Անցած տարվա գլխավոր իրադարձությունները Հարավային Օսիայում



Աննա ՉՈՉԻԵՎԱ
Լրագրող
Ցխինվալ

 

Անցած տարվա գլխավոր իրադարձությունները Հարավային Օսիայում եղել են նախագահական ընտրությունները, երկրի վերանվանման մասին հանրաքվեն, ռուսաստանյան ֆինանսական աջակցության նկատելի նվազումը, բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը և ՀՕՀ պատմության մեջ առաջին ռոք-փառատոնը։

2017 թվականն սկսվել է նախագահական աթոռին հավակնող թեկնածուների վարած ակտիվ  ընտրարշավով։ Ընտրությունները համատեղվել են երկրի վերանվանման մասին հանրաքվեով և տեղի են ունեցել ապրիլի 9-ին։ Գործող իշխանությունն՝ ի դեմս նախագահ Լեոնիդ Տիբիլովի, քաղաքացիներին առաջարկել է քվեարկել երկրի նոր՝ «Հարավային Օսիայի Հանրապետություն՝ Ալանիա պետություն» անվան օգտին (ՀՕՀ-ԱՊ)։Ընտրություններում գլխավոր թեկնածուներն էին գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովը, խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը և նոր ու սակավածանոթ երիտասարդ թեկնածու՝ ՊԱԿ աշխատակից Ալան Գագլոևը։

Ռուսաստանյան մամուլը գրում էր, որ Կրեմլի նախընտրած թեկնածուն Տիբիլովն էր։ Եվ շատերն, իրոք, վստահ էին, որ նա կվերընտրվի։ Այդպես կարծելու համար կային մի շարք պատճառներ։  Տիբիլովի օրոք Ցխինվալն արագընթաց վերակառուցվում էր. կառուցվում էին նոր շենքեր, ասֆալտապատվում ճանապարհներ։  Ի տարբերություն հետպատերազմյան առաջին տարիների համատարած ամայության և ՌԴ հատկացրած ֆինանսական օգնության աննախադեպ թալանի՝ Տիբիլովի օրոք վերականգնողական աշխատանքների տեմպերն արագ էին։ Նրա կառավարման արդյունավետությունը շահել է ոչ միայն նրա կողմնակիցների, այլև հակառակորդների համակրանքը։ Տիբիլովի խոստացած հանրային համերաշխությունն ու կայունությունն իրականություն են դարձել։ Սա շատ փորձագետներ էին նշում։

2017թ. ընտրությունների արդյունքները շատերի համար անսպասելի էին։ Հաղթեց Անատոլի Բիբիլովը։ Բիբիլովի կողմնակիցներն անմիջապես նրան անվանեցին «ժողովրդական նախագահ», հավանաբար, նկատի ունենալով, որ նրա օգտին քվեարկել է քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, թեև նա ստացել է ձայների 57. 9%-ը, գործող նախագահը՝ 30%-ը, իսկ երրորդ թեկնածու Գագլոևը՝ 11. 02%-ը։ Համեմատության համար՝ 2006թ. Էդուարդ Կոկոյտիի օգտին քվեարկել էր ընտրողների 98. 1%-ը։

Հիշեցնենք, որ Անատոլի Բիբիլովը նախագահի թեկնածու է եղել դեռևս 2011թ.։ Դրանք ՀՕՀ-ում ամենաաղմկահարույց ընտրություններն էին։ Այն ժամանակ Մոսկվայի թեկնածու համարված Բիբիլովը պարտություն էր կրել ընդդիմության թեկնածու՝ կրթության նախկին նախարար Ալլա Ջիոևայից։ Ընտրությունների այդպիսի արդյունքները լիովին անընդունելի էին հեռացող նախագահ Էդուարդ Կոկոյտիի համար։ Բիբիլովի թեկնածությունն առաջադրած «Միասնություն» կուսակցության անդամները, հայտարարելով ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումների մասին, բողոքարկել են քվեարկության արդյունքները, իսկ ՀՕՀ Գերագույն դատարանը, ընդառաջելով նրանց հայտին, չեղարկել է դրանք։ Իրավիճակը շիկացել էր ռազմական դիմակայության վերածվելու աստիճան։ Երկարատև բանակցություններից հետո կողմերը համաձայնության եկան. նշանակվեցին նոր ընտրություններ, որոնցում Լեոնիդ Տիբիլովը դարձավ փոխզիջումային թեկնածու և լիարժեք հաղթանակ տարել։

Բիբիլովի գլխավոր խոստումը թե՛ խորհրդարանական, և թե՛ նախագահական ընտրություններում երկրի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելն էր։ Թվում էր, որ իշխանության գալով՝ նա անմիջապես նախաձեռնելու է այս հարցին վերաբերող հանրաքվե, քանի որ մինչ այդ նա հայտարարում էր, որ կառավարությունն արգելակում էր այդ ուղղությամբ իր աշխատանքը։ Սակայն ՌԴ-ի հետ միավորվելու թեման հետզհետե նահանջեց ԶԼՄ-ների առաջին էջերից, իսկ այժմ դրա մասին ընդհանրապես չեն խոսում։

Ապրիլի 9-ին հարավային օսերը քվեարկեցին նաև պետության վերանվանման օգտին. այժմ երկրի աբողջական անվանումը «Հարավայի Օսիայի Հանրապետություն – Ալանիա պետություն» է։

Այս տարվա ամռանը հայտնի դարձավ, որ ՌԴ-ն նվազեցնում է ՀՕՀ-ԱՊ-ին տրամադրվող աջակցության ծավալները։ Համեմատության համար՝ նախկինում Հարավային Օսիայի վերականգնման և զարգացման Ներդրումային ծրագրի շրջանակներում Հարավային Օսիային տրամադրվում էր մոտ ինը միլիարդ ռուբլի. այժմ այդ գումարը նվազել և հասել է երեք միլիարդի։ 2008թ. պատերազմից հետո ՀՕՀ վերականգնման համար հատկացված ահռելի գումարներն ամբողջությամբ յուրացվել են, իսկ մեղավորները պատժի չեն ենթարկվել։ Հասկանալի է, որ ՌԴ-ն սեփական ֆինանսական խնդիրների՝ նավթի գնի նվազման, Ղրիմի տնտեսության մեջ կատարվող ահռելի ներդրումների և այլ անհրաժեշտությունների պատճառով սկսել է ավելի բծախնդրորեն ծրագրել իր ծախսերը։ Ռուսաստանյան ԶԼՄ-ների ընդգծմամբ՝ ժամանակն է, որ Հարավային Օսիան ինքը սկսի գումար աշխատել։ «Ռուսաստանյան գումարները շատ կամայականորեն են ծախսվում, իսկ Հարավային Օսիայի տնտեսությունը չի զարգանում»,- գրում է Ռոսբալտը։ Հավանաբար, սա կստիպի ՀՕՀ կառավարությանն ավելի շատ մտածել սեփական տնտեսության մասին։  Միգուցե հենց այդ պատճառով է ՀՕՀ-ԱՊ նախագահ Բիբիլովը հանձնարարել համակողմանիորեն սատարել գործարարներին և ակտիվորեն զբաղվել ներդրումների խրախուսմամբ։

Հեռացող տարում շարունակվել է Հարավային Օսիայի միջով «հայկական տարանցիկ ուղու» գործարկման հնարավորության քննարկումը, որը սկսվել է 2016թ., երբ Հայաստանը Ռուսաստանին և Վրաստանին կոչ է արել ժամանակավորապես բացել Հարավային Օսիայի միջով տրանսպորտային հաղորդակցությունը։

Ռուսաստանի պետքարտուղար՝ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2011թ. ստորագրված Առևտրի մաքսային վարչարարության և մշտադիտարկման սկզբունքների մասին ռուս-վրացական միջկառավարական համաձայնագրի գործարկման հարցը։

Համաձայնագիրը ենթադրում է Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև հավելյալ տրանսպորտային միջանցքների բացումը՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը խթանելու համար։ Այդպիսի տարանցիկ միջանցքներից մեկը ենթադրվում է անցկացնել ՀՕՀ տարածքով։

Այս տարվա հուլիս ամսին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Հարավային Օսիայի արտաքին-քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Մեդոևի միջև բանակցություններ։ Հանդիպման արդյունքներով կայացած մամլո ասուլիսի ժամանակ Տրանսկամի միջով տարանցիկ տրանսպորտային ուղի բացելու թեման, ըստ էության, գլխավորն էր։

Մեդոևը հայտարարել է, որ «Հարավային Օսիայի Հանրապետության  նախագահը սանկտպետերբուրգյան տնտեսական համաժողովի ժամանակ արդեն հայտարարել է, թե Հարավային Օսիան պնդելու է, որ պատրաստ է մասնակցել այդ նախագծին որպես իրավահավասար կողմ, և եթե այդպիսի մոտեցումն ընդունելի է մյուս կողմերի համար, ապա մենք ոչ մի խոչընդոտ չենք տեսնում այդ նախագծին մեր մասնակցությունը բերելու համար»։

Որոշ ռուսաստանյան փորձագետներ պնդում են, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ Վրաստանը և ո՛չ իսկ ՌԴ-ն իրականում շահագրգռված չեն Հարավային Օսիայի տարածքով տարանցիկ հաղորդակցության հաստատմամբ, քանի որ արդեն իսկ գործում են «Վերին Լարս» մաքսային անցակետը և Բաթում-Նովոռոսիյսկ ծովային ուղին։ Սակայն Վերին Լարսով անցնող ճանապարհը, եղանակային պայմանների բերմամբ, երբեմն ամիսներով փակ է լինում։ Միակ՝ գործնականում հարմար և տրամաբանված ցամաքային տարանցիկ միջանցքը Հարավային Օսիայով և Աբխազիայով անցնող ճանապարհներն են։ Տրանսկամը 90-ականներին արդեն մի քանի անգամ փրկօղակ է դարձել հայ բեռնափոխադրողների համար։ Սակայն Վրաստանը հստակորեն հասկացրել է, որ Հարավային Օսիայի պայմանն իր համար անընդունելի է։

Անցնող տարվա ամենաաղմկահարույց իրադարձություններից էր ՀՕՀ-ԱՊ նախկին կապի նախարար, 2008թ. Հարավային Օսիայի բարձրագույն պարգև՝ Հայրենիքի առջև մատուցած ծառայությունների համար Ուացամոնգի շքանշան ստացած արտաքին հետախուզության գործող գնդապետ Գիորգի Կաբիսովի ձերբակալությունը։ Սա ՀՕՀ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ բարձրաստիճան պաշտոնյան ներդրումային գումարների հափշտակման առնչությամբ քրեական գործի շրջանակում մեղադրյալ է դառնում։

Կաբիսովի կողմը ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներով է մեկնաբանում, քանի որ Կաբիսովն անկախության կողմնակից էր և հաճախ Բիբիլովի հետ բանավիճում էր վերջինիս՝ դեռևս խորհրդարանի նախագահ եղած ժամանակ։ Կաբիսովը պարբերաբար քննադատում էր Բիբիլովի գործունեությունը նաև նրա՝ Հարավային Օսիայի ԱԻՆ վարչության ղեկավար լինելու շրջանում։

Գլխավոր դատախազ Ուրուզմագ Ջագաևը պնդում է, որ խոսքը քրեական գործի մասին է։ Կաբիսովը մեղադրվում է հանրապետության վերականգնման համար ստացված ներդրումային գումարների յուրացման և հանրապետության տարածքում գործող մի շարք խոշոր հարկատու ընկերություններից խարդախ ճանապարհով գումարների արտահոսքն իրականացնելու սխեմաների մշակման մեջ։

Կաբիսովն «Օստելեկոմ» բջջային կապի օպերատորի տնօրենների խորհրդի անդամ էր։ Այդ ընկերության սահմանած բարձր սակագները երկար տարիներ դժգոհություն են հարուցել համացանցի օգտատերերի շրջանում։ Որոշ տվյալների համաձայն՝ «Օստելեկոմի» ստուգումների ժամանակ բացահայտվել են խախտումներ, իսկ դատախազությունը ստուգում է Կաբիսովի՝ դրանց մեղսակից լինելու հավանականությունը։

Նախկին նախարարի կողմը պնդում է, որ Կաբիսովը պատրաստվում էր արտոնել բջջային կապի նոր օպերատորի մուտքը, որ կհանգեցներ սակագների իջեցման՝ հարուցելով իշխանությունների դժգոհությունը։

Առողջապահությունը ՀՕՀ ամենախնդրահարույց ոլորտներից է։ Նոր կառավարությունը ՌԴ Առողջապահության նախարարության հետ պայմանավորվածություն է կնքել՝ հանրապետության՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բնակչությանը (ՀՕՀ բնակչության ավելի քան 90%-ը) բժշկական ծառայություններ մատուցելու վերաբերյալ։ Այժմ նրանք կարողանալու են ՀՕՀ տարածքում օգտվել ռուսաստանյան բժշկական փաթեթներից։

Ծանր հիվանդները անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար հաճախ ստիպված են մեկնել Վրաստան։ Մեծ մասամբ Հյուսիսային Օսիա հիվանդներին փոխադրելու դժվարությունները կապված են ձմռանը տրանսկամյան մայրուղու դժվարանցանելիության հետ։ Այս խնդիրը վաղուց օրակարգային է։

Ձեռք է բերվել փրկարար նպատակների և ծանր հիվանդների հրատապ տեղափոխման համար Հարավային Օսիային ուղղաթիռ տրամադրելու պայմանավորվածություն։  Սանիտարական ավիացիան էապես դյուրացնելու է քաղաքացիներին Հյուսիսային Օսիայի և ՌԴ այլ սուբյեկտների տարածք տեղափոխելը։

Հարավային Օսիայի մշակութային կյանքում այս տարի տեղի է ունեցել ուշագրավ իրադարձություն։ Երկրում առաջին անգամ կայացել է «Iron-Rok» ռոք-փառատոնը։ Հարավօսական երգիչներից բացի փառատոնին երաժշտական կատարումներով հանդես են եկել Աբխազիայից, Հյուսիսային Օսիայից, Ռուսաստանի այլ վայրերից և Դոնեցկից ժամանած երգիչներ։ Փառատոնին մասնակցել են հայտնի հարավօսական ռոք-երգիչներ Ասխար Ջիգկաևը, Գիորգի Գուչմազովը, Վադիմ Խարեբովը, Միտրո Տեդեևը։ Այս քառյակն իր երգերով դեռ խորհրդային տարիներին գրավում էր լավ երաժշտության սիրահարների սրտերը։ Այս իրադարձությունն իսկական տոն էր ցխինվալցի մելոմանների համար։ Ռոք-փառատոնը հավաքել է հարյուրավոր հանդիսատեսներ, որոնք մեծ հույս ունեն, որ այն ամենամյա կդառնա։

Share

Comments are closed.