Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
ՌԱՀՀԿ տնօրեն
Երևան
Այս տարի լրացավ 1989թ. դեկտեմբերի 1-ին Արցախի Ազգային խորհրդի և Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված՝ վերամիավորման մասին համատեղ որոշման 30-ամյակը։ Այս ճակատագրական որոշմամբ էր պայմանավորվել հաջորդող տասնամյակներում հետագա բոլոր՝ ներքաղաքական և արտաքին-քաղաքական իրադարձությունների տրամաբանությունը։ Այդ ժամանակաշրջանի պետական քաղաքականության խորը հակասականությունը վայրկյան անգամ չի դադարեցրել բանավեճերը հայ հանրությունում։ Եվ այս վեճերն ամենևին էլ աբստրակտ բնույթի չէին, այլ թելադրված էին Հայաստանի քաղաքական կյանքում պարբերաբար երևակվող ճգնաժամային իրավիճակներով։ Այդուհանդերձ, այսօր ևս այս թեմայում պարզություն չի մտցվել։
Հայաստանի և Արցախի հասարակական-քաղաքական շրջանակներում վերամիավորման («Միացում») թեմայով քննարկումների աշխուժացման հերթական փուլը երևակվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո և ներկայումս լայն թափ է առնում։ Չեն մարում 1991 թվականին ընդունված պետական ակտերի էության մասին վեճերը, ինչի արդյունքում վերոնշյալ համատեղ նիստի որոշումը կասկածի տակ է դրվում։ Սույն թեմայով Ստեփանակերտի մամուլի ակումբի և «Հայկական ընտրություն» ՀԿ-ի (Երևան) նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին Ստեփանակերտում կազմակերպվել էր կլոր սեղան։ Համանման միջոցառում դեկտեմբերի 1-ին անցկացվեց Երևանում: Նշյալ քննարկումները մեկ անգամ ևս վկայեցին, որ շահագրգիռ հանրության մոտ ցայսօր կարծիքները համահունչ են։
Շատերը ցայսօր 1991 թվականի որոշումները համարում են Հայաստանի ազգային շահերի դավաճանություն: Մյուսներն այդպիսի որոշումների արդիականությունը հիմնավորում են Հայաստանի հետ Արցախի վերամիավորման խնդրի վերջնական լուծման ավելի արդյունավետ ուղիներ որոնելու անհրաժեշտությամբ: Հաջորդները գտնում են, որ Արցախի իրավաքաղաքական սուբյեկտայնությունն ուժեղացնում է նրա անվտանգության երաշխիքները: Առաջացած իրավիճակի վերաբերյալ կան այլ տեսակետներ ևս՝ ընդհուպ մինչև «անկախություն, թե միացում» բուն երկընտրանքը մտացածին համարողները:
Բայցևայնպես՝ քննարկվող բոլոր կարծիքներից անկախ, անցյալի իրավաքաղաքական խնդիրների բեռն իր պայմաններն է թելադրում: Չի ստացվում անտեսել ներկա պահի բազմաթիվ հիմնահարցեր, որոնք այդ որոշումներով են ձևավորված: Տարիների ընթացքում հայկական միջավայրում ծագած հանրային կարծիքների և իրարամերժ դիրքորոշումների բուն ներկապնակն այդպիսի հիմնախնդիրներից մեկն է: Նման հիմնախնդիրներից մեկն էլ հայ հանրության մեջ տարիների ընթացքում երևան եկած կարծիքների ու իրարամերժ դիրքորոշումների բուն ներկապնակն է։ Այդ կարծիքների փոխանակման շուրջը բանավեճեր կազմակերպելու փորձերը վկայում են, որ այսօր մենք գործ ունենք ազգային ու միջազգային քաղաքականության, ինչպես նաև անվտանգության ոլորտներում առկա հիմնախնդիրների ընկալման ու ըմբռնման խորքային հակասությունների հետ: Հենց այդ հակասական կարծիքներն են արտացոլված ինչպես բուն քննարկվող «Միացում»-ի, այնպես էլ նրա լուծման համար առաջարկվող ուղիների գնահատման հարցերում:
Այլ կերպ չէր էլ կարող լինել: Հայ հասարակությունը բախվում է այնպիսի հիմնարար խոչընդոտների, որոնք ծառանում են իրավական պետականություն կազմավորելու ուղին ընտրած էթնիկ հանրությունների առջև: Այստեղ հանելուկ չպետք է լինի՝ աշխարհի էթնոքաղաքական տեսլականը միշտ հակասության մեջ է քաղաքական աշխարհի գնահատման իրավական սանդղակի հետ: Էթնիկ հանրույթը միշտ վստահ է, որ գոյություն ունի ազգային պետություն կազմավորելու սեփական մշակույթ, և բոլոր քաղաքական իրողությունները գնահատում է այդպիսի պրիզմայով: Նման պայմաններում այն գործիչները, որոնք փորձում էին ազգային իրողություններն իմաստավորել իրավագիտակցության պրիզմայով, իրենք էին խճճվում էթնիկական ու իրավական փիլիսոփայության լաբիրինթոսներում:
Արցախի հիմնախնդրի դեպքում նշված իրավիճակը բարդանում է նրանով, որ 1991 թվականից սկսած` հայկական պետության իրավաքաղաքական մոդելը լղոզված գտնվեց: 1991-ին ընդունված` Հայաստանի անկախության Հռչակագիրը Հայաստանի Հանրապետության (ՀՀ) տարածք հայտարարեց Հայկական ԽՍՀ-ի և ԼՂԻ մարզի միավորված տարածքը: Այդ նույն թեզի վրա է հիմնվում 1995 թվականին ընդունված` ՀՀ սահմանադրությունը: Հաշվի առնելով, որ ՀՀ անկախության հանրաքվեն անցկացվել էր ոչ թե անկախության Հռչակագրով հայտարարված տարածքում, այլ նախկին խորհրդային Հայաստանի տարածքում, խնդիրներ էին ծագել ԼՂԻՄ կարգավիճակի հարցում: Ավելին` 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի անկախության մասին առանձին հանրաքվեի անցկացումը, ինչպես նաև հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախության մասին առանձին հռչակագրի ընդունումը խորացրին իրավական աններդաշնակությունը: ՀՀ-ն չճանաչեց ԼՂՀ-ի անկախությունը` շարունակելով գործով նրան վերաբերվել որպես սեփական տարածքի: ԼՂՀ-ի բյուջեն համալրվում է ՀՀ-ի բյուջեից, իսկ երկրի անվտանգության համակարգն ամբողջովին միասնականացված է: Միաժամանակ միջազգային դիվանագիտության մեջ ՀՀ-ն իրեն զերծ էր պահում պատերազմի հետևանքների և այն հիմնախնդիրների համար պատասխանատվություն կրելուց, որոնք դուրս էին նախկին խորհրդային Հայաստանի շրջանակներից:
Նման որոշումներից հետո ձևավորված` Հայաստանի ներքաղաքական իրողությունները խաթարել են երկրի քաղաքացիների իրավունքների և պատասխանատվության պատկերը: Հայաստանի քաղաքացու անձնագիր ունեցող` ԼՂՀ-ի բնակիչները ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն: Բացի դրանից, նրանք ՀՀ սահմանադրությամբ պաշտպանված չեն, այլ օգտվում են ԼՂՀ տարածքում ՀՀ-ի կողմից և միջազգային մակարդակում վարվող քաղաքականության պաշտպանությունից: Միաժամանակ` երկրի գործնական կյանքում նկատվել է մի դեպք, որը վերջնականապես լղոզել է քաղաքացիների իրավունքների խնդիրը: 1998-ին ԼՂՀ-ի` ընտրական իրավունք չունեցող քաղաքացին (Ռոբերտ Քոչարյանը) ՀՀ-ում համապետական մակարդակի ընտրություններում հաղթել և զբաղեցրել է հանրապետության նախագահի պաշտոնը: Տարիներ անց մեկ այլ դեպք պատահեց, երբ ԼՂՀ-ում ընտրական իրավունք չունեցող գործչին (Սամվել Բաբայանին), որը ՀՀ քաղաքացի է, մերժվեց մասնակցել ԼՂՀ տարածքում կայանալիք նախագահական ընտրություններին: Կարելի է իրավական աններդաշնակության պակաս նշանակալի մի շարք այլ օրինակներ ևս բերել, բայց փաստն այն է, որ հասարակությունը և իշխանությունները խճճվել են իրենց իսկ ստեղծած խաղի կանոններում:
Էթնիկական փիլիսոփայության տեսանկյունից` տեղի ունեցող բոլոր հակասական գործողություններն ու գործընթացները չունեն ոչ մի բացատրություն և կոշտ դիմադրություն են առաջ բերում: Հայաստանի Հանրապետությանը նախկին ԼՂԻՄ տարածքի ամրակցված լինելը համարվում է անառարկելի փաստ է (միակ իրավական փաստարկումը այդ փիլիսոփայության կողմնակիցների կողմից): Արցախի բնակիչներին ընտրական իրավունքից զրկելը համարվում է անօրինական գործողություն ՀՀ ղեկավարության կողմից: Այն, որ ԼՂՀ-ի ներկայիս տարածքը ԼՂԻՄ-ի տարածքի հետ չի համընկնում` սկզբունքային հանգամանք չի դիտվում: Հետևաբար, ըստ նշված տեսակետի ներկա պահի խնդիրը հանգում է սոսկ ՀՀ Սահմանադրության պահանջների իրականացմանը, այն է՝ Արցախի բնակչությանը վերադարձնել ընտրական իրավունքը և ինտեգրել պետական հաստատությունները։
Իրավական փիլիսոփայության տեսանկյունից` ամեն ինչ շատ ավելի հակասական է: Ընդհուպ մինչև 2018 թվականը ՀՀ ղեկավարությունը միջազգային մակարդակով ընդունել է վիճելի տարածքների ու ԼՂՀ-ի ապագա կարգավիճակի խնդիրների առկայությունը: Այդ իմաստով ՀՀ ղեկավարության դիրքորոշումը համընկել է միակ օրինակարգ միջազգային ատյանի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշման հետ: Ազգային քաղաքականության շրջանակներում ՀՀ ղեկավարությունը Արցախի մասով կամայականորեն է մեկնաբանում սահմանադրական նորմերը, նրա հետ հարաբերությունները կարգավորվում են առանձին օրենսդրական ակտերով։ Բայց մի հարցում անսասան է մնում դիրքորոշումը՝ չկա ՀՀ անձնագիր ունեցող արցախաբնակներին ընտրական իրավունքի տրամադրում:
Այդպիսի քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, ապահովում է պետական ինստիտուտների կայուն գործունեությունը հայոց պետականության ամբողջ տարածքում, բայց ՀՀ-ում և ԼՂՀ-ում ներքաղաքական կյանքի անջատվածությունը պարբերաբար առաջացրել ու առաջացնում է բազմաթիվ հակասություններ: Թերևս` հենց այդ հանգամանքն է խթանում ՀՀ սահմանադրության պահանջներն իրավաբանորեն լիարժեք ամրագրելու հրամայականը: Շատերը կարծում են, որ հակասությունների այդպիսի պարբերական ալիքներն ավելի խոր պատճառներ ունեն, դրանք են` Արցախի և ՀՀ-ի իրավաքաղաքական սերտաճումը արհեստականորեն զսպելու` խմբային շահերի դրսևորումները: Ընդունելով այդ հանգամանքը, մյուսները մատնանշում են, որ ՀՀ-ի և Արցախի լիածավալ սերտաճման խնդիրը շատ ավելի լայն է, և չի կարող լուծվել ընդամենը ներքին իրավական կարգավորմամբ: Այս հարցերում պարզություն մտցնելու հրամայականը երբեք չի թուլանում: Սակայն նշված թեմայով բանավեճերի համար միասնական լեզուն տակավին գտնված չէ:
Հարկ է խոսակցությունը սկսել բոլորի համար համոզիչ լեզվով։ Նման լեզու կարող է ի հայտ գալ միայն այն դեպքում, եթե ցանկություն լինի հանգելու ազգային իրողությունների՝ բոլորի համար համոզիչ գնատականների։
Ըստ իս, հայ հանրությունն առայժմ այդպիսի տրամադրվածություն չունի։