Քաղաքական տարվա վրացական դասերը


Իրակլի ՃԻԽԼԱՁԵ

Լրագրող
Թբիլիսի

 

Վրաստանում 2017թ. քաղաքական տարին սկսվել է ամանորի տոներից անմիջապես հետո:Հունվարի 12-ին ամենախոշոր ընդդիմադիր ուժի` «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության շարքերը թողել են այս քաղաքական ուժի միանգամից մի քանի տասնյակ հիմնադիրներ և առաջնորդներ: Վրացական ԶԼՄ-ների տվյալներով` կուսակցությունից հեռացել են նրա տարբեր մակարդակի ղեկավարներից 60 հոգի, այդ թվում` տարիներ շարունակ ՄԱՇ առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլուն մերձավոր Գիգի Ուգուլավան, Գիգա Բոկերիան, Դավիթ Բաքրաձեն, Գիվի Թարգամաձեն, Գիորգի Ծերեթելին, Գիորգի Գաբաշվիլին, Խաթունա Գոգորիշվիլին, Իրմա Նադիրաշվիլին և շատ ուրիշներ:ՄԱՇ անդամ Նիկա Ռուրուան, արձագանքելով նախկին կուսակիցների  հեռանալուն, ասել է. «Հեռացան նրանք, ովքեր պետք է հեռանային, մնացին նրանք, ովքեր գործ են անելու»։

Հունվարի 30-ին «անջատողականները» հանրությանը  ներկայացրել են «Հանուն ազատության շարժում-Եվրոպական Վրաստան» նոր քաղաքական միավորումը:Հեռացածները ՄԱՇ տրոհման մեջ մեղադրել են Միխեիլ Սաակաշվիլուն, որն, իբր, միանձնյա է կառավարում շարժումը և ոչ ոքի լսել չի կամենում:Սաակաշվիլին, ընդհակառակը, նախկին կուսակիցների դավաճանությունը բացատրել է նախկին վարչապետ և օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու կողմից նրանց կաշառված լինելու հանգամանքով:

Նախկին կուսակիցները խոստացել են դառնալ երկրում «միակ քաղաքական ուժը» և «ապահովել պետության հաջողությունն ու ժողովրդի բարօրությունը»:Նոր կուսակցության առաջնորդներից` խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ նոր «եվրոպացիները» մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին:Նա նաև հաստատել է, որ «Եվրոպան Վրաստանի վերջնական նավահանգիստն է»:

Ընդ որում` Եվրոպա-Վրաստան հարաբերություններում հաջորդ քայլը կատարել է հենց Եվրամիությունը` մարտի 28-ին վերացնելով Վրաստանի հետ վիզային ռեժիմը:Այդ օրվանից Վրաստանի քաղաքացիները ստացել են կես տարվա ընթացքում մինչև 90 օր Շենգենյան գոտում գտնվելու հնարավորություն:Ազատ տեղաշարժը ներառում է ԵՄ 22 երկիր, ԵՄ կազմից դուրս 4 երկիր և Շենգենի գոտում ներառվելու 4 թեկնածու-երկիր։

Այսպիսով` վիզային ազատականացման մասին շուրջ հինգ տարի (2012թ. հունիսի 4-ից) տևած բանակցությունները բարեհաջող ավարտվեցին։

Մայիս-հուլիս ամիսներն անցան վրաց-ամերիկյան այցերի և հանդիպումների նշանի ներքո:ԱՄՆ այցելեցին Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխեիլ Ջանելիձեն, ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:Իսկ հուլիսի 30-ին Թբիլիսի ժամանեց ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:Վերջինիս այցը փորձագետների մեծ մասը գնահատեց որպես Սպիտակ տան նոր վարչակազմի աջակցության դրսևորում:Փենսն անձամբ է խոսել դրա մասին. «Ամերիկան Վրաստանի կողքին է», հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:

Օգոստոսի սկիզբը նշանավորվեց Թբիլիսիի և խոշորագույն ամերիկյան SSAMarine ընկերության միջև Վրաստանի ամենախորահուն Անակլիա նավահանգստի կառավարման մասին ներդրումային համաձայնության ստորագրմամբ:Ներդրումները կազմելու են շուրջ երկուս ու կես միլիարդ դոլար, իսկ բուն համաձայնագիրը ստացել է հերթական «դարի նախագծի» անուն:

Օգոստոսի երկրորդ կեսը Վրաստանի համար հիրավի «թեժ» էր. երկրի տարբեր շրջաններում բռնկվել են բազմաթիվ հրդեհներ:Հրդեհների ծավալն ու համատարած բնույթը կառավարությանը ստիպել են  հրշեջ աշխատանքներում ներգրավել նաև զինված ուժերին:Հակահրդեհային գործողություններին միացել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Թուրքիայի փրկարարները:Ռուսաստանի առաջարկած օգնությունից Վրաստանը հրաժարվել է:

Ինչ-որ փուլում հրդեհի տարերքը ձեռք բերեց քաղաքական երանգավորում. Բորժոմի կիրճում անտառի հրդեհված հատվածում հայտնաբերված բենզինի տարան առաջացրել է հրդեհների` դիվերսանտների գործ լինելու մասին տեսակետը: ՆԳՆ ղեկավարը նույնպես չի բացառել միտումնավոր հրդեհման մասին վարկածը:

Մինչ այդ Բորժոմի կիրճում զանգվածային հրդեհների պատճառ են դարձել 2008թ. օգոստոսին ռուսական ռմբակոծությունները:Այն ժամանակ հրդեհը մի քանի շաբաթ է տևել. հրդեհվել է 950 հա անտառածածկ մակերես, որից 250 հա` բացառիկ փշատերևային անտառը:Հետագայում` «Վերականգնում» ծրագրի շրջանակներում, Բորժոմի կիրճում ինը տարիների ընթացքում տնկվել են տարբեր ծառատեսակների ավելի քան 30 հազար տնկիներ:2017թ. հրդեհներից դրանց մեծ մասը կրկին վերացել է։

Արդեն կայացած ավանդույթի համաձայն` աշունը Վրաստանում քաղաքական ակտիվության շրջան է:Հենց աշնանը խորհրդարանն ընտրողներին նոր` փոփոխված Սահմանադրության տեսքով հերթական նվեր մատուցեց:Այն խորհրդարանի կողմից ընդունվել է երրորդ` վերջնական ընթերցմամբ:Սահմանադրական փոփոխություններն արժանացել են ընդդիմության քննադատությանը, որը ցուցադրաբար հրաժարվել է մասնակցել քվեարկությանը:

Նոր Սահմանադրությունը ճշգրտել և «ամրագրել» է ամուսնություն հասկացությունը` հռչակելով այն բացառապես տղամարդու և կնոջ միություն:Բացի դրանից` փոփոխություններն ազդել են նաև նախագահի ընտրության կարգի վրա. ուղիղ ընտրությունների միջոցով պետության ղեկավարին Վրաստանում վերջին անգամ ընտրելու են գալիք տարում:

Սահմանվել է Վրաստանի քաղաքացիությունից զրկելու արգելք:Փոխվում է խորհրդարանական ընտրությունների համակարգը` խառը ընտրակարգը փոխարինվում է համամասնականով, իսկ անցման շեմը կազմելու է ընդամենը 3%-ը:Ընդլայնվել է խորհրդարանակնների կողմից իմպիչմենտի ենթակա պաշտոնատար անձանց ցանկը, որում նախագահից, կառավարության անդամներից և գլխավոր աուդիտորից բացի այժմ տեղ են գտել նաև գլխավոր դատախազը և Գերագույն դատարանի դատավորները:

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում կայացել են ՏԻՄ ընտրությունները, որոնց բացարձակ հաղթողն ընտրողների ձայների 60%-ը ստացած «Վրացական երազանք» էր։Իսկ Թբիլիսիի նոր քաղաքապետ առաջին իսկ փուլում դարձել է Թբիլիսին «կյանքով լի քաղաք» դարձնելու խոստում տված նախկին ֆուտբոլիստ, էներգետիկայի նախկին փոխնախարար Կախա Կալաձեն:

Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ևս մեկ «դարի նախագծի»` Բաքու-Թբիլիսի-Կարս  (ԲԹԿ) երկաթուղու պաշտոնական բացումը:Առաջին գնացքն անցել է, իսկ ուղևորատար փոխադրումները կմեկնարկեն 2018թ.:Ուշագրավ է, որ ԲԹԿ մեկնարկը սկզբնապես նախատեսված էր 2016թ. վերջին:

Նոյեմբերի 13-ին վարչապետ Կվիրիկաշվիլին «քաղաքացիներին «ուրախացրել» է նախարարությունների, ուստի և նախարարների քանակը կրճատելու մասին որոշմամբ:18-ի փոխարեն Վրաստանում կմնան 14 նախարարություններ. կազմալուծվում են էներգետիկայի, գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության հարցերով, ինչպես նաև եվրոպական կառույցներին ինտեգրվելու նախարարությունները:Ընդ որում` իշխանությունները դժգոհ ընդդիմությանը չեն կարողացել մատնանշել տվյալ կրճատումներից ստացվելիք ֆինանսական օգուտները` այն խոստանալով անել առաջիկայում:

Եվ կրկին` ԱՄՆ:Այս անգամ Պետական դեպարտամենտը դրական եզրակացություն է տվել Վրաստանին ընդհանուր 75 միլիոն դոլար արժողությամբ հակատանկային Javelin  հրթիռային կայանքների վաճառքին:Սա «ամրապնդելու է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը և ազգային անվտանգույթունը Վրաստանի անվտանգության ամրապնդման շնորհիվ», – ասվել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության գործակալության հաղորդագրությունում։

Թբիլիսին առաջարկել է իրեն վաճառել 410 հրթիռ, 72 հրթիռային կայանք, ուսումնական 10 կայանք և հրթիռ:Գործարքի կնքումից հետո ԱՄՆ-ն ապահովելու է հիշյալ «տանկասպանների» փոխադրումն ու տեխնիկական սպասարկումը:

Javelin֊ի գործարքի հաջորդ իսկ օրը` նոյեմբերի 22-ին, Թբիլիսիում տեղի է ունեցել Ամերիկայի հետ անուղղակիորեն կապված ևս մեկ իրադարձություն. 20-ժամյա հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել են ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվող երեք հոգի: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սպանվածներից մեկը Միացյալ Նահանգների կողմից հետախուզվող ահաբեկիչ Ահմեդ Չաթաևն էր:

Իսկ 2017թ. ավարտվում է համարյա այնպես, ինչպես սկսվել էր. նրա հիմնական հերոսը կամ հակահերոսը (այս հարցում կան արմատապես տարբեր տեսակետներ) կրկին Միխեիլ Սաակաշվիլին է: Հիշեցնեմ, որ տարեսկզբին նրա ՄԱՇ կուսակցությունը երկփեղկվել էր, բայց կարողացել է երկրի քաղաքական դաշտում ներկայություն պահպանել` արձանագրելով  իր նախկին կուսակիցների հիմնադրած «Եվրոպական Վրաստանից» ավելի բարձր վարկանիշ: Սաակաշվիլին թեև ակնարկում էր, բայց Վրաստան վերադառնալ չի համարձակվել:

Դրա փոխարեն Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված «Նոր ուժերի շարժման» առաջնորդը սեպտեմեբրին կարողացել է Լեհաստանից Ուկրաինա ներխուժել և սկսել այդ երկրով իր քաղաքական շրջայցը` խոստանալով կազմակերպել մայդաններ և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտը:

Բայց ամենահետաքրքիրն սկսվել է դեկտեմբերին:Դեկտեմբերի 3-ին ուկրաինական ТВ NewsOne հեռուստատեսության եթերում Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրի իշխանությունները նախապատրաստում են նրա արտաքսումը կա՛մ Լեհաստան, կա՛մ Հոլանդիա:Այս անգամ նա խոստացել է մեկնել Վրաստան, նշելով, որ պատրաստ է այնտեղ բանտարկվելու:Նրա խոսքերը Վրաստանի իշխանությունները, հավանաբար, շատ նյարդայնորեն են ընդունել, քանի որ նրանց բոլորովին ձեռնտու չէ նոր քաղաքական գլխացավ ի դեմս Միխեիլ Սաակաշվիլու:

Այնպես է դասավորվեց, որ իր ձերբակալության մասին մարգարեացած Սաակաշվիլուն իրոք ձերբակալեցին, բայց` Կիևում: Սակայն նրա կողմնակիցները շուտափույթ ազատեցին նրան, որից հետո Սաակաշվիլին մինչև իսկ կարողացավ Ուկրաինայի խորհրդարանի պատերի մոտ հանրահավաք կազմակերպել:Դրանով Սաակաշվիլու արկածները չավարտվեցին. դեկտեմբերի 8-ին նրան կրկին ձերբակալեցին և տեղափոխեցին մեկուսարան:Այս անգամ նա մեկուսարանում ընդամենը մի քանի օր մնաց:Դեկտեմեբրի 11-ին նա ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից:Սաակաշվիլու կողակից` Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը հայտարարել է, որ կիևյան իրադարձությունները «Վրաստանում և Ուկրաինայում իրական պայքարի մեկնարկ են»:

Իհարկե, Վրաստանը պաշտոնապես պահանջում է Սաակաշվիլու արտահանձնումը.Կիևում էլ ձգտում են նրանից հնարավորինս շուտ ձերբազատվել:Հենց այս պատճառով Ուկրաինայում Միխո անուն ստացած Սաակաշվիլու հետագա ճակատագիրը շատ դժվար է կանխատեսել:

Դեկտեմբերի 14-ի դրությամբ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին ուկրաինացի պաշտոնյաների հետ գաղտնի բանակցություններ է վարում Սաակաշվիլուն Վրաստան արտահանձնելու հարցով:Կամ, ընդհակառակը, կիևյան ուժայիններին հորդորում է նրան Վրաստան չուղարկել:

Ահա այսպիսի կարճ անդրադարձ անցնող տարվա արդյունքներին:

Share

Comments are closed.