Անդրկովկասը 2017 թվականին. հիմնական արդյունքներն ու դասերը  

 


Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ*
Քաղաքագետ
Մոսկվա

 

2017 թվականն Անդրկովկասի համար լի էր բազմապիսի իրադարձություններով։ Սակայն այս տարվա՝ որպես տարածաշրջանի պատմության մեջ ինչ-որ հեղափոխական ժամանակափուլի մասին խոսել չենք կարող։ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո անցած ութ տարում ստատուս-քվոն էապես չի փոխվել։ Լեռնային Ղարաբաղում «քառօրյա» պատերազմից հետո անպակաս էին 2017-ին համանման սցենարի կրկնությունը կանխատեսող վերլուծությունները։ Սակայն, ի հեճուկս հակամարտող կողմերի շփման գծում միջադեպերի մեծ թվի և բանակցություններում էական առաջընթացի բացակայության, անցած տարվա թեժացումը չի վերարտադրվել։

Հիմնական ներքաղաքական իրադարձությունները

2017-ը անդրկովկասյան երկրների համար ներքաղաքական իրադարձություններով հարուստ տարի էր։ Հայաստանում կայացել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Այս անգամ նախընտրական արշավը պարզ հերթապահ ընթացակարգ չէր, այլ կարևոր փուլ՝ սահմանադրական բարեփոխության իրականացման ճանապարհին։ Հենց պատգամավորական կորպուսի նորընտիր կազմն է վճռելու, թե ով կդառնա հանրապետության հաջորդ նախագահը։ Ընդ որում, պետության նոր ղեկավարի իրավասություններն էապես կրճատվելու և վերաբաշխվելու են վարչապետի և Ազգային ժողովի օգտին։ Իշխող Հանրապետական կուսակցությանը հաջողվել է չգործել այնպիսի ճակատագրական սխալներ, ինչպիսին, օրինակ, 2012-ին Վրաստանում համանման սցենարով թույլ է տվել «իշխանական» «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, իսկ հայաստանյան ընդդիմությունն էլ նախկինի պես չի կարողացել համախմբվել։ Գալիք տարվա գլխավոր ինտրիգն այն է, թե ի՞նչ կարգավիճակով է գործող նախագահ Սերժ Սարգսյանը պահպանելու հայկական քաղաքականության մեջ իր ներկայությունը։ Թե՛ Հայաստանի ներսում, և թե՛ նրա սահմաններից դուրս առանձնապես չեն կասկածում, թե հանուն ինչի է նախաձեռնվել սահմանադրական բարեփոխումը։ Խոսքը միջինասիական կամ ադրբեջանական ուղով ընթանալու (իմա՝ քաղաքական գործչի համար պաշտոնավարման ժամկետների սահմանափակումները վերացնելու) հնարավորություն չունեցող հեռացող նախագահի փաստացի ազդեցության պահպանման մասին է։

Ադրբեջանում, առանց որևէ չափազանցության, տարվա գլխավոր իրադարձությունը երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի նշանակումն էր առաջին փոխնախագահի պաշտոնում։ Ադրբեջանի ղեկավարի նոր կադրային նշանակումը լրագրողների, բլոգերների և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում զգալի հետաքրքրոություն է առաջացրել։ Իրավիճակին սրություն է հաղորդել այն, որ պետության երկրորդ դեմք է դարձել Ադրբեջանի «առաջին տիկինը»։ Իլհամ Ալիևի այս որոշումը շատերը գնահատել են համարյա որպես նրա անձնական իշխանությունն ամրապնդելուն միտված  ավտորիտար առաջնորդի իռացիոնալ քայլ։ Սակայն այսպիսի «վուլգար-օրիենտալիստական» մեկնաբանությունն առանձնապես արդյունավետ չէ ադրբեջանական ներքին գործընթացները հասկանալու համար։ Չէ՞ որ Մեհրիբան Ալիևան, բացի իր ընտանեկան կարգավիճակից, երկար տարիներ մեծ քաղաքականության մեջ է։ Ընդ որում, այս բոլոր տարիներին նա զբաղեցնում էր պաշտոնական դիրքեր (խորհրդարանի պատգամավոր, Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ)։ Փորձագիտական հանրությունը երբեք կասկածի տակ չի առել նրա դերը կարևոր որոշումներ ընդունելու հարցում։ Այսպիսով, ակնառու է ոչ միայն «ընտանեկան կառավարման» ամրապնդումը, այլև նախագահի տիկնոջ քաղաքական կշիռն առարկայաբար արտացոլող կարգավիճակի պաշտոնականացումը։ Ընդ որում՝ 2018-ի ընտրարշավի նախաշեմին ոչ մի անակնկալ չի կանխատեսվում։ Ադրբեջանական ընդդիմությունը ոչ միայն ճզմված է ավտորիտար իշխանության կողմից, այլև քաղաքականապես մասնատված է. նրանում ակներեւաբար բացակայում են նոր գաղափարներ և նոր մարդիկ։

Եթե անդրադառնանք արտաքին գործոններին, ապա Բաքվին հաջողվում է խուսափել ԱՄՆ-ի և ԵՄ երկրների ճնշումից՝ ի հեճուկս նրանց կողմից հնչող ադրբեջանական ներքին քաղաքականության քննադատության և տարբեր սկանդալային պատմություններում հայտնվելու դեպքերից։ Այս տեսանկյունից հատկանշական էր ազդեցիկ բրիտանական «Guardian» պարբերականում և մի շարք այլ եվրոպական ԶԼՄ-ներում լույս տեսած հրապարակումը։ Լրագրողական հետաքննության արդյունքում հայտնաբերվել է կոռումպացված ցանց, որի միջոցով ադրբեջանցի քաղաքական գործիչները իրականացնում էին լոբիստական գործունեություն ԵՄ երկրներում և մի շարք միջազգային կազմակերպություններում։ Բայց արդյո՞ք սա դարձավ Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կամ Վաշինգտոնի ու Բրյուսելի քաղաքական առաջնահերթությունների վերանայման առիթ։ Այս հարցի պատասխանը հռետորական է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Արևմուտքն Ադրբեջանը համարելու է «վստահելի էներգետիկական գործընկեր» և դեպի Եվրոպա առանց հնարավոր ռուսաստանյան մասնակցության ածխաջրածների մատակարար։ Ռուսաստանի հետ նոր «սառը պատերազմը» և Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հայտնվելուց հետո Իրանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը կրկին մեծացրել են Ադրբեջանի «աշխարհաքաղաքական կապիտալիզացումը»։

Վրաստանում տարվա կարևորագույն իրադարձությունը նոր սահմանադրական փոփոխությունների հերթական փաթեթի ընդունումն էր։ Փոփոխությունները նախաձեռնել է «Վրացական երազանք» կուսակցությունը, որին փաստացի կերպով հաջողվել է սեփականաշնորհել բարեփոխումների ընթացքը։ Սա 2016-ի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի տրամաբանական հետևանք էր։ Տիրանալով սահմանադրական մեծամասնությանը՝ «երազողները» փաստորեն զրկել են ընդդիմությանը փոփոխությունները քննարկելու և ընդունելու գործընթացից և կարողացել են վրաց քաղաքական միջավայրը մոդելավորել իրենց շահերին համապատասխան։ Նախագահի իրավասությունները կրճատվելու են, իսկ խորհրդարանական ընտրությունների պայմանները, վարչական պաշարի համապատասխան գործադրման պարագայում, նպաստելու են «իշխող կուսակցության» տիրապետող դիրքերի պահպանմանը։ Մի նրբություն. ի տարբերություն նավթով հարուստ Ադրբեջանի, որը Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ կարևոր էներգետիկ գործընկերն է, Վրաստանն ունի ավելի մեծ կախում իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների կարծիքից։ Նրանց համար Վրաստանում ավտորիտար միտումների ամրապնդումն, անշուշտ, առաջին մարտահրավերը չէ (կարևոր է, որ Թբիլիսին չշեղվի արտաքին քաղաքականության եվրաատլանտյան ուղեգծից), բայց, միաժամանակ, առանձնապես ընդունելի չէ։ Ուստիև Վրաստանը պետք է հաղթահարի սահմանադրական փոփոխությունների ևս մեկ փուլ՝ առանց անտեսելու Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի դիտողությունները։ Ընդ որում, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի խոսքերով՝ «Սահմանադրության շուրջ սկզբունքային քննարկումներն ավարտվել են»։ Իշխող կուսակցությունը հազիվ թե մտադիր է սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկումներն անցկացնել ընդդիմության ակտիվ ներգրավմամբ, հատկապես, որ վերջինս ծանր կացության մեջ է (նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը երկփեղկված է)։

Թեժ և սառեցված կետեր

Տարածաշրջանի հակամարտային դինամիկայի տեսանկյունից Անդրկովկասի ամենավտանգավոր կետը դարձյալ Լեռնային Ղարաբաղն էր։ Թեև հնարավոր եղավ խուսափել «քառօրյա պատերազմի» կրկնությունից, այդուամենայնիվ՝հակամարտող կողմերի շփման գծում արձանագրվել են միջադեպեր։ Իրավիճակն առավելս լարված է եղել 2017-ի փետրվարին, մայիսին, հունիսին, հուլիսին և հոկտեմբերին։ Ընդ որում, բախումները մեկընդմիջվում էին բանակցություններով, իսկ տարեվերջին մենք ականատես եղանքլ խաղաղ գործընթացի նկատելի ակտիվացմը, որն արտացոլվեց թե՛ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳՆ ղեկավարների հանդիպումներով, թե՛ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցերով, և թե՛ Սերգեյ Լավրովի անդրկովկասյան շրջայցի և Վիեննայում ԵԱՀԿ նախարարական ձևաչափով ընթացած կարգավորման հեռանկարների քննարկմամբ։

Կարծում եմ, որ այս ակտիվությունը բացատրելի է։ Ամենայն հավանականությամբ, խոսքը ոչ թե որոշակի փոխզիջումային քաղաքական որոշման մերձենալու, այլ բանակցային «լճացման» ծրագրված նախապատրաստության մասին է։ «Լճացումը» պետք է սկսվի 2018-ին։ Հայաստանում և Ադրբեջանում տեղի կունենան ընտրություններ, ընդ որում՝  առաջին դեպքում կարևոր է ոչ թե նախագահի ընտրության բուն ընթացակարգը, այլ նոր կամ «հին նոր» իշխանական ձևաչափի կազմավորումը։ Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն զիջումներն ու փոխզիջումները քննարկելու ժամանակ չեն ունենա։ Ընդհակառակը՝ բացառված չէ պոպուլիզմի և հատկապես ադրբեջանական կողմից ռազմական միջադեպերի թվի աճը, քանի որ գոյություն ունեցող ստատուս-քվոն ընդունելի չէ հենց Ադրբեջանի համար։  Միաժամանակ, ի տարբերություն հախուռն Միխեիլ Սաակաշվիլու՝ զգուշավոր Իլհամ Ալիևը ընտրությունների նախաշեմին խուսափելու է անհարկի անակնկալներից։ Այնուամենայնիվ, առկա է որոշակի ռազմական «թեսթավորման» վտանգ, որը ներկայացվելու է իբրև առանց երկարատև հակամարտության մեջ ներքաշվելու ցանկության «տարածքները վերադարձնելու» վճռականության ապացույց։ Ընդ որում, այսպիսի փորձերը շատ վտանգավոր են, քանի որ սոսկ մեկ անգամ օգտագործվելով՝ դրանք ստեղծում են բանական մոտեցումներին ոչ միշտ ենթակա սեփական տրամաբանություն։

Ընդսմին, համանախագահող երկրները ջանալու են իրավիճակը հսկողության տակ պահել։ Այստեղ շատ բան կախված է արդեն ոչ միայն ու ոչ այնքան բուն ղարաբաղյան դինամիկայից, որչափ «ֆոնային գործոններից»։ Ցայսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության փաստացի միակ հարթակն է։ Բայց թե ինչ չափով է խաթարվելու այս համագործակցությունը մնացած բոլոր ուղղություններով՝ Ուկրաինայից  մինչեւ սպառազինությունների վերահսկողության խնդիրը, հռետորական հարց է։

Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի՝ Աբխազիան և Հարավային Օսիան խաղաղության և անդորրի օազիսներ են։ Ռուսաստանը երաշխավորում է նրանց սոցիալ-տնտեսական աջակցությունը, ապահովում է նրանց փաստացի սահմանների անձեռնմխելիության ռազմական երաշխիքները։ Վրաստանը ու ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի իր գործընկերները չեն ճանաչում «անդրկովկասյան նոր իրողությունները», բայց և չեն ջանում փոփոխել դրանք։ Այսինքն, խնդիրների մի խումբը փոխարինվել է դրանց մեկ այլ խմբով։ Վրաստանի գործոնը և նրա նախկին ինքնավարությունների ենթակառուցվածքի հնարավոր ոչնչացման հեռանկարները ներկայիս օրակարգից դուրս են։ Իսկ Ռուսաստանի դերը երկու մասնակի ճանաչված հանրապետությունների զարգացման արդյունավետ կառավարումն իրականացնելու հարցում դուրս է եկել առաջին պլան։ Սակայն այստեղ էլ ոչ բոլոր հարցերն են ստանում համարժեք լուծում։

Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչությունը դժգոհություն է հայտնում հիշյալ «նոր իրողություններից» առավելապես շահած վերնախավերից։ Ասվածի վառ վկայությունն են 2017-ին Աբխազիայում կայացած խորհրդարանական և Հարավային Օսիայում՝ նախագահական ընտրությունները։ Աբխազիայում ընտրությունների առաջին փուլից հետո զբաղեցվել են միայն 12 մանդատներ, իսկ բարձրագույն ներկայացուցչական մարմնից դուրս են հայտնվել մի շարք “ծանրքաշային” քաղաքական գործիչներ` Սերգեյ Շամբան, Վյաչեսլավ Չիրիկբան, Վալերի Բգանբան։ Կովկասագետ Ալեքսանդր Սկակովն արդարացիորեն նկատել է. «Այս ընտրությունները, նախ և առաջ, ցույց են տվել, որ անցած գումարման խորհրդարանն, ըստ էության, չէր համապատասխանում աբխազական հասարակության սպասելիքներին և պահանջներին»։ Հարավային Օսիայում նախագահական ընտրություններն ընթացել են մեկ փուլով, որում հաղթել է ՀՕՀ Ազգային ժողովի նախագահ Անատոլի Բիբիլովը, որն իր ընտրարշավը կառուցել է գործող իշխանության և իր նախորդի՝ Լեոնիդ Տիբիլովի նախագահական թիմի քննադատության վրա։ Այս համապատկերում կարևոր է նկատել, որ Մոսկվան, շահագրգիռ լինելով կայունության և նախկին ղեկավարության պահպանմամբ, ընտրությունների ընթացքին հավելորդս չի միջամտել և ընդունել է դրանց արդյունքները։ Ի վերջո, և՛ Բիբիլովը, և՛ տարբեր քաղաքական ճամբարներին պատկանող աբխազական խորհրդարանի պատգամավորները Մոսկվային՝ որպես իրենց երկու հանրապետությունների հովանավորի, այլընտրանք չեն տեսնում։

Առանձնակի պետք է նշել նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) տիրող քաղաքական դինամիկան։ Թեև Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում ներառված չէ, իսկ նրա անկախությունը չի ճանաչել անգամ Հայաստանը, անտեսել այդ կազմավորման մեջ տեղի ունեցող զարգացումները չի կարելի, քանի որ յուրաքանչյուր հակամարտություն ոչ միայն տարածքի, այլև այնտեղ ապրող բնակչության ճակատագրի մասին վեճ է։ 2017-ի փետրվարին ԼՂՀ-ում կայացել է սահմանադրական հանրաքվե։ Հիմնական օրենքի փոփոխության նախագծի օգտին քվեարկել է ընտրողների 87, 6 %-ը, իսկ դեմ՝ 9, 7%-ը։ Կատարված փոփոխությունները ոչ միայն ամրապնդել են նախագահական ուղղաձիգը, այլև հանրապետության գործող նախագահին փաստորեն հնարավորություն են տվել պահպանել իր իրավասությունները մինչև 2030թ.։ Սույն թվականի հուլիս ամսին Բակո Սահակյանը, ինչպես և սպասվում էր, երկրի նախագահ է ընտրվել ԼՂՀ խորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությամբ։

Ուսուցողական պատմությո՛ւն, հատկապես այն համատեքստում, որ 1990-ականների և 2000-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղը նախկին ԽՍՀՄ տարածքում չճանաչված կազմավորումների համար ժողովրդավարական չափանիշներ սահմանողն էր։ Սակայն ղարաբաղյան սահմանադրական բարեփոխումների առնչությամբ արժե նկատի ունենալ մի շատ կարևոր հանգամանք։ Խոսքը վերջինիս՝ անվտանգության հարցերից ծանրագույնս կախված լինելու մասին է։ Սա թույլ է տալիս հասկանալ, թե ինչու, այսպես կոչված, վարչական պաշարի կողքին նախագահական իշխանության ամրապնդման նախաձեռնությունը համահունչ էր շփման գծում ռազմական միջադեպերին ի մոտո ծանոթ շարքային ղարաբաղցիների ակնկալիքներին։  Շփման գծում չդադարող լարվածությունը, ինչպես նաև անցած տարվա թեժացման հետևանքները և նմանատիպ սցենարների չկրկնվելու հստակ երաշխիքների բացակայությունը ստիպում են ժողովրդավարությունը երկրորդ պլան մղել՝ նախապատվությունը տալով անվտանգությանը։

 

*Հեղինակը Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ է։

 

 

Share

Comments are closed.