրակտիկաների կիրառման ցանկը կարելի էր ավելի ընդլայնել և ներառել քաղհասարակության դեմ քարոզչությունը, քաղբանտարկյալների թվի աճը, հակաժողովրդավարական օրինագծերի մշակումը՝ ինչպես, օրինակ, Տեղեկատվության ազատության մասին օրենքի նոր տարբերակը, սակայն վերոնշյալ օրինակներն արդեն իսկ բավարար են, որպեսզի պարզ դառնա, որ ԵԱՏՄ անդամակցության տարիները Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների պահպանման համար դրական չեն եղել։ Թե կա, արդյոք, ԵԱՏՄ անդամակցության և հակաժողովրդավարական պրակտիկաների միջև անմիջական պատճառահետևանքային կապ, դեռևս վաղ է պնդել, սակայն մի բան կարելի է արդեն վստահաբար պնդել՝ կան հստակ ընդհանրություններ և որոշակի միանման միտումներ, որոնք վնասում են Հայաստանում և Ղրղզստանում ժողովրդավարական արժեքներին։

 

[1] Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, աղբյուրը՝ http://www.parliament.am/parliament.php?id=constitution

[2]ՌԴ սահմանադրության հոդված 1, աղբյուրը՝ http://www.constitution.ru/10003000/10003000-3.htm

[3]Հոդված 1, Բելառուսի սահմանադրություն, աղբյուրը՝  http://pravo.by/pravovaya-informatsiya/normativnye-dokumenty/konstitutsiya-respubliki-belarus/

[4]Հոդված 1, Ղազախստանի սահմանադրություն, աղբյուրը՝  http://www.akorda.kz/ru/official_documents/constitution

[5]Հոդված 1, Ղրղզստանի սահմանադրություն, աղբյուրը՝  http://www.gov.kg/?page_id=263&lang=ru

[6]Ազգերն անցումային շրջանում տարեկան զեկույց 2014, Հայաստան, աղբյուրը՝ https://freedomhouse.org/report/nations-transit/2014/armenia

[7]Ազգերն անցումային շրջանում տարեկան զեկույց 2014, Ռուսաստան, աղբյուրը՝ https://freedomhouse.org/report/nations-transit/2014/russia

[8]Ազգերն անցումային շրջանում տարեկան զեկույց 2014, Բելառուս, աղբյուրը՝ https://freedomhouse.org/report/nations-transit/2014/belarus

[9]Ազգերն անցումային շրջանում տարեկան զեկույց 2014, Ղազախստան, աղբյուրը՝ https://freedomhouse.org/report/nations-transit/2014/kazakhstan

[10]Ազգերն անցումային շրջանում տարեկան զեկույց 2014, Ղրղզստան, աղբյուրը՝  https://freedomhouse.org/report/nations-transit/2017/kyrgyzstan

[11]Ժողովրդավարության ինդեքս, Economist Intelligence Unit, https://infographics.economist.com/2017/DemocracyIndex/

[12]Երևան քաղաքի ավագանու ընտրությունների (14 մայիս 2017) վերաբերյալ զեկույց, https://rm.coe.int/information-report-on-the-elections-to-the-council-of-elders-of-the-ci/1680750a5a

[13]Հայաստան. Ոստիկանական անհամաչափ ուժի կիրառում բողոքի ցույցի ընթացքում, https://www.hrw.org/hy/news/2016/08/04/292771

[14]Զեկույց «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016 թվականի հուլիսի 17-30» http://prwb.am/new/hy/2017/06/08/human-rights-violations-armenia-july-30-2017/

Share

Comments are closed.